Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 23 հունիսի 2004



Շարունակվում է ՀՀ վարչապետի աշխատանքային այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում: Այսօր առավոտյան ԳԴՀ արդյունաբերողների կենտրոնում տեղի է ունեցել Հայ-գերմանական տնտեսական համագործակցության համաժողովի բացումը: Բացման խոսքով հանդես է եկել ԳԴՀ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կարինե Ղազինյանը՝ ընդգծելով, որ այս միջոցառման նշանակությունը դժվար է գերագնահատել և այդ փաստի մասին է վկայում նաև Հայաստանից ժամանած բարձրաստիճան պատվիրակության կազմը՝ ՀՀ վարչապետի գլխավորությամբ: Դեսպանը շնորհակալությամբ է նշել իրենց հայ գործընկերների հետ համաժողովը նախաձեռնած և կազմակերպած Գերմանական զարգացման գործակալության, Գերմանիայի արդյունաբերության և առևտրի պալատի, ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության, ինչպես նաև «Տեխնիկական համագործակցություն» ընկերության Արևելյան հանձնախմբի աշխատանքը: Հույս հայտնելով, որ համաժողովի միջոցով կհաջողվի Հայաստանը ներկայացնել իբրև հուսալի գործընկեր, դեսպան Կարինե Ղազինյանը հաջողություններ է մաղթել միջոցառման մասնակիցներին:



Համաժողովի մասնակիցներին ողջունել է Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Իր խոսքում վարչապետը, մասնավորապես, ասել է.





«Համաժողովի հարգելի մասնակիցներ, տիկնայք և պարոնայք,



Հայաստանի Հանրապետության կառավարության և իմ անունից, ցանկանում եմ ողջունել «Հայ-գերմանական տնտեսական համագործակցության օր» համաժողովի բոլոր մասնակիցներին և հրավիրյալներին` մաղթելով բոլորիս արդյունավետ աշխատանք ինչպես լիագումար նիստերի, այնպես էլ անհատական գործարար հանդիպումների ընթացքում:



Վստահ եմ, որ համաժողովի աշխատանքները հնարավորություն կընձեռեն իրագործել համաժողովի հիմնական նպատակը` խորացնել և առավել զարգացնել Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցությունը և նոր լիցք հաղորդել երկու երկրների գործարար շրջանակների միջև կապերի ընդլայնմանն ու ամրապնդմանը:



Անկախության հռչակումից հետո Հայաստանի Հանրապետությունում իրականացվող քաղաքական, տնտեսական և սոցիալական բարեփոխումները վերջին տարիների ընթացքում թևակոխել են որակական նոր փուլ: Ժողովրդավարական արժեքների վրա խարսխված անկախ պետության իշխանության մարմինների լիարժեք և արդյունավետ գործունեության ապահովումը, երկրում իրականացվող տնտեսական քաղաքականության ակնառու հաջողությունների համակցությամբ, թույլ են տալիս այսօր Հայաստանի Հանրապետությունը որակել որպես տարածաշրջանում առավելագույնս կազմակերպված և համաչափ զարգացող գործընկեր երկիր:



Հատկանշական է այն հանգամանքը, որ հիշատակված տնտեսական ձեռքբերումների հիմնաքարը միջազգային շուկաներ մրցունակ ապրանքների և ծառայությունների արտահանմանը կողմնորոշված տնտեսության ճյուղերի զարգացումն է, որին միտված են ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերը: Այս ենթատեքստում հիշարժան է նաև գործընկեր երկրների ընկերությունների կողմից Հայաստանում իրականացվող ֆինանսական, տեխնոլոգիական և մարդկային ներդրումների կարևորությունը:



Անհրաժեշտ է փաստել նաև, որ ներկայումս Եվրոմիությունը հանդիսանում է Հայաստանի խոշորագույն առևտրատնտեսական գործընկերը: Հուսով եմ, որ հիշատակված դիրքի պահպանմանը և ամրապնդմանը նոր լիցք կհաղորդի ս.թ. մայիսին Եվրոմիությանը 10 երկրների անդամակցությունը և համագործակցության ընդլայնումն ու առևտրաշրջանառության ընդհանուր ծավալների հետագա համաչափ աճը, ինչը չի կարող նշանակալից ձեռքբերում չհամարվել` հաշվի առնելով Հայաստանի կողմից եվրոինտեգրման ուղղությունը որդեգրելու իրողությունը և եվրոպական քաղաքական ու տնտեսական չափանիշներին համապատասխան պետության կայացման ձգտումը: Այս առումով հատկապես կարևորվում է Եվրոմիության անդամ երկրների հետ երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնումը, որին էականորեն նպաստում է նաև գործարար համաժողովների նախաձեռնումն ու անցկացումը:



Գոհունակությամբ պետք է արձանագրել Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև դեռևս 1993 թվականից իրականացվող համագործակցության ծրագրերի ծավալը, դրանցում ընդգրկված ոլորտների կարևորությունը և իրականացման արդյունավետությունը: Տեխնիկական և ֆինանսական համագործակցության, իսկ 2001թ-ից նաև տարածաշրջանային «Կովկասյան նախաձեռնություն» ծրագրերի ընդհանուր գումարը գերազանցել է 150 մլն. եվրոն: Իրականացվող ծրագրերի շարքից հատկապես հիշատակման են արժանի «Փոքր և միջին մասնավոր ձեռնարկատիրության աջակցման»( 18.9 մլն եվրո), «Ավանդների երաշխավորման համակարգի ստեղծման» (4 մլն. եվրո), «Էներգետիկայի անհապաղ օգնության» (17.9 մլն եվրո) և «Կոմունալ ենթակառուցվածքների վերականգնման » (37.4 մլն եվրո) ծրագրերը:



Համաժողովը երկու երկրների տնտեսական շրջանակների ներկայացուցիչներին գործնական հնարավորություն կտա նորովի գնահատելու երկկողմանի գործարար հնարավորությունները, նոր մոտեցումներ գտնելու Գերմանիայի և Հայաստանի տնտեսական համագործակցությունը հնարավորինս արդյունավետ դարձնելու տեսանկյունից:



Համաժողովի ընթացքում նախատեսված հայկական կողմի ելույթներն առավել խորությամբ կներկայացնեն Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտները, ինչը լրացուցիչ խթան կհանդիսանա գերմանացի գործարարներին` Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներ կատարելու և նոր գործարար կապեր հաստատելու համար:



Ելույթիս ավարտին կրկին ողջունում եմ այս կարևոր նախաձեռնությունը և համաժողովի մասնակիցներին մաղթում արդյունավետ աշխատանք»:



Համաժողովի մասնակիցներին ողջունել է Հարավկովկասյան գերմանական խորհրդարանական խմբի նախագահ Քրիստոֆ Բերգները՝ գոհունակությամբ նշելով, որ Հայաստանից այդպիսի ներկայացուցչական պատվիրակություն է մասնակցում: Նա ևս հաջողություններ է մաղթել համաժողովին՝ համոզվածություն հայտնելով, որ հայ-գերմանական տնտեսական հարաբերությունների զարգացման գործում կլինի ոչ միայն պառլամենտի, այլ նաև Գերմանիայի քաղաքական շրջանակների աջակցությունը: «Ուրախ եմ, որ Հայաստանի վարչապետն այդքան բարձր գնահատական տվեց «Կովկասյան նախաձեռնություն» ծրագրին: Վարչապետը իրավամբ հիշատակեց, որ երբ խոսում ենք տնտեսական հարաբերությունների մասին, պետք է նկատի առնենք, որ Եվրոմիությունն ընդլայնվել է: Եվրոպական ընտանիքի համար կարևոր է եղել Հարավային Կովկասի երկրները ներգրավել «Առավել ընդարձակ Եվրոպա. նոր հարևաններ» նախաձեռնության մեջ և այդ ուղղությամբ ջանքերը հաջողությամբ են պսակվել: Այնպիսի համաժողովում, ինչպիսին անց է կացվում Բեռլինում, չպետք է թերագնահատվի այդ իրողության կարևորությունը, որը նաև որոշակի արտոնություններ կարող է ընձեռել» ասել է պարոն Բերգները, նշելով, որ Գերմանիայի պառլամենտի անդամները, շուրջ մեկ ամիս առաջ լինելով Հարավային Կովկասում, համոզվել են, որ այդ ծրագիրը մեծ արդյունքներ է տալիս: Նա ընդգծել է,որ Եվրոհանձնաժողովը պատրաստ է տարբեր ծրագրեր մշակել՝ իրագործելու համար « Ավելի ընդարձակ Եվրոպա. նոր հարևաններ» ծրագիրը, որը, սակայն, ըստ նրա չպետք է թողնվի միայն հանձնաժողովի վրա:



 Օվա ընթացքում վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այցելել է նաև Պոտսդամեր Պլաց, Բրանդենբուրգ երկրամասի մայրաքաղաք Պոտսդամի Ցեցիլիենհոֆ համալիր, որտեղ Բրանդենբուրգ երկրամասի կառավարության անունից՝ ի դեմս երկրամասի գիտության և կրթության նախարար Շտեֆան Ռայխեի, պաշտոնական ճաշկերույթ է տրվել ի պատիվ ՀՀ վարչապետի: Ճաշկերույթի ընթացքում կողմերը քննարկել են մշակույթի և կրթության բնագավառներում համագործակցության խնդիրները: Անդրանիկ Մարգարյանն առաջարկել է քննարկել նաև ԳԴՀ առանձին երկրամասերի լանտթագների կողմից Հայկական ցեղասպանության ճանաչման հնարավորությունը, ողջունելով, մասնավորապես, Բրանդենբուրգ երկրամասի կրթության նախարարության՝ այս տարվանից երկրամասի ուսումնական հաստատությունների պատմության դասագրքերում Հայոց ցեղասպանության մասին ճշմարտացի տեղեկություններ զետեղելու նախաձեռնությունը:



Վարչապետը շնորհակալություն է հայտնել Բրանդենբուրգ երկրամասի կառավարությանը՝ Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարանի վերանորոգման աշխատանքներին աջակցություն ցույց տալու համար: Նա հույս է հայտնել, որ վերանորոգման աշխատանքների ավարտից հետո, կիրականանա Գերմանա-հայկական ակադեմիայի հիմնադրման Լեփսիուսի երազանքը, հավաստելով ՀՀ կառավարության, ՀՀ գիտությունների ակադեմիայի և Մատենադարանի կողմից գիտական և տեղեկատվական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը ապագա կազմակերպությանը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Բրանդենբուրգ երկրամասի կրթության նախարարին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ կատարած աշխատանքների համար և հրավիրել է նրան մասնակցելու 2005թ. Երևանում կայանալիք Հայկական ցեղասպանության 90-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին, որը շնորհակալությամբ ընդունվել է:



Այնուհետև Անդրանիկ Մարգարյանն այցելել է Պոտսդամի պատմական հուշարձաններ՝ Սանսուսի և Ցեցիլիենհոֆի համալիրներ, որի ընթացքում նրան ուղեկցում էր երկրամասի արդարադատության եվրոպական հարցերով նախարար, տիկին Բարբարա Ռիխշտայնը:



Երեկոյան Բեռլինի ԳԴՀ արդյունաբերողների կենտրոնում կազմակերպվել է ընդունելություն՝ հայ-գերմանական տնտեսական համաժողովի մասնակիցների պատվին:



Վաղը՝ հունիսի 24-ին, նախատեսվում են ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հանդիպումները ԳԴՀ արդյունաբերողների միության Արևելյան հանձնաժողովի տնօրեն Քլաուս Մանգոլդի, Բեռլին երկրամասի խորհրդարանի նախագահ Վալթեր Մոմփերի, ԳԴՀ փոխվարչապետ, արտգործնախարար Յոշկա Ֆիշերի հետ:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ