երեքշաբթի, 25 մայիսի 2004
Այսօր ՀՀ կառավարությունում հրավիրվել է «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նիստի սկզբում խորհրդին ներկայացվել են ռոտացիոն կարգով փոփոխված խորհրդի նոր անդամները, որից հետո անդրադարձ է եղել նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքին: Զարգացման հայկական գործակալության գործադիր տնօրեն Վահագն Մովսիսյանը զեկուցել է, որ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի հետ գործակալության համագործակցության ընդլայնման և այդ շրջանակներում 2004թ. հունիսին Երևանում կայանալիք ԱՊՀ երկրների ցուցահանդեսի կազմակերպչական աշխատանքներում փոխգործակցության հանձնարարականի համաձայն, ս.թ. ապրիլի 8-ին ԶՀԳ-ն մասնակցել է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում կայացած ԱՊՀ երկրների առևտրաարդյունաբերական պալատների ներկայացուցիչների համաժողովին, որտեղ քննարկվել են համագործակցության մասին համաձայնագրերի կատարման ընթացքի և ցուցահանդեսային համատեղ գործունեության վերաբերյալ հարցերը: Ներկայումս ԶՀԳ-ն ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի (ԱԱՊ) հետ համատեղ իրականցնում է ս.թ. հունիսին Հայաստանում կայանալիք ԱՊՀ երկրների ԱԱՊ-ների միջպետական ցուցահանդեսի կազմակերպչական աշխատանքներ, աջակցում է հայկական կազմակերպություններին՝ ցուցահանդեսին մասնակցության առումով: Մեկ այլ հանձնարարականի համաձայն ԶՀԳ-ն պետք է շարունակեր 2004թ. մարտի 22-25-ին Լոս Անջելեսում կայանալիք Westec-2004ցուցահանդեսին հայկական կողմի (արտահանողների) ներկայացման նախապատրաստման աշխատանքները: Խորհրդի գործադիր տնօրենի հավաստմամբ, Գլենդելում կայացած այդ միջազգային ցուցահանդեսին մասնակցել են մի շարք հայկական կազմակերպություններ և արտադրողներ: Ցուցահանդեսը կազմակերպվել է Հայ-ամերիկյան առևտրաարդյունաբերական պալատի, Ամերիկայում հայ ինժեներների և գիտնականների գրասենյակի հովանու ներքո: Խորհրդի անդամներին մանրամասն ներկայացվել է մասնակից կազմակերպությունների ցանկն ու ցուցահանդեսի շրջանակներում տեղի ունեցած հանդիպումները, քննարկումները, որոնք հետագայում ամփոփվել են Երևանում հրավիրված մամուլի ասուլիսում:
Նախորդ նիստում հանձնարարվել էր նաև շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների հետ քննարկել ներդրումների և արտահանման խթանման արդյունավետության բարձրացման նպատակով արտերկրում (տարբեր տարածաշրջաններում) ԶՀԳ-ի ներկայացուցչությունների բացման առաջարկը և արդյունքները ներկայացնել խորհրդի նիստին: Այս ուղղությամբ ևս, ըստ Վ. Մովսիսյանի, որոշակի աշխատանք տարվել է. քննարկմանը մասնակցած միջազգային կազմակերպությունները հավանություն են տվել ծրագրին, ճշտվել է նման ներկայացուցչությունների գործունեության շրջանակները, կազմվել առաքելությունների ցանկը: Բանակցություններ են տարվել տարբեր երկրների ներկայացուցիչների հետ` ծրագիրը կյանքի կոչելու նպատակով, այդ թվում՝ Կանադա, Սլովակիա, Հարավային Ռուսաստան, Արաբական Էմիրություններ, Մերձբալթյան երկրներ, ԱՄՆ, Մոսկվա և այլն: Ներկայումս ստեղծվել են այդ կառույցի գործառույթները մասնակի իրականացնող մարմիններ՝ առևտրի տներ, Մոսկվայում, Ռիգայում, Նովո Շախտինսկում, Ուկրաինայում:
Այս հարցի կապակցությամբ, խորհրդի նախագահը հանձնարարել է, աշխատանքների համակագման և արդյունավետության բարձրացման նպատակով, ընդհանուր ծրագրում նշել բացի ԶՀԳ-ից այդ խնդրին կոչված այլ մարմինների գործառույթները, նախատեսվող աշխատանքներն ու ակնկալվող արդյունքը:
Այսօրվա նիստում Զարգացման հայկական գործակալության խորհուրդը լսել է նաև գործակալության 2004թ. գործունեության առաջին եռամսյակի հաշվետվությունը: Գործակալության ղեկավար մարմնին ներկայացվել է արտերկրի հայկական առևտրաարդյունաբերական պալատների և «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի միջև զարգացումների գնահատման տեղեկանքը ևս: Տեղեկանքում նշված են դեռևս 2002թ. մայիսից այս ուղղությամբ Հայաստան-Սփյուռք խորհրդաժողովի շրջանակներում սկսված և հետագայում շարունակություն ստացած աշխատանքները, որի հիմնական նպատակը Հայաստանում և Սփյուռքում համապատասխան կառույցների միջոցով ինֆորմացիայի հավաքագրումն է, էլեկտրոնային բազայի ստեղծումը, դրա փոխիրազեկումն ու արդյունքում առաջացող գործարար կապերին աջակցելը:
Նիստի ավարտին ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար պրն Ռոջեր Ռոբինսոնը խորհրդի անդամներին ներկայացրել է ՀԲ-ի վարկային ծրագրերի շրջանակներում գործունեություն իրականացնող ԶՀԳ-ի աշխատանքի արդյունավետության վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները, ըստ որի գործակալության աշխատանքում որոշակի դրական առաջընթաց կա: Պրն Ռոբինսոնը կարևորել է ծրագրի ավարտից հետո երկրորդ ծրագրի իրագործաման անհրաժեշտությունը, միաժամանակ նշելով, որ կատարված աշխատանքի վերջնական արդյունքը գնահատելու համար, ինչպես ցանկացած ինստիտուցիոնալ զարգացման ծրագրի պարագայում, ժամանակ է պետք և թերևս, մինչև հաջորդ տարեվերջ բանկը կավարտի ուսումնասիրությունները:
ԶՀԳ խորհրդի նիստում կարևորվել է նաև գործակալության գործունեությունը լայնորեն ներակայցնելու, կառույցի գործառույթները հավանական այցելուներին, դիմողներին հանգամանորեն պարզաբանելու անհրաժեշտությունը՝ գործակալության աշխատանքն առավել արդյունավետ ու նպատակային դարձնելու նպատակով: