երեքշաբթի, 4 մայիսի 2004
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է արտասահմանյան պետություններում հավատարմագրված մեր երկրի դեսպաններին, որոնք Երևանում են գտնվում ավանդական տարեկան ժողովին մասնակցելու նպատակով: 
 Նշելով, որ աշխարհում ծավալվող գործընթացները յուրաքանչյուր տարի նոր մարտահրավերների դիմակայելու անհրաժեշտություն են առաջ բերում նաև մեր պետության համար, կառավարության  ղեկավարը կարևորել է դեսպանների առավել ակտիվ աշխատանքը օտարերկրյա պետություններում՝ մեր երկրի արտաքին քաղաքականության գլխավոր ուղղություններով,   Հայաստանի քաղաքական ու տնտեսական ներուժի իրական պատկերի ձևավորման ուղղությամբ: Վարչապետը հատկապես ընդգծել է Հայաստանում ժողովրդավարության,  եվրոպական ընտանիքին ինտեգրմանն ուղղված քայլերի ճիշտ ներկայացման կարևորությունը, արդյունավետ գործունեությունը նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում՝ այնտեղ մշակվող գլոբալ կամ տարածաշրջանային ծրագրերում Հայաստանի ընդգրկման նպատակով: 
 Կարևորելով մեր երկրի ներքին ու արտաքին անվտանգության պաշտպանության, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման, տարածաշրջանային կայունության ապահովման խնդիրները, վարչապետը նշել է, որ այդ ամենը, ի վերջո, պետք է ծառայի մեկ նպատակի՝ մեր պետության  հզորացմանը: Այդ տեսակետից  նա դեսպանների աշխատանքի գլխավոր չափորոշիչներից է համարել նաև աջակցությունը մեր երկրի տնտեսական  հետագա զարգացմանը, Հայաստանում օտարերկրյա ներդրումների, ինչպես նաև հայրենական արտադրանքի արտահանման ծավալների մեծացնանը: Անդրանիկ Մարգարյանը  նշել է, որ դեսպանների համար ուղենիշ է առաջիկա տասնհինգ տարվա համար մշակված Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը, որն ընդգրկում է այն բոլոր բնագավառները, որոնց զարգացման ուղղությամբ կարելի է արդյունավետ աշխատանք ծավալել շահագրգիռ բազմաթիվ միջազգային կազմակերպությունների հետ՝ ծրագրում նշված հիմնախնդիրների լուծման նպատակով:
 Հանդիպման ավարտին վարչապետը պատասխանել է դեսպաններին հետաքրքրող հարցերին և հաջողություններ մաղթել նրանց իրենց հետագա գործունեության մեջ: 
 
            






