Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 25 մայիսի 2017

«Մաքուր Հայաստան» ծրագրին խիստ հետևողակական ենք լինելու և այն կրելու է շարունակական բնույթ. Կարեն Կարապետյան










Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:
Անդրադառնալով «Մաքուր Հայաստան» ծրագրի ընթացքին՝ Կարեն Կարապետյանը նշել է. «Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատարը տեղեկացրել է, որ «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտի վերաբերյալ ներկայացվել են մի շարք առաջարկություններ և իրականացվել են մայիսի 27-ին կայանալիք համապետական շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքներ: Միաժամանակ ակնկալում եմ Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների և կառավարության աշխատակազմի ակտիվ մասնակացությունը ու լիարժեք աջակցությունը միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներին: Այս ծրագրին մենք խիստ հետևողակական ենք լինելու և այն կրելու է շարունակական բնույթ։ Մասնավորապես, մենք առաջարկում ենք համայնքներում ներդնել աղբահանության սանիտարական տեսուչների ինստիտուտը։ Մինչև 2017 թվականի վերջ նախատեսում ենք հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտը կարգավորող հատուկ իրավական ակտի վերաբերյալ»։ Հաշվի առնելով այդ ամենը՝ վարչապետը հանձնարարել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատարին 2-ամսյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ՝ համայնքների չսահմանված վայրերում աղբ թափելու դեպքերով վարչական պատասխանատվության, այդ թվում տուգանքի կիրառումը ապահովող հատուկ ստորաբաժանման ձևավորման վերաբերյալ։ Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից ամսական մանրամասն հաշվետվություններ կզեկուցվեն, այնուհետև կատարված աշխատանքների և հետագա միջոցառումների վերաբերյալ տեղեկատվություն կներկայացվի զանգավածային լրատվության միջոցներին: Տարածքային կառավարման և զարգացման ու ֆինանսների նախարարների պաշտոնակատարներին հանձնարարվել է 15-օրյա ժամկետում քննարկել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ՝ փակման ենթակա և կոնսերվացման դժվարություններ պարունակող աղբավայրերի աշխատանքները պատշաճ կազմակարպելու և աղբահանության ծառայությունները ապահովելու նպատակով համապատասխան ազդակիր համայնքներին անհրաժեշտ պետական օժանդակություն տրամադրելու վերաբերյալ։ «Մենք համայնքներին առաջարկում ենք, որպեսզի ներդնեն սանիտարական տեսուչների ինստիտուտ: Այն պետք է հստակ խաղի կանոններ, նորմեր սահմանի: Այդ կառույցի բյուջեի աղբյուրները տուգանքներից են գոյանալու, որի մի մասը ուղղվելու է տեսուչների վարձատրմանը, մյուս մասը՝ աղբահանության և սանիտարական մաքրման գործառույթների իրականացմանը»,-ասել է կառավարության ղեկավարը:


Սնանկացման գործընթացում անհրաժեշտ է սահմանել կոշտ համակարգ ու խաղի կանոններ. վարչապետ
 

Անդրադառնալով հարկային պարտավորությունների կատարման ապահովմանն ուղղված սնանկության վարույթներին՝ վարչապետը նշել է. «Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ միայն 2016-2017 թվականներին տնտեսվարողների կողմից շուրջ 22 մլրդ դրամ հարկային պարտավորությունների չկատարման հետևանքով առկա է սնանկության ավելի քան 2100 վարույթ: Չնայած որոշ տնտեսվարողների պարագայում հնարավոր է կիրառել նաև սնանկության վարույթին այլընտրանքային միջոց: Ավելին, սնանկության կառավարիչների գործունեությունը և արդյունավետությունը բավարար չէ, իսկ սնանկության վարույթի տևողությունը՝ երկար: Ստեղծված իրավիճակը պայմանավորված է թե վարչարարության կազմակերպման, թե օրենսդրության, թե սնանկության բնութագրիչների բացահայտման և այլ խնդիրներով: Խնդրահարույց է նաև այն, որ այդ ոլորտում հարկային պարտավորությունների մասով գույքի կամ դրամական միջոցների արգելադրումը կիրառվել է հայեցողաբար և ոչ համակարգված»: Այդ ամենը հաշվի առնելով՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահին 2-ամսյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել հարկային պարտավորությունների արտադատական կարգով վարչական բռնագանձնման և ծանուցման ինստիտուտի, ինչպես նաև համաչափ արգելադրման համակարգված կիրառման վերաբերյալ առաջարկություն: Միաժամանակ հանձնարարվել է ներկայացնել տնտեսվարողների սնանկության հատկանիշների ճշգրիտ գնահատման և դրանք բացահայտելու ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի գործիքակազմ: Դրանից հետո 1-ամսյա ժամկետում կոմիտեն կներկայացնի առաջարկություն հարկային պարտավորությունների մարման ժամանակացույցի տրամադրման հայեցողական լիազորությունների սահմանափակման և կանխատեսելիության բարձրացման վերաբերյալ: ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները ժամանակավորապես կատարողին վարչապետը հանձնարարել է 2-ամսյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել Սնանկության մասին օրենքում փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններ՝ անդրադարձ կատարելով սնանկության վարույթում առողջացման ծրագրերի գերակայությանը, սնանկության կառավարիչների պատասխանատվության խստացման, ֆինանսական վիճակի վերաբերյալ վերլուծություն չկատարելու հետևանքների և այլ առաջնահերթ հիմնախնդիրներին: Արդարադատության նախարարությունը կուսումնասիրի նաև դատական ակտերի հարկադիր ծառայության կողմից հարկադիր վարույթի տևողության և այլ գործնական, օրենսդրական խոչընդոտները և առաջարկություններ կներկայացնի դրանք վերացնելու ուղղությամբ: Վարչապետը կարևորել է այդ ուղղությամբ նախատեսվող աշխատանքների իրականացումը և նշել, որ սնանկացման գործընթացում անհրաժեշտ է սահմանել կոշտ համակարգ և խաղի կանոններ:

Կսահմանվեն շենքերի, շինությունների տանիքների ու արտաքին այլ տարրերի միասնական պահանջներ


Շենքերի և շինությունների տանիքների և արտաքին այլ տարրերի միասնական ոճ սահմանելու վերաբերյալ գործադիրի ղեկավարը նշել է. «Սույն թվականի մարտի 23-ին ներկայացվեց հանձնարարական՝ բազմաբնակարան շենքերի տանիքների կարգավորման խնդրին՝ այդ շենքերի շինությունների սեփականատերերի կողմից ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի դիմաց կատարված վճարների և այլ միջոցների ներգրավմամբ, լուծում տալու վերաբերյալ: Քաղաքաշինության և ճարտարապետության ոլորտում զարգացումները, ինչպես նաև զբոսաշրջության զարգացման ժամանակակից մոդելները ենթադրում են միասնական ոճ և մոտեցում` հատկապես շենքերի տանիքների մասով (ձև, նյութ, գույն և այլն), սակայն նման միասնական պահանջներ այսօր նախատեսված չեն»: Այդ նպատակով կառավարության ղեկավարը ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին հանձնարարել է 2-ամսյա ժամկետում՝ բնակավայրերի ներդաշնակ ճարտարապետական տեսքն ապահովելու նպատակով, կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ՝ նոր կառուցվող բազմաբնակարան շենքերի, այլ շինությունների տանիքների ու արտաքին այլ տարրերի նկատմամբ միասնական պահանջներ սահմանելու վերաբերյալ: Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատարին և առաջարկել Երևանի քաղաքապետին՝ գոյություն ունեցող բազմաբնակարան շենքերի և այլ շինությունների արտաքին ճարտարապետական տեսքը փոփոխող հատվածային ձևափոխումները վերացնելու նպատակով 1-ին կետով նախատեսված պահանջները սահմանելուց հետո 1-ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել հստակ ժամանակացույց՝ դրանց տանիքները և արտաքին այլ տարրերը պարտադիր նորմերի դիմաց կատարված վճարների հաշվին և այլ միջոցների ներգրավմամբ սահմանված պահանջներին համապատասխանեցնելու վերաբերյալ: Վերջիններս տանիքների վերանորոգման աշխատանքները պետական և համայնքային բյուջեներից ֆինանսավորման դեպքերում կառաջնորդվեն 1-ին կետով նախատեսված պահանջներով։ «Եթե մենք այսօր այս գործընթացը սկսենք, ապա որոշ ժամանակ անց կունենանք այլ պատկեր»,-ընդգծել է վարչապետը:


Պետգույքի արդյունավետ կառավարման ուղղությամբ քայլեր կձեռնարկվեն
 

Պետական գույքի արդյունավետ կառավարման վերաբերյալ Կարեն Կարապետյանը նշել է. «Պետական գույքի կառավարման վարչություն իրականացրած իմ այցի ընթացքում վերհանվել են խնդիրներ պետական գույքի օտարման գործընթացի կազմակերպման, էլեկտրոնային աճուրդի և համապատասխան գույքի հաշվառման ոլորտներում, ինչպես նաև վարչության կողմից իրեն վերապահված գործառույթներն արդյունավետ կազմակերպելու առկա գործիքակազմի թերություններ: Արձանագրվել է նաև, որ պետական գույքի օտարման գործընթացում չի օգտագործվում անշարժ գույքի ոլորտում մասնագիտացված բրոքերային կազմակերպությունների ներուժը»: Այդ նպատակով գործադիրի ղեկավարը հանձնարարել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետին 1-ամսյա ժամկետում, քննարկելով շահագրգիռ պետական կառավարչական մարմինների հետ, կառավարության աշխատակազմ ներկայացնել պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսա-տնտեսական վիճակի վերաբերյալ տեղեկությունների վերլուծության և դրանց հիման վրա կազմակերպությունների գործունեության արդյունավետության որոշման, կառավարիչների աշխատանքի գնահատման, խրախուսման և պատասխանատվության ենթարկման հարցերը կարգավորող նոր իրավական ակտի նախագիծ: Կառավարության աշխատակազմ կներկայացվի նաև պետական գույքի օտարման գործընթացում անշարժ գույքի վաճառքի ոլորտում մասնագիտացած բրոքերային կազմակերպություններին ներգրավվելու վերաբերյալ առաջարկություն: Գործադիրի ղեկավարը հանձնարարել է կառավարության աշխատակազմ ներկայացնել վարչության աշխատակազմի կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ առաջարկություն, այդ թվում` պետական գույքի վաճառքի գծով պատասխանատու ստորաբաժանում նախատեսելու մասով: ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատարին էլ հանձնարարվել է 1-ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել պետգույքի օտարումն էլեկտրոնային աճուրդով իրականացնելու և պետգույքի հաշվառման համապատասխան համակարգերը արդիականացնելու համար անհրաժեշտ միջոցների հատկացման ծրագիրը:


Կստեղծվեն էլեկտրոնային ծառայություններ ստանալու հարմարավետ, առավել պարզ գործիքներ


Կառավարությունը սահմանել է պետական մարմիններում էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառման կարգը, էլեկտրոնային թվային ստորագրության կիրառմամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունները կամ գործողություններն էլեկտրոնային ձևով ձեռք բերելիս շահագործվող էլեկտրոնային համակարգերի տեխնիկական ընդհանուր պահանջները: Այդ ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ է ապահովել ինտերնետ միջավայրում այդ մարմիններին դիմող անձանց խիստ նույնականացում, ինչպես նաև ապահովել էլեկտրոնային եղանակով ներկայացվող փաստաթղթերի և դրանց իրավաբանական ուժը հավաստող անհրաժեշտ միասնական գործիքակազմի կիրառում։ Մասնավորապես, որոշմամբ նախատեսվում է կարգավորել ՀՀ նույնականացման քարտերով և բջջային կապի օպերատորների կողմից թողարկված հեռախոսաքարտերում տեղադրված անհատական ստորագրությունների հավաստագրերով էլեկտրոնային ծառայությունների մատուցման ընթակարգերը, անհատի խիստ նույնականացման իրականացման և էլեկտրոնային փաստաթղթերի ստորագրության կիրառման համար ինտեգրման նախապայմանները։ Որոշմամբ նաև սահմանվում են այն նվազագույն տեխնիկական չափորոշիչները, որոնք կիրառելի են բջջային ստորագրությունների օպերատորների կողմից նկարագրված ծառայություններ մատուցելու համար։ Միաժամանակ կապահովվի Եվրամիության առջև բյուջետային աջակցման դրամաշնորհային ծրագրով ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարումը և ՀՀ քաղաքացիների համար կստեղծվեն էլեկտրոնային ծառայություններ ստանալու հարմարավետ և կիրառման տեսանկյունից առավել պարզ գործիքներ։ Անդրադառնալով որոշմանը՝ գործադիրի ղեկավարը նշել է, որ ՀՀ քաղաքացուն առաջարկվում է էլեկտրոնային և այլ գործիքակազմից օգտվելու հնարավորություն, ինչը կհեշտացնի որոշ ծառայություններից օգտվելու գործընթացը: Պատասխանելով վարչապետի հարցին՝ ՀՀ աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը նշել է, որ որոշմամբ նախատեսվում է, թե ինչ ժամկետում պետք է ինտեգրվեն այս համակարգին այսօր իսկ էլեկտրոնային ծառայություններ մատուցող պետական մարմինները: «Այնպես որ, մենք պետության կողմից ծառայությունների աճ միանշանակ կապահովենք, որովհետև դա մեր ձեռքում է, տեղական ինքնակառավարման մարմիններում ևս, վստահ եմ, նմանատիպ քայլ կձեռնարկվի», -ասել է Դավիթ Հարությունյանը:


Անասնաբուժության բնագավառում կիրականացվի արդյունավետ և հետևողական վերահսկողություն

 

ՀՀ անասնապահական ֆերմաներում, սպանդանոցներում, ձկնաբուծական տնտեսություններում անասնաբուժական ստուգումների իրականացումը կանոնակարգելու նպատակով կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Պետական քաղաքականության շրջանակում անասնաբուժության վերահսկողության բնագավառում ընդունվում է ազգային նոր իրավական փաստաթուղթ: Կսահմանվեն լիազոր մարմնի ներկայացուցիչների կողմից անասնաբուժության բնագավառում գործառնություններ իրականացնող տնտեսվարողների մոտ ստուգաթերթերի միջոցով ստուգումների իրականացման նորմատիվային պահանջները, որը կարևորագույն քայլ կհանդիսանա սննդամթերքի անվտանգության միջազգային չափանիշների և պահանջների ներդրման գործընթացում: Արդյունքում ակնկալվում է անասնաբուժության բնագավառում ստուգումների բարելավում, պարզեցում, թափանցիկություն, ռեսուրսների խնայում, ռիսկերի գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվության բազայի ստեղծում: Դա կնպաստի արդյունավետ և հետևողական վերահսկողության իրականացմանը՝ առանց տնտեսավարող սուբյեկտների իրավունքները և օրինական շահերը խոչընդոտելու: Վարչապետը, դիմելով ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանին, նշել է, որ այդ պահանջների մասին անհրաժեշտ է տեղեկացնել բոլոր տնտեսավարող սուբյեկտներին. «Նախապես իրենք պետք է իմանան, թե Սննթամթերքի անվտանգության պետական ծառայությունն ինչ պահանջներ է ներկայացնում: Դրանից հետո նոր ստուգումներ իրականացնեն»:
Կառավարությունը հավանություն է տվել Ոռոգման ջրամատակարարման ոլորտում ջրի փաստացի օգտագործումը հաշվի առնող կառավարման հայեցակարգին, որով ամրագրվել են ջրօգտագործողների ընկերություն և հողօգտագործող/ֆերմեր իրավահարաբերությունները, հստակեցվել՝ հանրապետության գյուղատնտեսության զարգացման խնդրում ոռոգման ջրի դերակատարությունը, ինչն էլ կբերի՝ ջրային և հողային ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործման, նոր ոռոգելի հողատարածքների ավելացման, ոռոգման կազմակերությունների ֆինանսական կայունության երաշխիքների ձևավորման:


Կկանոնակարգվեն ռիսկի վրա հիմնված համալիր հարկային ստուգումների համակարգի կիրառման հարցերը
 

Կառավարությունը հաստատել է հարկային մարմնի գործունեության շրջանակում ռիսկի վրա հիմնված համալիր հարկային ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը՝ ՀՀ հարկային օրենսգրքի կիրարկումն ապահովելու նպատակով: Արդյունքում կկանոնակարգվեն ռիսկի վրա հիմնված համալիր հարկային ստուգումների համակարգի կիրառման հետ կապված հարցերը՝ սահմանելով դրանում ներառվող ռիսկային չափանիշների շրջանակը: Համակարգի նպատակն է ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրությունը կառուցել ռիսկային չափանիշների հիման վրա` ըստ հարկ վճարողների առանձին խմբերի:


Կստեղծվի Կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողով

Կառավարության այսօրվա նիստում հավանության են արժանացել մի շարք օրինագծեր: Մասնավորապես, կառավարությունը հավանություն է տվել «Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Օրինագծերի ընդունման արդյունքում ՀՀ-ում բարեվարքության խթանման և կոռուպցիայի կանխարգելման նպատակով կստեղծվի Կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողով, որը կիրականացնի պաշտոնատար անձանց բարեվարքության խթանման և կոռուպցիայի դեմ պայքարի կրթական և կանխարգելիչ գործառույթներ: Դրանց իրականացումը կնպաստի ՀՀ-ում կոռուպցիայի կանխարգելման ոլորտում իրականացվող աշխատանքների խթանմանը, կոռուպցիայի մակարդակի նվազեցմանը, հանրային ծառայողների կարգապահության և բարեխղճության ամրապնդմանը, ինչն էլ, իր հերթին, կնպաստի հանրային կառավարման արդյունավետ, թափանցիկ և հաշվետու համակարգի ձևավորմանը: Նախագծով նոր իրավակարգավորումներ են նախատեսվել գույքի և եկամուտների հայտարարագրման ոլորտների հետ կապված: Նախատեսվել է, մասնավորապես, հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակի ընդլայնում:
Գործադիրի հավանությանն է արժանացել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» և «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Օրենքում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ դատարաններում այնպիսի դատական վեճերի առկայությամբ, որոնց լուծման արդյունքում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցումը ՀՀ պետբյուջեի միջոցներից առաջացնում է լրացուցիչ` չնախատեսված միջոցների հատկացման անհրաժեշտություն: Փոփոխություններով նախատեսվում է հարկադիր կատարողի գործողությունների կամ անգործության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցումը կատարվում է հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի հաշվին:
Գործադիրը հավանություն է տվել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի նախագծին: Մանավորեցման ոլորտում համապատասխան բարեփոխումների իրականացման, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով, առաջարկվում է ընդունել մասնավորեցման ժամկետային նոր ծրագիր, որով սահմանվում են մասնավորեցման ընթացիկ փուլի նպատակները, նախապատվությունը և սահմանափակումները: Ընկերության մասնավորեցումը կնպաստի ներդրումներ իրականացնել ընկերությունում՝ հագեցնելով դրանք ժամանակակից սարքավորումներով և ծրագրային միջոցներով, ֆինանսական հոսքերի ավելացմանը, ընկերության արդիականացմանը: Ընդհանուր առմամբ ծրագրում ընդգրկվել են 47 ընկերություններ, որոնց վաճառքից ակնկալվում է ստանալ 35-36 մլրդ դրամ:
 

Կնվազեցվեն սողանքային աղետի ռիսկերն ու վնասները


Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության սողանքային աղետի կառավարման պլանին: Սողանքային աղետը ոչ միայն իր բացասական ազդեցությունն է թողնում քաղաքական, սոցիալական, տնտեսական ոլորտների վրա, այլև խոչընդոտ է հանդիսանում տնտեսության կայուն զարգացմանը, ինչպես նաև հանրապետությունում և հարևան երկրների հետ հանրապետության հաղորդակցության ուղիների անխափան շահագործմանը, որոնք հանդիսանում են տնտեսության զարգացման համար կարևորագույն միջոց: Սողանքային աղետի կառավարման համակարգի բացակայության պատճառով հանրապետության առավել վտանգավոր սողանքային տեղամասերում չեն կատարվել հիմնավոր և հետևողական համապատասխան հետազոտություններ և դիտարկումներ, ինչն անհնար է դարձնում արդյունավետ կանխարգելիչ միջոցառումների իրականացումը: Սողանքային աղետի կառավարման պլանի նպատակն է նվազեցնել սողանքային աղետի ռիսկերն ու վնասները՝ ձեռնարկելով համապատասխան հակասողանքային միջոցառումներ:


Այլ որոշումներ
 

Կառավարության որոշմամբ առաջարկվել է Ազգային ժողովի նախագահին հունիսի 8-ին ժամը 11:00-ին գումարել ՀՀ ԱԺ արտահերթ նիստ:
Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ Կարեն Բոթոյանը նշանակել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետ: Կարեն Կարապետյանը շնորհավորել է նորանշանակ մարզպետին. «Պարոն Բոթոյան, մենք մարզպետերի ինստիտուտից 2017 թվականին ակնկալում ենք աշխատանքի ոճի, հաշվետվության համակարգված որոշակի փոփոխություններ: Ձեզ հաջողություն ենք մաղթում»: Գործադիրի ղեկավարը հիշեցրել է, որ մոտ ժամանկներս Ամերիկյան համալսարանում մարզպետերի համար նախատեսվող դասընթացների մասին: Վարչապետը նշել է նաև, որ նախատեսվում է մարզպետերի աշխատանքի գնահատման հայտանիշերի վերանայում. «Տարվա վերջին մենք դրան հատուկ ուշադրություն ենք դարձնելու: Մարզպետերն ունենալու են բալանսավորված իրավունքներ և պատասխանատվություն»:
Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ Նախագահի 2006 թվականի հուլիսի 31-ի ՆՀ-163-Ն հրամանագրում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի նախագծին, որի ընդունումը պայմանավորված է պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու և պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու անկախ հանձնաժողովների գործունեությունն առավելապես արդյունավետ և թափանցիկ դարձնելու անհրաժեշտությամբ:
Կառավարությունն ընդունել է «2017 թվականի ամառային զորակոչը կազմակերպելու մասին» որոշում:
Ի կատարումն ՀՀ վարչապետի՝ Հաղթանակի և Խաղաղության հանրապետության տոներին նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման հանձնարարականի մայիսի 28-ին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում նախատեսվել է իրականացնել սիրիահայ ձեռագործ վարպետների և հրուշակագործների մասնակցությամբ բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ: Գործադիրի որոշմամբ միջոցառման անցկացման համար անհրաժեշտ գումարը կհատկացվի կառավարության պահուստային ֆոնդից:
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ