ուրբաթ, 24 ապրիլի 2015
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
Սիրելի՜ հայրենակիցներ,
Այսօր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է: Օսմանյան Թուրքիայի իշխանություններն Առաջին աշխարհամարտի տարիներին ծրագրեցին և իրականացրեցին հրեշավոր ոճրագործություն: Այս օրերին աշխարհասփյուռ հայությունը և առաջադեմ մարդկությունը հիշում ու դատապարտում է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Մենք ոգեկոչում ենք մեր՝ 1,5 միլիոն անմեղ զոհերին, վերհիշում նրանց տառապանքի ուղին ու խոնարհվում նրանց անմար հիշատակի առջև։ «Հիշում եմ և պահանջում» կարգախոսի ներքո աշխարհի բոլոր ծայրերում անցկացվում են Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ: Տարեցտարի ավելանում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող երկրների թիվը, ինչը խոսում է սերունդների առջև մարդկության պատասխանատվության մասին:
Այսօր մենք հիշում ենք նրանց, ովքեր վերապրեցին Մեծ եղեռնը, ովքեր անցնելով անմարդկային տառապանքներն ու պարտադրված արտագաղթը` իրենց մեջ ուժ գտան վերահաստատվելու մայր Հայաստանում և սփյուռքում ՝ վառ պահելով հայի ինքնությունն ու անունը:
Երախտիքի խոսք եմ ցանկանում հղել բոլոր այն երկրներին, միջազգային կազմակերպություններին ու անհատներին, որոնք հայ ժողովրդի հետ միասին առ այսօր պայքարում են պատմական արդարության վերականգնման, ցեղասպանությունների դատապարտման ու կանխարգելման համար:
Հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին, որպես ցեղասպանություն վերապրած և վերածնված ժողովուրդ՝ պարտավոր ենք համախմբվել, միասին առաջ շարժվել, զարգացնել ու հզորացնել մեր հայրենիքը: