Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 15 հոկտեմբերի 2015

ՀՀ վարչապետի և ԻԻՀ առաջին փոխնախագահի մասնակցությամբ Երևանում տեղի է ունեցել հայ-իրանական գործարար համաժողով







ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի մասնակցությամբ ՀՀ կառավարության ընդունելությունների տանն այսօր մեկնարկել է հայ-իրանական գործարար համաժողովը:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում, մասնավորապես, նշել է. «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ողջունում եմ հայ-իրանական գործարար համաժողովի բոլոր կազմակերպիչներին և հյուրերին:
Մենք բարձր ենք գնահատում հայ-իրանական համագործակցությունը, որը հիմնված է դարավոր բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա: Վստահ եմ՝ տարածաշրջանում ստեղծված քաղաքական նոր իրավիճակն էլ ավելի կնպաստի հայ-իրանական հարաբերությունների նոր փուլ թևակոխման գործընթացին: Տնտեսական համագործակցության ակտիվացման լավագույն միջոցներից է այսօրվա գործարար համաժողովի անցկացումը, ինչը հնարավորություն կընձեռի Հայաստանի և Իրանի գործարարներին ծանոթանալու միմյանց երկրների տնտեսությանը, ներդրումային հնարավորություններին և հաստատելու գործարար կապեր տնտեսության ամենատարբեր ոլորտներում:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներդրումների նկատմամբ հայտարարել և իրականացնում է «բաց դռների» քաղաքականություն` չկիրառելով գրեթե ոչ մի սահմանափակում ներդրումային գործունեության նկատմամբ: Ներդրումային և գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ վերջին տարիներին իրականացվել են մի շարք բարեփոխումներ, որոնց արդյունքներն ակնհայտ են: Դրա մասին են վկայում միջազգային հեղինակավոր կառույցների կողմից հրապարակվող բազմաթիվ վարկանիշային ցուցանիշները: Այսօր Հայաստանն առաջատարն է ԱՊՀ երկրների շարքում տնտեսության ազատության և գործարարությամբ զբաղվելու ցուցանիշներով: Համաձայն Համաշխարհային բանկի` «Գործարարությամբ զբաղվելը 2015» վարկանիշային զեկույցի՝ Հայաստանն զբաղեցնում է 45-րդ տեղը 189 երկրների շարքում:
Հայաստանի Հանրապետությունը վարում է բազմավեկտոր արտաքին տնտեսական քաղաքականություն և ունի առևտրի արտոնյալ ռեժիմներ բազմաթիվ երկրների հետ: Հայաստանն անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը, ինչը նշանակում է, որ Հայաստանում արտադրված ապրանքները զրոյական մաքսատուրքերով առանց մաքսային ձևակերպումների և այլ վարչարարական խոչընդոտների կարող են ազատ մուտք գործել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների մոտ 170 միլիոնանոց սպառողական շուկա: Ունենք ազատ առևտրի համաձայնագրեր շուրջ 250 մլն ընդհանուր բնակչությամբ ԱՊՀ անդամ երկրների մեծամասնության հետ: Միաժամանակ, Հայաստանն օգտվում է ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի և Նորվեգիայի «Արտոնությունների ընդհանրացված համակարգ» (GSP) արտոնյալ ռեժիմից, ինչը նշանակում է Հայաստանում արտադրված ապրանքների համար զեղչված կամ զրոյական մաքսատուրքերով մուտք վերոնշյալ երկրների շուկա:
Եվրամիության կողմից Հայաստանին տրամադրվում է նույնիսկ ավելի արտոնյալ՝ GSP+ կոչվող առևտրային ռեժիմը, ինչն ապահովում է շուրջ 6400 տեսակի հայկական ապրանքների մուտքը Եվրամիության անդամ 28 երկիր՝ ներմուծման մաքսատուրքի զրոյական դրույքաչափերով: Հայաստանում գործունեություն ծավալելով` վերոնշյալ արտոնյալ ռեժիմներից կարող են օգտվել նաև իրանցի մեր գործընկերները: Ակտիվորեն համագործակցում ենք նաև Մերձավոր Արևելքի մի շարք երկրների հետ, որոնց հետ առևտրաշրջանառությունը վերջին տարիներին արագ տեմպերով աճում է:
Համագործակցության հարթակ կարող են դառնալ նաև Հայաստանում ստեղծված ազատ տնտեսական գոտիները: Երկրում գործում են երկու ազատ տնտեսական գոտիներ, որոնցից մեկն ունի բարձր և նորարական տեխնոլոգիաների արտադրության և արտահանման, մյուսը` ոսկերչության, ակնագործության ու ժամագործության ուղղվածություն: Հայաստանի ազատ տնտեսական գոտիների շահագործողներն ազատված են շահութահարկի, ավելացված արժեքի հարկի, գույքահարկի և մաքսատուրքի վճարման պարտավորություններից:
Հայաստանում ներդրումներ կատարելու օգտին է խոսում նաև մեր երկրում որակյալ և կրթված աշխատուժի առկայությունը, որը ճկուն է ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին հարմարվելու առումով: Վերջին տարիներին մեր տնտեսության մեջ աճի տեմպեր ենք գրանցում հատկապես գիտելիքահեն ոլորտներում, որոնցից են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, դեղագործությունը, բժշկությունը, զարգանում է ֆինանսաբանկային համակարգը, ինչպես նաև ոսկերչությունը, գյուղատնտեսությունը, հանքաարդյունաբերությունը, զբոսաշրջությունը, սննդի վերամշակման և այլ ոլորտներ: Իրանցի գործարարների համար կարող է հետաքրքիր լինել համագործակցությունը զբոսաշրջության, տեքստիլի, մշակող արդյունաբերության, տրանսպորտի ոլորտներում: Այս ամենը խոսում է ներդրումային, առևտրային և գործարար բազմաթիվ հնարավորությունների մասին:
Մեր երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացման առումով ռազմավարական նշանակություն ունի երկկողմ տրանսպորտային փոխադրումների ակտիվացումը, և այս առումով խիստ կարևոր են ինչպես արդեն մեկնարկած Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը, այնպես էլ Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման նախագիծը:
Չեմ կարող չանդրադառնալ նաև էներգետիկայի բնագավառի մեր համատեղ ծրագրերին, մասնավորապես՝ Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման 3-րդ գծի և Մեղրի ՀԷԿ-ի կառուցման ծրագրերին: Վստահ եմ՝ այս ծրագրերը նոր որակ կհաղորդեն տարածաշրջանային էներգահամակարգերին մեր ինտեգրման գործընթացին:
Լիահույս եմ՝ այս համաժողովը կօգնի բացահայտել Հայաստանը` որպես հնարավորությունների երկիր՝ ժամանակակից, կրթված, աշխատասեր մարդկային կապիտալով, աշխարհագրական դիրքով և բազմաթիվ երկրների հետ համագործակցության ձևաչափերով: Երկիր, որտեղ յուրաքանչյուր նոր նախաձեռնության նկատմամբ ցուցաբերվում է առանձնահատուկ` «գործարարի կարիքների վրա հիմնված» մոտեցում: Հավելեմ, որ մոտ մեկ ամսից հայ-իրանական գործարար համաժողով ենք նախատեսում նաև Թեհրանում, որին մասնակցելու մեծ հետաքրքրություն է ցուցաբերել նաև Հայաստանի գործարար հատվածը»:
ՀՀ վարչապետը հաջող և արդյունավետ ընթացք է մաղթել համաժողովի աշխատանքներին:
Հայ-իրանական գործարար համաժողովի մասնակիցներին ողջունել է նաև Իրանի Իսլամական հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին: «Չափազանց ուրախ եմ, որ առիթ ունեմ ներկա գտնվելու Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության առևտրատնտեսական ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Երկու հարևան երկրները՝ Իրանը և Հայաստանը, ունեն պատմական անցյալ և օրինակելի փոխհարաբերություններ, մշակութային ու քաղաքական հարաբերությունների լայն շրջանակ, որը ժամանակի ընթացքում ավելի է ամրապնդվել: Իրանահայերն իրենց նպաստն են բերում Իրանի առաջընթացին, և մենք որևիցե սահմանափակում չունենք Հայաստանի հետ մեր հարաբերությունները զարգացնելու առումով», - ասել է ԻԻՀ առաջին փոխնախագահը: Պարոն Ջահանգիրին ընդգծել է, որ անհրաժեշտ է Հայաստանի և Իրանի միջև քաղաքական ու մշակութային երկխոսության բարձր մակարդակին հասցնել նաև զարգացման մեծ ներուժ ունեցող առևտրատնտեսական համագործակցությունը: Այս համատեքստում նա կարևորել է հայ-իրանական գործարար համաժողովի անցկացումը, որը լավ առիթ է երկկողմ տնտեսական հնարավորություններին ծանոթանալու և առևտրատնտեսական կապերը խթանելու համար: Էսհաղ Ջահանգիրին կարևորել է համատեղ ջանքերի գործադրումը՝ գոյություն ունեցող խնդիրները քննարկելու առումով. «Այս ուղղությամբ կարևոր է, որ մենք կարողանանք մի շարք հուշագրեր ստորագրել, որոնց թվում է նաև արտոնյալ սակագների պայմանագիրը»:
Պարոն Ջահանգիրին նշել է, որ իրանական կողմի աջակցությամբ հաջողությամբ շարունակվում է Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարության ծրագիրը, որտեղ որոշ դժվարություններ կային, և ՀՀ վարչապետի՝ Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակում կայացած երկկողմ բանակցությունների արդյունքում շինարարական աշխատանքները վերսկսվել են: Էսհաղ Ջահանգիրին համոզմունք է հայտնել, որ կարճ ժամանակահատվածում դրանք ավարտին կհասցվեն:
ԻԻՀ առաջին փոխնախագահն անդրադարձել է Եվրասիական տնտեսական միության Հայաստանի անդամակցությանը՝ նշելով, որ մեր երկիրը կարող է հարմար հարթակ դառնալ ԵԱՏՄ-Իրան երկխոսության ձևավորման և համագործակցության զարգացման համար: «ՀՀ-ն Իրանի համար այն միակ երկիրն է, որը կարող է հարթակ դառնալ իրանական արտադրանքը ԵԱՏՄ արտահանելու համար»,-նշել  է պարոն Ջահանգիրին: «Բացի այդ, Հայաստանը կարևոր դերակատարում ունի տարանցիկ գոտի լինելու առումով: Ունենք Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը, պետք է լուծենք նաև երկաթգծի կառուցման հարցը, որը տարածաշրջանային նշանակություն կարող է ունենալ»,-ասել է ԻԻՀ առաջին փոխնախագահը՝ նշելով, որ Իրանը պատրաստակամ է իրականացնելու արդ ծրագրերը:  Ներդրումային ծրագրերի իրականացման առումով նա նաև կարևորել է ազատ տնտեսական գոտիների առկայությունը:
Էսհաղ Ջահանգիրին նշել է, որ Իրանում անցկացվելիք երկկողմ գործարար համաժողովը ևս կնպաստի հայ և իրանցի գործարարների միջև մտքերի փոխանակմանը, նոր ծրագրերի նախանշմանը և տնտեսական հարաբերությունների ակտիվացմանը: Իրանի նախագահի առաջին տեղակալը հաջողություն է մաղթել համաժողովի մասնակիցներին՝ հույս հայտնելով, որ այն հնարավորություն կտա ցանկալի արդյունքի հասցնել երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալը:
Հայ-իրանական գործարար համաժողովին մասնակցում է 300-ից ավելի գործարար Հայաստանից և Իրանից (շուրջ 80 գործարար):
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ