Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 2 ապրիլի 2015

Կառավարությունը շահութահարկի արտոնություն է սահմանում







Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը
ՀՀ կառավարությունը հաստատել է արտահանման ծրագրերի ՀՀ կառավարության հավանության արժանացման կարգը, սահմանել, որ տվյալ հաշվետու տարվա ընթացքում հարկ վճարողների խմբի կողմից յուրաքանչյուր արտահանման ծրագրի շրջանակում ՀՀ տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանված և (կամ) Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ տեղափոխված՝ ՀՀ-ում արտադրված ապրանքների մաքսային արժեքի նվազագույն մեծությունը կազմում է 75 տոկոս: Գործադիրը շահութահարկի արտոնություն է սահմանել հարկ վճարողների այն խմբի համար, որի ՀՀ տարածքից դուրս կատարած աշխատանքի հանրագումարը առնվազն 40 մլրդ դրամ է: Այս դեպքում շահութահարկի դրույքաչափը 5 տոկոս է: 2 տոկոս դրուքաչափ է սահմանվել հարկ վճարողների այն խմբի համար, որի ՀՀ տարածքից դուրս կատարած աշխատանքի արժեքի հանրագումարը առնվազն 50 մլրդ դրամ է: Կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնք թույլ կտան բարելավել Հայաստանի դիրքը գլոբալ մրցունակության ինդեքսում: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է ընդունված որոշումները և նշել, որ դրանց իրականացմամբ առաջընթաց կապահովվի: Հարկավոր է այնպես անել, որպեսզի տնտեսության ակտիվացմանը նպաստող արտահանման գործընթացում որևէ խոչընդոտ չառաջանա:
«Երևանջուր» ՓԲԸ կողմից ստեղծված ակտիվների ամրացման և դրանք ընկերությանը վարձակալության հանձնելու հարցի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետը ՀՀ գյուղատնտեսության նախարարին պարտավորեցրել է խորամուխ լինել, թե ինչպես է հաշվառելու ընկերության պետական գույքը և լրացուցիչ տեղեկություն տալ դրա վերաբերյալ:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ուսումնական քարտեզների ձևավորման և կազմման աշխատանքներն իրականացնելու նպատակով կառավարությունը վերաբաշխում է կատարել 2015թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ՝ իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ, ինչի արդյունքում 100-րդ տարելիցի նախաշեմին կունենանք մեկ տասնյակից ավելի քարտեզ, որոնք կբաշխվեն ՀՀ, ԼՂՀ և սփյուռքի ուսումնական հաստատություններին: Վարչապետի խոսքով ինքը տեսել է քարտեզների նմուշները և բարձր է գնահատում կատարված աշխատանքը:
Կառավարությունը հավանություն է տվել «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի 2015թ. ծրագրին և միջոցառումների ցանկին: Ծրագիրը մշակելիս հաշվի են առնվել 2013թ. անցկացված «Կոմիտաս Վարդապետ» փառատոնի արդյունքները: 15 միջոցառումներին այն ժամանակ մասնակցել էր ինը երկրի 300 ներկայացուցիչ:
Նիստում հավանություն է տրվել ՀՀ և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2014թ. դեկտեմբերի 19-ին ստորագրված «Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագրին, որով ՎԶԵԲ-ը Հայաստանին կհատկացնի 3.5 մլն եվրո վարկ: Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետությանը՝ բարելավելու կոշտ կենցաղային թափոնների կառավարումը Կոտայքի մարզում և Սևան քաղաքում:


Կրճատվում են մաքսային և հարկային ոլորտները կարգավորող իրավական ակտերը


Կառավարության ընդունած որոշումներից վեցը միտված է մաքսային և հարկային ոլորտները կարգավորող իրավական ակտերի կրճատմանը, պարզեցմանը, մասնավորապես՝ դրանցով սահմանված տնտեսապես անարդյունավետ և աննպատակահարմար մեխանիզմների վերացմանը: Կառավարությունը որդեգրել է տնտեսական գործունեության պետական կարգավորման, արդյունավետության բարձրացման, գործարար միջավայրի և շուկայական տնտեսության զարգացումը խոչընդոտող դրույթների վերացման, պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավման և պարզեցման, գործող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման քաղաքականություն: Այս նկատառումով ուժը կորցրած են ճանաչվել կամ նոր խմբագրությամբ շարադրվել ամբողջական որոշումներ կամ որոշումների դրույթներ, որոնք ընդգրկում են մաքսային և հարկային, ինչպես նաև հողային հարաբերությունների ոլորտները: Այս առիթով վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի ձեռքբերմանը, ինչն այդ համայնքների ուժից վեր է: Վարչապետը ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, ՀՀ ֆինանսների և ՀՀ քաղաքաշինության նախարարություններին առաջարկել է քննարկել այդ հարցը և լուծումներ մատնանշել:


Թվային հեռարձակման անցնելու ժամկետը կարող է փոխվել


Կառավարությունը քննարկել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Ս.թ. հուլիսի 1-ից ՀՀ ամբողջ տարածքում հեռուստահաղորդումների թվային հեռարձակման անցնելը, նրա կարծիքով, կարող է դառնալ մոտ մեկուկես տասնյակ հեռուստաընկերությունների փակման պատճառ, և առնվազն մի քանի հարյուր մարդ գործազուրկ կդառնա: Օրենքի փոփոխությունը հնարավորություն կտա երկու տարով երկարաձգել անալոգային արտոնագրերի գործողության ժամկետը և գտնել խնդրի լուծման ավելի լավ տարբերակ: Կառավարությունն ընդունելի է համարում թվային հեռարձակման ժամկետի հետաձգումը մինչև 2017թ., սակայն քննարկման ենթակա՝ ծագող ֆինանսական հարցերը: Առաջիկայում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը կառավարության քննարկմանն է ներկայացնելու «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը:
Գործադիրը քննարկել է ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ամրագրել, որ բացի խնամակալից, ընտանիքի անդամից կամ հոգեբուժական հաստատության տնօրինությունից գործունակության վերականգնման համար կարող են դատարան դիմել ինչպես քաղաքացին, այնպես էլ նրա փաստաբանը: Սկզբունքորեն չառարկելով ներկայացված առաջարկությանը, կառավարությունը, խնդրի ամբողջական կարգավորման նպատակով, նույնպես մի քանի դրույթ է առաջարկել, որոնք ընդունելու դեպքում ընդունելի կհամարի պատգամավորների օրինագիծը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախարարներին հանձնարարել է հետեւողական լինել, որպեսզի Ազգային ժողովում օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու ժամանակ կառավարության առաջարկներն ու կարծիքն անպայման հաշվի առնվեն:
Նիստում քննարկվել է «Շրջանառության հարկի մասին» և «Հարկերի մասին» օրենքներում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նրա խոսքով իր առաջարկած լրացումների նպատակն է հավասար պայմաններ ստեղծել ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող բոլոր տնտեսվարող սուբյեկտների համար: Կառավարությունը նպատակահարմար չի համարել նախագծերի ընդունումը և հիմնավորել իր բացասական եզրակացությունը:
Նիստում քննության է առնվել ԱԺ մի խումբ պատգամավորների՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ քաղաքացիների՝ տարադրամով վարկերի վերաձևակերպման մասին» օրենքի նախագիծը, որն ընդունելու դեպքում, ըստ հեղինակների, կպաշտպանվեն քաղաքացիների շահերը, կամրապնդվի ազգային արժույթը: Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել օրինագծին, քանի որ առաջարկվող քաղաքականության իրականացումը ենթադրում է միաժամանակյա էական ծախսեր:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:


Օժանդակություն կստանան մտավոր սեփականության իրավատերերը


ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել «Մաքսային միության անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային ռեեստրի մասին» 2010թ. մայիսի 21-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու արձանագրության կնքման առաջարկությանը: Համաձայնագրով Մաքսային միության (ս.թ. հունվարի 1-ից՝ Եվրասիական տնտեսական միության) անդամ պետությունների համար ստեղծվել է մտավոր սեփականության օբյեկտների մեկ միասնական ռեեստր, ինչը նպատակ ունի իրենց իրավունքների պաշտպանության հարցերում օժանդակել մտավոր սեփականության իրավատերերին: Արձանագրությամբ նախատեսված փոփոխությունները հիմնովին կկատարելագործեն համաձայնագրով նախատեսված մեխանիզմները, որոնք բխում են իրավատերերի շահերից:
Նիստում համաձայնություն է տրվել «Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի (Եվրասիական տնտեսական միության) անդամ պետությունների միջև ծառայողական և քաղաքացիական զենքի տեղափոխման մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագրի կնքումը Կողմ պետություններին հնարավորություն կընձեռի պետական հսկողություն իրականացնել նշված զենքի տեղափոխման և ներքին տարանցման նկատմամբ՝ սույն համաձայնագրի և Կողմ պետությունների օրենսդրությանը համապատասխան, ինչպես նաև սահմանել այդ զենքի տեղափոխում և ներքին տարանցում իրականացնելու դեպքերը: Համաձայնագիրը չի տարածվի արտահանման հսկողությանը վերաբերող հարաբերությունների վրա:
Համաձայնություն է ստացել Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության կառավարությունների միջև քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների կանխման և վերացման բնագավառում համագործակցելու համաձայնագրի կնքման առաջարկությունը: Չնայած երկու կողմերի մասնագետները բավական հաջող համագործակցում են ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում, սակայն աղետների դեմ պայքարի հարաբերությունների իրավանորմատիվային անմիջական հիմքերը բացակայում են: Սույն համաձայնագիրը կլրացնի նշված բացը:


Այլ որոշումներ


ՀՀ կառավարությունը որոշել է 2015թ. ապրիլի 6-ի աշխատանքային օրը տեղափոխել 2015թ. ապրիլի 11-ը՝ շաբաթ օրը: Հայ Առաքելական եկեղեցու Տաղավար տոներին հաջորդող մեռելոց օրերը ոչ աշխատանքային հայտարարելու հարցը ՀՀ վարչապետի հանձնարարությամբ լրացուցիչ քննարկվելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, պետական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Գործադիրը Արամ Հարությունյանին ազատել է ՀՀ Կոտայքի մարզպետի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Մեկ այլ որոշմամբ Կոտայքի մարզպետ է նշանակվել Կարապետ Գուլոյանը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է նորանշանակ մարզպետին և մաղթել բեղմնավոր աշխատանք:
Նիստի ավարտին վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է նաիրիտցիների հարցին և նշել, որ կառավարությունը որևէ խոստում չի տվել նրանց: Ձեռնարկությունում կատարված անձնակազմի կրճատումից հետո մնացել է 480 աշխատող: Աշխատավարձի պարտքը, որը գոյացել է նախորդ տարիներին, հնարավոր կլինի վերադարձնել միայն գործարանում եղած գույքի մի մասի վաճառքից գոյացած միջոցների հաշվին: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հավաստմամբ այժմ բանակցություն է վարվում այդ հարցը լուծելու ուղղությամբ:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ