Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 17 դեկտեմբերի 2015

Կառավարությունը շարունակում է աջակցել սահմանամերձ համայնքներին








Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Կառավարության պահուստային ֆոնդից 130 մլն դրամ կհատկացվի Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների` առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար: Ըստ հիմնավորման՝ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում առկա են մի շարք հիմնախնդիրներ` ենթակառուցվածքների բարելավման, մասնավորապես, գազիֆիկացման, ջրամատակարարման, ոռոգման և այլ ոլորտներում: Որոշմամբ՝ գումարը կհատկացվի մարզի ենթակառուցվածքների բարելավման, մասնավորապես գազիֆիկացման, ջրամատակարարման, ոռոգման և այլ ոլորտներում կապիտալ և սոցիալական բնույթի ծրագրերի համաֆինանսավորման նպատակով: Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ վարչապետը նշել է, որ ծրագիրն իրականացվում է Հանրապետության Նախագահի հանձնարարականով: Հովիկ Աբրահամյանը հիշեցրել է, որ IFAD-ն իրականացնում է սահմանապահ համայնքների գազիֆիկացման, ոռոգման համակարգերի վերակառուցման ծրագիրը, և համայնքները չունեն համաֆինանսավորման համար այդ 10 տոկոսը վճարելու հնարավորություն: «Այդ ծրագիրը իրականացնելու, ավարտելու համար մենք այդ 130 մլն դրամը հատկացնում ենք սահմանապահ համայնքներին»,-ընդգծել է գործադիրի ղեկավարը:
Կառավարության որոշմամբ սոցիալական աջակցություն կտրամադրվի Արարատի մարզի Պարույր Սևակ սահմանամերձ համայնքի բնակիչներին: Աջակցությունը նախատեսվում է տրամադրել 2015թ. սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածի համար՝ բաժանորդների սպառած գազի ծավալի (մինչև 30 խմ) 50%-ի չափով, սպառած էլեկտրաէներգիայի ծախսի համար (մինչև 120 կվտ)՝ 50%-ի չափով, ոռոգման ջրի սակագնի մասնակի, ինչպես նաև գույքահարկի և հողի հարկի ամբողջությամբ փոխհատուցելու նպատակով:


Աջակցություն է ստանում ներդրումային հերթական ծրագիրը

Կառավարության որոշմամբ մինչև երեք տարով հետաձգվել է ներդրումային ծրագրի շրջանակում «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը: Ներդրումային ծրագրի շրջանակում «Ջերմուկ Գրուպ»-ը նախատեսում է Ջերմուկ քաղաքում կառուցել ամբողջովին նոր գործարան` հագեցնելով այն տվյալ բնագավառում առկա ժամանակակից սարքավորումներով: Գազավորված հանքային ջրի և խմելու աղբյուրի ջրի արտադրության ու փաթեթավորման գործարան կառուցելու համար ընկերությունը նախատեսում է ներդրումներ իրականացնել շուրջ 5 մլրդ դրամի չափով, որից մոտ 3.46 մլրդ դրամը՝ սարքավորումներ ձեռք բերելու համար: Վերոնշյալ ներդրումների շնորհիվ հնարավոր կլինի ձեռք բերել եվրոպական արտադրության ժամանակակից սարքավորումներ. ընկերությունը նախատեսում է արտադրել տարեկան շուրջ 5.4 մլրդ դրամի արտադրանք (2016թ.), որի մի մասը կիրացնի ներքին շուկայում: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 50 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2016թ.-ին՝ 170, 2017թ.-ին՝ 187 և 2018թ.-ին՝ 205 հազար դրամ:
Կառավարության մեկ այլ որոշմամբ կապահովվի արտահանողների կողմից ներկայացված հայտերով օրենքով սահմանված կարգով ս.թ. չորրորդ եռամսյակում ավելացված արժեքի հարկի վերադարձը:


Կստեղծվեն հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի այլընտրանքային ծառայություններ

Կառավարությունը հաստատել է շուրջօրյա խնամքի տներում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման կարգը: Որոշմամբ նախատեսվում է կարգավորել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման հետ կապված հարաբերությունները շուրջօրյա խնամքի տներում: Որոշմամբ հաստատվող կարգով սահմանվում են շուրջօրյա խնամքի տան հասկացությունը, շուրջօրյա խնամքի տներում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի տրամադրման նպատակը և սկզբունքները, շուրջօրյա խնամքի տներին ներկայացվող ընդհանուր պահանջները, կարգավորվում են շուրջօրյա խնամքի տներում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ընդունելության և դուրսգրման, խնամքի և սոցիալական այլ ծառայությունների տրամադրման, ինչպես նաև նրանց սոցիալական ներառմանն աջակցելու հետ կապված հարաբերությունները: Բացի այդ, նախատեսվում է ձևավորել համապատասխան մասնագիտացված հանձնաժողովներ, որոնք որոշակի մեթոդաբանությամբ և չափորոշիչների կիրառմամբ կիրականացնեն հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց կլինիկական վիճակի, սոցիալական հմտությունների և կարողությունների գնահատում, որի արդյունքում կազմված եզրակացություններով տրված մասնագիտական գնահատականների հիման վրա կիրականացվի շուրջօրյա խնամքի տներում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ընդունելությունը, այդ թվում՝ բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր կամ հատուկ տիպի հաստատություններից: Ըստ հիմնավորման՝ կստեղծվեն անհրաժեշտ նախապայմաններ հոգեբուժական խոշոր հաստատությունների և բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների որոշակի բեռնաթափման համար:
Կառավարության որոշմամբ գումար կհատկացվի «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների ՀԿ-ի անդամ հանդիսացող` աշխատողների միջին ցուցակային թվի առնվազն 50 տոկոս տեսողությունից հաշմանդամ ունեցող ընկերությունների կանոնադրական գործունեության իրականացման արդյունքում վճարված ԱԱՀ-ի և եկամտային հարկի գծով վճարված գումարները փոխհատուցելու նպատակով:


Հայաստանում կներդրվեն բժշկական օգնության և սպասարկման նոր տեսակներ

Կառավարությունը Հայաստանում բժշկական օգնության և սպասարկման նոր տեսակների ներդման նպատակով լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Բժշկական օգնության և սպասարկման նոր տեսակների կիրառման դեպքում նախատեսվում է մատուցված բժշկական ծառայությունների որակի բարձրացում, հիվանդությունների ճշգրիտ ախտորոշում, կանխարգելում և բուժում: Որոշմամբ առաջարկվում են հետևյալ հիմնական լրացումները` բժշկական օգնության և սպասարկման ցանկի ճառագայթային ախտորոշիչ տեսակների ավելացում, անձավաբուժական, հալոթերապևտիկ, ինտերվենցիոն առիթմոլոգիական, սոմնոլագիական տեսակների ավելացում:
Գործադիրը հավանություն է տվել Տրավմատիզմի կանխարգելման 2015-2020 թվականների միջոցառումների ծրագրին, որով նախատեսված գործընթացները կնպաստեն տրավմատիզմի հետևանքով վաղաժամ մահերի և հաշմանդամության կանխմանը և նվազմանը: Ըստ ԱՀԿ տվյալների, աշխարհում յուրաքանչյուր տարի ավելի քան 5 մլն մարդ է մահանում տարբեր տեսակի վնասվածքների հետևանքով, իսկ շատ ավելի մեծ թվով մարդիկ հաշմանդամ են դառնում ամբողջ կյանքում:


Միջազգային համագործակցություն

Վեդու ջրամբարի ֆինանսավորման նպատակով նախատեսվում է կնքել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 75 մլն եվրո արժողությամբ» վարկային համաձայնագիր: Գործադիրն այսօրվա նիստում համաձայնություն է տվել համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագրով նախատեսված ծրագրի իրականացումը հնարավորություն կտա Արարատյան դաշտավայրում մեղմել սակավաջրությունը, ինչպես նաև մեխանիկական ոռոգումից անցում կատարել ինքնահոս համակարգի, ինչն էլ իր հերթին կհանգեցնի էլեկտրաէներգիայի խնայմանը:
Գործադիրը հավանություն է տվել «Կրեդիտ Սվիս» վարկային կազմակերպության լոնդոնյան մասնաճյուղի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի միջև նամակ-հավաստագրին: Որոշմամբ, համաձայնություն է տրվել ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին կնքելու շուրջ 160 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր «Կրեդիտ Սվիս» վարկային կազմակերպության լոնդոնյան մասնաճյուղի հետ:
Կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Քուվեյթի Պետության կառավարության միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառներում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագիրը կնպաստի երկու երկրների միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառում համագործակցության զարգացմանը և ամրապնդմանը:
 

 Օրենսդրական նախաձեռնություններ

Կառավարությունը հավանություն է տվել «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի նպատակը ՀՀ տարածքում օտարերկրյա քաղաքացիների կողմից կատարվող գնումների նկատմամբ սահմանված` կանխիկ վճարումների նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերանայումն է: Գործող օրենսդրության համաձայն, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից միանվագ գործարքների դիմաց ընդունվող վճարումը չի կարող գերազանցել 3մլն դրամը: Խնդիրն այն է, որ վերոնշյալ սահմանափակումը խոչընդոտում է ՀՀ տարածքում օտարերկրյա քաղաքացիների կողմից կանխիկ դրամով գնումներ կատարելուն: Օրինագծով առաջարկվում է հանել կանխիկ դրամով վճարումների ընդունման սահմանափակումները բոլոր այն դեպքերում, երբ վճարումներն ընդունվում են օտարերկրյա քաղաքացիների կողմից կատարվող գնումների դիմաց և այդ գնումների մասով տնտեսավարող սուբյեկտները օրենսդրությամբ սահմանված կարգով դուրս են գրում ԱԱՀ-ի վերադարձի հաշիվ: Օրինագծի ընդունման արդյունքում ակնկալվում է խթանել ՀՀ տարածքում օտարերկրյա քաղաքացիների կողմից կատարվող գնումների ծավալների աճը:
Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Ըստ հիմնավորման՝ օրինագծով քաղաքացիների և բիզնեսի համար նախատեսում է առավել կարգավորված և հստակեցված գործընթացներ, որոնց արդյունքում կպաշտպանվեն նրանց իրավունքները: Մասնավորապես, առաջարկվում է՝
լրացնել պետական և համայնքային հողամասերի փոխանակությամբ օտարելու ձևը, սահմանել, որ մեկ հայտով աճուրդը կայացած է համարվում՝ կրճատելու համար գործող բարդեցված գործընթացը, դրանով նաև՝ հողի տրամադրողի և գնորդի կողմից չհիմնավորված ծախսերը և ժամանակը: Անդրադառնալով օրինագծին՝ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է միջոցներ ձեռնարկել դյուրացվող ընթացակարգերի մասին հանրությանը տեղեկացնելու համար:
Օրինագծերը սահմանված կարգով կներկայացվեն Ազգային ժողով:


Այլ որոշումներ


ՀՀ Սահմանադրությունը 100 հազար օրինակով հրապարակելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից 33 մլն դրամ կհատկացվի արդարադատության նախարարությանը՝ տպարանային ծախսերի համար: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Սահմանադրության տպագրված օրինակները կբաժանվեն բոլոր կառույցներին՝ նախարարություններին , մարզպետարաններին, համայնքներին:
Կառավարության որոշմամբ սահմանվել են էներգասպառող սարքերի և սարքվածքների պիտակավորման կարգն ու պիտակի ձևը, ինչը զերծ կպահի սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոններից և կտնտեսի զգալի վառելիքաէներգետիկ պաշարներ: Ներկայումս Հայաստանում էներգասպառող սարքերի և սարքվածքների էներգախնայողության պիտակավորման կարգ գոյություն չունի և, հետևաբար, սպառողը հնարավորություն չունի հստակ իմանալու իր կողմից օգտագործվող կամ գնվող արտադրանքի էներգախնայողության աստիճանը:
Կառավարության որոշմամբ, «Սալսա Դիվելոփմենթ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացման համար ՀՀ քաղաքաշինության նախարարությանը կհատկացվի համապատասխան գումար՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանի Վազգեն Սարգսյան 3 հասցեում կառուցված Հասարակական (վարչական) համալիրի շինաշխատանքերի վերջնական վճարումը կատարելու համար: Մեկ այլ որոշմամբ, վերոնշյալ հասարակական համալիրի կահավորման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ փոփոխություններ են կատարվել կահույքի ձեռքբերման պայմանագրում:
Կառավարությունը ուժը կորցրած է ճանաչել «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2015 թվականի միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» որոշմամբ հավանության արժանացած՝ Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2015 թվականի միջոցառումների ծրագրի 3-րդ կետի 4-րդ ենթակետը, որով նախատեսվում է փոփոխություն կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում՝ կարգավորումներ նախատեսելով փոքր և միջին խմբային ընկերությունների հիմնման և գործունեության վերաբերյալ: ՀՀ Նախագահի համապատասխան կարգադրությամբ դատաիրավական բարեփոխումների շրջանակում նախատեսվում է կատարելագործել ՀՀ քաղաքացիական օրենսդրությունը: Այս բարեփոխումների շրջանակում ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու վերաբերյալ աշխատանքներն արդեն իսկ գտնվում են ընթացքի մեջ: Դատաիրավական բարեփոխումների շրջանակում քաղաքացիական օրենսդրության կարգավորումները համապատասխանեցվելու են մասնավոր իրավահարաբերությունների կարգավորման ժամանակակից մոտեցումներին:
Գործադիրի համապատասխան որոշմամբ սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի համար սահմանված նոր սակագների 2015թ. օգոստոսի 1-ից ուժի մեջ մտնելու հետ կապված ոռոգման համակարգի ընկերություններում գումարների վճարմամբ պայմանավորված առաջացող լրացուցիչ ծախսերի ֆինանսավորման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին:
Նիստի ավարտին հայտարարությամբ հանդես է եկել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ տեղեկացնելով, որ աշխատանքներ են տարվում ճանապարհորդելու քաղաքականությունը փոխելու ուղղությամբ: «Մյուս տարվա, ենթադրաբար փետրվար կամ մարտ ամիսներից մենք կունենանք տոմսերի պատվերի կենտրոնացված համակարգ: Այդ կապակցությամբ մեզ մոտ հիմա մշակվում է ճանապարհորդային քաղաքականությունը: Առաջարկվում է երեք հիմնական մոտեցում, բայց եթե առաջարկություններ լինեն, սիրով, հիմա հենց այն փուլն է, երբ պետք է ընդունենք: Ուսումնասիրելով այլ երկրների փորձը՝ մենք առաջարկում ենք հետևյալը. բոլոր աշխատողներն ուղևորվում են էկոնոմ դասի չվերթներով, ընդ որում գնվում է ամենաէժան տոմսը, որը չի ենթադրում վերադարձ, ժամկետի փոփոխում և այլն: Նման անհրաժեշտության դեպքում, այսինքն տոմսի կատեգորիան փոխելը, որպեսզի այն ենթադրի վերադարձ կամ ժամկետի փոփոխում, պետք է արվի միայն հատուկ թույլտվության հիման վրա: Գործընթացը կմշակվի:
Երկրորդ խումբ անձինք նախարարներն են, մարմինների ղեկավարները, որոնց համար նախատեսվում է էկոնոմ դասի տոմս, բացառությամբ այն դեպքերի, երբ թռիչքի տևողությունը 8 ժամից ավելի է:
Երրորդ խումբն անվտանգության խորհրդի անդամներն են, որոնց համար նախատեսվում է բիզնես դասի տոմս: Նախատեսվում են մի քանի լրացուցիչ կանոններ, երբ աշխատողներն իրավունք ունեն դիմելու վերադասին առանձին թույլտվություն ստանալու համար, մասնավորապես, խոսքն այն դեպքերի մասին է, երբ թռիչքը միանգամյա չէ, այլ տրանզիտ թռիչք է և օդանավակայանում սպասելու ժամկետը գերազանցում է հինգ ժամը: Այդ դեպքերում հնարավոր են այլընտրանքային տարբերակներ առանձին թույլտվության հիման վրա: Սա, իհարկե, չի սահմանափակում, որ անձինք կարողանան գնել այլ տոմսեր, ուղղակի դա չի փոխհատուցվի պետական բյուջեի հաշվին: Սրանք են հիմնական կանոնները, պարոն վարչապետ»,
- նշել է Դավիթ Հարությունյանը:
Վարչապետն առաջարկել է բոլորի գրավոր կարծիքներն ունենալուց հետո այդ հարցը քննարկել:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ