հինգշաբթի, 13 հուլիսի 2017
Շրջակա միջավայրի բնագավառում պահանջվում է բնապահպանական փորձաքննության պատշաճ իրականացում. Վարչապետը հանձնարարել է ոլորտում կառուցվածքային կատարելագործմանն ուղղված առաջարկություններ ներկայացնել
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:
Անդրադառնալով բնապահպանական փորձաքննության կատարելագործման անհրաժեշտությանը՝ վարչապետը նշել է. «Ներկայումս գործող շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության օրենսդրական կարգավորումներում անհրաժեշտ է վերանայել ընթացիկ գործունեությունների դասակարգումը, ֆինանսավորման աղբյուրները, ժամկետները և ընթացակարգերը։ Շրջակա միջավայրի բնագավառում պահանջվում է՝ բնապահպանական փորձաքննության պատշաճ, կանխատեսելի և ողջամիտ ժամկետներում իրականացում՝ ըստ միջազգային լավագույն չափանիշների»։
Այդ նպատակով գործադիրի ղեկավարը հանձնարարել է ՀՀ բնապահպանության նախարարին 1-ամսյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու և բնապահպանական փորձաքննության ոլորտում ինստիտուցիոնալ, կադրային և կառուցվածքային կատարելագործմանն ուղղված առաջարկություններ: Ըստ անհրաժեշտության հարցը քննարկել շահագրգիռ այլ մարմինների հետ։
Կառավարությունը կվերանայի հանրային սննդի ոլորտում ՓՄՁ-ների արտոնագրային վճարի համար սահմանված տարածքի առավելագույն շեմը
Կարեն Կարապետյանի երկրորդ հանձնարարականը Հանրային սննդի ոլորտում արտոնագրային հարկի կիրառման վերաբերյալ էր: «2016 թվականին ընդունված Հարկային օրենսգրքով հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների մասով սահմանվել են նոր չափանիշներ: Մասնավորապես ներկայումս գործող հանրային սննդի օբյեկտի արտոնագրային վճարի կիրառման համար սպասարկման սրահի մակերեսի առավելագույն շեմ հանդիսացող 600մ2 պահանջի փոխարեն սահամնվել է 100մ2-ը: Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստի ժամանակ բարձրացվել են հնարավոր ռիսկերը տվյալ ոլորտի տնտեսվարողների համար»,-նշել է վարչապետը:
Հաշվի առնելով փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման կառավարության քաղաքականությունը՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ ֆինանսների, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահին 1-ամսյա ժամկետում համատեղ քննարկել հանրային սննդի ոլորտում փոքր և միջին ձեռնարկատիրական կազմակերպությունների արտոնագրային վճարի կիրառման համար սահմանված տարածքի մակերեսի առավելագույն շեմի վերանայման հնարավորությունը և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն:
Արմատապես նոր մոտեցումներ՝ ընտանիքների անապահովության գնահատման կարգում
ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված է արմատապես վերանայել անապահովության գնահատման մոտեցումներն ու մեթոդաբանությունը՝ հիմք ընդունելով ընտանիքի յուրաքանչյուր աշխատունակ անդամի զբաղվածության ապահովման և պետական սոցիալական աջակցության ծրագրերը, հատկապես, բնակչության անաշխատունակ շերտերին (երեխաներին, միայնակ տարեցներին, բազմազավակ ընտանիքներին և այլ խմբերին) ուղղելու սկզբունքային մոտեցում: Այս նպատակով գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Նախատեսվում է կատարելագործել ընտանիքների անապահովության գնահատման համակարգը և ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների (ընտանեկան, սոցիալական նպաստներ և հրատապ օգնություն) ծրագրերի արդյունավետությունը և հասցեականությունը: Ընտանիքների անապահովության գնահատման կարգի փոփոխությունների հիմքում դրվել են արմատապես նոր մոտեցումներ: Նախատեսվում են՝ կարգում հնարավորինս ներառել տնտեսապես ակտիվ անձանց աշխատանքի շուկայում ունեցած վարքագծի գնահատականները՝ դրանով խթանելով աշխատանքային գործունեություն ծավալելու իրենց ցանկությունը, երեխա ունեցող ընտանիքների անապահովության գնահատման հարցում երեխաների առկայության հանգամանքի կշռի ավելացում` դիտարկելով նման ընտանիքներին աղքատության տեսանկյունից ավելի ռիսկային:
Գործադիրը հավանություն է տվել նաև ՀՀ-ում երեխայի իրավունքների պաշտպանության 2017-2021թթ. ռազմավարական ծրագրին և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցին: Ծրագրի նպատակներն են, մասնավորապես, բարելավել երեխաների իրավունքների պաշտպանության համակարգը, ստեղծել կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված, ներգաղթյալ, այդ թվում՝ փախստական, պատերազմական գործողություններից, աղետներից կամ արտակարգ իրավիճակների հետևանքով տուժած երեխաների իրավունքների պաշտպանության և նրանց կարիքների օպերատիվ և համագործակցված մեխանիզմներ և ծառայություններ, կատարելագործել անչափահասների կատարված իրավախախտումների կանխման մեխանիզմները, բարելավել երեխաներին տրամադրվող կրթական ու առողջապահական ծառայությունների մատչելիությունն ու որակը: Արդյունքում կբարելավվի ու կկատարելագործվի երեխայի իրավունքների և շահերի պաշտպանության համակարգը, կստեղծվի կայուն համագործակցություն պատկան կառույցների միջև, հաստատություններում խնամվող երեխաների կեսից ավելին կվերադառնա ընտանիք, կապահովվի երեխաներին տրամադրվող առողջապահական, կրթական ու մշակութային ծառայությունների որակն ու մատչելիությունը:
Հավանության է արժանացել Գլոբալ մրցունակության ինդեքսում Հայաստանի դիրքի բարելավման 2017-2018թթ. միջոցառումների ծրագիրը
Կառավարության հավանությանն է արժանացել Գլոբալ մրցունակության ինդեքսում Հայաստանի դիրքի բարելավման 2017-2018թթ. միջոցառումների ծրագիրը: Ծրագրի նպատակն է ամրագրել Գլոբալ մրցունակության ինդեքսը ձևավորող հենասյուների գծով հասցեական միջոցառումներ, որոնց իրականացման արդյունքները կնպաստեն հետագայում ինդեքսում Հայաստանի պատկերի բարելավմանը: Ծրագրով նախատեսվում է իրականացնել 36 միջոցառում: 2017-2018թթ. միջոցառումների ծրագիրը մշակվել է՝ հաշվի առնելով ԳՄԻ-ում Հայաստանի 2016-2017թթ. արդյունքները: Հիշեցնենք, որ 2016-2017թթ. Գլոբալ մրցունակության զեկույցի համաձայն՝ Հայաստանը 138 երկրների շարքում զբաղեցրել է 79-րդ տեղը` արձանագրելով 3 դիրքով առաջընթաց նախորդ տարվա համեմատ:
Կառավարությունը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում. «Արմհոլդինգ» ՓԲԸ արտահանման 2015-2017 թվականների ծրագրում ներառված հարկ վճարողների ցանկը համալրվել է նոր` «Բրենդ Դեվելոփմենտ» և «Արմստոր» ՓԲ ընկերություններով, որոնց բաժնետոմսերի 20 տոկոսը պատկանում է «Արմհոլդինգ» ընկերությանը:
Հավասար պայմաններ՝ տոմսերի վաճառքով զբաղվող բոլոր տնտեսվարողների համար
Կառավարությունը հաստատել է ՀՀ պետական և տարածքային կառավարման մարմինների ենթակայությամբ գործող թատերահամերգային, թանգարանային, սպորտային կազմակերպությունների և ժամանցային կենտրոնների էլեկտրոնային տոմսերի տեղեկատվական-հաշվարկային միասնական ավտոմատացված համակարգի ստեղծման, ներդրման և սպասարկման ծառայությունների գնման մրցույթի անցկացման կարգը, այդ համակարգի ստեղծման ու ներդրման ժամանակացույցը: Արդյունքում ակնկալվում է սեղմ ժամկետներում վերոնշյալ կազմակերպությունների համար ներդնել էլեկտրոնային տոմսերի տեղեկատվական-հաշվարկային միասնական ավտոմատացված համակարգ, ինչը վաճառքի հնարավոր բոլոր ուղիների միջոցներով տոմսերի ձեռքբերումը կդարձնի առավել դյուրին ու հարմարավետ: Տոմսերի գնման հասանելիությունն էապես կխթանի պահանջարկը, հետաքրքրությունը մշակութային, սպորտային ու ժամանցային կյանքի հանդեպ: Տոմսերի իրացման ընթացքի հետ կապված լիարժեք տեղեկատվությունն ու վերահսկելիությունն էական գործիք կհանդիսանան գնային քաղաքականությանը հետևելու և հնարավոր չարաշահումները կանխելու ուղղությամբ: Միասնական համակարգ ունենալու դրական կողմերից է այն, որ միասնական համակարգ ներդրող, շահագործող և սպասարկող կազմակերպությունը չի զբաղվելու տոմսերի վաճառքով, տոմսերի վաճառքն իրականացվելու է գործակալական ցանցի միջոցով, որին ցանկացած ժամանակ կարող են միանալ փոքր և միջին կազմակերպություններ: Արդյունքում հավասար պայմաններ են ստեղծվելու բոլոր տնտեսվարողների համար՝ տրամադրելով նույնանման պայմաններ տոմսերի վաճառքի գործակալ դառնալու դեպքում: Նախատեսվում է 2017 թ. աշնանը Երևան քաղաքում թատերահամերգային, թանգարանային, սպորտային, ժամանցային միջոցառումների տոմսերի իրացումն իրականացնել նոր համակարգի միջոցով, իսկ մինչև տարեվերջ այն ամբողջությամբ կիրառելի դարձնել ՀՀ ամբողջ տարածքում: Որոշմամբ առաջարկվում է գործընթացն իրականացնել նախաորակավորման հայտարարություն հրապարակելու միջոցով և ներկայացված հայտերի գնահատման ու բանակցությունների վարման արդյունքում գնման հրավերը տրամադրել միայն նախաորակավորված մասնակիցներին: Հաղթող ճանաչված կազմակերպությանը կառաջարկվի կնքել պայմանագիր, որի նախատեսված պայմաններով կապահովվի համակարգի տեխնիկական սպասարկումն ու շահագործումը, ինչպես նաև պատասխանատվությունը համակարգի հետագա բարելավման և վերազինման համար:
Երեք մարզերում կիրականացվեն ներքին ոռոգման ցանցի հիմնանորոգման աշխատանքներ
ՀՀ մարզերի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ էներգետիկայի ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին: Անհրաժեշտություն է առաջացել իրականցնել Լոռու, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում նախագծանախահաշվային և ներքին ոռոգման ցանցի հիմնանորոգման աշխատանքներ: Ոռոգման համակարգերի անխափան շահագործումը կբերի ոռոգվող հողատարածքների ավելացմանը, ջրի պահանջարկի ապահովմանը:
Կառավարությունը հաստատել է «Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրում» ընդգրկված դպրոցների ցանկը, որոնք ենթակա են առաջնահերթ կարգով ուժեղացման և/կամ նորի կառուցման: Վերջիններս համարվում են սեյսմիկ անվտանգության տեսակետից բարելավման անհրաժեշտություն ունեցող առաջնահերթ դպրոցներ:
ՀՀ Կոտայքի մարզում նախատեսվում է նոր գործարան կառուցել
«Պ և Օ» ՓԲԸ տնօրենը, դիմելով ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը, տեղեկացրել է, ընկերությունը, որի հիմնադիրներն են հանդիսանում Գերմանիայի հանրապետության քաղաքացի Հայներ Օպարդը և ԱՄՆ քաղաքացի Տիգրան Պապիկյանը, հականեխիչ և սանիտարահիգիենիկ նյութերի և սարքավորումների արտադրության համար պատրաստվում են կառուցել գործարան ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի տարածքում: Այդ նպատակով ընկերությունը ձեռք է բերել մոտ 6000 քառ. մետր մակերեսով հողամաս, բայց ծրագիրը ամբողջությամբ իրագործելու համար անհրաժեշտ է ևս 18000-20000 քառ. մետր մակերեսով արտադրական նշանակության հողամաս: Ծրագիրը նախնական քննարկումներ է անցել Տնտեսական զարգացման և ներդրումների, Առողջապահության և Բնապահպանության նախարարություններում, որից հետո ներկայացվել է նաև ՀՀ վարչապետին: Ներդրման ընդհանուր ծավալը կազմում է մոտ 3 միլիոն ԱՄՆ դոլար, որի արդյունքում Պռոշյան և Քասախ համայնքների համար 3 տարվա ընթացքում կստեղծվի մոտ 100-120 աշխատատեղ: Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերել ԱՄՆ քաղաքացի Շեիլա Ռաե Պապայանսին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում գտնվող 1.076, 0.7 և 0.19 հեկտար մակերեսներով գյուղատնտեսական նշանակության հողամասերը, այնուհետև գույքը վաճառել «Պ և Օ» ՓԲԸ:
Կառավարության որոշումներով «Սևանի իշխան» և «Սևանի ակվա» ՓԲԸ-ին, Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով առանց մրցույթի, կառուցապատման իրավունքով հողամասեր կտրամադրվեն: Ծրագրի շրջանակում կստեղծվի մանրաձկների բացթողման և վայրի պոպուլիացիայի ձևավորման մասնագիտացված կենտրոն (բազա), որտեղ հնարավոր կլինի վերահսկել պաշարների վերականգնման բոլոր փուլերը: Այն կնպաստի Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման գործընթացի առավել արդյունավետ իրականացմանը:
Այլ որոշումներ
Կառավարության որոշմամբ Գաբրիել Գյոզալյանն ազատվել է ՀՀ Արագածոտնի մարզպետի պաշտոնից: Մեկ այլ որոշմամբ էլ ՀՀ Արագածոտնի մարզպետ է նշանակվել Աշոտ Սիմոնյանը: Վարչապետը շնորհավորել է նորանշանակ մարզպետին և հաջողություն մաղթել:
Կառավարությունն ընդունել է «Մի շարք քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին» որոշում. տարկետում կստանան տարբեր մարզաձևերի հավաքական թիմերում ընդգրկված մարզիկներ:
Գործադիրը սահմանել է պարտապանի միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումարը՝ 4 900 000 ՀՀ դրամ: Բռնագանձման ոչ ենթական միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումարի որոշման համար հիմք է ընդունվել երկու չափանիշ՝ բնակարանի նվազագույն մակերեսը և ՀՀ ամբողջ տարածքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1մ2 մակերեսի շուկայական միջինացված գինը:
Առողջապահական ոլորտի մասնագետներին դեղերի մասին տրամադրվող տեղեկատվությունն առանցքային նշանակություն ունի դեղի անվտանգ և նպատակային կիրառումն ապահովելու համար: Դեղատոմսով իրացվող դեղերի մասին մասնագիտական հրատարակությունների միջոցով առողջապահության ոլորտի մասնագետներին տրամադրվող տեղեկատվությունը պետք է առնվազն ներառի այն տվյալները, որոնք հաստատվում են դեղի գրանցման ժամանակ՝ բժշկական կիրառման հրահանգների ձևով: Տրամադրվող տեղեկատվության ամբողջականությունը և հավաստիությունը, ինչպես նաև գործընթացի հստակությունն ապահովելու համար կառավարությունը հաստատել է դեղատոմսով իրացվող դեղերի մասին տեղեկատվության վերաբերյալ մասնագիտական հրատարակություններին ներկայացվող պահանջները: Արդյունքում ակնկալվում է հստակեցնել ՀՀ դեղատոմսով իրացվող դեղերի մասին տեղեկատվության վերաբերյալ մասնագիտական հրատարակություններին ներկայացվող հարաբերությունները: