Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 4 հունիսի 2004

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր հրավիրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի նիստ: Քննարկվել են խորհրդի նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը, խորհրդի 2004թ. գործունեության ծրագրի, ՀՀ կապի և տեղեկատվայնացման հայեցակարգի նախագծերը, կազմակերպական և ընթացիկ այլ հարցեր:

Օրակարգի առաջին հարցի վերաբերյալ, Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը զեկուցել է, որ նախորդ նիստում տրված հանձնարարականները հիմնականում կատարվել են: Մասնավորապես, նիստից հետո մեկշաբաթյա ժամկետում լրամշակվել է խորհրդի կողմից ի գիտություն ընդունված 2002թ. հոկտեմբերից հետո իրականացված գործունեության հաշվետվությունը՝ ընդգրկելով հաշվետու ժամանակաշրջանում այդ գործունեության ազդեցությունը ոլորտի զարգացման վրա և գործարարության աջակցման ուղղությամբ: Այն տրամադրվել է խորհրդի անդամներին: Խորհրդի աշխատանքային չորս խմբերի հետ համատեղ մշակվել է նաև խորհրդի 2004թ. գործունեության ծրագրի նախագիծը: Մեկ այլ՝ «Բարձր տեխնոլոգիական գոտու մասին» ՀՀ օրենքի նախագիծը մինչև կառավարություն ներկայացնելը, խորհրդի համապատասխան աշխատանքային խմբերում քննարկելու, լրամշակելու և կառավարություն ներկայացնելու հանձնարարականի վերաբերյալ ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Տիգրան Դավթյանը զեկուցել է, որ նախարարությունում նախատեսված բոլոր քննարկումներն արդեն իսկ տեղի են ունեցել և դրանք ամփոփելուց հետո, օրինագիծը կներկայացվի կառավարության քննարկմանը: Տեղեկացնելով, որ կառավարությունը երեկվա նիստում հավանություն է տվել «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրինագծին, վարչապետը այն համարել է կառավարության և խորհրդի համատեղ աշխատանք ու հանձնարարել խորհրդի անդամներին՝ մեկշաբաթյա ժամկետում իրենց առաջարկությունները ևս ներկայացնել, նախագիծը վերջնական տեսքի բերելու նպատակով: Հանձնարարականների կատարման ընթացքի ներկայացման հիման վրա քննարկվել են նաև խորհրդի 4 աշխատանքային խմբերի գործունության արդյունքները:

Նախորդ նիստի հանձնարարականի համաձայն, խորհրդի այսօրվա նիստի քննարկմանը ներկայացնելով այս տարվա գործունեության ծրագրի նախագիծը, Արմեն Գրիգորյանը նշել է, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդը 2004թ. ևս իր գործունեությունն իրականացնելու է հիմնականում այն գործառույթներին ու խնդիրներին համապատասխան, որոնք վերապահված են խորհրդի կանոնադրությամբ: Դրանք են, մասնավորապես, ոլորտում զարգացման խոչընդոտների բացահայտումն ու հաղթահարումը, տնտեսության բոլոր ճյուղերում տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման խթանումը, կայուն և գործարարությանն աջակցող օրենսդրության մշակումը, ՏՏ ընձեռած հնարավորությունների մասին հասարակության իրազեկվածության ընդլայնումը և այլն: Միաժամանակ, ըստ զեկուցողի, նախկինում մշակված Տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) զարգացման ռազմավարությունն այսօր շտկման կարիք ունի: Այն պետք է վերամշակվի՝ հաշվի առնելով միջազգային գործընթացները, Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթաժողովում ընդունված փաստաթղթերի դրույթները: Արմեն Գրիգորյանն ընդգծել է, որ այդ ամենից ելնելով, առաջիկա տասը տարիների ընթացքում երկրի զարգացումն ապահովելու նպատակով, անհրաժեշտ է լայնացնել ոլորտի զարգացման հետ կապված հարցերի շրջանակը՝ ծրագրում ներառելով ոչ միայն ՏՏ արդյունաբերության, այլև տեղեկատվական հասարակության զարգացման հետ կապված խնդիրները: Նա կարևորել է խորհրդի կողմից աշխատանքային խմբերի, շահագրգիռ նախարարությունների հետ համատեղ, «Տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների զարգացման» ազգային ծրագրի նախագծի մշակումը, որը Տեղեկատվական հասարակության ժնևյան գագաթաժողովի հռչակած առաջնային խնդիրներից է: Նա նշել է, որ ՏՏԶԱԽ քարտուղարությունն արդեն իսկ որոշակի քայլեր ձեռնարկել է այդ ուղղությամբ, խորհրդի անդամների քննարկմանն է ներկայացրել նշված ծրագրի նախագիծը, որը, ըստ նրա, «ՏՀՏ Մաստեր ռազմավարության» հետ, կարող է հիմք ծառայել և խթանել զարգացման ռազմավարական նոր ծրագրի մշակման գործընթացը: Խորհրդի քարտուղարը շեշտել է կառավարության ակտիվ աջակցության անհրաժեշտությունը՝ այդ գործընթացի արդյունավետ ավարտի համար: Ըստ զեկուցողի, ծրագիրը նախապես քննարկվել է բոլոր շահագրգիռ կողմերի հետ, քննարկումներ են եղել նաև աշխատանքային խմբերում:

Նիստում քննարկվել է նաև ՏՏ ոլորտի համակարգումն առաջնորդող մարմնի ստեղծման հարցը, որի անհրաժեշտությունը կարևորվել էր, մասնավորապես, Տեղեկատվական հասարակության ժնևյան գագաթաժողովից հետո և խորհրդի նախորդ նիստերի հանձնարարականներից էր: Հարցը ներկայացնող ՀՀ նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական, ՏՏԶԱԽ փոխնախագահ Վահրամ Ներսիսյանցը և ՏՏ հիմնադրամի նախագահ, ՏՏԶԱԽ դոնոր և միջազգային կազմակերպությունների համակարգման աշխատանքային խմբի ղեկավար Գարեգին Չուգասզյանը նշել են, որ Համաշխարհային բանկի փորձագետների խումբը, վարչապետի հրավերով, մայիսին ժամանել է Հայաստան, ուսումնասիրել հարցը, քննարկումներ ունեցել, որոնց արդյունքում պատրաստվելիք զեկույցը շուտով կներկայացվի վարչապետին, այլընտրանքային այդ առաջարկությունները կքննարկվեն նաև խորհրդում, որից հետո կկայացվի համապատասխան որոշում:

Խորհրդի անդամները հավանություն են տվել նաև ՀՀ կապի և տեղեկատվայնացման ոլորտի զարգացման հայեցակարգի նախագծին, որը ներկայացրել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության տեղեկատվայնացման վարչության պետ Գևորգ Գևորգյանը: Նա նշել է, որ ներկայացվող հայեցակարգն ամփոփում և վերլուծում է ոլորտի ներկա վիճակը, առաջարկում առկա հիմնախնդիրների լուծման մոտեցումները և ամրագրում ոլորտի զարգացման համաշխարհային միտումներից բխող ռազմավարական նոր քաղաքականությունը: Դրա իրականացման ռազմավարական ուղենիշներից են, մասնավորապես, ՀՀ հեռահաղորդակցության շուկայի՝ միջազգային չափանիշներին համապատասխանող ազատականացման պայմանների ստեղծումը, տեղեկատվական հասարակության կառուցումը, կապի և տեղեկատվայնացման ոլորտում համընդհանուր ծառայությունների հասանելիության, գնային մատչելիության, ինչպես նաև միջազգային ստանդարտների կիրառմամբ և նոր տեխնոլոգիաների ներդրմամբ ոլորտի ծառայությունների որակի ապահովումը: Ըստ զեկուցողի, նախատեսվում է, որ հայեցակարգը կընդունվի որպես կապի և տեղեկատվայնացման ոլորտի զարգացման վերաբերյալ ՀՀ կառավարության տեսակետներն արտացոլող առանցքային փաստաթուղթ և ուղեցույց կհանդիսանա ոլորտում իրականացվող պետական քաղաքականության համար: Հայեցակարգով ակնկալվում է մասնավոր գործարար և քաղաքացիական հասարակության հատվածների աջակցությունը և ակտիվ մասնակցությունը նախանշված հիմնախնդիրների լուծման գործում: Զեկուցողը նշել է, որ զարգացման հաջող ընթացքի դեպքում, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները կարող են լինել ոչ միայն տնտեսության մրցակցությունն ապահովող կարևոր գործոններից մեկը, այլև հիմք դառնալ տարածաշրջանային ավելի ակտիվ համագործակցության և միասնական տնտեսական տարածության ձևավորման համար:

Նշելով, որ կառավարությունը իր վերջին նիստերից մեկում այս հարցի վերաբերյալ ընդունել է արձանագրային որոշում, հանձնարարվել է առաջարկությունների հիման վրա մշակել հայեցակարգի իրականացման ժամանակացույց, վարչապետը հանձնարարել է, որպեսզի դրա մշակման փուլում ՏՏԶԱ խորհուրդը՝ իր աշխատանքային խմբերի միջոցով, ակտիվ մասնակցություն ունենա այդ աշխատանքում ևս:

Նիստի ավարտին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը տեղեկացրել է, որ «Հազարամյակի զարգացման նպատակներ» ծրագրում մեր երկրի ընդգրկման կապակցությամբ, Հայաստանի կողմից ներկայացվելիք ծրագրերի մշակման նպատակով, ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծվել է հոգաբարձուների խորհուրդ՝ վարչապետի գլխավորությամբ: Ընդգծելով նշված ծրագրերի լայն քննարկման անհրաժեշտությունը և հայտնելով, որ այսօր կառավարությունում այդ նպատակով կայանալու է հանդիպում հասարակական և դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, վարչապետը կարևորել է նման հանդիպումների կազմակերպումը նաև գործարար շրջանակների, մասնավորապես, գործարարության աջակցման, ՏՏ զարգացմանն աջակցման խորհուրդների ու դրանց աշխատանքային խմբերի հետ: Անդրանիկ Մարգարյանը հանձնարարել է ակտիվ մասնակցություն ունենալ նշված ծրագրերի մշակման աշխատանքներին, որն անչափ կարևոր է «Հազարամյակի զարգացման նպատակներ» ծրագրում Հայաստանի արժանավայել և արդյունավետ մասնակցությունն ապահովելու համար:

Վարչապետը հայտնել է նաև, որ Հայաստանի շախմատի ակադեմիան նախատեսել է այս տարվա դեկտեմբերին ինտերնետային մրցախաղ անցկացնել աշխարհի շախմատային չորս ուժեղագույն երկրների՝ Չինաստանի, Հնդկաստանի, Ռուսաստանի և Հայաստանի միջև և հանձնարարել է խորհրդին ու նրա աշխատանքային խմբերին՝ ակտիվ մասնակցություն ունենալ կարևոր այդ նախաձեռնության կազմակերպմանը, ինչը օգտակար կլինի նաև էլեկտրոնային տեխնոլոգիաների և կապի ասպարեզում սեփական հնարավորությունների բացահայտման համար:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ