Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 24 դեկտեմբերի 2015

Սոցիալապես անապահով ընտանիքներն անվճար կստանան թվային հեռուստատեսային ընդունիչ սարքեր







Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Կառավարությունը հաստատել է սոցիալապես անապահով ընտանիքներին որպես սոցիալական աջակցություն հատկացված DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի բաշխման կարգը: Ըստ որոշման կից հիմնավորման, տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերության (ՀՀՌՑ) կողմից լիովին իրականացվել են ՀՀ տարածքում վերգետնյա թվային հեռուստատեսության ներդրման ժամանակացուցային աշխատանքները և թվային հեռարձակման անհրաժեշտ համակարգերն ու ենթակառուցվածքները պատրաստ են շահագործման: Սոցիալապես անապահով խավին անվճար կարգով DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի տրամադրումը նախատեսված է Ռադիոհեռուստատեսային հեռարձակման թվային համակարգին անցման հայեցակարգով պետության կողմից ստանձնած պարտավորությամբ և ուղղված է ՀՀ բնակչության սոցիալապես անապահով անձանց տեղեկատվության մատչելիության իրավունքի ապահովմանը: Որոշմամբ սոցիալապես անապահով 48733 ընտանիքներին որպես սոցիալական աջակցություն հատկացված DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի բաշխումը կիրականացվի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների (բաժինների) միջոցով:


Աշխատանքի տեղավորման հնարավորություններ՝ սոցիալական բնակարանային ֆոնդի բնակիչների համար


Կառավարության 2012թ. օգոստոսի 2-ին ընդունած համապատասխան որոշմամբ սահմանվել են «Հանգրվան» ՊՈԱԿ-ի նպատակները, որոնցից են սոցիալական աջակցության ծրագրերով նախատեսված բնաիրային, վերականգնողական, տեխնիկական միջոցների և այլ օժանդակ սարքերի բաշխման ծառայությունների մատչելիության ապահովումը, սոցիալական տան կացարաններում բնակվելու իրավունք ունեցող անձանց ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կացարանի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման կազմակերպումը, բնակիչների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, նրանց սոցիալական խնդիրների լուծմանն աջակցության կազմակերպումը և այլն: Այդ կացարաններում բնակվող անձանց սոցիալական խնդիրների արդյունավետ լուծման նպատակով կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել այդ որոշման մեջ: Այսպիսով, առաջարկվում է լուծել սոցիալական բնակարանային ֆոնդի բնակիչներին աշխատանքի տեղավորման հնարավորություններ ստեղծելու հարցը` ՊՈԱԿ-ին գյուղատնտեսական բնագավառում ձեռնարկատիրական գործունեության որոշակի տեսակներով զբաղվելու հնարավորություն տալու միջոցով: Միաժամանակ, գյուղատնտեսական բնագավառում ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացված մթերքների վաճառքից ստացված միջոցներով ՊՈԱԿ-ը կհոգա նաև իրեն հանձնված գույքի վերանորոգման կարիքները: Սոցիալական տան կացարանները գտնվում են ՀՀ տարբեր մարզերում, իսկ դրանք ստացող շահառուները տարբեր սոցիալական խմբերին պատկանող անձինք են, որոնց մեծ մասը մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներ և առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ են:
2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքը, որին համապատասխան ներդրվել է զբաղվածության քաղաքականության նոր մոդելը` բացառապես ակտիվ բնույթ ունեցող և գործազուրկների, այդ թվում` աշխատաշուկայում անմրցունակ անձանց կայուն զբաղվածության ապահովմանը նպատակադրված պետական ծրագրերով: Մասնավորապես, զբաղվածության պետական բոլոր ծրագրերը, ներառյալ` գործազրկության նպաստը, վերաիմաստավորվել են և ներդրվել են նաև պետական կարգավորման ակտիվ նոր ծրագրեր: Զբաղվածության քաղաքականության նոր մոդելի ներքո գործում են պետական կարգավորման թվով 11 ակտիվ ծրագրեր: Կառավարության այսօրվա համապատասխան որոշմամբ առաջարկվող փոփոխությունների արդյունքում գործնականում կամբողջականացվեն և առավել կնպատակասրվեն արդեն իսկ իրավական կարգավորում ունեցող մեխանիզմներն ու գործիքները, որոնց գործադրումը բխում է զբաղվածության պետական քաղաքականության հիմնական նպատակից և սկզբունքներից: Մասնավորապես, նախագծով առաջարկվող փոփոխությունները հիմնականում նպատակաուղղված են` վերջին մեկ տարվա իրավակիրառական պրակտիկայում վեր հանված խնդիրների լուծմանը` ծրագրերի արդյունավետության և հասցեականության բարձրացման նպատակով, երկու նոր ծրագրերի իրականացման անհրաժեշտ մեխանիզմների մշակմանը, հաշմանդամություն ունեցող անձանց համար քվոտայի պահանջի կատարման` ՀՀ օրենսդրության պահանջների պարզեցմանը և ամբողջականացմանը:
Գործադիրի մեկ այլ որոշմամբ հաստատվել է հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական անհատական ծրագրերի (ՎԱԾ) կազմման և իրականացման կարգը: Այսպիսով կարգավորվում են հաշմանդամություն ունեցող անձի ՎԱԾ-ի կազմման և դրանով նախատեսված միջոցառումներն իրականացնող մարմինների միջև համագործակցությանն առնչվող, ինչպես նաև ՎԱԾ-ում ընդգրկված վերականգնողական միջոցառումների արդյունավետության գնահատման հետ կապված հարաբերությունները: Որոշման դրույթներն ուղղված են նաև հաշմանդամություն ունեցող անձի վերականգնմանը խոչընդոտող խնդիրների բացահայտմանը, դրանց բացասական ներգործության հետևանքների կանխմանը կամ նվազեցմանը, աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության և սոցիալական կարգավիճակի վերականգնման դրական զարգացումների արդյունավետ օգտագործմանը և այլն:
 

Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն կստանան սահմանամերձ համայնքների 35 ամուսնական զույգեր


Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում 2016թ. ընթացքում սահմանամերձ համայնքների բնակիչների համար անհրաժեշտ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնությունն ու սպասարկումը պետության կողմից երաշխավորված կարգով իրականացնելու մասին: Ըստ այդմ, փոփոխություններ և լրացումներ են կատարվել 2015թ. մայիսի 27-ի «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» որոշման մեջ: Ինչպես նշել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, այս հարցի ընդունումը պայմանավորված է օրերս ՀՀ վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցությամբ, որը նվիրված էր ժողովրդագրական ցուցանիշների բարելավմանը և եղել են հստակ հանձնարարականներ՝ մշակել ժողովրդագրական ցուցանիշների բարելավման հայեցակարգ և ազգային ծրագիր: Իսկ այսօրվա նիստում ընդունված որոշմամբ, նախատեսվում է «Առողջապահություն» բաժնի Անպտուղ զույգերի վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության ծառայություններ ծրագրում տնտեսված 50 մլն դրամն ուղղել համապատասխան ցանկում ընդգրկված սահմանապահ համայնքների 35 զույգերի՝ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու նպատակով: Վարչապետը կարևորել է ընդունված որոշումը:

 
Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը


Կառավարությունը որոշել է երեք տարով հետագձել ներդրումային ծրագրի շրջանակներում «ԱՐՄՕՅԼ» ՓԲԸ կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը: Ներդրումային ծրագրի շրջանակներում «ԱՐՄՕՅԼ»-ն նախատեսում է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում կառուցել նավթամթերքի վերամշակման ամբողջովին նոր գործարան` հագեցնելով այն տվյալ բնագավառում առկա ժամանակակից սարքավորումներով: Ծրագրի իրականացման արդյունքում ընկերությունը կկառուցի իր տեսակի մեջ եզակի նավթամթերքի վերամշակման գործարան և կստեղծվեն նոր աշխատատեղեր: Ներդրումային ծրագրի շրջանակներում` նավթամթերքի վերամշակման գործարան կառուցելու համար ընկերությունը նախատեսում է ներդրումներ իրականացնել շուրջ 16.8 մլրդ դրամի չափով, որից մոտ 102.2 մլն դրամը սարքավորումներ ձեռք բերելու համար: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 150 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2016թ.–ին՝ 200, 2017թ.-ին՝ 220 և 2018թ.-ին՝ 250 հազար դրամ:
Գործադիրը փոփոխություն է կատարել նախկին ընդունած որոշումներից մեկում՝ ներդրումային ծրագրի շրջանակում «Ինտերալկո» ՍՊԸ-ի կողմից 200 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ գումարների վճարման ժամկետը ևս մեկ տարով՝ մինչև 2016թ. դեկտեմբերի 31-ը, երկարացնելու նպատակով: Ներդրումային ծրագրի շրջանակում «Ինտերալկո» ՍՊԸ-ն նախատեսում է Արմավիրի մարզում «Արմեն-ալկո» ՍՊԸ-ին պատկանող գործարանում իրականացնել խաղողի թորվածքի, բրենդիի, մրգային սպիրտների և գինու արտադրություն: Ընկերությունն նախատեսում է տեղական ֆերմերային տնտեսություններից գնած հումքից արտադրել խաղողի/գինու, մրգերի թորվածքներ, որին ավելացնելով Եվրոպայից ներկրված հումք` մեծածախ քանակով արտահանել ԱՊՀ և այլ երկրներ: Ընկերությունը կներդնի հոլանդական և ֆրանսիական արտադրությամբ ժամանակակից սարքավորումներ: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 30 աշխատատեղ:
Կառավարության որոշմամբ «ՖԵՆՍԻ» ՍՊԸ-ին կտրամադրվի «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու տարածքում շահագործողի թույլտվություն ոսկերչության ոլորտում գործունեություն իրականացնելու համար: Շահագործողի թույլտվության գործողության ժամկետը սահմանվել է 9 տարի: «Մերիդիան» ազատ տնտեսական գոտում շահագործողների գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել արտահանման ծավալների աճը ոսկերչական, ակնագործական և ժամագործական ոլորտի միջազգային ընկերությունների ներգրավման միջոցով, ստեղծել նոր աշխատատեղեր և նպաստել կայուն տնտեսական զարգացմանը, ինչպես նաև նպաստել տվյալ հատվածում հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը:
Գործադիրի մեկ այլ որոշմամբ «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:
 

 Կանոնակարգը կնպաստի գազաբալոնների շահագործման անվտանգության բարձրացմանը


Ավտոգազալիցքավորման ճնշակայաններում վերջերս հաճախակի դարձած պայթյունների առաջացման պատճառների վերացման նպատակով՝ կառավարությունը հաստատել է ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներում սեղմված բնական գազով աշխատող վառելիքային համակարգին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը: Որոշման հիմնավորման համաձայն, այս ոլորտում ներկայումս առկա են մի շարք խնդիրներ՝ կապված ԱԳԼՃԿ-ներին և գազաբալոններին ներկայացվող անվտանգության նորմերի և դրանց ապահովման մեխանիզմների սահմանման, ինչպես նաև նոր արտադրված և ներմուծվող գազաբալոններին ներկայացվող անվտանգության նորմերի և դրանց ապահովման մեխանիզմների սահմանման հետ, որոնց լուծման նպատակով համապատասխան հանձնարարականներ են տրվել նաև ՀՀ տրանսպորտի և կապի, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություններին, ինչպես նաև ՀՀ ոստիկանությանը: Տեխնիկական կանոնակարգի նպատակն է սահմանել կիրառման համար միասնական, պարտադիր պահանջներ` ՀՀ տարածք ներմուծվող, ՀՀ տարածքում արտադրվող և (կամ) շուկայահանված ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներում սեղմված բնական գազով աշխատող վառելիքային համակարգերի համար: Կանոնակարգով սահմանվում են նաև պահանջներ ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներում սեղմված բնական գազով աշխատող վառելիքային համակարգի համար՝ մարդու կյանքի և առողջության, գույքի, շրջակա միջավայրի, կենդանական և բուսական աշխարհի պահպանության, ինչպես նաև ռեսուրսախնայողության նպատակներով:


Միջազգային համագործակցություն
 

Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության կառավարության և Միջազգային զարգացման գործակալության միջև 2013թ. սեպտեմբերի 28-ին կնքված օժանդակության համաձայնագրի ներքո իրականացվող «Օժանդակություն Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը ծրագրի վերաբերյալ» համաձայնագրին: Օժանդակություն Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը (ՕՀՀՌԻ) ծրագրի նպատակն է օժանդակություն տրամադրել ՀՀ կառավարությանը՝ իրականացնելու 2015-2018թթ. ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը: Համաձայնագրով նախատեսվում է ՀՀ կառավարության աշխատակազմին տրամադրել մինչև 750.000 դոլարի ֆինանսական օժանդակություն՝ փորձագիտական հանձնախումբ ձևավորելու և տեխնիկական կարողություններ ձեռք բերելու համար: Հատկացվող միջոցներն ուղղվելու են հետևյալ երեք նպատակների իրականացմանը՝ փորձագիտական հանձնախմբի ստեղծում` հակակոռուպցիոն խորհրդի հետ աշխատելու նպատակով, 2015-2018թթ. Հակակոռուպցիոն ռազմավարության գործարկում և շահագրգիռ կողմերի հետ կապերի ռազմավարության ծրագրի մշակում և իրականացում:
Գործադիրը հավանություն է տվել Գերմանիայի KfW զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող «Գյումրի-2» ենթակայանի վերականգնում» վարկային ծրագրի շրջանակներում տնտեսված միջոցների օգտագործման առաջարկությանը: Ըստ հիմնավորման՝ 2009թ. հունվարի 30-ին ՀՀ կառավարության, գերմանական KfW բանկի և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի միջև ստորագրված «Գյումրի-2» ենթակայանի վերականգնում վարկի տրամադրման և ծրագրի ֆինանսավորման պայմանագրի շրջանակում ամբողջ ծավալով ավարտվել են «Գյումրի-2» 220 կՎ ենթակայանի շինարարական, մոնտաժային և կարգաբերման աշխատանքները և 2014թ. փետրվարին սարքավորումները դրվել են լարման տակ: Ծրագրի իրականացման արդյունքում տնտեսվել է 1 471 263,59 եվրո գումար, որի շրջանակում առաջարկվում է ձեռք բերել ենթակայանի անխափան շահագործման ու պահպանման համար անհրաժեշտ մեքենա-մեխանիզմներ (վերամբարձ կռունկներ, հենահարթակով ամբարձիչներ և այլն) և պահեստամասեր: Անդրադառնալով հարցին՝ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է գործընթացն անցկացնել թափանցիկ:

 Կստեղծվի Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան
 

Կառավարության որոշմամբ կստեղծվի ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան: Որոշմամբ սահմանվել է նաև համալսարանի գործունեության նպատակը, խնդիրները և գործառույթները: Համալսարանի նպատակն է ռազմավարական մակարդակի կրթական օղակի ստեղծումը, մասնավորապես, ռազմաքաղաքական ղեկավարության համար պաշտպանական անվտանգության ոլորտում գիտատեսական և գիտակիրառական ռազմավարական հետազոտությունների իրականացումը: Հաստատությանը ֆինանսական ճկունություն ընձեռելու համար գործադիրի մեկ այլ որոշմամբ կստեղծվի Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի հիմնադրամ, որի նպատակն է աջակցել ՀՀ ժամանակակից ռազմագիտակրթական մշակույթի զարգացմանը:
Գործադիրն ընդունել է նաև համապատասխան որոշում, որի անհրաժեշտությունը բխում է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների որակյալ կրթություն ստանալու, սոցիալական վիճակը բարելավելու և երիտասարդ գիտաշխատողներին աջակցելու պահանջներից: Ըստ այդմ, գումար կհատկացվի կրթության և գիտության նախարարությանը՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամին տրամադրելու համար: Գումարը նախատեսված է բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին կրթաթոշակներ հատկացնելու և երիտասարդ գիտաշխատողներին աջակցելու համար:


Հավանության են արժանացել Կարգավորիչ գիլյոտինի մի շարք առաջարկներ


Կառավարության նիստում հավանության են արժանացել Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի (ՕԿԱԿ) առաջարկները, որոնք վերաբերել են գյուղատնտեսության, անշարժ գույքի և ֆինանսների ոլորտները կարգավորող օրենսդրությանը: ՕԿԱԿ-ը հանդես է եկել «Օրգանական գյուղատնտեսության մասին» օրենքի փոփոխության նախաձեռնությամբ, մասնավորապես՝ առաջարկելով լիազորել ՀՀ կառավարությանը սահմանել ճանաչված միջազգային կազմակերպությունների ցանկ, որոնք կարող են հավատարմագրել սերտիֆիկացման մարմիններին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոլորտում գործող կազմակերպությունները ներկայումս չեն կարող հավատարմագրվել Հավատարմագրման ազգային մարմնի կողմից, քանի որ այն չունի օրգանական գյուղատնտեսության ոլորտում համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնող ֆիզիկական ու իրավաբանական անձանց հավատարմագրելու փորձագիտական (տեխնիկական, մասնագիտական) հնարավորություններ:
Գյուղատնտեսության ոլորտում գործող օրենսդրության մեկ այլ փոփոխությամբ առաջարկվել է թափոնների անձնագրերի համաձայնեցման գործընթացներն իրականացնել 15 աշխատանքային օրվա ընթացքում, ներկայումս գործող 30-օրյա ժամկետի փոխարեն եւ սահմանել, որ լիազոր մարմինը համաձայնեցման ներկայացված անձնագրի թերի լինելու կամ անճշտությունների առկայության դեպքում անձնագիրը լիազոր մարմին մուտք լինելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հետ է վերադարձնում լրամշակման:
Առաջարկվել է նաև բուսաբանական հավաքածուներ և առանձին նմուշներ ՀՀ տարածքից արտահանման թույլտվություն ստանալու համար դիմելու դեպքում լիազոր մարմին հայտի հետ միաժամանակ ներկայացվող փաստաթղթերի ցանկից հանել ներմուծող երկրի համաձայնությունը կամ թույլտվությունը, ինչպես նաեւ բույսերի կարանտին իրականացնող համապատասխան լիազորված մարմնի կողմից տրված թույլտվության վկայականը կամ սերտիֆիկատը, թույլտվությունների տրամադրման ժամկետը սահմանել աշխատանքային օրերով՝ 10-օրյա ժամկետը դարձնելով 7 աշխատանքային օր:
Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին օրենքի փոփոխությամբ առաջարկվել է Անշարժ գույքի գնահատողի որակավորման վկայականնները այսուհետ տրամադրել անժամկետ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից որակավորվող բոլոր այլ՝ քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության մասնագետները արդեն իսկ որակավորվում են անժամկետ: Մեկ այլ նախաձեռնությամբ առաջարկվել է փոփոխություններ կատարել «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում՝ ՀՀ ֆինանսների նախարարությանը իրավասություն տալ սահմանել ՀՀ պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների վարքագծի գնահատման և ընտրության կարգը, ընտրություն կատարել դրան համապատասխան առաջնային շուկայի մասնակիցների և պարտավորվել ապահովել դրանց չափանիշների հրապարակայնությունը:


Այլ որոշումներ


Կառավարության այսօրվա նիստում ընդունված համապատասխան որոշմամբ հայտարարված մրցույթների արդյունքում տնտեսված գումարը նախատեսվում է ուղղել Արմավիրի մարզպետարանի էլեկտրաէներգիայի ձևավորված պարտքի մարմանը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հարցի վերաբերյալ իր դժգոհությունն է հայտնել, մասնավորապես նշելով. «Ես հանձնարարել եմ աշխատակազմի ղեկավար-նախարարին., մինչև հիմնավորումը չլինի՝ չեմ ստորագրելու: Ի՞նչ է նշանակում լրացուցիչ օգտագործել են, ինչի՞ համար են օգտագործել, պետք է հիմնավորվի, պետք է բացատրություն տան»:
Կառավարությունը հավանություն է տվել երիտասարդական աշխատողի ինստիտուտի կանոնակարգին: Ըստ որոշման հիմնավորման, Հայաստանում երիտասարդական աշխատանքի ինստիտուցիոնալ հիմքերի մշակումը կնպաստի երիտասարդության մասնակցության խթանման կազմակերպչական մեխանիզմի ներդրմանն ու աշխատանքների կանոնակարգմանը, երիտասարդական կազմակերպությունների կարողությունների զարգացմանը, երիտասարդության ոլորտում աշխատող մարդկանց՝ երիտասարդության ոլորտի վերաբերյալ մասնագիտական հմտությունների կատարելագործմանը, ինչպես նաև երիտասարդական աշխատանքի ճանաչելիության խթանմանը:
Նիստի ավարտին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկաներին հրավիրել է Կառավարության նիստերի դահլիճի նախասրահում բացված սիրիահայերի արտադրած ապրանքների ցուցահանդես-վաճառքին:
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ