Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 1 հուլիսի 2004


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:


Գործադիրը որոշել է, ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, ՀՀ 2004թ. պետական բյուջեով նախատեսված 30 մլն դրամից բացի, լրացուցիչ 76 մլն 80 հազար դրամ հատկացնել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը՝ 2004թ. 3000 դպրոցահասակ երեխայի ամառային հանգստի կազմակերպումն ապահովելու նպատակով:


Այլ որոշումներով կառավարությունը, իր պահուստային ֆոնդից, 199 մլն 209 հազար դրամ է հատկացրել ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին՝ 2004թ. գարնանային ցրտահարություններից տուժած ծիրանի 4536 հա այգիների վերականգնմանը աջակցելու նպատակով դրանց սեփականատերերի կողմից օգտագործված ջրի դիմաց վարձավճարները փոխհատուցելու համար, ինչպես նաև 41 մլն դրամ ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը՝ 2004թ. հունիսի 22-ի կարկտահարության հետևանքով տուժած Լոռու մարզի համայնքների հողօգտագործողներին աջակցելու համար աշնանացան ցորենի սերմացու ձեռք բերելու նպատակով:


«Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության 2004-2006թթ. պետական նշանակության աշխատանքների ծրագիրը: Ծրագրի նպատակն է երկրի ազգային անվտանգության ընդհանուր ենթատեքստում վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթներից բնակչության և տնտեսության պաշտպանությունը, քաղաքացիների կյանքին և սեփականությանը սպառնացող վտանգի նվազեցումը, մթնոլորտում և ջրոլորտում կատարվող երևույթների և գործընթացների վերաբերյալ տեղեկատվական պահանջարկի ապահովումը: Որոշմամբ ծրագրի կատարման վերահսկման լիազորությունները վերապահվել են ՀՀ բնապահպանության նախարարին:


«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է «Մանկատների բեռնաթափում փորձնական ծրագիրը»: Ծրագրի նպատակն է մանկատանը խնամվող երեխաների վերադարձը կենսաբանական ընտանիքներ, ստեղծելով նրանց լիարժեք կյանքի կայուն երաշխիքներ, ինչպես նաև մանկատանը խնամվող երեխաների համար պետության կողմից արված ծախսերն ուղղել ընտանիքի աջակցությանը: Որոշմամբ մանկատանը խնամվող երեխայի կենսաբանական ընտանիքին պետության կողմից որպես աջակցություն տրամադրվող ամսական գումարի չափը սահմանվել է 30 հազար դրամ՝ կենսաբանական ընտանիք վերադարձած յուրաքանչյուր երեխայի համար:


«Վիճակախաղերի մասին» և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, գործադիրը որոշել է վիճակախաղերի կազմակերպման գործունեության լիցենզավորման, վերահսկողության և վիճակախաղերի կազմակերպիչների կողմից տեղեկությունների (հաշվետվությունների) ներկայացման համար ՀՀ կառավարության լիազոր մարմնի իրավասությունը վերապահել ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը: Որոշմամբ հաստատվել է նաև ՀՀ-ում վիճակախաղերի կազմակերպման գործունեության լիցենզավորման կարգը:


Կառավարությունը որոշել է ՀՀ արհեստագործական հոսքով ավագ դպրոցները վերանվանել «ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) պետական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպություններ և հաստատել է դրանց օրինակելի կանոնադրությունը: Նույն որոշմամբ «Մարտունու N 2 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն առանձնացման ձևով վերակազմակերպվել է՝ ստեղծելով ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության «Մարտունու արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն և ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի ենթակայության «Մարտունու N 2 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն: Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Երևանի N 16 արհեստագործական ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպվել է՝ միացվելով ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության «Երևանի N 16 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը: ՀՀ Շիրակի մարզպետարանի ենթակայության «Գյումրու N 42 արհեստագործական ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպվել է՝ միացվելով ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության «Գյումրու N 3 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:



Մեկ այլ որոշմամբ, «Բաժնետիրական ընկերությունների մասին» և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, գործադիրը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Հողաշինարարության, անշարժ գույքի գնահատման և համակարգված դիտարկումների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը և «Հրատարակչական կենտրոն» դուստր ՓԲԸ-ն միացման ձևով վերակազմակերպել է՝ «Հողաշինարարության, անշարժ գույքի գնահատման ու համակարգված դիտարկումների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը «Հրատարակչական կենտրոն» դուստր ՓԲԸ-ն միացնելու միջոցով:


Կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ Կենտրոնական բանկի և Ուկրաինայի Ազգային բանկի միջև վարկային կազմակերպությունների վերահսկողության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:


Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում, կառավարությունը հաստատել է նաև «ՀՀ 2004թ. պետական բյուջեի մասին» օրենքի «Ընկերությունների աջակցման և պետական գույքի գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող պետական պատվեր» ծրագրով նախատեսված միջոցներով իրականացվող պետական պատվերը՝ 30 մլն դրամի չափով:


Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ