Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 17 օգոստոսի 2017

Հրդեհի հիմնական օջախները մարվել են. Կառավարության նիստում զեկուցվել է հրդեհաշիջման աշխատանքների մասին





Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Դավիթ Կարապետյանը զեկուցել է հանրապետությունում վերջին օրերին բռնկված խոշոր հրդեհների ժամանակ իրականացված հրդեհաշիջման աշխատանքների և օպերատիվ իրավիճակի վերաբերյալ: «Օգոստոսի 10-ին Վայոց ձորի մարզի Արտավան համայնքի շրջակա տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքներն ամբողջովին ավարտվել են: Վայոց ձորում այրվել է շուրջ 15 կմ պարագծով խոտածածկ տարածք, որից 320 հեկտարը՝ անտառածածկ: Փորվել են բազմաշերտ խրամատներ՝ հրդեհի տարածումը բացառելու նպատակով: «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում օգոստոսի 12-ին բռնկված հրդեհի հիմնական օջախները մարվել են երեկ՝ օգոստոսի 16-ին: Պետք է նշել, որ մի քանի օր տևած հրդեհաշիջման աշխատանքներն անցնում էին չափազանց անբարենպաստ բնակլիմայական պայմաններում՝ լեռնային բարդ ռելիեֆ, տևական երաշտից չորացած խոտածածկ տարածքներ, հրդեհի արագ տարածմանը նպաստող քամիներ: Նախնական տվյալներով, Խոսրովի պետական արգելոցի տարածքում այրվել է 16 կմ պարագծով բուսածածկ տարածք, որից 360 հեկտարը՝ անտառներ: Եվ Խոսրովում, և Արտավանում փրկարարների հետ համատեղ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ԶՈՒ տարբեր ստորաբաժանումների զինծառայողներ, Ոստիկանության հատուկ նշանակության զորքերի ծառայողներ, անտառտնտեսության, բնապահպանության պետական տեսչության, ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակիցներ, մոտակա համայնքների բնակիչներ և բնապահպաններ: Հրդեհաշիջման աշխատանքներում համատեղ ջանքերի շնորհիվ հաջողվել է զգալիորեն կանխել հրդեհի առավել մեծ տարածումը: Իրավիճակն ամբողջովին գտնվում է վերահսկողության տակ, ներկա պահին արգելոցում իրականացվում են հետմարման աշխատանքներ 2,5 կմ պարագծով և 3 կմ խորությամբ: Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության «ԻԼ-76» ինքնաթիռը շարունակում է օդային հրդեհաշիջման աշխատանքները՝ ստեղծելով անվտանգության գոտիներ և խոնավ միջավայր օջախների կրկնակի բռնկումը բացառելու նպատակով:
Եվ քանի որ այս հրդեհները հանրային մեծ քննարկումների առիթ են տվել, կցանկանայի ևս մեկ դիտարկում անել: Հաշվի առնելով այն, որ մի կողմից նման խոշոր հրդեհներ Հայաստանում վաղուց չեն եղել և հանրությունը բավարար չափով տեղեկացված չէ նման հրդեհների դեմ պայքարի դժվարությունների մասին, մյուս կողմից՝ ԱԻ նախարարության վերջին տարիների ձեռքբերումները և մեր փրկարարների բարեխիղճ աշխատանքը հանրության շրջանում ձևավորել էին սպասումներ, որ այս աղետը ևս հնարավոր է հաշված րոպեների կամ ժամերի ընթացքում չեզոքացնել: Ավաղ, անտառային խոշոր հրդեհները լուրջ մարտահրավեր են անգամ աշխարհի ամենազարգացած պետությունների համար: Սա բնավ արդարացման համար չէ: Ինչպես յուրաքանչյուր խոշոր արտակարգ դեպքի ժամանակ, այնպես էլ այս հրդեհների վերաբերյալ ԱԻՆ-ում կիրականացվեն մանրակրկիտ ուսումնասիրություններ, կարվեն մասնագիտական հետևություններ՝ քաղված դասերը սերտելու, անտառային հրդեհների արձագանքելու կարողությունների զարգացնելու և անտառային հրդեհների կանխարգելման համար պատասխանատու այլ կառույցների հետ համատեղ նման աղետների ռիսկերը նվազեցնելու նպատակով»,
- նշել է փոխնախարարը:
«Արտակարգ իրավիճակների և բնապահպանության նախարարներն այժմ գտնվում են Վայոց ձորում և ակտիվորեն ներգրավված են աշխատանքներում: Խնդիրը գտնվում է ՀՀ Նախագահի և վարչապետի անմիջական հսկողության ներքո: Կարծում եմ, որ այս պահին, ըստ էության, խնդիրը լուծված է»,- ասել է Վաչե Գաբրիելյանը:


Հավանության է արժանացել ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2017-2020 թթ. ռազմավարական ծրագիրը


Կառավարության հավանությանն է արժանացել ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2017-2020 թվականների ռազմավարական ծրագիրն ու ծրագրի միջոցառումների ժամանակացույցը: Ռազմավարական ծրագրով նախատեսված են ոլորտի մարտահրավերների պատասխաններին ուղղված հիմնական լուծումներն ու դրանցով պայմանավորված միջոցառումները, ինչպես նաև ծրագրի իրականացման արդյունավետության գնահատման առանցքային ցուցանիշներն ըստ նպատակների: Ծրագրի մոնիթորինգն իրականացնելու է ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն` ամենամյա պարբերականությամբ։ Յուրաքանչյուր տարի ՀՀ կառավարություն է ներկայացվելու հաշվետվություն՝ ծրագրի արդյունավետության առանցքային ցուցանիշների ուղղությամբ տվյալ տարվան նախորդող տարվա կատարողականի և հաջորդող երեք տարվա կանխատեսումների վերաբերյալ։ Արդյունքում հնարավոր կլինի հանրապետությունում ձևավորել միջազգային ասպարեզում մրցունակ, Եվրոպական հետազոտական տարածքի հետ ինտեգրված և այդ հետազոտական տարածքում իր մասնագիտացման տիրույթը ձևավորող ազգային գիտական համակարգ, որը կխթանի գերազանցությունը հիմնարար և կիրառական հետազոտություններում ու կնպաստի հանրապետության տնտեսական զարգացմանն ու առաջընթացին:

 

 

Կկարգավորվի հանրային աշխատանքների ներգրավման գործընթացը

 

Գործադիրը սահմանել է հանրային աշխատանքների ներգրավման կարգը և ժամկետները: Ըստ այդմ, կկարգավորվի դատապարտյալների` հանրային աշխատանքներին ներգրավման գործընթացը, գործընթացի կազմակերպմանը մասնակցելու իրավասու մարմնին(երին) և անձանց, ներգրավման կարգը և ժամկետները ու հանրային աշխատանքների ներգրավման հետ կապված այլ հարաբերությունները: Որոշմամբ կարգավորվում է նաև պրոբացիայի ծառայության տարածքային մարմին դատապարտյալների ներկայանալու կարգը և ժամկետները, հանրային աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ աշխատավայրերի ապահովման նպատակով համագործակցությունը համապատասխան մարմինների հետ, հանրային աշխատանքների վայրերի և բնույթի ընտրության, դատապարտյալի կողմից` պատժի կրման մասին տեղեկատվության կան պարզաբանման ստացման նպատակով պրոբացիայի ծառայողի այցերը համապատասխան աշխատավայր և այլն:
Կառավարությունը հաստատել է նաև 2017թ. ընթացքում Սևանա լճից բացթողնվող ջրի՝ 170 մլն մ3–ը գերազանցող չափաքանակի հաշվին արտադրվող էլեկտրական էներգիայի վաճառքից «Միջազգային էներգետիկ կորպորացիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ների մոտ առաջացող լրացուցիչ շահույթի հաշվարկման և վճարման կարգը: Որոշմամբ գործադիրը թույլատրել է նաև ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը բացել արտաբյուջետային հաշիվ՝ լրացուցիչ շահույթն այդ հաշվին վճարելու նպատակով:

 

 

Սեպտեմբերի 18-ը՝ ոչ աշխատանքային օր

Կառավարության որոշմամբ սեպտեմբերի 18-ի աշխատանքային օրը կտեղափոխվի սեպտեմբերի 23-ը` շաբաթ օրը: «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» որոշման ընդունման նպատակն է հնարավորություն ընձեռնել քաղաքացիներին Խաչվերացի` սեպտեմբերի 17-ին հաջորդող հիշատակի օրն այցելելու իրենց ննջեցյալների գերեզմանները:

 

 

Այլ որոշումներ

Կառավարության որոշմամբ Սամվել Ամիրխանյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի ղեկավար։
Գործադիրը լրացում է կատարել 2016թ. մարտի 10-ի որոշման մեջ, ըստ որի նախատեսվում է «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ նոր օրենք ընդունելու փոխարեն լրացումներ ու փոփոխություններ կատարել գործող օրենքում:
Կառավարությունը լրացումներ ու փոփոխություններ է կատարել նաև նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունմամբ պայմանավորված:
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ