Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 9 փետրվարի 2017

Վարչապետը խստագույնս զգուշացրել է. ադմինիստրատիվ ռեսուրսը քարոզչության համար օգտագործելն «արջի ծառայություն» է










Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը հանդես է եկել հայտարարությամբ. «Մամուլում կան հրապարակումներ, որ մեր գերատեսչությունների ղեկավարները և մարզային կառույցների ղեկավարներն իրենց ադմինիստրատիվ ռեսուրսն օգտագործում են քարոզչության համար: Մտնում ենք նախընտրական փուլ և բոլորին խստագույնս զգուշացում, որ նման ծառայություններն «արջի ծառայություն» են լինելու, անկախ նրանից, թե որ կուսակցության շահն են իրենք ներկայացնում: Հատուկ ուշադրություն դարձրեք այս երևույթին»:
Այնուհետև գործադիրի ղեկավարը մի շարք հանձնարարականներ է տվել: Պետական գույքի կառավարման վարչությունը վերջին հանձնարարականի հիման վրա ներկայացրել է պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների 2013թ., 2014թ., 2015թ. տարեկան և 2016թ. առաջին կիսամյակի տվյալների հիման վրա իրականացված համատարած ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումների և վերլուծության արդյունքները: «Առանձնացվել են նշված ժամանակահատվածում 4 տարի, 3 տարի, 2 տարի և 1 տարի վնաս ձևավորած, ինչպես նաև գործունեություն չծավալած և շահույթ չձևավորած ընկերությունների ցանկերը: Միաժամանակ կատարվել է վերլուծություն բոլոր այն պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների համար, որոնք նշված ժամանակահատվածում ձևավորել են համեմատաբար փոքր շահույթ՝ հիմքում ընդունելով ակտիվների շահութաբերության գործակցի մեծությունը»,-նշել է Կարեն Կարապետյանը: Վարչապետը հանձնարարել է համապատասխան հանրապետական գործադիր մարմիններին՝ 20-օրյա ժամկետում ներկայացնել իրենց դիրքորոշումը ցանկում ընդգրկված ընկերությունների ծրագրերի առկայության և կառավարիչների գործունեության վերաբերյալ և այդ կազմակերպությունների հետագա գործունեությունը շարունակելու նպատակահարմարության վերաբերյալ:

Վարչապետը հանձնարարել է վերացնել իրավաբանական անձանց լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ շնորհելու գործընթացում առկա խոչընդոտները

Կառավարության ղեկավարի երկրորդ հանձնարարականը լիազորված տնտեսական օպերատորի վերաբերյալ էր: Բիզնեսի արտաքին տնտեսական գործունեության ակտիվության բարձրացման կարևորագույն գործիք կարող է հանդիսանալ լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտի գործարկումը: Այն թույլ է տալիս այդ օպերատորներին աշխատել պարզեցված մաքսային ընթացակարգերով, վճարումների կատարման առումով ստանալ բարենպաստ պայմաններ, մաքսային հսկողության ենթարկվել նախընտրած վայրում և այլ հատուկ պարզեցված ընթացակարգեր: «Չնայած այս ուղղությամբ դեռևս 2016թ. ստեղծվել է օպերատորի գործունեության իրականացման իրավական հենքը, սակայն մինչև այժմ ոչ մի լիազորված տնտեսական օպերատոր չի հաշվառվել: Այս գործիքը պետք է ակտիվացնել»,-ասել է վարչապետը: Հաշվի առնելով վերոնշյալը՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ ՀՀ ֆինանսների, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունների հետ համատեղ՝ 1-ամսյա ժամկետում վեր հանել և վերացնել իրավաբանական անձանց լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ շնորհելու գործընթացում առկա խոչընդոտները, այդ թվում օրենսդրական և երկու ամսից զեկուցել, թե քանի լիազորված տնտեսական օպերատոր է հաշվառվել։ Հանձնարարվել է նաև 2-ամսյա ժամկետում իրականացնել հանրության իրազեկում:


Կսահմանվեն արտերկրում ՀՀ դեսպանների կողմից իրականացվելիք տնտեսական բնույթի աշխատանքների թիրախները և հայտանիշերը

Գործադիրի ղեկավարի հաջորդ հանձնարարականը վերաբերել է դիվանագիտական կորպուսում տնտեսական բաղադրիչի գործոնի ակտիվացմանը:
«Մենք Արտաքին գործերի նախարարության հետ պայմանավորվել ենք՝ ինչպես անել, որ տնտեսական բաղադրիչի գործոնը դիվանագիտական կորպուսում ակտիվանա»,-նշել է Կարեն Կարապետյանը: Այդ նպատակով ՀՀ արտաքին գործերի, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին վարչապետը հանձնարարել է 1-շաբաթյա ժամկետում ձևավորել համատեղ աշխատանքային խումբ և ներկայացնել հստակ առաջարկություն՝ արտերկրում ՀՀ դեսպանների կողմից ակնկալվող տնտեսական բնույթի աշխատանքների թիրախների և հայտանիշերի սահմանման նպատակով:


Սփյուռքի ներուժի առավել արդյունավետ ներգրավման նպատակով անհրաժեշտ է ակտիվացնել ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների համատեղ գործունեությունը

 

Հայաստանի Հանրապետության զարգացման տարբեր ոլորտներում սփյուռքի ներուժի առավել արդյունավետ ներգրավման նպատակով Կարեն Կարապետյանը նշել է, որ անհրաժեշտ է ակտիվացնել ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների համատեղ գործունեությունը: Այդ նպատակով վարչապետը հանձնարարել է ՀՀ սփյուռքի նախարարին՝ գործադիր բոլոր մարմինների ղեկավարների հետ համատեղ 1-ամսյա ժամկետում մշակել ծրագիր սփյուռքի հայտնի մասնագետների, կառավարիչների և նրանց կազմակերպությունների հետ երկկողմանի համագործակցությունը խորացնելու վերաբերյալ:
ՀՀ կրթության և գիտության և սփյուռքի նախարարներին կառավարության ղեկավարը հանձնարարել է 2-ամսյա ժամկետում մշակել համատեղ ծրագիր՝ սփյուռքի կրթական խնդիրների լուծման աջակցության, սփյուռքի կրթօջախների համար մասնագետների պատրաստման, երիտասարդության շրջանում մայրենի լեզվի ուսուցման մակարդակի բարձրացման, սփյուռքի կրթօջախների համար ուսուցիչների պատրաստման և վերապատրաստման կազմակերպման, սփյուռքի կրթօջախների համար նոր, այդ թվում էլեկտրոնային դասագրքերի, ուսումնական ծրագրերի մշակման, ինչպես նաև միջոցներ սփյուռքի գիտնականների և նրանց կազմակերպությունների և Հայաստանի բուհական և գիտական հաստատությունների միջև երկկողմանի համագործակցությունը խորացնելու և համակարգելու համար:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների ու սփյուռքի նախարարներին էլ վարչապետը հանձնարարել է 1-շաբաթյա ժամկետում ՀՀ սփյուռքի նախարարության միջոցով հայազգի գործարարներին փոխանցել առկա ներդրումային ծրագրերը՝ դրանք սփյուռքի գործարարներին տրամադրելու համար, ինչպես նաև տեղեկացնել սփյուռքի գործարարներին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության բոլոր հարթակների մասին և պահպանել այդ կապը մշտապես:
ՀՀ մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի և սփյուռքի նախարարներին հանձնարարվել է 2-ամսյա ժամկետում մշակել համատեղ մշակութային, երիտասարդական և մարզական ծրագրեր սփյուռքում հայապահպանությանն օժանդակելու, հայկական մշակույթի տարածման և հայկական արժեքների քարոզման միջոցով Հայաստանն առավել ճանաչելի դարձնելու համար:


Կվերանայվեն ֆիզիկական կուլտուրային վերաբերող կրթական ծրագրերը
 

Կառավարության նիստին Կարեն Կարապետյանի վերջին հանձնարարականը ֆիզիկական կուլտուրայի մասայականացման մասին էր: «Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հաշվետվության ներկայացման ընթացքում պարզվել է, որ կան համակարգային խնդիրներ այս ոլորտի քաղաքականության և կառավարման իրականացման գործում»,-նշել է գործադիրի ղեկավարը: Ելնելով նշվածից վարչապետը ՀՀ կրթության և գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարներին հանձնարարել է 1-ամսյա ժամկետում վերանայել կրթական բոլոր մակարդակների ֆիզիկական կուլտուրային վերաբերող կրթական ծրագրերը և ներկայացնել առաջարկություն այսուհետ դրանք համատեղ հաստատելու հնարավորության վերաբերյալ: Հանձնարարվել է նաև գույքագրել հանրակրթական ուսումնական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում առկա սպորտային դահլիճները և մարզային գույքը, ներկայացնել առկա խնդիրները և հնարավոր լուծման տարբերակները ՀՀ կառավարության աշխատակազմ։
ՀՀ տարածքային կառավարման նախարարին վարչապետը հանձնարարել է 1-ամսյա ժամկետում ուսումնասիրել մարզպետարանների և համայնքների ենթակայությամբ գործող մանկապատանեկան մարզադպրոցների գործունեության կազմակերպման արդյունավետությունը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հետ համատեղ մշակել հստակ չափորոշիչներ այդ հաստատությունների կառավարման և գործունեության կազմակերպման համար: «Խնդիրն այն է, որ կրթական ծրագրերը ունիֆիկացված չեն, տարբեր տեղերում կան տարբեր կրթական ծրագրեր, ստանդարտներ գոյություն չունեն»,-ընդգծել է Կարեն Կարապետյանը: Վարչապետը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին մեկ անգամ ևս հիշեցրել է մասսայական սպորտի զարգացմանն ուղղված ակտիվների գույքագրման հանձնարարականը. «Առ այսօր մենք ձեզնից ինֆորմացիա չենք ստացել, թե ինչպես ենք ակտիվացնելու սպորտդահլիճների աշխատանքը գյուղական համայնքներում»:


Կներդրվի գնումների մասնակի կենտրոնացված համակարգ. կպարզեցվի գնման գործընթացը


Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ պետության կարիքների համար գնումների մասնակի կենտրոնացված համակարգ ներդնելու, գնումների պայմանագրերի կատարման արդյունքների ընդունման գործընթացն էլեկտրոնային դարձնելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Հիմնավորման համաձայն՝ Գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ գնումներն իրականացվում են ապակենտրոնացված կարգով: Այսինքն՝ պատվիրատուներն ինքնուրույն են կազմակերպում գնման ընթացակարգերը: Միաժամանակ էլեկտրոնային գնումների համակարգն օգտագործող պատվիրատուները պայմանագրերի կատարման արդյունքների ընդունման գործընթացն իրականացնում են թղթային եղանակով: ՀՀ կառավարության գործունեության ծրագրով նախատեսվում է վեց ամսվա ընթացքում ներդնել մասնակի կենտրոնացված համակարգ, պարզեցնել գնման գործընթացները և կրճատել պատվիրատուների թվաքանակը: Այս կապակցությամբ որոշմամբ սահմանվում է` ներդնել գնումների կատարման մասնակի կենտրոնացված համակարգ, որի շրջանակում ձեռք կբերվեն ՀՀ կառավարության կողմից հաստատվող ցուցակում ներառված միանման տեխնիկական բնութագրեր ունեցող ապրանքներ և ծառայություններ: Կենտրոնացված գնման ընթացակարգերը կկազմակերպվեն ՀՀ ֆինանսների նախարարության կամ ՀՀ ֆինանսների նախարարի լիազորած պետության հիմնարկի կամ իրավաբանական անձի կողմից` համագործակցելով հանրապետական գործադիր բոլոր մարմինների հետ: Կնքված պայմանագրերը կվերաբերեն պետական կառավարման համակարգում գործող բոլոր պատվիրատուներին, ՊՈԱԿ-ներին և ՓԲԸ-ներին: Միաժամանակ նախատեսվում է` մինչև 70 մլն ՀՀ դրամ գնումների դեպքում ԵԱՏՄ արտադրության ապրանքների մատակարարման դեպքում չկիրառել 15% չափով գնային նախապատվությունը:


Հրազենային վնասվածք ստացած զինծառայողի բուժումը կիրականացվի ՌԴ-ում


Գործադիրի որոշմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Ռուզվելտ Թորոսյանի բուժումը Ռուսաստանի Դաշնությունում իրականացնելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից 1 մլն 318 հազար ՀՀ դրամ կհատկացվի ՀՀ պաշտպանության նախարարությանը: Ռուզվելտ Թորոսյանի բուժումը ՌԴ-ում իրականացնելու վերաբերյալ դրական եզրակացությունը տվել է ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանով ստեղծված մասնագիտական հանձնաժողովը:


Նախատեսվում է վերացնել գույքի հավատարմագրային կառավարման գործարքի կնքման ժամկետային սահմանափակումը


Գործադիրի հավանությանն է արժանացել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրի առավելագույն ժամկետ է սահմանված 5 տարին: Ներդրումային միջավայրի բարելավման տեսանկյունից կարևոր է, որպեսզի բացառվեն գույքի հավատարմագրային կառավարմանը վերաբերող այն դրույթները, որոնք անհամաչափ սահմանափակումներ են մտցնում տնտեսվարող սուբյեկտների համար: Հետևաբար, անհրաժեշտ է գույքի հավատարմագրային կառավարմանը վերաբերող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համապատասխան հոդվածներում կատարել անհրաժեշտ փոփոխություններ՝ վերացնելով գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրի առավելագույն ժամկետը՝ նշելով, որ գույքի հավատարմագրային կառավարման ժամկետները սահմանվում են պայմանագրով, իսկ գույքի առանձին տեսակների հավատարմագրային կառավարմանը վերաբերող պայմանագրերի համար օրենքով կարող են սահմանվել նվազագույն կամ առավելագույն ժամկետներ: Օրինագծի ընդունումը խթան կհանդիսանա գույքի հավատարմագրային կառավարման հանձնելու իրավահարաբերությունների ակտիվացման համար, ինչպես նաև կնպաստի ներդրումային միջավայրի զարգացմանը: Կարեն Կարապետյանը նշել է, որ օրինագծի ընդունմամբ կարևորագուն խնդիր է լուծվելու. «Մենք, սահմանափակելով հինգ տարվա հավատարմագրային կառավարման ժամկետը, ոչ մի երկար մտածող, ինվեստիցիա անող լավ կառավարիչ չենք կարող բերել: Մենք խոսել ենք դրա մասին՝ և՛ համայնքներում, և՛ բոլոր ոլորտներում, որտեղ կա բիզնես տրամաբանություն, պետք է դաշտը մաքսիմալ բացել, որպեսզի մասնավորը գա և մեր կառավարչի հետ մրցի: Եթե մրցման ընթացքում ինքն ավելի լավ է կառավարում, միանշանակ պետք է տալ իրեն»:
Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: ՀՀ քրեական, քրեակատարողական և քրեական դատավարության օրենսգրքերում համապատասխան փոփոխություններն ու լրացումներն առաջարկվել են՝ հաշվի առնելով ՀՀ որդեգրած քրեական քաղաքականության առանձնահատկությունները և ՀՀ սահմանադրական դատարանի դիրքորոշումները: Մասնավորապես՝ առաջարկվում է, իրավական որոշակիության սկզբունքից ելնելով, հստակ տարբերակում մտցնել տուգանքի վճարման «անհնարինություն» և «չարամտորեն խուսափել» եզրույթների միջև: «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում ամրագրվել է, թե ով է համարվում տուգանքի վճարումից չարամտորեն խուսափող: Միաժամանակ նախագծով առաջարկվում է հակակշիռ այնպիսի մեխանիզմ, համաձայն որի՝ դատական նիստի ընթացքում դատարանը տուգանքի վճարման անհնարինությունը և տուգանքի վճարումից չարամտորեն խուսափելու հանգամանքները պարզում է՝ հաշվի առնելով տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունը, տուգանքը չվճարելու վերաբերյալ դատապարտյալի կամ նրա փաստաբանի բացատրությունները և ներկայացված փաստաթղթերը:

Մասնավորեցման գործընթացի արագ իրականացումը կնպաստի ներդրումների ներգրավմանը


Հիսուն տոկոսից պակաս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում ՀՀ սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնելու գործընթացի կանոնակարգման անհրաժեշտությամբ պայմանավորված կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Որոշումն ուղղված է հիսուն տոկոսից պակաս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների պետական բաժնետոմսերի (բաժնեմասի) մասնավորեցման գործընթացի արագ իրականացմանն ու ներդրումների ներգրավմանը: Հիմնավորման համաձայն, ներկայիս գործող կարգը կորցրել է իր արդիականությունը, թույլ չի տալիս լուծելու պետական մասնակցությամբ ընկերություններում ոչ պետական բաժնետերերի (մասնակիցների) առջև ծագող խնդիրները:
Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած՝ «Հանրակրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական կազմակերպություններին ՀՀ պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույք նվիրաբերելու կարգը հաստատելու մասին» որոշման մեջ՝ նախատեսելով, որ պետական սեփականություն հանդիսացող հողամասերը հանրակրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական կազմակերպություններին նվիրաբերվելու են կադաստրային արժեքներով:


Մարտի 3-ը Հայաստանում կնշվի որպես «Գործարարի օր»


Տնտեսության զարգացման գործում, ինչպես նաև հայ ժողովրդի կյանքում գործարարի առանձնահատուկ դերն ընդգծելու նպատակով կառավարությունն որոշել է Հայաստանի Հանրապետությունում մարտի 3-ը նշել որպես «Գործարարի օր»: Հիմնավորման համաձայն՝ 2017թ. մարտի 3-ին լրանում է հայ մեծ գործարար, բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան 175-ամյակը:
Մեկ այլ որոշմամբ էլ արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ձեռք բերած նշանակալի արդյունքների, ինչպես նաև որակի կառավարման արդյունավետ մեթոդների ներդրման համար արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ՀՀ կառավարության 2016թ. մրցանակներ կշնորհվեն «Բարի Սամարացի», «Ջերմուկ գրուպ», «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր», «Թիվ 8 պոլիկլինիկա», «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ», «Հալդի Քոնսալթ» ընկերություններին: ՀՀ վարչապետը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին հորդորել է այդ հարցում լինել ուշադիր. «Այն ընկերությունների բացահայտ գովազդ է և պետք է մաքսիմալ ուշադիր լինենք, որ այստեղ ադմինիստրատիվ ռեսուրսը չաշխատի ի օգուտ այս կամ այն կազմակերպության՝ սուբյեկտիվ տարբերակով»:


Կդյուրացվի Հնդկաստանի քաղաքացիների մուտքը Հայաստան


Կառավարությունն ընդունել է որոշում, որի համաձայն ԱՄԷ-ում, Բահրեյնում, Կատարում, Քուվեյթում և Օմանում կացության կարգավիճակ ունեցող Հնդկաստանի քաղաքացիները հնարավորություն կստանան ՀՀ մուտքի վիզա ձեռք բերել ՀՀ սահմանային անցման կետերում: Հիմնավորման համաձայն՝ համապատասխան որոշման ընդունումը պայմանավորված է այդ տարածաշրջանից դեպի Հայաստան զբոսաշրջիկների հոսքը խթանելու անհրաժեշտությամբ: Տարեցտարի ավելանում է Պարսից ծոցի տարածաշրջանից ինչպես զբոսաշրջային, այնպես էլ գործնական նպատակներով Հայաստան ժամանողների թվաքանակը: Ներկայումս չվերթներ են իրականացնում ԱՄԷ-ից FlyDubai, Air Arabia, իսկ Կատարից՝ Qatar Airways ավիաընկերությունները: Ապագայում ակնկալվում է ավելացնել ինչպես արդեն մեր շուկայում գործող ավիաընկերությունների չվերթների քանակը, այնպես էլ ներգրավել այդ տարածաշրջանի այլ ավիաընկերություններին՝ նոր թռիչքներ իրականացնելու նպատակով:

Այլ որոշումներ

 
Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին փետրվարի 14-ին ժամը 12:00-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ:
Ընտրական գործընթացի թափանցիկությունն ապահովելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ կառավարության աշխատակազմին գումար կհատկացվի, մասնավորապես՝ տեսահսկման համակարգերի ձեռքբերման համար առաջացած հարկային պարտավորությունների մարման համար:
Կալանավորված անձին կամ դատապարտյալին տեսակցության եկած անձանց հերթերի առաջացումը կանխելու և տեսակցությունների տրամադրման գործընթացի անհարկի ձգձգումները բացառելու անհրաժեշտությամբ պայմանավորված գործադիրը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Որոշմամբ հնարավոր կլինի առավել սեղմ ժամկետներում լուծել տեսակցությունների տրամադրման հարցը՝ բացառելով կալանավորված անձին կամ դատապարտյալին տեսակցության եկած անձանց հերթերի առաջացումը:
Երևանում չինական դպրոցի կառուցման համար հայկական կողմի պարտականությունների կատարման պահանջներից ելնելով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որով 1.2 մլրդ ՀՀ դրամ կհատկացվի ՀՀ կրթության և գիտության նախարարությանը:
Նիստի ավարտին Կարեն Կարապետյանը նշել է, որ փետրվարի վերջին կամփոփվեն հանձնարարականների կատարողականները և բոլոր գերատեսչությունների ղեկավարներին մեկ անգամ ևս հորդորել է հատուկ ուշադրություն դարձնել սփյուռքահայության ներուժի արդյունավետ օգտագործման վերաբերյալ տրված այսօրվա հանձնարարականին. «Այդ դաշտում մենք ունենք մեծ պոտենցիալ, որը չենք օգտագործում»:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ