երկուշաբթի, 29 մայիսի 2017
Կարեն Կարապետյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ փոխնախագահ Ալեքսանդր Միշարինին
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ առաջին փոխնախագահ Ալեքսանդր Միշարինին և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրեն Սերգեյ Վալկոյին:
Զրուցակիցներն անդրադարձել են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գործունեությանը, 2016 թվականի արդյունքներին և առաջիկա ծրագրերին: Ալեքսանդր Միշարինը նշել է, որ հավարատարմագրային կառավարման պայմանագրով ստանձնած բոլոր պարտավորությունները, այդ թվում՝ ներդրումային ծրագրերի հետ կապված, իրականացվել են, արձանագրվել է ուղևորափոխադրումների 4 և բեռնափոխադրումների 3 տոկոսի աճ: Նշվել է, որ այժմ մշակվում է «Հարավկովկասյան երկաթուղու» զարգացման նոր ծրագիրը, որով նախատեսվում է մատուցել նաև տրանսպորտալոգիստիկ ծառայություններ, իրականացնել ենթակառուցվածքների բարելավման ներդրումային նախագծեր, զարգացնել մուլտիմոդալ փոխադրումները, Հայաստանում ձևավորել բեռնափոխադրումների տերմինալ և այլն:
Վարչապետ Կարապետյանը կարևորել է նշված ծրագրերի իրականացումը և նշել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի զարգացմամբ: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ ենթակառուցվածքների բարելավումը ոչ միայն կնպաստի բեռնափոխադրումների ծավալների, այլ նաև ուղևորափոխադրումների ավելացմանը, հաշվի առնելով նաև զբոսաշրջային հոսքերի շարունակական ավելացումը: