երեքշաբթի, 20 մարտի 2001
Այսօր ՀՀ կառավարության արտադրական ենթակառուցվածքները համակարգող նախարար Դավիթ Զադոյանն ընդունեց Եգիպտոսի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Մահդի Ֆաթթա Ալլահին:
Կողմերը նշեցին, որ Հայաստանի ու Եգիպտոսի միջև քաղաքական անհամաձայնություններ չկան, ինչը խարսխվում է նաև երկու ժողովուրդների դարավոր սերտ բարեկամության վրա: Սակայն նույնը չի կարելի ասել առևտրա-տնտեսական կապերի մասին: Դրանք ակնհայտորեն չեն համապատասխանում երկու երկրների իրական հնարավորություններին: Նշվեց, որ համագործակցության լայն դաշտ կա հատկապես դեղագործության, գիտական տեխնոլոգիաների, առևտրի, մշակույթի ոլորտներում:
Դավիթ Զադոյանը և Մահդի Ալլահը կարևորեցին հայ-եգիպտական միջկառավարական երրորդ նիստի անցկացումը Երևանում, որը նախնական պայմանավորվածությամբ կկայանա հուլիսի առաջին տասնօրյակում: Մինչ այդ երկուստեք աշխատանքներ կտարվեն տնտեսական համագործակցության համար երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ճյուղերի ու ձեռնարկությունների որոշակիացման, երկու երկրների գործարարների միջև կապերի աշխուժացման ուղղությամբ: