երկուշաբթի, 17 մայիսի 2004
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Միջազգային ճգնաժամերի խմբի  (ICG) նախագահ Գարեթ Էվանսին, որին առիթ է ունեցել հանդիպել  նաև ս.թ. տարեսկզբին Շվեդիայում ցեղասպանության հարցերին նվիրված միջազգային համաժողովի ժամանակ: Վարչապետը վերահաստատել է պարոն Էվանսին դեռևս Ստոկհոլմում արված հրավերը՝ մասնակցելու 2005թ. Երևանում Հայոց ցեղասպանության 90-ամյակի կապակցությամբ կայանալիք միջազգային համաժողովին: Շնորհակալությամբ ընդունելով հրավերը՝ պարոն Գարեթ Էվանսն  այդ միջոցառումը համարել է ստոկհոլմյան համաժողովի տրամաբանական շարունակությունը, վերստին ընդգծելով, որ ցեղասպանությունների կանխարգելման համար անչափ կարևոր է դրանց ճանաչումն ու դատապարտումը:
 Հանդիպման ընթացքում վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կարևորել է այն հանգամանքը, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման խնդիրը գտնվում է միջազգային  հանրության ուշադրության կենտրոնում, ինչի վկայությունն է  նաև ազդեցիկ հասարակական կազմակերպությունների, այդ թվում՝ Միջազգային ճգնաժամերի խմբի հետաքրքրությունը մեր տարածաշրջանի նկատմամբ: 
    Բարձր գնահատելով անկախ, ոչ կառավարական այդ կազմակերպության ջանքերը՝ զինված հակամարտությունների կանխարգելման ու կարգավորման ուղղությամբ, Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության, կայունության հաստատման ու ամրապնդման, առկա շահերը ոչ թե հակադրելու, այլ համադրելու, փոխլրացնելու դիրքերից: Հարավային Կովկասի երկրների  ձգտումը՝ ինտեգրվելու եվրոպական կառույցներին և այդ հարցում վերջինների դրական արձագանքը, ըստ Անդրանիկ Մարգարյանի, կարող են լուրջ խթան հանդիսանալ տարածաշրջանում համագործակցության ու կայուն զարգացման  համար: 
       Զրույցի ընթացքում վարչապետը մեկ անգամ ևս հավաստել է ժողովրդավարական գործընթացները խթանելու, սկսված բարեփոխումները հաջողությամբ ավարտելու, միջազգային կազմակերպություններում ստանձնած պարտավորություններն իրագործելու Հայաստանի իշխանությունների պատրաստակամությունը:
       Զրուցակցի խնդրանքով վարչապետը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ մեր երկրի դիրքորոշումները՝  այդ գործընթացներում կարևորելով նաև տարածաշրջանի պետությունների միջև տնտեսական համագործակցության զարգացման անհրաժեշտությունը: 
       Անդրանիկ Մարգարյանն անդրադարձել է նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակին՝ կարևորելով առողջ, կառուցողական ընդդիմության առկայությունը երկրի ներքաղաքական գործընթացների զարգացման գործում, որի հետ իշխանությունները պատրաստակամ են երկխոսելու և համագործակցելու՝ երկրի առջև ծառացած խնդիրների լուծման հարցում: 
            




