Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 8 սեպտեմբերի 2016

Կառավարությունը նախաձեռնում է ներդնել էլեկտրոնային նոտարի համակարգ










Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Գործադիրը հավանություն է տվել «Նոտարիատի մասին» և մի շարք հարակից այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Սույն նախագծով կներդրվի մեկ պատուհանի սկզբունքով ծառայությունների մատուցումը և էլեկտրոնային նոտարի համակարգը, ինչը հնարավորություն կտա նոտարի կողմից գործողությունների` առավելապես նոտարի էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված էլեկտրոնային փաստաթղթերի միջոցով կատարմանը և կբացառի թղթային կրիչի վրա ներկայացվող փաստաթղթերի կեղծման հնարավորությունը, կբարձրացնի գործարքների անվտանգությունը և կապահովի սպասարկման բարձր որակը: Նախագծով ներդրվում է նաև լիազորագրերի էլեկտրոնային շտեմարանը, ինչը կնպաստի լիազորագրերի կեղծման ռիսկի նվազեցմանը: Նախատեսվում է նաև պաշտպանված տիրույթում ներդնել կտակների էլեկտրոնային շտեմարանի և ժառանգական գործերի վարման բաժին, որը հնարավորություն կտա ապահովել ժառանգության գործընթացի անվտանգությունը: Միաժամանակ, զգալիորեն կպարզեցվեն և կավտոմատացվեն ժառանգության հետ կապված գործընթացները: Համակարգը պետք է համակցվի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տվյալների բազայի հետ, որպեսզի անձի մահանալու և համապատասխան ժառանգության գործի բացման դեպքում հնարավոր լինի հստակ իմանալ կտակի առկայության մասին: Բացի այդ, նախատեսվում է կարգավորել նոտարի պատասխանատվության հետ կապված հարցերը: Նոտարի նյութական պատասխանատվությունը սահմանափակված է միայն նրա կողմից դիտավորյալ հասցված վնասի փոխհատուցմամբ, իսկ նախագծով կնախատեսվի գույքային պատասխանատվություն նաև անզգուշությամբ պատճառված վնասի դեպքում:
Կառավարության հավանությանն է արժանացել «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Օրենքի նախագծով հստակեցվում են զինվորական ծառայության անվտանգության ապահովման, զորամասում զինվորական ծառայության կազմակերպման և իրականացման հետ կապված պաշտոնատար անձանց ու զինծառայողների իրավասությունները և պարտականությունները, մարտական դրոշի պահպանման և օգտագործման կարգը:


ՀՀ ռազմական արդյունաբերության համակարգային բարեփոխումների իրականացմանը նպաստող որոշումներ են ընդունվել

Կառավարության որոշմամբ հաստատվել է ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի կազմակերպությունների գիտական, գիտաարտադրական և արտադրական ձեռքբերումների միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման և վարման կարգը: Հիմնավորման համաձայն՝ որոշման ընդունումը կնպաստի ՀՀ ռազմական արդյունաբերության համակարգային բարեփոխումների իրականացմանը: Հաստատված կարգով հիմք կդրվի ՀՀ ռազմարդյունաբերության ոլորտի աշխատանքների համակարգմանը և պաշտպանական միասնական քաղաքականության իրականացմանը:
Մեկ այլ որոշմամբ էլ հաստատվել է ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի գործունեության սուբյեկտների վերաբերյալ ամփոփ ցուցակի մշակման և վարման` քարտագրման համակարգի ներդրման, ինչպես նաև ռազմարդյունաբերական համալիրի ամփոփ ցուցակում ռազմարդյունաբերական համալիրի գործունեության սուբյեկտների գրանցման և ռազմական կարիքների համար պետական պատվեր կատարող կազմակերպությանը բազայինի կարգավիճակ տալու կարգը: Նման բազայի ստեղծմամբ և ներդրմամբ կբացառվեն` սպառազինության և ռազմական տեխնիկայի, ռազմատեխնիկական ունեցվածքի նոր նմուշների ստեղծման համար մշակման աշխատանքների կրկնողությունները, ինչպես նաև հստակ կգնահատվեն ռազմական պետական պատվերներ կատարող կազմակերպությունների հնարավորությունները:


Այլ որոշումներ


Գործադիրը փոփոխություն է կատարել «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» սեպտեմբերի 2-ի որոշման մեջ. սեպտեմբերի 12-ի աշխատանքային օրը կտեղափոխվի սեպտեմբերի 24՝ 17-ի փոխարեն:
Ներկա պահին արտահանողների կողմից ներկայացված հայտերով ավելացված արժեքի հարկի վերադարձն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում. ՀՀ 2016թ. պետբյուջեով նախատեսված եկամուտների գումարն ինն ամսում 5.0 մլրդ, իսկ տարում 15.0 մլրդ դրամով ավելացնելու հաշվին նշված չափով համապատասխանաբար ավելացվել է «Ավելացված արժեքի հարկի վերադարձ» ծախսային ծրագրի գծով նախատեսված հատկացումների ինն ամսվա և տարեկան գումարները: Կարևորելով ընդունված որոշումը գործադիրի ղեկավարը նշել է , որ այն կնպաստի բիզնեսի զարգացմանը:
Բյուջեի կատարման գործընթացի արդյունավետ կազմակերպմամբ պայմանավորված՝ կառավարությունը վերաբաշխում է կատարել 2016թ. պետբյուջեում և փոփոխություններ, լրացումներ՝ նախկինում ընդունած որոշումներում: Ըստ հիմնավորման՝ ՀՀ կառավարության աշխատակազմի «Վարչական օբյեկտների հիմանորոգում» ծրագրի գծով առկա 31 մլն դրամի տնտեսումն առաջարկվում է ուղղել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ:
Մեկ այլ որոշմամբ էլ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ կուղղվեն նաև 2016թ. պետբյուջեի սոցիալական պաշտպանության ոլորտում ընթացիկ տարվա գործունեության ընթացքում առաջացած տնտեսումները, տարեկան կտրվածքով՝ 600 մլն դրամ:
Սեպտեմբերի 20-ին կայանալիք «Հայաստանը որպես դարպաս դեպի մեծ շուկաներ» խորագրով համաժողովի անցկացման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը: Միջոցառումը կնպաստի ՀՀ տեղական արտադրության արտադրատեսակների ճանաչողության մակարդակի բարձրացմանը, այդ ոլորտում համագործակցության խթանմանը։
Վտանգավոր քիմիական նյութերի միջազգային առևտուրը կանոնակարգելու, մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա դրանց վնասակար ազդեցությունը կանխարգելելու նպատակով կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած երկու որոշումներում:
Կառավարության որոշմամբ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Ղահրամանյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է չորս տարով՝ մինչև 2020թ. սեպտեմբերի 13-ը: Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ Մերի Ղևոնդյանը նշանակվել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում: Վարչապետը շնորհավորել է նրանց և մաղթել բեղմնավոր աշխատանք:
Նիստի ավարտին Հայաստանում սրտի վիրահատական ծառայությունների հետ կապված հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նա նշել է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել սրտաբանական ծառայությունների գնային քաղաքականության վերանայման վերաբերյալ: «ՀՀ Նախագահի նախընտրական ծրագրի դրույթներից մեկին համահունչ՝ 2015թ. հունվարից մեկնարկեց «Սրտի անհետաձգելի վիրահատության ծառայություններ» ծրագիրը: Պետպատվերի գինը վերանայվել է՝ 1.100.000 դրամի փոխարեն սահմանվել է 700.000 դրամ՝ ոչ դեղապատ ստենտի տեղադրման համար: Այսօր կարող ենք փաստել՝ հաջողվեց պետպատվերի գները նվազեցնել»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ արդյունքում յուրաքանչյուր ամիս կտնտեսվի 32.552.000 դրամ: Միաժամանակ տեղեկացվել է, որ նվազել է նաև հիվանդների շարունակական բուժումն ապահովելու նպատակով հետվիրահատական-վերականգնողական փուլում նշանակվող «Կլոպիտոգրել 75 մգ» ազդող նյութ պարունակող «Պլավիքս75 մգ» դեղի ներկրման գինը՝10 հազարից դառնալով 4210 հազար դրամ: Արմեն Մուրադյանն, անդրադառնալով առհասարակ դեղերի շուկայական գներին, հայտնել է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը յուրաքանչյուր ամիս իրականացնում է 54 անվանում լայն սպառում ունեցող դեղերի մանրածախ գների մշտադիտարկում: Այսպիսով՝ օգոստոս-սեպտեմբերին դեղերի գները նվազել են ընդհանուր առումով 6,06 տոկոսով:


ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքը ՀՀ կառավարության նիստում

Հարգելի գործընկերներ,
2014 թ. մայիսին Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս ես հատուկ շեշտադրեցի հանրային մտահոգություններին ականջալուր լինելու և համագործակցության վերաբերյալ իմ համոզմունքը: Իմ ամբողջ քաղաքական կենսագրության ընթացքում ես պայքարել եմ քաղաքական անջրպետների դեմ` աշխատելով համագործակցության կամուրջների կայացման համար:
Իմ կողմից ղեկավարվող կառավարությունը բաց է եղել ցանկացած երկխոսության, առողջ գաղափարի քննարկման համար: Մենք մեծ ջանքեր ենք գործադրել հասարակության բոլոր հատվածների հետ երկխոսություն ձևավորելու համար: Գիտնական, թե հողի աշխատավոր, արվեստաբան, թե առևտրական, դաշնակից, թե ընդդիմադիր, շինարար, թե կառուցապատման խարդախություններից տուժած քաղաքացի, ես հանդիպել եմ բոլորի հետ՝ անկեղծորեն ներկայացրել առկա սահմանափակումները և տվել կոնկրետ խնդիրների իրատեսական լուծումներ:
Մեր որդեգրած անկեղծ և իրատեսական մոտեցումներն իրենց արդյունքն ունեցան, սակայն հասարակությունը դեռևս մնաց բևեռացված: Իմ կարծիքով, դրա հիմնական պատճառներից մեկն աշխարհաքաղաքական, արտաքին տնտեսական և ռազմական մարտահրավերներով սնվող առկա տարաձայնություններն են: Դրանք են, որ դեռևս հնարավորություն չեն ընձեռում մեզ՝ ժողովելով բոլոր ուժերը, հրատապ լուծումներ տալ մեր առջև ծառացած կարևորագույն խնդիրներին՝ տնտեսական հավասար պայմաններ ապահովելուց մինչև կոռուպցիայի դեմ պայքարը:
Չնայած ամենօրյա աշխատանքով և սահմանին կանգնած զինվորի անսասան արիությամբ կերտվող 25-ամյա մեր հպարտ անկախությանը՝ մենք դեռևս անցումային խնդիրներ ունեցող երկիր ենք, որտեղ առկա տնտեսական և սոցիալական իրավիճակի բարելավման համար մեզ անհրաժեշտ են հասարակության և կառավարության միասնական ջանքեր: Իսկ դրա համար անհրաժեշտ են նոր մոտեցումներ, նոր սկիզբ:
Այդ պատճառով, ես որոշել եմ հրաժարական տալ և նոր կառավարություն ձևավորելու հնարավորություն ընձեռել Հանրապետության Նախագահին: Պետք է մտածել մեր բոլորի հաջողության մասին և շանս տալ նոր կառավարությանը՝ կատարված աշխատանքի հիման վրա և նոր մոտեցումներով համախմբելու հասարակությանը:
Իսկ աշխատանքներ իրապես կատարված են: Երբևէ չեմ խոսել և չեմ խոսելու իմ կողմից վարչապետի պաշտոնն ստանձնելու պահին առկա իրավիճակի մասին: Դա իմ աշխատաոճը չէ: Սակայն բաց ճակատով խոսելու եմ կառավարության մեր համատեղ աշխատանքով ձեռք բերած արդյունքների մասին:
Էական թափ են ստացել գյուղատնտեսության կենսատու ոռոգման համակարգերի աշխատանքները, նախաձեռնվել և իրականացվում են կառավարության գերակայություն հանդիսացող ջրամբարաշինության աշխատանքները: Կառավարության ծրագրով կանխորոշված բոլոր չորս ջրամբարներն ունեն հստակ ֆինանսավորման աղբյուրներ և գտնվում են իրականացման տարբեր փուլերում՝ տեխնիկական հիմնավորումից մինչև շինարարություն:
Վերականգնվել և էապես արագացել են Իրանի և Վրաստանի հետ տարածաշրջանային ինտեգրացիան խորացնող, արտահանման մեծ ներուժ ապահովող բոլոր ենթակառուցվածքային ծրագրերը: Անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը հնարավորություն է տվել մեր գործարարներին նվազեցնել արտաքին առևտրի գործառնական ծախսերը և մեղմել 2015 թ. տարածաշրջանային տնտեսական շոկերը:
Մեծածավալ աշխատանք է կատարվել Երևանում որոշ կառուցապատողների ձախողման արդյունքում երկարատև ժամանակ կեցավայր չունեցող քաղաքացիների իրավունքների վերականգնման և աջակցության համար, նրանց խնդիրների լուծման արդյունքում կենսունակ է դարձել վաղուց քննարկվող «Հին Երևան» ծրագիրը, որը կմեկնարկի շուտով:
Մետաղի գների աննախադեպ անկման պայմաններում կառավարության գործուն աջակցությամբ էապես աճել է հանքարդյունաբերության թողարկումը, սկսել է աշխատել բազմաթիվ աշխատատեղեր ապահովող Ամուլսարի հանքավայրը:
Հայաստանի տնտեսությունում իրականացավ մեր պատմության խոշորագույն ամերիկյան ներդրումը. Որոտանի կասկադում ներդրվեց 180 մլն ԱՄՆ դոլար, որը կապահովի համալիրի վերազինումն ու հուսալի շահագործումը:
2015 թ․հունվարից ուժի մեջ մտած «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո հիմնվել են 125 սկսնակ ընկերություն: Ընդ որում, կարևոր է, որ ոլորտում նոր ընկերությունների բացվելու ու հավաստագրման դիմելու տեմպերը հետզհետե ավելանում են։
Բյուջետային ոլորտում, չնայած սաստկացող ֆիսկալ ճնշումներին, 2014 թվականից տարեկան շուրջ 40 մլրդ դրամով ավելացվեցին աշխատավարձերը, էապես բարելավվեց արտաքին ֆինանսավորմամբ իրականացվող կարևորագույն ենթակառուցվածքային ծրագրերի կատարողականը: 2013 թ. ցածր կատարողականն արդեն 2014 թ. արձանագրեց էական բարելավում, իսկ 2015 թ. կատարողականն ավելացավ ավելի քան 35 մլրդ դրամով՝ հասնելով շուրջ 100 մլրդ դրամի, ինչի արդյունքում ծրագրերը գերակատարվեցին 25 տոկոսով:
Չնայած 2015 թ. արձանագրված էական արտաքին տնտեսական շոկին՝ տնտեսությունը գրանցեց տարածաշրջանում տիրապետող բացասական միտումներին հակադրվող 3 տոկոս տնտեսական աճ: 2015 թ. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացված հակացիկլային քաղաքականության շնորհիվ այդ տարվա բացասական շոկերն ամբողջապես կլանվեցին մեր տնտեսության կողմից՝ չփոխանցվելով 2016 թվական: Արդյունքում, անգամ շարունակվող գնանկման համատեքստում 2016 թ. հունվար-հունիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ գրանցեց 4.8 տոկոս աճ:
Կարելի է փաստել, որ չնայած ներքին սպառման կրճատմանը, Հայաստանի Հանրապետության վերջին մեկուկես տարվա տնտեսական աճն ապահովվել է արտաքին առևտրի շնորհիվ: Սա նշանակում է, որ ներքին սպառմամբ պայմանավորված տնտեսական աճից մենք անցնում ենք որակապես նոր՝ արտադրությամբ և արտահանմամբ ուղղորդվող տնտեսական աճի:
Շատերի կողմից սկսեց շահարկվել հուլիսի տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ անտեսելով 2016 թվականին տնտեսությանը բաժին ընկած երկու հուժկու հարվածները՝ ապրիլյան պատերազմն ու ոստիկանության գնդի զինված գրավումը հուլիսին: Սակայն ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. ապագա ամիսների աճը ցույց կտա գյուղատնտեսության դեռևս չսպառված ներուժի, էներգետիկայի սեզոնայնության դրական ազդեցությունները, իսկ եկող տարվա աճը վեր կհանի մեր ստեղծած առողջ նախադրյալները:
Ուզում եմ կարևորել կոռուպցիայի դեմ պայքարը: Այն բազմադեմ է, բազմաշերտ և պետք է հետևողականորեն և համապարփակ կերպով պայքարել դրա դեմ՝ չխորշելով անմիջական լուծումներից, սակայն խնդրին մոտենալով հիմնարար կերպով:
Կառավարությունը, քաղաքացիական հասարակության հետ սերտ համագործակցելով, նախապատրաստել է կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: Մասնավորապես, արդեն շրջանառվում են Բարձրաստիճան պետական պաշտոնյաների ապօրինի հարստացման քրեականացման, թերի հայտարարագրման պատժելիության, պետական գնումներին մասնակցող ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտման, կանխիկ գործառնությունների սահմանափակման նախագծերը: Մշակման փուլում է գտնվում կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվություն հայտնող անձանց պաշտպանության և խրախուսման նախագիծը: Խորությամբ վերլուծվել է կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ նոր համակարգի` հակակոռուպցիոն առանձին մարմնի ստեղծման գաղափարը:
Այդ ամենն ամբողջացնող օրենսդրական փաթեթը կյանքի կոչելու համար մենք նախատեսում էինք հոկտեմբերին հրավիրել Ազգային ժողովի արտահերթ նիստ: Այդ փաթեթը, իմ կարծիքով, կլինի այն լավագույն գործիքներից մեկը, որով նոր կառավարությունը կարող է սկսել համախմբել մեր բևեռացված հասարակությունը:
Ավարտելով խոսքս՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ համատեղ աշխատանքի համար և հայտնել, որ որպես քաղաքական կյանքի ակտիվ մասնակից՝ ես կշարունակեմ հասարակությունում առկա անջրպետները հաղթահարելու իմ առաքելությունը:

 

 

Դեկտեմբեր 2021
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ