ուրբաթ, 25 դեկտեմբերի 2015
Քննարկվել է կոշտ կենցաղային թափոնների կառավարման ազգային ռազմավարության նախագիծը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են կոշտ թափոնների կառավարման ոլորտում իրականացված աշխատանքները և ուսումնասիրությունները: Ներկայացվել է, մասնավորապես, Հայաստանում կոշտ կենցաղային թափոնների կառավարման ազգային ռազմավարության նախագիծը, որի նպատակը հանրապետության ողջ տարածքում այս համակարգի բարելավումն է: Քննարկվել են, մասնավորապես, ռազմավարությամբ սահմանված գերակայությունները, առաջարկվող միջոցառումները և ակնկալվող արդյունքները: Արծարծվել են ռազմավարության կյանքի կոչման հեռանկարներին ու մեխանիզմներին, ինչպես նաև ֆինանսավորման աղբյուրներին վերաբերող հարցեր:
Կառավարության ղեկավարը, ամփոփելով քննարկումը, կարևորել է կոշտ կենցաղային թափոնների կառավարման ազգային ռազմավարության իրականացումը և հանձնարարել պատասխանատուներին շարունակել խորհրդակցության ընթացքում ներկայացված առաջարկությունների շուրջ քննարկումները: