Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 30 հունիսի 2015

«Տնտեսական օրակարգ» խորագրով համաժողովի ընթացքում ներկայացվել են կառավարության առաջնայնություններն ու առաջիկա ծրագրերը






Կառավարության ընդունելությունների տանը վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ իր աշխատանքներն է սկսել «Տնտեսական օրակարգ» խորագրով համաժողովը: Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Հովիկ Աբրահամյանը նշել է. «Թույլ տվեք ողջունել ձեզ համաժողովի շրջանակում և հայտնել անկեղծ գոհունակությունս` երկրի առջև ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրների շուրջ ձեր մասնագիտական և քաղաքացիական ներդրումն ունենալու պատրաստակամության համար: Այսօրվա միջոցառումն իրավամբ յուրահատուկ եմ համարում թե՛ մասնակիցների շրջանակով, թե՛ քննարկվելիք հարցերի ընդգրկումով, և որ առանձնահատուկ կարևորում եմ, անշահախնդիր մասնակցության և կառուցողական երկխոսության պատրաստակամության տեսանկյունից:
Վերջին շրջանում կառավարության գործունեության և, ընդհանրապես, երկրում իրականացվող տնտեսական քաղաքականության հանդեպ նկատվում է երկու միտում՝
առաջին՝ հոռետեսություն, հուսահատություն, բացասական տրամադրությունների ստեղծում և տարածում,
երկրորդ՝ բոլոր խնդիրներն արտաքին տնտեսական կոնյուկտուրայի, նավթի գների և այլ, մեզանից չկախված հանգամանքների վրա բարդելու միտումը:
Ինձ համար երկու մոտեցումներն էլ հավասարաչափ անընդունելի են:
Անդադար նվնվոցով և հոռետեսությամբ աշխարհում դեռ ոչ մի տնտեսություն չի վերականգնվել, և Հայաստանը բացառություն չի կարող լինել: Այն մարդկանց հետ, որոնք աշխատասենյակներում, մամուլի էջերում և սրճարաններում առավոտից երեկո զբաղված են դրանով, ես և կառավարությունն իսկապես չենք կարող ճանապարհ անցնել և չունենք աշխատանքի ընդհանուր դաշտ:
Մյուս կողմից, ինձ համար անընդունելի է նաև բոլոր խնդիրներն ու պրոբլեմներն ուրիշների վրա բարդելու, մեր չարածը, մեր բացթողումները միջազգային միտումներով արդարացնելու գործելաոճը: Տարածաշրջանային զարգացումները, նավթի և հումքային ապրանքների միջազգային շուկայի անկայունությունը և բազմաթիվ այլ գործոններ օբյեկտիվ հանգամանքներ են, բայց ոչ երբեք արդարացման միջոցներ:
Ես ուզում եմ բոլոր շահագրգիռ ու մտահոգ անձանց, ուժերին, մասնագիտական խմբերին հղել իմ ուղերձը՝ իմ դռները բաց են բոլոր ողջամիտ առաջարկների ու ծրագրերի համար: Ցանկացած առաջարկ, որը կօգնի մեր ընդհանուր գործին, կգնահատվի ըստ արժանվույն: Հայաստանը կարիք ունի բոլոր շահագրգիռ ու առողջ ուժերի համատեղ ջանքերի ու աշխատանքի:
Ես ամենայն լրջությամբ և հարգանքով եմ վերաբերվում ցանկացած, անգամ շատ սուր քննադատության, որը կլինի հիմնավորված ու փաստարկված: Ես պատրաստ եմ անձամբ հանդիպել նման քննադատության հեղինակներին, միասին կետ առ կետ քննարկելու ասվածը, և ինչու չէ՝ դրանց հիման վրա մեր ծրագրերում ուղղումներ և շտկումներ մտցնել:
Ինչպես ցույց տվեցին վերջին զարգացումները, խիստ կարևոր է պետության քաղաքականության, պետական ինստիտուտների նկատմամբ հանրային վստահությունը: Եվ ես չգիտեմ հանրային վստահության հասնելու առավել լավ մեթոդ, քան երկխոսությունն է: Առճակատումներով և առավելագույն պահանջներով, որքանով էլ ցանկալի լինի նպատակը, վստահության պաշար ձեռք չես բերի: Այստեղ հավաքված են մասնագետներ, որոնք քաջատեղյակ են երկրում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակից, համապատասխան ոլորտներում կայացած են իրենց փորձառությամբ և գիտելիքների պաշարով, գիտական և հասարակական հանրության շրջանում տիրապետում են վստահության լուրջ պաշարի:
Ես կողմնակից եմ մտածված ու հետևողական աշխատանքի: Իրավիճակը շտկելու, տնտեսությունը զարգացնելու, առաջ գնալու ուրիշ ելք ուղղակի չեմ պատկերացնում: Նրանց, ովքեր կիսում են այս մոտեցումը և ունեն թեկուզ մեկ նախագծի վրա, մեկ ծրագրի սահմաններում, աշխատելու ցանկություն, անկախ քաղաքական հայացքներից, ես համարում եմ իմ համախոհները:
Համաժողովի օրակարգը բավական հագեցած է և համապարփակ: Այսօր մենք մտքերի ակտիվ փոխանակության հնարավորություն կունենանք տնտեսության հիմնական ոլորտների և ճյուղերի, տնտեսական աճի հիմնական շարժիչների մասով:
Հաճախ տնտեսական աճի ապահովման խնդրի լուծումը դուրս է գալիս ներքին կարողությունների տիրույթից կամ դրա տեմպերը չեն բավարարում զարգացման հավակնությունները լիարժեք իրացնելու համար, ինչը պարտադիր է դարձնում խնդրին նայել մի քանի տեսանկյուններից:
Այս նպատակով էլ մակրոտնտեսական տեսակետի հետ մեկտեղ այսօրվա համաժողովի օրակարգային թեմաներից է Հայաստանի կայուն տնտեսական զարգացման ռազմավարություն. ինովացիոն առաջընթացի ուղին փաստաթղթի նախագծի ներկայացումը: Համոզված եմ՝ տնտեսության արդիականացման հրամայականն ունի ժողովրդի բոլոր կարող ուժերին իր շուրջը միավորելու ներուժ: Մեր խնդիրն է փոխադարձ վստահության ձևավորման ճանապարհով այդ ներուժը դարձնել անպարտելի ուժ` բարեկեցիկ և կայուն զարգացող երկիր կառուցելու անխախտ պատրաստակամությամբ:
Այժմ մենք հենց այդ ուղին ենք բռնել այս պահին հասարակությանն ամենաշատ հուզող էլեկտրաէներգիայի ոլորտում: Այստեղ խնդիրները շատ են, իսկ լուծումները՝ ոչ պարզունակ: Վերջին տարիների ընթացքում այս ոլորտն աստիճանաբար նահանջել է, և այսօր արդեն էլեկտրաէներգետիկական ոլորտի խոշոր պետական ընկերությունները, ինչպես նաև մասնավոր սեփականություն հանդիսացող ՀԷՑ-ը կուտակել են մեծ չափով պարտքեր, և նման վիճակի շարունակությունը կարող էր բերել համակարգի համար անդառնալի հետևանքների:
Կարծում եմ՝ գիտեք արդեն, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից 2015 թ. օգոստոսի 1-ից սահմանվել են սպառողների վաճառվող էլեկտրաէներգիայի նոր սակագներ, որը, բնականաբար, չէր կարող բողոքի ալիք չբարձրացնել մեր հասարակության մի հատվածի մոտ:
Սա մեր կարևորագույն խնդիրներից է, և մենք ամեն ինչ պետք է անենք այս ոլորտը ֆինանսապես առողջացնելու և դրա համար հանրության աջակցությունն ունենալու համար: Մենք աննախադեպ քայլեր ենք իրականացնում բաց տեղեկատվության և լավագույն միջազգային փորձագետների ընդգրկմամբ հասարակությունում առկա անվստահության անջրպետը վերացնելու ուղղությամբ: Սակայն մենք հակված չենք հանրության ընդգրկումը միայն կարճաժամկետ հատվածում նայել:
Մենք մեր գործընկերների՝ Համաշխարհային բանկի և ԱՄՆ Միջազգային Զարգացման գործակալության հետ պատրաստել ենք 2016-2036 թթ. էներգետիկ համակարգի ռազմավարական զարգացման ծրագիրը, որը շուտով կդնենք լայն մասնագիտական և հանրային քննարկման: Վստահ եմ, որ հանրության լայն ընդգրկումն այս քննարկումներին հնարավորություն կտա բարձրացնել վստահությունը դեպի կայուն և վստահելի էներգետիկ համակարգ ունենալուն մեր քաղաքականությանը:
Եվս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել համաժողովին ձեր մասնակցության համար և մաղթել բոլորիս արդյունավետ քննարկումներ»:

Կառավարության 2015 թվականի գործունեության առաջնահերթությունները, տնտեսության աշխուժացմանն ու զարգացմանը, ներդրումային դաշտի և բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված ծրագրերը, առաջիկա քայլերը, ինչպես նաև մեր երկրի հարկաբյուջետային քաղաքականությունն են ներկայացրել կառավարության տնտեսական բլոկը ներկայացնող նախարարները: Մասնավորապես, զեկույցներով հանդես են եկել ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ՀՀ գյուղատնտսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ինչպես նաև ՀՀ կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը: Տնտեսական քաղաքականության և հնարավոր զարգացումների վերաբերյալ իրենց դիտարկումներն ու առաջարկություններն են ներկայացրել նաև Ազգային ժողովի պատգամավորներ՝ Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, Հրանտ Բագրատյանը, Խոսրով Հարությունյանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ (նախարար) Արա Նռանյանը, տնտեսագետներ և փորձագետներ: Համաժողովի առաջին հատվածում տեղի է ունեցել մտքերի փոխանակություն և հարցուպատասխան:
Ամփոփելով համաժողովի առաջին նիստի աշխատանքները՝ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին հետաքրքիր մտքեր, գաղափարներ, առաջարկություններ ներկայացնելու համար: Վարչապետը կարևորել է նման համաժողովների անցկացումը, այդ թվում՝ տնտեսության առանձին ճյուղերի վերաբերյալ, որոնք հնարավորություն են տալիս ավելի ընդգրկուն կերպով ներկայացնել կառավարության ծրագրերը, մեր երկրում և ընդհանրապես տարածաշրջանում առկա խնդիրներն ու մարտահրավերները, դրանց լուծման ուղիներն ու հնարավորությունները: Հովիկ Աբրահամյանը վստահեցրել է, որ համաժողովի ընթացքում հնչած յուրաքանաչյուր առաջարկություն կլինի կառավարության քննարկման առարկա: Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունն ունի տնտեսությունն առաջ մղելու անհրաժեշտ ռեսուրս և դրա ներդրման գործում կարևորել միասնական ու նպատակային աշխատանքը:
 

 

 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ