Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 22 հուլիսի 2017

«Սահմանամերձ համայնքներում պետք է ժամանակակից ու որակյալ կրթություն ապահովենք». Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել Տավուշի մարզում










Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի ընթացքը, կատարված աշխատանքներն ու անելիքները:
Ներկայացնելով մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և մակրոտնտեսական ցուցանիշները` Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը նշել է, որ հանրապետության ՀՆԱ ցուցանիշում մարզի մասնաբաժինը կազմում է շուրջ 2.0 տոկոս: 2016թ. համախառն արդյունաբերական արտադրանքի ծավալը շուրջ 12.130 մլրդ ՀՀ դրամ է, իսկ համախառն գյուղատնտեսական արտադրանքի ծավալը՝ 41 մլրդ 300 մլն ՀՀ դրամ: Մարզի զարգացման ռազմավարության գերակա ուղղություններից է գյուղատնտեսության ոլորտը: Մարզպետի խոսքով՝ վերջին տարիներին տեղական ու միջազգային կազմակերպությունների և անհատ ներդրողների կողմից իրականացվում են ջերմոցային, չրանոցային և սառնարանային տնտեսությունների, այգիների և վերամշակող արտադրամասերի հիմնման ծրագրեր: Այդ տնտեսությունների թիվն արդեն գերազանցում է 200-ը՝ ավելի քան 400 աշխատատեղով:
Վարչապետի հանձնարարականով կառավարություն է ներկայացվել 20 ներդրումային ծրագիր՝ 2 մլրդ 400 մլն ՀՀ դրամ արժեքով, որից հավանության է արժանացել 12-ը: Ընթացքի մեջ են «Բերք» ՍՊԸ-ի կողմից բազմաբերք ելակի ջերմոցի հիմնման աշխատանքները, իսկ մնացած ծրագրերը գտնվում են քննարկման փուլում:
Մարզպետը զեկուցել է, որ Տավուշի մարզի համայնքների սեփական եկամուտները կազմում են շուրջ 921.3 մլն ՀՀ դրամ: Մինչև տարեվերջ ակնկալվում է սեփական եկամուտների աճ՝ աղբահանության նոր պայմանագրերի կնքման և Նոյեմբերյան քաղաքում համայնքային շուկայի կառուցման հաշվին: Մարզում ձևավորվել է 4 խոշորացված համայնք՝ Դիլիջան, Նոյեմբերյան, Կողբ և Այրում: Բերդի տարածաշրջանում խոշորացման գործընթացը նախատեսվում է 2017թ. աշնանը: Մարզի բոլոր 40 համայնքներն ունեն հնգամյա զարգացման ծրագրեր: «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում ապրիլի 15-ին կազմակերպվել է համամարզային շաբաթօրյակ, նմանատիպ շաբաթօրյակ նախատեսվում է անցկացնել նաև հուլիսի 29-ին:
Վարչապետ Կարեն Կարապետյանը նախ և առաջ ուշադրություն է հրավիրել համայնքների սեփական եկամուտների և աղբահանության ոլորտում հավաքագրման ծավալների ցածր մակարդակի վրա. «Սակագները, որոնց մասին խոսում ենք, լրացուցիչ կամ անհաղթահարելի բեռ մեր քաղաքացիների համար չեն կազմում: Հետևաբար, այստեղ չկանոնակարգված դաշտ է: Ո´չ բեռ եք վերցնում, ո´չ սակագինը եք դնում, ո´չ կանոնակարգում եք և անընդհատ հանրապետական բյուջեից գումար եք ուզում: Մենք էլ պարզ ձևակերպել ենք, որ յուրաքանչյուր համայնքի սուբսիդավորումն իրականացնելու ենք հետևյալ սկզբունքով. ամենաշատը՝ ոչ թե ամենախեղճին, այլ ամենաշատ գործ անողին, բեռ վերցնողին»: Կառավարության ղեկավարը հանձնարարել է մարզպետին աշխատել շահագրգիռ գերատեսչությունների հետ և սեղմ ժամկետում ներկայացնել վերլուծություն՝ յուրաքանչյուր համայնքից սեփական եկամուտների և աղբահանության գումարների ակնկալվող ծավալների վերաբերյալ:
Վարչապետին զեկուցվել է Տավուշի մարզում գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, զբոսաշրջության ոլորտներում իրավիճակի և առկա խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ: Մասնավորապես, տեղեկատվություն է ներկայացվել ինտենսիվ այգիների հիմնման, զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման, կրթական և առողջապահական համակարգերի գործունեության և օպտիմալացման աշխատանքների մասին:
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մարզի տարածքում վերջին տարիներին հիմնվել են 22.3 հա ինտենսիվ պտղատու այգիներ: Տնկարանային տնտեսություն ստեղծելու դեպքում այդ այգիները կարելի է ավելացնել՝ տարեկան 50 հա: Վարչապետը նշել է, որ վերլուծությունների և հաշվարկների համաձայն, գյուղատնտեսության ոլորտում ինտենսիվ այգիների հիմնումը հեռանկարային է, և ՀՆԱ-ի մեջ մեծ աճ է ապահովելու:
Խոսելով կրթական համակարգի բարեփոխումների մասին՝ Կարեն Կարապետյանը կարևորել է որակյալ կրթության ապահովումը: «Օպտիմալացումը ինքնանպատակ չէ. որևէ անտրամաբանական քայլ, որպեսզի գումար տնտեսենք, բայց մեր երեխաները, քաղաքացիները տուժեն` չի արվելու: Մենք ուղղակի ասում ենք` անտրամաբանական փող չծախսենք: Անկասկած, սահմանամերձ համայնքների նկատմամբ յուրահատուկ վերաբերմունք է լինելու: Չափազանց կարևոր է, որպեսզի 10-15 տարի հետո նման խորհրդակցությունների որակը, բովանդակությունը փոխված լինի: Մենք այսօր մեր երեխաներին պետք է կրթենք, որպեսզի գալիք սերունդը մեզնից ավելի խելացի, ռացիոնալ, հայրենասեր և գործունյա լինի: Չափազանց կարևոր է` ինչ պետք է անենք, որպեսզի սահմանամերձ համայնքներում ժամանակակից, որակյալ կրթություն ապահովենք», - ընդգծել է վարչապետը: Մարզպետարանի աշխատակազմի կրթության վարչության պետը ներկայացրել է կրթական գործընթացի ավելի արդյունավետ կազմակերպմանն ուղղված աշխատանքները: Նա նշել է, որ մարզի 5 դպրոց տեսադասեր է անցկացրել հանրապետության այլ դպրոցների հետ, արդյունքները դրական են, և նախատեսվում է այդ փորձը կիրառել նաև սահմանամերձ համայնքների դպրոցներում: Հիմնական խնդիրը կապված է ինտերնետ կապի հասանելիության հետ, որի լուծման ուղղությամբ էլ աշխատանք է տարվում: Կառավարության ղեկավարը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների հետ արագ քննարկել հարցը և օպտիմալ լուծումներ գտնել:
Վարչապետին մանրամասներ են ներկայացվել նաև Տավուշի մարզում փոքր ու միջին ձեռներեցության խթանմանն ու զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերի մասին, քննարկվել են այդ ծրագրերում պետական աջակցության նպատակահարմարությունը և հնարավորությունները: Անդրադարձ է եղել նաև մարզի խոշոր քաղաքային համայնքների զարգացման տեսլականին և առկա ներուժի օգտագործման ուղղությամբ կատարվող քայլերին, որոնք, կառավարության ղեկավարի գնահատմամբ, բավարար չեն: Կարեն Կարապետյանն առաջարկել է կառավարություն ներկայացնել կոնկրետ հաշվարկներով և ֆինանսական գնահատականով բիզնես ծրագրեր: Անդրադառնալով մարզում բիզնես միջավայրն աշխուժացնելու հարցին՝ կառավարության ղեկավարը հանձնարարել է սեղմ ժամկետում վեր հանել առկա խնդիրները, առանձնացնել զարգացման հեռանկարային ուղղությունները և մշակել քաղաքականություն, որի իրականացումը կնպաստի մարզի տնտեսական զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը և բնակչության ապրելակերպի բարելավմանը:
 

Հոկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ