ուրբաթ, 11 հունիսի 2004
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Քոլեյնիին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Բարձր գնահատելով անցած չորս տարիներին դիվանագետի գործունեությունը, վարչապետը նշել է, որ այդ ընթացքում նկատելի ձեռքբերումներ են արձանագրվել երկու պետությունների և ժողովուրդների հարաբերություններում՝ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ոլորտներում, վստահության մթնոլորտ է ստեղծվել գործարար շրջանակների միջև համագործակցության խթանման համար, քայլեր են ձեռնարկվել կրթական, մշակութային և այլ բնագավառներում ավանդական կապերի հետագա զարգացման ուղղությամբ:
Դեսպան Մոհամմադ Քոլեյնին գոհունակություն է հայտնել Հայաստանում իր առաքելությունն իրականացնելու ընթացքում ՀՀ կառավարության, իշխանության այլ մարմինների կողմից ցուցաբերված աջակցության համար, նշելով, որ այսուհետ ևս հնարավորինս նպաստելու է Հայաստանի և Իրանի, պատմական մեծ անցյալ ունեցող երկու ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդմանը:
Հանդիպման ավարտին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հաջողություններ է մաղթել Մոհամմադ Քոլեյնիին անձնական կյանքում և հետագա գործունեության մեջ: