Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 3 մարտի 2016

Հավանության է արժանացել Ընտրական նոր օրենսգրքի նախագիծը










Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը վարչապետը շնորհավորել է էներգետիկայի և բնական պաշարների նորանշանակ նախարար Լևոն Յոլյանին և մաղթել բեղմնավոր աշխատանք:
Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ ընտրական օրենսգրքին» և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Ինչպես նշել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, Ընտրական նոր օրենսգրքի հենքը Սահմանադրական փոփոխություններն են. «Փետրվարի 10-ին ՀՀ Նախագահն իր կարգադրությամբ սահմանեց այն ժամկետները, որոնց ընթացքում պետք է մշակվեն այն օրենքների նախագծերը, որոնք բխում են Սահմանադրությունից: Այս փաթեթի համար ժամկետ էր սահմանվել մարտի 1-ը, ինչը նշանակում էր, որ մենք ունեինք ընդամենը 13 աշխատանքային օր՝ մշակելու այս փաթեթը: Մենք մշակել ենք այն, ճիշտ է, քանի որ մարտի 1-ին կառավարության նիստ չի եղել և նպատակահարմար չէր գումարել արտահերթ նիստ, այն ներկայացնում ենք այսօր: Պետք է նշեմ, որ շատ լարված է աշխատել աշխատանքային խումբը, և մենք ունեինք երկընտրանք, երբ նախագահը ժամկետները սահմանում էր: Առաջին՝ հիմնական ժամանակը քննարկումների համար տրամադրել հենց կառավարությանը, որպեսզի կառավարությունը կազմակերպի ակտիվ քաղաքական քննարկումներ և ձևավորի վերջնականին մոտ փաթեթը՝ նախքան Ազգային ժողով ուղարկելը, և երկրորդ տարբերակը՝ հիմնական շեշտադրումը կատարել Ազգային ժողովում քաղաքական քննարկումների համար: Եվ ես կարծում եմ՝ այս ամենը պայմանավորված էր այն հանգամանքով, որ Սահմանադրությունն ինքնին նախատեսել է վերջնաժամկետ այս փաթեթի ընդունման համար՝ 2016թ. հունիսի 1-ը: Կարծում եմ՝ որոշումը շատ ճիշտ էր կայացված, որ այս նախագծի հիմնական քննարկումների բեռը պետք է տեղափոխվի քաղաքական դաշտ՝ մի այնպիսի մարմին, որտեղ քաղաքական ողջ ներկապնակն է ներկայացված, այլ ոչ թե կառավարություն: Եվ այդ իսկ պատճառով է կառավարությանը սահմանվել այդքան սեղմ ժամկետ և արդեն, ինչպես նշեցի, քննարկումների հիմնական բեռը տեղափոխել Ազգային ժողով: Այսպիսով, եթե այսօր մենք հավանության արժանացնենք այս փաթեթըը, կազդարարենք այս փաթեթի հանրային քննարկումների սկիզբը, որոնք տեղի կունենան ԱԺ-ում, բնականաբար, կառավարության և այս նախագծերի փաթեթը մշակած աշխատանքային խմբի ակտիվ ներգրավմամբ:
Մեկ անգամ ևս նշեմ. սա ընդամենը հենք է, որը հնարավորություն է տալիս սկսել հանրային քննարկումները: Մեր կարծիքով՝ բավարար հենք է: Իհարկե, պետք է նշեմ, որ ներկայացվող նախագիծը տարբերվում է Վենետիկի հանձնաժողով ներկայացված նախագծից, բայց, բնականաբար, հաշվի առնելով ժամկետի սղությունը, որ հունիսի 1-ին պետք է այս նախագիծն ընդունված լինի, մենք կարծում ենք, որ այս աշխատանքները պետք է իրականացնենք զուգահեռ: Մարտի կեսերին սպասվում է փորձագետների առաջին այցը և, բնականաբար, նրանց կներկայացնենք, թե ինչ փոփոխություններ ենք կատարել նախագիծն իրենց ուղարկելուց հետո: Ես կարծում եմ՝ մենք կկատարենք նաև մեր աշխատանքի երկրորդ մասը՝ անընդհատ զուգահեռ աշխատելով և ներկայացնելով հանրությանը: Այս պահից սկսած մենք հանրությանը ներկայացնելու ենք ոչ միայն նախագիծը, այլև համեմատական տեսքով աշխատանքային խմբի բոլոր առաջարկությունները»,-մասնավորապես, նշել է Դավիթ Հարությունյանը: Նա վստահեցրել է նաև, որ չի լինելու որևէ առաջարկություն, որն ուշադրության չի արժանանալու:

Ըստ հիմնավորման՝ ՀՀ ընտրական նոր օրենսգրքի ընդունման անհրաժեշտությունն ուղղակիորեն բխում է նաև ՀՀ Սահմանադրության 210-րդ հոդվածի պահանջներից, համաձայն որոնց` Ընտրական օրենսգիրքը պետք է համապատասխանեցվի ՀՀ Սահմանադրությանը և ուժի մեջ մտնի 2016թ. հունիսի 1-ից:
ՀՀ ընտրական նոր օրենսգրքի նախագծի հիմնական նպատակն է լուծում տալ այն հարցերին, որոնք ծագելու են համապետական ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման, անցկացման և ամփոփման փուլերում: Միևնույն ժամանակ նախագծում հաշվի են առնվել համապետական ընտրությունների վերաբերյալ դիտորդական առաքելություն իրականացրած ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցներում ներկայացված առաջարկությունները, հանձնարարականները, ինչպես նաև համապետական ընտրությունների արդյունքներով ՀՀ սահմանադրական դատարանի որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները` ուղղված Ընտրական օրենսգրքի բարելավմանը, ինչպես նաև համապետական ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ հաղորդագրությամբ ներկայացված առաջարկությունները: Ներկայացված նախագծում իրացվել են նաև ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացրած տեղական հասարակական կազմակերպությունների մի շարք առաջարկություններ:


Բարենպաստ օրենսդրական միջավայր՝ էլեկտրոնային առևտրի և գործարքների էլեկտրոնային եղանակով կնքման համար
 

Կառավարության հավանությանն է արժանացել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին», «Առևտրի և ծառայությունների մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Ըստ հիմնավորման՝ օրինագծերի ընդունման արդյունքում Հայաստանում կձևավորվի էլեկտրոնային առևտրի և գործարքների էլեկտրոնային եղանակով կնքման համար բարենպաստ օրենսդրական միջավայր, ինչն իրավական հիմքեր կստեղծի երկրում էլեկտրոնային առևտրի հետագա զարգացման համար: Այն կնպաստի Հայաստանում էլեկտրոնային հասարակությանը բնորոշ ծառայությունների զարգացմանը, կօգնի օգտվել էլեկտրոնային առևտրի ընձեռած հնարավորություններից, կխթանի հայ և արտերկրի գործարարների միջև առավել սերտ կապերի հաստատմանը և ընկերությունների կողմից նորարարությունների մեջ ներդրումների իրականացմանը, ինչն իր հերթին կհանգեցնի Հայաստանի տնտեսության զարգացմանն ու մրցունակության բարձրացմանը: Մասնավորապես, «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանվել են էլեկտրոնային հաղորդակցություն ապահովող կապի միջոցով պայմանագրերի կնքման առանձնահատկությունները, էլեկտրոնային հաղորդակցություն ապահովող կապի օպերատորի պատասխանատվության դեպքերը: Էլեկտրոնային առևտուրը կնպաստի նաև ստվերային տնտեսության և շրջանառության կրճատմանը Հայաստանում: ԱՄՆ ՄԶԳ ուսումնասիրության տվյալների համաձայն` 15 տոկոսով էլեկտրոնային վճարումների կիրառման ավելացումը հանգեցնում է 7 տոկոսով ստվերային տնտեսության կրճատմանը:
Գործադիրը քննարկել է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին», «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին», «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքներում՝ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Նախագծերի փաթեթի համաձայն` ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամները, ինչպես նաև Վերահսկիչ պալատի նախագահը և խորհրդի անդամները չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Նախագծերին կից ներկայացված հիմնավորման համաձայն` վերոհիշյալ լրացումների նախատեսումը պայմանավորված է հանձնաժողովների, ինչպես նաև Վերահսկիչ պալատի խորհրդի կողմից իրենց լիազորությունների անաչառ իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ: Ըստ կառավարության եզրակացության՝ թեև ներկայացված նախագծերի փաթեթը կարևոր, ուշադրության արժանի նախաձեռնություն է, այնուամենայնիվ, առկա են մի քանի դիտարկումներ: Մասնավորապես, Հաշվեքննիչ հանձնաժողովի (ներկայիս Վերահսկիչ պալատ) և Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամների ապաքաղաքականացվածության վերաբերյալ դրույթները շատ ավելի վաղ են ուշադրության արժանացել: Դեռևս սահմանադրական բարեփոխումների ընթացքում Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը քննարկման առարկա է դարձրել նշված խնդիրները և միջազգային փորձի ուսումնասիրմամբ լուծումներ նախատեսել: Ուստի, վերոհիշյալ նախագծերով առաջարկվող փոփոխություններն ու լրացումներն առավել նպատակահարմար է քննարկել ՀՀ Սահմանադրության 2015թ. փոփոխությունները համապատասխան իրավական ակտերում նախատեսելու ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակում: Կառավարությունն օրենսդրական նախաձեռնության հեղինակին առաջարկում է ձեռնպահ մնալ նախագծերի փաթեթի քննարկումից և հրավիրում է մասնակցելու քննարկումներին:
Քննարկվել է նաև ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Օրինագծով առաջարկվում է օրենսդրորեն ամրագրել բուհերի խորհուրդների ապաքաղաքականացումը՝ զրկելով քաղաքական և հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց, ինչպես նաև քաղաքական կուսակցության կառավարման մարմինների անդամներին բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի անդամ դառնալու հնարավորությունից: Օրինագծի վերաբերյալ կառավարությունը ներկայացրել է բացասական եզրակացություն, քանի որ բացակայում են նախագծի ընդունման իրավական հիմքերը: Բացի այդ, նշվել է, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի սկզբունքներին համահունչ մշակում է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որի համաձայն՝ վերանայվում են նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման (հոգաբարձուների) խորհուրդների ձևավորման սկզբունքները:
Կառավարությունը բացասական եզրակացություն է ներկայացրել Թևան Պողոսյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած մեկ այլ՝ «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Հիմնավորման համաձայն՝ օրինագծի նպատակն է նպաստել սահմանամերձ գյուղերում բնակվող ՀՀ քաղաքացիների կենսամակարդակի բարելավմանը՝ իրականացնելով պարտադիր կանխարգելիչ բժշկական քննություն տարվա մեջ առնվազն երկու անգամ: Ըստ կառավարության եզրակացության, մասնավորապես, ՀՀ բնակչության համար ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպություններում մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ողջ ծավալը (իրականացվում է պետության կողմից երաշխավորված անվճար ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության և սպասարկման շրջանակում:
Օրինագծերն ու կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն Ազգային ժողով:
 

Լուծվում են հանրակացարաններում երկար տարիներ բնակվող ընտանիքների բնակարանային խնդիրները


Հանրակացարաններում երկար տարիներ բնակվող տեղաբնակ բնակիչների և նրանց ընտանիքների բնակարանային խնդիրները լուծելու նպատակով կառավարությունն ընդունել է «Բնակելի տարածք նվիրելու մասին» որոշում. Գորիս քաղաքի Կոմերիտմիության 2 հասցեում գտնվող հանրակացարանում բնակվող բնակիչները գրություններով դիմել են ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն և խնդրել են իրենց նվիրել իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները՝ մշտական բնակության վայր ունենալու նպատակով: Այսպիսով՝ կլուծվի 20 ընտանիքի բնակարանային խնդիրը:
Գործադիրն ուժը կորցրած է ճանաչել 2007թ. մայիսի 31-ի՝ «ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը գույք ամրացնելու և որպես բնակելի ֆոնդ նվիրաբերելու մասին» որոշման համապատասխան պարբերությունը: Վերոնշյալ որոշմամբ Երևան քաղաքի Մոլդովական 12 հասցեում գտնվող 4-րդ և 5-րդ մասնաշենքերի նկուղները և առաջին հարկերն առանձնացվել են Նոր Նորք ուսանողական ավանի գույքի կազմից և ամրացվել են ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը՝ դրանք հետագայում օտարելու և օտարումից ստացված միջոցներից ընկերության կրեդիտորական պարտավորությունները մարելու պայմանով: Նշված տարածքները ներկայումս ապօրինաբար զբաղեցված են. դրանց զգալի մասը որպես բնակելի տարածք օգտագործվում են սոցիալապես անապահով ընտանիքների կողմից: ՀՀ կառավարության 2015թ. ընդունված որոշման համաձայն՝ նշված տարածքներից մի մասը ներկայացվել են օտարման, սակայն հայտարարված մրցույթների արդյունքում օտարվել է դրանցից միայն երկուսը: Անցյալ տարեվերջին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի մոտ կայացել է խորհրդակցություն, ինչի արդյունքում, հաշվի առնելով նշված տարածքներում փաստացի բնակվող ընտանիքների սոցիալական դրությունը, որոշվել է Նոր Նորք ուսանողական ավանի կրեդիտորական պարտավորությունների մարումը իրականացնել ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող այլ միջոցների հաշվին՝ համապատասխան փոփոխություն կատարելով ՀՀ կառավարության 2007թ. մայիսի 31-ի համապատասխան որոշման մեջ: Անդրադառնալով հարցին՝ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ այն տարածքները, որտեղ ապրում են սոցիալապես անապահով ընտանիքներ, հարկավոր է նվիրաբերել նրանց:
Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որով առաջարկվում է կարգավորել Երևանի Պարոնյան փողոցի հ.42/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի հողամասն այլ սեփականատիրոջ հողամասի հետ համադրվելու խնդիրը: Որոշմամբ կկարգավորվեն իրականացվող քաղաքաշինական ծրագրի շրջանակում այդ հասցեում բազմաբնակարան շենքի կառուցման հետ կապված խնդիրները և կլուծվի Երևանի Կոնդ թաղամասի բնակիչների բնակարանային խնդիրը:

 

Շարունակվում է գյուղատնտեսության ոլորտին մատչելի վարկերի տրամադրումը
 

Գործադիրը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ գյուղատնտեսության ոլորտին տոկոսադրույքի սուբսիդավորմամբ վարկերի տրամադրման շարունակականությունը 2016թ. ընթացքում ապահովելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում» ծրագրի շրջանակում 2011-2015թթ. տնտեսավարողներին տրամադրվել է 84.2 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր գումարով մատչելի (14 տոկոսով) վարկեր: Շահառուների թիվը կազմել է շուրջ 98.9 հազար միավոր: Վարկերն իրենց դրական ազդեցությունն են ունեցել գարնանացանի պատշաճ կազմակերպման, ագրոտեխնիկական և այլ միջոցառումների, ինչպես նաև բերքահավաքի աշխատանքների ժամանակին և կազմակերպված իրականացման գործում: Գյուղատնտեսությունում վերջին տարիներին գրանցված տնտեսական աճը պայմանավորված է նաև ոլորտին տրամադրված մատչելի վարկերով: Որոշմամբ տոկոսադրույքի սուբսիդավորմամբ վարկերի տրամադրման ժամկետը 2016թ. համար սահմանվել է մարտի 1-ից մինչև 2016թ. դեկտեմբերի 31-ը:
Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, համաձայն որի՝ գյուղատնտեսության նախարարությանը թույլատրվելու է կազմակերպել առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու բանակցային ընթացակարգ: Այն հնարավորություն կընձեռի արագ ձեռք բերել պատվաստանյութեր՝ հանրապետության տարածքում ստեղծելով կայուն անասնահամաճարակային իրավիճակ:
 

 

Հայաստանում կստեղծվեն էտալոնային լաբորատորիաներ


Գործադիրի որոշմամբ սահմանվել է էտալոնային լաբորատորիաներին ներկայացվող պահանջները և դրանց ճանաչման կարգը՝ ազգային մակարդակում արտադրանքի նկատմամբ տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների լաբորատոր փորձարկումների իրականացման բարձր մակարդակի ապահովման, փորձարկումների արդյունքների ճշտության վերլուծության և իրավիճակի վերահսկողության նպատակով: Ըստ հիմնավորման՝ ներկայում Հայաստանում բացակայում է էտալոնային լաբորատորիա ինստիտուտը, որի նշանակությունն զգալի է տարբեր լաբորատորիաների կողմից իրականացվող փորձարկման արդյունքների համեմատության, գնահատման արբիտրաժային դերի իրականացման, պետական անվտանգության առումով: Այսպիսով, երկրում բացակայում են արտադրանքի անվտանգության ցուցանիշների գնահատմանն ուղղված փորձարկումների/չափումների տարբեր արդյունքների անհամապատասխանությունների բացասման միջոց հանդիսացող արբիտրաժային, էտալոնային լաբորատորիաները: Կարևոր նշանակություն ունի նաև այն հանգամանքը, որ միջազգային հավատարմագրում ունեն սակավաթիվ լաբորատորիաներ: Ակնկալվում է, որ միջազգային լավագույն փորձին ՀՀ օրենսդրության մոտարկմամբ, ինչպես նաև էտալոնային լաբորատորիաների ստեղծմամբ Հայաստանի Հանրապետությունը կունենա իր արբիտրաժային լաբորատորիան:
Կառավարության որոշմամբ «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» իրավաբանական անձանց միության կողմից իրականացվող Ռոբոտաշինության և ինժեներական լաբորատորիաների ծրագրի շրջանակում խմբակավարների վարձատրությունն ապահովելու նպատակով էկոնոմիկայի նախարարությանը կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի: Կարևորելով ծրագիրը՝ գործադիրի ղեկավարը նշել է, որ այսօր դպրոցներում գործում է 80 խմբակ, և այս աջակցությունը կուղղվի ևս 80-ի ստեղծմանը, ինչն էլ կնպաստի, որ դպրոցականները կարողանան ՏՏ ոլորտում գիտելիքներ ձեռք բերել:
Մեկ այլ որոշմամբ՝ ներդրումային ծրագրի շրջանակում «Յուքոմ» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը կհետաձգվի երեք տարով: Ներդրումային ծրագրի շրջանակում «Յուքոմ» ընկերությունը նախատեսում է կառուցել 4G (LTE) սերնդի բջջային ցանց և հզորացնել առկա 2G/3G ցանցը, ինչը թույլ կտա մատուցել առավել բարձր որակի և առավել բազմազան հեռահաղորդակցության ծառայություններ, այդ թվում՝ մինչև 375 Mbps արագությամբ բջջային ինտերնետ, LTE ստանդարտի ձայնային ծառայություններ, Wi-Fi զանգեր, առաջարկել 4-ը 1-ում փաթեթներ:


Այլ որոշումներ


Կառավարության որոշումներով Գաբրիել Գյոզալյանը նշանակվել է ՀՀ Արագածոտնի մարզպետ, իսկ Հովսեփ Սիմոնյանը՝ ՀՀ Շիրակի մարզպետ: Վարչապետը շնորհավորել է նորանշանակ մարզպետներին և մաղթել արդյունավետ աշխատանք:
Գործադիրի որոշմամբ կառավարության պահուստային ֆոնդից տրանսպորտի և կապի նախարարությանն առաջին եռամսյակում կհատկացվի 412,5 մլն դրամ՝ լրացուցիչ 55 հազար հատ DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքեր ձեռք բերելու և մնացած ապահով ընտանիքների տրամադրելու համար: Կարևորելով ընդունված որոշումը՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ այդ հարցը քննարկվել է նաև ՀՀ Նախագահի հետ և հանձնարարել է համապատասխան գերատեսչություններին խնդրին տալ արագ լուծում և այնպես անել, որ որևէ անապահով ընտանիք չզրկվի սարքն անվճար ստանալու հնարավորությունից:
Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2015թ.հոկտեմբերի 16-ին ստորագրված «Երևանի կոշտ թափոններ` փուլ 1» ֆինանսական պայմանագրին: Ըստ հիմնավորման՝ ԵՆԲ-ն ծրագրի 1-ին փուլի ֆինանսավորման նպատակով ՀՀ-ին կտրամադրի 8 մլն եվրո գումարի չափով վարկ: Ծրագրի երեք բաղադրիչներն ուղղված են Երևանի կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի բարելավմանը: Առաջին բաղադրիչը նոր սանիտարական աղբավայրի առաջին երկու գոտիների և օժանդակ ենթակառուցվածքի կառուցումն է: Նոր աղբավայրը, որը տեղակայվելու է Նուբարաշենում գործող աղբավայրի հարևանությամբ և գտնվելու է Երևանի կենտրոնից 12 կմ հեռավորության վրա, կնվազեցնի գործող ոչ սանիտարական աղբավայրի անբարենպաստ ազդեցությունը շրջակա միջավայրի, հանրային առողջության և կլիմայի վրա: Ծրագրի երկրորդ բաղադրիչն ընդգրկում է գործող աղբավայրի փակումը և վերականգնումը՝ նոր աղբավայրը շահագործման հանձնելուց հետո: Ծրագրի երրորդ բաղադրիչը կնպաստի այնպիսի համակարգերի և օբյեկտների նախապատրաստմանը և ներդրմանը, որոնք կավելացնեն վերամշակման ծավալը՝ երկարացնելով նոր աղբավայրի օգտակար շահագործման ժամկետը: Ծրագրի 1-ին բաղադրիչի ընդհանուր արժեքը կազմում է 24 մլն եվրո, որից` 8 մլն եվրո վարկ ԵՆԲ-ից, 8 մլն եվրո վարկ` Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ), և ևս 8 մլն եվրո դրամաշնորհ նախատեսվում է ներգրավել ԵՄ Հարևանության ներդրումային գործիքի միջոցով: Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել նաև «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2015թ. դեկտեմբերի 11-ին ստորագրված «Երևանի կոշտ թափոնների ծրագիր» վարկային համաձայնագիրը:
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության տարածքում ճառագայթային և միջուկային վթարի դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանին: Ըստ հիմնավորման՝ ներկայում միջուկային և ճառագայթային պատահարներին հակազդման ՀՀ օրենսդրական բազան լիարժեք չէ, և անրաժեշտ է այն համապատասխանեցնել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ձևաչափերին:
Գործադիրն ընդունել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով շարժական գույք՝ ձայնային սարքավորումներն, ամրացնելու մասին որոշում, որը կնպաստի լիարժեք և արդյունավետ համերգային գործունեություն իրականացնելուն: Այդ սարքավորումները ձեռք են բերվել Հայաստանի և Ճապոնիայի կառավարությունների միջև կնքված համաձայնագրի շրջանակում և հանդիսանում են ՀՀ սեփականությունը:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ