Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 22 ապրիլի 2004

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
 Կառավարությունը հավանություն է տվել  «ՀՀ 2003թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով  կներկայացվի ԱԺ: Օրիանագիծը ներառում է ՀՀ 2003թ. սոցիալ-տնտեսական զարգացման քաղաքականության հիմնական ուղղությունները, նույն ժամանակահատվածում մեր երկրի տնտեսության ընդհանուր բնութագիրը՝ իրական, ֆիանասական և արտաքին հատվածներում, ինչպես նաև  2003թ. պետբյուջեի եկամուտների, ծախսերի  և պակասուրդի վերլուծությունները: Հաշվետվության մեջ 2003թ. սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունների շարքում հաշվետու ժամանակաշրջանը Հայաստանի տնտեսական զարգացման տեսանկյունից կարևորվել է երկրի տնտեսական քաղաքականության հիմնական ռազմավարական փաստաթղթի՝ Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի (ԱՀՌԾ) ընդունմամբ, որտեղ նախանշված հիմնական տնտեսական և սոցիալական զարգացումները երկարաժամկետ հատվածում կառավարության գործունեությունը դարձնում են ծրագրային և առավել նպատակային: ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը՝ բյուջետային գործընթացի արդյունավետ կազմակերպման, տարվա ընթացքում պետական բյուջեի կատարման նկատմամբ իրականացրած վերահսկողության համար, որի շնորհիվ և կառավարության հետևողական աշխատանքի արդյունքում պետական բյուջեն կատարվել է ամբողջությամբ:
 Գործադիրը փոփոխություն է կատարել ՀՀ կառավարության 2004թ. մարտի 11-ի «ՀՀ կառավարության 2004թ. գարնանային հեղեղումների և ուժեղ քամիների հետևանքները վերացնելու անհետաձգելի միջոցառումների մասին» N 242-Ա որոշման մեջ: Փոփոխությամբ ՀՀ Արագածոտնի մարզպետարանին հատկացվել է 58 մլն դրամ, որից 54 մլն 730 հազար դրամը վթարված տների անօթևան մնացած 9 ընտանիքներին՝ տներ գնելու (18 մլն դրամ), Ապարանի և Արագածի տարածաշրջանների 27 համայնքներում վնասված բնակելի տների և 29 դպրոցական շենքերի վերանորոգման նպատակով շինանյութ գնելու (համապատասխանաբար՝ 32 մլն և 4 մլն 730 հազար դրամ), իսկ 3 մլն 270 հազար դրամը՝ վառելիք ձեռք բերելու նպատակով:
 Մեկ այլ որոշմամբ, 2004թ. գարնանային հեղեղումների և ուժեղ քամիների հետևանքների վերացմանն ուղղված լրացուցիչ միջոցառումների իրականացման նպատակով որոշվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին հատկացնել 10 մլն դրամ: Այդ գումարից 5 մլն դրամը հատկացվելու է «Ոռոգում-ջրառ» ՓԲԸ-ի «Դեբեդ-Աղստև» մասնաճյուղի Արճիս-Հաղթանակ երրորդ աստիճանի պոմպակայանի վերանորոգման, իսկ մյուս 5 մլն դրամը՝ «Նոյեմբերյան» ջրօգտագործողների ընկերության Արճիս-Հաղթանակ երրորդ աստիճանի պոմպակայանի աջ և ձախ հեռացնող ջրանցքների նորոգման աշխատանքների իրականացման համար:
 Կառավարությունը որոշել է իր պահուստային ֆոնդից 5 մլն 811,6 հազար դրամ հատկացնել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային  և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը՝ Հայոց ցեղասպանության   90-ամյակի միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովի աշխատանքային խմբին կից մշտական քարտուղարություն ստեղծելու և քարտուղարության աշխատանքների կազմակերպման համար նյութական և տեխնիկական միջոցների ձեռքբերման, ինչպես նաև ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հայոց ցեղասպանության ինստիտուտի աշխատակիցների աշխատավարձի բարձրացման նպատակով:
 Նիստում գործադիրը հաստատել է Երևանի Էրեբունու համայնքի տարածքում գտնվող թունաքիմիկատների գերեզմանոցի անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների ցանկը: ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը, ՀՀ կառավարության 2004թ. պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդի հաշվին, հատկացվել է 8 մլն 504,7 հազար դրամ՝ թունաքիմիկատների գերեզմանոցի անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացման համար:
 Կառավարությունը որոշել է ևս 17 մլն 28 հազար դրամ հատկացնել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը՝ Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի Իսահակյան N 36 հասցեում գտնվող ուսումնական շենքի տանիքի վերանորոգման նպատակով:
 «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը, իր պահուստայի ֆոնդի հաշվին, 15 մլն դրամ է հատկացրել Երևանի քաղաքապետարանին՝ Եղիշե Չարենցի դուստր Անահիտ Չարենցին, անհատույց օգտագործման իրավունքով, Երևանի Կենտրոն համայնքի տարածքում մեկ սենյականոց բնակարան ձեռք բերելու նպատակով:
 Կառավարությունը հավանություն է տվել «Սերմնաբուծության մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Օրենքը կարգավորում է բույսերի սերմերի արտադրության, իրացման, փոխադրումների, պահպանության և օգտագործման հետ կապված հարաբերությունները:
 Նիստում հավանություն է տրվել նաև  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծին: Առաջարկվող փոփոխությունների ընդունումը կնպաստի «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարման և խախտումների կանխման գործում ֆիզիկական և պաշտոնատար անձանց պատասխանատվության բարձրացմանը՝ կենդանիների վարակիչ հիվանդությունների կանխարգելման և անասնաբուժա - սանիտարական տեսակետից կենդանական ծագման մթերքի և հումքի անվտանգության ապահովմանը: Կառավարությունը որոշել է նաև անհետաձգելի համարել նշված օրենքի նախագիծը և առաջարկել ՀՀ ԱԺ-ին՝ այն քննարկել ու քվեարկել մեկամսյա ժամկետում:
 «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է  հիմնադրման միջոցով ստեղծել ՀՀ գյուղատնտեսության նախարարության ենթակայության «Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
 Նիստում գործադիրը հավանություն է տվել ՀՀ քրեակատարողական օրենսգրքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Օրենսգրքի ընդունումը պայմանավորվել է այն հանգամանքով, որ 2003թ. օգոստոսի 1-ից ուժի մեջ է մտել ՀՀ քրեական օրենսգիրքը, որով նախատեսված են նոր պատժատեսակներ: Դրանք են՝ տուգանքը, հանրային աշխատանքները, հատուկ կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից կամ որակավորման դասից զրկելը, կալանքը և ցմահ ազատազրկումը: Ուստի, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի ընդունմամբ կկանոնակարգվեն թվարկված պատիժների կատարման կարգը և պայմանները: Բացի այդ, նկատի է առնվել, որ ՀՀ քրեակատարողական ծառայությունը 2001թ. հոկտեմբերի 1-ից ՀՀ ՆԳՆ համակարգից փոխանցվել է ՀՀ արդարադատության նախարարության ենթակայությանը: Դրանով լուծվել է Եվրոպայի խորհրդի առջև ստաձնած պարտավորություններից մեկի՝ ՀՀ քրեակատարողական ծառայության ապառազմականացման հարցը, որն, իր հերթին, համակարգի առջև դրել է նոր խնդիրներ: Դրանք ևս իրենց կարգավորումը գտել են ՀՀ քրեակատարողական օրենսգրքի նախագծում, որը ենթարկվել է Եվրախորհրդի կրկնակի փորձաքննությանը: Հարցի ներկայացման ժամանակ նշվել է, որ օրենսգրքի նախագծի մշակման ընթացքում հաշվի են առնվել ոլորտում գործող միջազգային ստանդարտները և փորձագետների եզրակացությունները:
 Մեկ այլ որոշմամբ գործադիրը հավանություն է տվել նաև «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագծին: Որոշման  ընդունումը պայմանավորված է անտառանյութի  ապօրինի օգտագործման դեմ կիրառվող պատժամիջոցների խստացման անհրաժեշտությամբ: Այդ նկատառումով բարձրացվել են բնափայտի և երկրորդական անտառանյութի ապօրինի (չափաքանակներից/սահմանափակումներից ավելի) օգտագործման համար կիրառվող դրույքաչափերը:
 ՀՀ կառավարության 2004թ. փետրվարի 12-ի «ՀՀ 2004թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման համապատասխան, գործադիրը հաստատել է ՀՀ 2004թ. երկրաբանահետախուզական աշխատանքների ծրագիրը՝ 15 մլն 500 հազար դրամ տարեկան  ֆինանսավորմամբ:
 Այլ որոշումներով հաստատվել են ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին իրականացվող «Ձկան պաշարների համալրման գծով 2004թ. պետական պատվերը», «Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում» ծրագիրը, «Տեղեկատվական- վերլուծական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից բնապահպանական ոլորտի գծով՝ տեղեկատվական-վերլուծական աշխատանքների, համակարգչային ցանցի սպասարկման և զարգացման, ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության, այդ տարածքներում գիտական ուսումնասիրությունների և անտառատնտեսական աշխատանքների, ՀՀ բնության հատուկ պահպանվող նոր տարածքների ստեղծման ծրագրերի մշակման, ինչպես նաև «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով իրականացվող ջրային օբյեկտների և օդային ավազանի աղտոտվածության վիճակի մոնիտորինգի գծով 2004թ. պետական պատվերները:
 Առանձին որոշումներով, ՀՀ կառավարության 2004թ. փետրվարի 12-ի «ՀՀ 2004թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216–Ն որոշման համապատասխան, գործադիրը հաստատել է պետական  բյուջեով նախատեսված բնապահպանության ոլորտին վերաբերող մի շարք այլ ծրագրեր ևս: Մասնավորոպես՝ «Լքված հանքավայրերի պաշարների գույքագրում» ծրագիրը, որով հստակեցվում են դրա շրջանակներում իրականացվող աշխատանքների նկարագիրը (բովանդակությունը) և կատարման փուլերը, «Չափիչ սարքավորումների ձեռքբերում մետաղական հանքավայրերի համար» ծրագիրը, որով հստակեցվում է նշված սարքավորումների ձեռքբերման անվանացանկը, «Տեխնիկական աջակցություն «Խոսրովի անտառ» և «Շիկահող» պետական արգելոցներին» ծրագիրը, որի նպատակը նշված արգելոցների համար գնվող սարքավորումների անվանացանկի հստակեցումն է, ինչպես նաև «Աղտոտման անշարժ աղբյուրներից վնասակար նյութերի արտանետումների տեխնոլոգիական և տարածքային նորմավորման ներդրման մեխանիզմի մշակում» և «Ջրային աղբյուրների գույքագրում» ծրագրերը:
 Կառավարության անդամները համաձայնություն են տվել «Սևծովյան տնտեսական համագործակցության անդամ պետությունների քաղաքացի արհեստավարժ վարորդներին մուտքի արտոնագրերի տրամադրման ընթացակարգերի պարզեցման մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:
 «Զինապարտության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է նախազորակոչային և զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիների առողջական վիճակի գնահատման, բժշկական  փորձաքննության անցկացման, բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգը: Որոշմամբ սահմանվել են նաև պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման առողջապահական պետական նպատակային ամենամյա ծրագրերին համապատասխան՝ ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններում կատարվող բժշկական հետազոտությունների ծավալները, ամբուլատոր – պոլիկլինիկական, ինչպես նաև հիվանդանոցային պայմաններում բուժման ենթակա հիվանդությունների և ախտաբանական վիճակների ցանկերը: Որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության  2002թ. մայիսի 30-ի «Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց առողջական վիճակի գնահատման, բժշկական փորձաքննության անցկացման, բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 634 որոշումը:
 «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, նիստում որոշվել է ՀՀ առողջապահության նախարարության «Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ին  տալ կարճ երաշխիքային ժամկետ ունեցող իոնացնող ճառագայթման աղբյուրների  (սարքավորումների, ռադիոակտիվ նյութերի պատրաստուկներ) արտահանման և ներմուծման լիցենզիա:
 Կառավարությունը հավանություն է տվել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում  լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրինագծին: Որոշման ընդունումը պայմանավորված է նշված օրենքը ՀՀ մաքսային օրենսգրքին համապատասխանեցնելու  անհրաժեշտությամբ:  Որոշմամբ, մասնավորապես, առաջարկվում է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում  նշված լիցենզավորման ենթակա գործունեության  տեսակների աղյուսակը լրացնել ՀՀ մաքսային օրենսգրքով լիցենզավորման ենթակա գործունեություններ համարվող «ազատ տնտեսական գոտու շահագործում» և «ազատ տնտեսական գոտու կազմակերպում» գործունեության տեսակներով: Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել նաև «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրինագծին, որով առաջարկվում է սահմանել տարեկան պետական տուրք՝ ազատ տնտեսական գոտու կազմակերպման գործունեության համար՝ բազային տուրքի 3000-ապատիկի, իսկ ազատ տնտեսական գոտու շահագործման գործունեության համար՝ բազային տուրքի 1000-ապատիկի չափով:
 «Քաղաքացիական պաշտպանության  մասին» ՀՀ օրենքին համապատասխան, նիստում գործադիրը սահմանել է Քաղաքացիական պաշտպանության պլանների մշակման կարգը:  
 Նիստում որոշվել է նաև Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 16-ը՝ 1794թ. Հնդկաստանի Մադրաս քաղաքում հայ առաջին պարբերականի՝ «Ազդարար» ամսագրի լույսընծայման օրը, նշել որպես Մամուլի աշխատողի օր: Կառավարության որոշմամբ այսուհետ Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 7-ն էլ նշվելու է որպես Գրադարանավարի օր:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ