Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 10 հունիսի 2004

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ 2004թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Որոշմամբ օրենքով հաստատված ծախսերի և դեֆիցիտի (պակասուրդի) գումարներն ավելացվել են 12 մլրդ 8 մլն 800 հազար դրամով` բյուջետային ծախսերի Ֆինանսավորմանն ուղղվող պետական բյուջեի 2004թ. տարեսկզբի ազատ մնացորդի միջոցների հաշվին: 2003թ. բյուջետային տարվա արդյունքներով խնայված այդ գումարները կուղղվեն դպրոցաշինության, պետական և համայնքային ճանապարհաշինության, անավարտ բնակարանային շինարարության (հիմնականում աղետի գոտում), գյուղական բնակավայրերի գազաֆիկացմանն աջակցելու, ոռոգման համակարգի, գյուղատնտեսության, բնապահպանության և այլ ոլորտներում նախատեսված հատկացումների ավելացմանը:

Գործադիրը, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի առաջին մասով, որոշել է առաջարկել ՀՀ նախագահին` 2004թ. հունիսի 11-ին ժամը 12:00-ին գումարել ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջան, կառավարության հավանությանն արժանացած մի շարք օրինագծերի քննարկման և ընդունման նպատակով:

Կառավարությունը հավանություն է տվել նաև «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Օրենքով համայնքային ծառայությունը սահմանվում է որպես հանրային ծառայության ինքնուրույն տեսակ, մասնագիտական գործունեություն` տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմում, որն ուղղված է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով այդ մարմիններին վերապահված խնդիրների ու գործառույթների իրականացմանը: Այդ կապակցությամբ, նույն որոշմամբ հավանություն է տրվել նաև «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերին:

Ի կատարումն ՀՀ կառավարության 2004թ. փետրվարի 12-ի «ՀՀ 2004թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման, գործադիրը հաստատել է 2004թ. «Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության զարգացման պետական ծրագիրը»: Ծրագրի հինական նպատակը հանրպետությունում ժամանակակից արդյունավետ և մրցունակ զբոսաշրջային արդյունքի ստեղծումն ու միջազգային զբոսաշրջային շուկա արտահանումն է: Ծրագրի նպատակներից են նաև Հայաստանը հաճախելի երկրներից մեկը դարձնելը, «Հայաստանը զբոսաշրջության համար բարենպաստ և հրապուրիչ երկիր» նկարագրի ձևավորումը և վարկանիշի ամրապնդումը, Հայաստանի ինտեգրումը համաշխարհային զբոսաշրջային շուկայում, միջազգային ներգնա զբոսաշրջիկների թվաքանակի կայուն աճի ապահովումը:

«Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը սահմանել է հյուրանոցային ծառայությունների մատուցման կարգն ու պայմանները, ինչպես նաև հաստատել է հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման ընթացակարգը, որակավորման կարգերը և որակավորման վկայականի ձևը: Որոշման ընդունումը պայմանավորված է հանրապետությունում հյուրանոցաշինության, հյուրանոցային տնտեսության ձևավորման արդի փուլում սպառողների և զբոսաշրջային ինդուստրիայի ներկայացուցիչների միջև իրավահարաբերությունների կանոնակարգման անհրաժեշտությամբ: Համակարգի ներդրումը հնարավորություն կտա լուծելու զբոսաշրջության ոլորտում շուկայական մեխանիզմների կատարելագործման, դրանք միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու խնդիրները, կխթանի միջազգային զբոսաշրջային շուկաներում որակային առումով կանխատեսելի հայկական զբոսաշրջային՝ մասնավորապես հյուրանոցային ծառայությունների ներկայացմանը և իրացմանը: Մեկ այլ որոշմամբ հաստատվել են նաև զբոսավարի և ուղեկցորդի գործունեության լիցենզավորման կարգն ու լիցենզիայի ձևը:

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է հիմնադրման միջոցով ստեղծել «Քաղաքական հետազոտությունների ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն: Կազմակերպության գործունեության հիմնական նպատակների թվում են ընթացիկ քաղաքականության, ինչպես նաև ներքին, տարածաշրջանային և աշխարհաքաղաքական անվտանգության վերլուծությունների և մշակումների, ռազմավարական, սոցիալ-քաղաքական ու տնտեսական վերլուծությունների և մշակումների, ազգային անվտանգության հայեցակարգի մշակման, տեղեկատվության համակարգման ու վերլուծության իրականացումը:

Կառավարությունը, ՀՀ 2004թ. պետական բյուջեով նախատեսված իր պահուստային ֆոնդի հաշվին, 40 մլն 16.1 հազար դրամ է հատկացրել ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին՝ Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի Ճոճկան գյուղական համայնքի հողերի ոռոգման նպատակով շահագործվող Ճոճկանի երկրորդ աստիճանի պոմպակայանի նորոգման աշխատանքների իրականացման համար: Այլ որոշումներով 40 մլն 589 հազար դրամ է հատկացվել ՀՀ պաշտպանության նախարարությանը` Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ուսումնական մասնաշենքի շինարարության ֆինանսավորման նպատակով, 7 մլն դրամ ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին` Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանի «Քաղցրաշենի» I, II, III հերթերի պոմպակայանների մղման խողովակաշարերի, ջրագծերի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և հիմնանորոգման համար, ևս 43 մլն 839.1 հազար դրամ է հատկացվել ՀՀ Ազգային Ժողովին` 2004թ. հունիսի 17-19-ը Երևանում անցկացվելիք պատգամավորական բարեկամության հայկական վեհաժողովի կազմակերպման հետ կապված ծախսերը ֆինանսավորելու նպատակով:

Գործադիրը հավանություն է տվել Երևան քաղաքում պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարման, ինչպես նաև Երևան քաղաքի փողոցների և հրապարակների ասֆալտբետոնե ծածկի նորոգման աշխատանքների 2004թ. ծրագրերին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքին և «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է հիմնադրել «ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամ» և լիազորել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը՝ Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալ այդ հիմնադրամում: Հիմնադրամի գործունեության հիմնական նպատակը հանրապետության անտառների վերականգնման գործընթացին աջակցությունը և անտառների զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծումն է: Որոշմամբ հաստատվել են հիմնադրամի կանոնադրությունը, ինչպես նաև հոգաբարձուների խորհրդի կազմը՝ ՀՀ վարչապետի նախագահությամբ:

ՀՀ հողային օրենսգրքին և «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է պետական անտառային ֆոնդի հողերից Վայոց Ձորի մարզի Եղեգիսի կիրճից 2400 հա և Սյունիքի մարզի Գեղիի և Դարմանաձորի հատվածից 459 հա տարածք առանձնացնել և անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրել «Սաֆարի ինտերնացիոնալ» հայ-իտալական համատեղ ձեռնարկություն» ՍՊԸ-ին: Որոշման ընդունման նպատակը որսորդական տնտեսության ստեղծումը և հավատարմագրային կառավարման հանձնելն է, ինչը կնպաստի կենսաբազմազանության և հատկապես կենդանական աշխարհի որոշ տեսակների բնականոն վերարտադրության համար նպաստավոր պայմաններ ստեղծելուն և դրա հիման վրա Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում էկոտուրիզմի և որսորդական տուրիզմի զարգացմանը:

«Բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է «Բույսերի պաշտպանության քիմիական միջոցների փորձաքննության անցկացման կարգը»: Այն սահմանում է ՀՀ ներմուծվող և ՀՀ-ից արտահանվող, ինչպես նաև ՀՀ-ում արտադրվող, պահպանվող և իրացվող բույսերի պաշտպանության քիմիական միջոցների փորձաքննության գործընթացը: Սահմանվել է, որ կարգը չի տարածվում «տարանցիկ փոխադրում» մաքսային ռեժիմով ՀՀ ներմուծվող բույսերի պաշտպանության քիմիական միջոցների վրա:

Կառավարության անդամներն ի գիտություն են ընդունել ՀՀ կառավարության 2003թ. դեկտեմբերի 24-ի N1929 և N 1931 որոշումների կատարման ընթացքի վերաբերյալ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ներկայացրած տեղեկանքը: Ըստ այդ փաստաթղթի, նշված որոշումներով մասնավորեցման ներկայացված բոլոր 11 ընկերությունների բաժնետոմսերի մասնավորեցման մրցույթները չեն կայացել՝ մրցութային առաջարկների բացակայության պատճառով: Մրցույթի չկայացման պատճառը հիմնականում պայմանավորված է սահմանված բարձր նվազագույն գնով: Աճուրդով մասնավորեցման ներկայացված 8 ընկերություններից 5-ի աճուրդները կայացել են, ընդ որում՝ բոլոր ընկերությունների բաժնետոմսերը վաճառվել են սահմանված նվազագույն գներով, իսկ մնացած 3 ընկերությունների բաժնետոմսերի աճուրդներն ընթացքի մեջ են:

Գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 1998թ. փետրվարի 26-ի «Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ՀՀ կառավարության ամենամյա մրցանակներ սահմանելու և շնորհելու մասին» N 116 որոշման մեջ: Փոփոխությունները կատարվել են նշված բնագավառում գնահատման գործընթացը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով, ինչը հայրենական արտադրողներին հնարավորություն կտա հետագայում լիարժեքորեն մասնակցելու նաև ևրոպական, տարածաշրջանային, այդ թվում՝ ԱՊՀ երկրների որակի ստուգատեսներին:

ՀՀ կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա Ս.Ա.» ընկերության միջև 2001թ. դեկտեմբերի 18-ին կնքված կոնցեսիայի պայմանագրի կատարումն ապահովելու նպատակով, գործադիրը որոշել է ՀՀ պետական համապատասխան մարմինների և Կառավարչի միջև փոխհարաբերությունների համաձայնեցման գործընթացում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ նշանակել ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանին:

Օրակարգում ընդգրկված հարցերի շրջանակում, կառավարությունը հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ մաքսային օրենսգրքի և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի միջև առկա հակասությունների վերացման, ինչպես նաև մաքսային կանոնների խախտման դեպքերում վարչական պատասխանատվության միջոցների կիրառման ժամկետների կարգավորման անհրաժեշտությամբ:

Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել նաև «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրինագծին: Որոշման ընդունումը պայմանավորված է արժեթղթերի և ֆինանսական շուկայի այլ հատվածների կարգավորման բնագավառում ներպետական և միջազգային համագործակցության, այդ ոլորտում տեղեկատվության հայթայթման և փոխանակման համար իրավական հիմքերի ապահովման անհրաժեշտությամբ:

Նիստում որոշում է ընդունվել «Սասնաշենի հաստոցաշինական գործարան», «Սիփան» ՓԲԸ-ների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի, «Դիլիջանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» ՓԲԸ-ի, «Արտադրատեխնոլոգիական կոմպլեկտավորում» պետական ՓԲԸ-ի և մի շարք այլ ընկերությունների բաժնետոմսերի մասնավորեցման վերաբերյալ:

Կառավարության անդամները համաձայնություն են տվել ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) միջև «Հայաստանում հողերի միավորման և բարելավված հողերի կառավարման սխեմաների մշակման և ներդրման աջակցության TCP/APM/ 2004 (A)» ծրագրի կնքման առաջարկությանը: Ծրագրի նպատակը ֆինանսական աջակցությունն է կենսունակ և կայուն գյուղատնտեսական կառույցների կայացմանը, անշարժ գույքի շուկայի զարգացմանը: Մեկ այլ որոշմամբ գործադիրը հաստատել է 2004թ. ապրիլի 5-ին Երևանում ստորագրված 2002-2003թթ Հայաստանի հետ տնտեսական համագործակցության հոլանդական ծրագրի փոխըմբռնման հուշագրի լրացումը, որով հուշագրի ժամկետը երկարաձգվում է մինչև 2004թ. դեկտեմբերի 31-ը:

Նիստում գործադիրը հաստատել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի 2004-2005թթ ուսումնական տարվա ընդունելության անվճար տեղերի քանակը: Հաստատվել է ընդունելության անվճար 38 տեղ:

Այլ որոշումներով հաստատվել են ՀՀ 2004թ. պետական բյուջեի՝ ՀՀ ազգային գրապալատի և գրադարանների, ինչպես նաև թանգարանների համար կենտրոնացված կարգով սարքերի, սարքավորումների ձեռքբերման գծով 2004թ. պետական պատվերի ծրագրերով ՀՀ մշակույթի նախարարությանը նախատեսված միջոցների հաշվին իրականացվող 2004թ. պետական պատվերները: Դրանք կազմել են՝ ՀՀ ազգային գրապալատի և գրադարանների գծով 11 մլն 312 հազար դրամ, թանգարանների գծով՝ 24 մլն 394 հազար դրամ: Հաստատվել է ՀՀ 2004թ. պետական բյուջեի «Թանգարանների սուբսիդավորում» ծրագրով ՀՀ քաղաքաշինության նախարարությանը նախատեսված 13 մլն 18.6 հազար դրամի բաշխումը՝ ըստ առանձին կազմակերպությունների: Մեկ այլ որոշմամբ հաստատվել է նաև մանկական, հանրագիտարանային, գիտահանրամատչելի և այլ գրականության հրատարակման սուբսիդավորման ծրագրերով ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը նախատեսված հատկացումների բաշխումը` ըստ առանձին կազմակերպությունների:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ