Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 26 հոկտեմբերի 2016

Վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին՝ Կառավարության ծրագրի իրականացման վերաբերյալ










Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Կառավարության ծրագրի իրականացման միջոցառումների և գերակա խնդիրների վերաբերյալ խորհրդակցություն՝ ՀՀ նախարարների, ՀՀ մարզպետների, ՀՀ կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարների և ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար անձնակազմի մասնակցությամբ:
Դիմելով ներկաներին՝ վարչապետ Կարապետյանը նշել է, որ ծրագրի իրականացման նպատակով անհրաժեշտ է հստակեցնել միջոցառումներն ու անելիքները, որոնք ձևակերպվել են համապատասխան հանձնարարականներով:

ՀՀ նախարարություններին և գերատեսչություններին՝
- Ներկայացնել մինչև ամսվա վերջ նախարարությունների, գերատեսչությունների կառուցվածքը, կազմը, գործառույթները՝ կրճատելով բոլոր ավելորդ գործառույթները: Տալ առաջարկություններ ԾԻԳ-երի, ՊՈԱԿ-ների կրճատման, կենտրոնացման և գնումների վերաբերյալ:
- Տալ առաջարկություններ, թե որ որոշումները և գործառույթները պետք է կատարվեն նախարարության մակարդակով և չտեղափոխվեն կառավարություն:
- Կառավարության ընդունված ծրագիրն ադապտացնել նախարարություններին և գերատեսչություններին, մշակել հատուկ ծրագիր՝ պատասխանատուներով, ժամանակացույցով և համապատասխան միջոցառումներով:
- Վերանայել հանձնարարականների կատարման կարգապահությունը և ժամկետները: Ապահովել հետադարձ կապ հասարակության հետ պաշտոնական կայքերի, պատասխանատու անձանց միջոցով:
- Այսօրվանից սկսել աշխատանքները երկարատև զարգացման ծրագրերի վերաբերյալ:
- Վերանայել բոլոր վարկային ծրագրերը, որոնք առնչվում են տվյալ նախարարությանը կամ գերատեսչությանը՝ ուսումնասիրելով նպատակահարմարությունը և տալով հաշվելի գնահատականներ՝ պետք են, թե ոչ, ինչ օգուտ, մուլտիպլիկատիվ ինչ էֆեկտ են տալիս այդ նախագծերը:
- Տալ առաջարկություններ՝ ինչ ներդրումային նախագծեր, ծրագրեր կարող են կատարվել համապատասխան ոլորտներում, ձևակերպել, նպատակահարմարության դեպքում տեղափոխել նոր ստեղծվող ներդրումային ֆոնդ:
- Հասարակությանը և հանրությանը կանոնավոր կերպով տեղեկացնել կատարված աշխատանքների մասին՝ ապահովելով հետադարձ կապը, ներկայացնել, թե մենք ինչ ուղղությամբ ենք գնում:
- Յուրաքանչյուր նախարարության և գերատեսչության մասով ներկայացնել առաջարկ այն հայտանիշների վերաբերյալ, թե ինչպես է կառավարությունը գնահատելու աշխատանքի արդյունավետությունը՝ ներգրավելով անհրաժեշտ բոլոր հայտանիշները, այդ թվում նաև՝ ներդրումներ, աշխատատեղեր, մասնագիտական կրթական ծրագրեր, դրամաշնորհներ և այլն:
- Արտաքին գործերի նախարարությանը՝ դեսպանատների աշխատանքների գնահատման մեջ հաշվի առնել հետևյալ ցուցանիշները՝ ներդրումները տվյալ երկրից, առևտրային շրջանառությունը, արտահանումը, ներմուծումը, զբոսաշրջությունն այդ երկրի և մեր երկրի միջև:
- Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը՝ կանոնավոր կերպով տեղեկատվություն տրամադրել Հայաստանում իրականացվելիք ծրագրերի և նախագծերի վերաբերյալ, որպեսզի ՀՀ դեսպանատները, արտաքին բլոկը տեղյակ լինեն և որոշակիացնեն այդ նյութերի հետ աշխատանքը:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝
- Ստեղծել Ռազմավարական նախագծերի կենտրոն, տալ առաջարկություններ դրա կազմի, գործունեության վերաբերյալ:
- Ամփոփել ԾԻԳ-երի և գնումների կենտրոնացման վերաբերյալ հանձնարարականը:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանն ու ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը՝
- Առաջարկություն ներկայացնել ներդրումային ֆոնդի ստեղծման, ինչպես նաև գույքի ներգրավման վերաբերյալ՝ գույք, որը կարելի է աշխատեցնել, և գույք, որը կարելի է օտարել՝ ֆինանսական միջոցներ ներգրավելու նպատակով:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը և Զբոսաշրջության պետական կոմիտեին՝
- Ներկայացնել համարձակ, որակապես նոր հայեցակարգ տուրիզմի զարգացման վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ մոտ ժամանակներս Գյումրիի օդանավակայանում ունենալու ենք բյուջետային ավիաընկերություն:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը՝
- Մեր դեսպանատների հետ արտասահմանում ակտիվ աշխատանք կազմակերպել՝ ներկայացնելով բոլոր այն նախագծերն ու հետաքրքրությունները, որ ունենք տվյալ երկրում: Վերանայել Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության բոլոր ներկայացուցչությունները, տալ առաջարկություններ նպատակահարմարության վերաբերյալ, ինչպես նաև դեսպանատների հետ քննարկել՝ ներկայացուցչությունների գործառույթները դեսպանատներ տեղափոխելու հարցը, որպեսզի ունենանք ֆինանսական միջոցների օպտիմալացում:
- Մարզպետների հետ համատեղ աշխատել յուրաքանչյուր մարզում բիզնես միջավայրի, աշխատատեղեր ստեղծելու ծրագրերի հետ կապված:
- Ձևավորել հարթակ և հետադարձ կապ, որի միջոցով գործարար համայնքը, հասարակությունը կարող են կապ հաստատել՝ ներկայացնելով իրենց առաջարկությունները, բողոքները, ծրագրերը:
- Հայաստանում հավատարմագրված դեսպանների, ֆինանսական կառույցների ներկայացուցիչների հետ նախաձեռնողական աշխատանքներ կազմակերպել՝ տեղյակ պահելով մեր ծրագրերի մասին:

ՀՀ կրթության և գիտության նախարարությանը՝
- Բուհերի և այլ կրթական հաստատությունների հետ վերանայել ծրագրերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով այն մասնագիտական հմտություններին, կիրառական հնարավորություններին, որոնք այսօր մեր հասարակությանը և մեր երկրին անհրաժեշտ են:
- Հատուկ ուշադրություն դարձնել գյուղական համայնքներում կրթության խնդրին, ՏՏ ոլորտին: Մենք ունենք կառավարիչների մակարդակը որակապես փոխելու խնդիր: Եթե դա չենք փոխում, մենք նոր, լավ կյանք չենք ունենալու:

ՀՀ մարզպետներին՝
- Յուրաքանչյուր մարզպետ պետք է ներկայացնի մարզի զարգացման ծրագիրը:
- Համայնքների օժանդակությամբ, համայնքների հետ համատեղ պետք է կազմակերպվեն համայնքների զարգացման ծրագրերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով խոշորացված համայնքներին և հիմք ստեղծել, որպեսզի այդ ծրագրերը լինեն կիրառական:
- Բոլոր մարզպետները պետք է ներկայացնեն այն ծրագրերը, որոնք լրացուցիչ աշխատատեղեր են ստեղծում համապատասխան տրամաբանությամբ:
- Մարզպետները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն կրթական և մասնագիտական բարձրացման ծրագրերին, մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտում ֆերմերների վերապատրաստման նպատակով:
- Գյուղատնտեսության, Կրթության և գիտության նախարարությունների և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ՝ ուսումնասիրել, թե առկա կրթական ծրագրերը որքանով են կիրառական հմտություններ ու գիտելիքներ տալիս և մշակել մարզերում համապատասխան ծրագրեր՝ մասնագիտական բարձրացման նպատակով:
- Գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ մշակել ծրագիր՝ «ԱրմՊրոդԷքսպո» ցուցահանդեսի գաղափարախոսությունն սկզբունքորեն փոխելու վերաբերյալ:
- Ներկայացնել առաջարկություններ այն հայտանիշների վերաբերյալ, թե ինչպես է գնահատվելու մարզպետարանների աշխատանքը՝ նույնպես ներգրավելով ներդրումները, աշխատատեղերը, մարզից արտահանումը, բիզնես միջավայրը, կրթական ծրագրերը, զբաղվածության, սպորտի ոլորտը և այլն:

Վարչապետը հանձնարարել է նաև իր աշխատակազմին՝ հասարակությանը տրամադրել բոլոր պատասխանատուների ցանկը՝ ըստ ոլորտների, ինչպես նաև կոնտակտային տվյալները՝ իր հետ կապ ապահովելու համար: Կառավարության ղեկավարը կարևորել է հասարակության հետ հետադարձ կապը և ամենօրյա աշխատանքը. «Մենք պետք է ցույց տանք մեր քաղաքացուն, որ աշխատում ենք իր պահանջով, իր սպասելիքներով, իրեն բավարարելու առումով»:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետը նշել է, որ առաջիկայում լսումներ են կազմակերպվելու նախարարությունների և գերատեսչությունների, մարզպետարանների ներկայացրած ծրագրերի վերաբերյալ: «Մենք հստակ, յուրաքանչյուրս իր տեղում պետք է հասկանա՝ ինչ ակնկալիք ունի մոտ ժամանակ, ինչ հորիզոն ունի միջնաժամկետում և ինչ երկարաժամկետ երազանք հետագայի համար, ում միջոցով է դա անելու և ինչպես»: Կարեն Կարապետյանը շեշտել է, որ կառավարության կարճաժամկետ ծրագրի ռեալ կատարման համար պահանջվում է անմնացորդ ու արդյունավետ աշխատանք և հորդորել է հրաժարվել ձևականություններից, աշխատել ըստ էության և բովանդակալից:
 

Հոկտեմբեր 2019
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ