Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 4 սեպտեմբերի 2014

Կառավարության նիստում արծարծվել են հանրությանը հուզող մի շարք հարցեր










Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ կառավարությունն ի գիտություն է ընդունել ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած ՀՀ 2015թ. պետբյուջեի նախագծի խոշորացված ցուցանիշների նախնական տարբերակը: ՀՀ հանրապետական գործադիր մարմինների ղեկավարները մեկ շաբաթվա ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարություն են ներկայացնելու առաջարկություններ` «ՀՀ 2015 թ. պետբյու¬ջեի մասին» օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վե¬րաբերյալ: Մինչև 2014թ. սեպտեմբերի 13-ը ՀՀ վարչապետի մոտ քննարկվելու է բյուջեի նախագծի նախնական տարբերակը, որից հետո փաստաթուղթը ներկայացվելու է ՀՀ Ազգային ժողով:
Այնուհետև կառավարության ղեկավարն անդրադարձել է հանրությանը հուզող ևս մեկ հարցի. «Վերջին օրերին ինձ են դիմել բուհերի երիտասարդ դասախոսներ, ովքեր համատեղում են ոչ պետական կազմակերպություններում իրենց աշխատանքը պետական ոչ առևտրային կազմակերպությունների կարգավիճակ ունեցող բուհերում դասախոսական աշխատանքի հետ, մտահոգություն հայտնելով նպատակային սոցիալական վճարի երկու աշխատավայրից կատարման պարտավորությունների առնչությամբ: Չնայած պետական կենսաթոշակների մասին օրենքով ուղղակիորեն սահմանված չէ, սակայն սոցիալական վճար կատարելու պարտականությունը փոխկապակցված է անձին, այսինքն՝ կոնկրետ անձը հարկային տեղեկատվական համակարգում ունի մեկ կարգավիճակ, կամ համակարգի մասնակից է, կամ մասնակից չէ: Հաշվի առնելով պատասխանատուների մտահոգությունները՝ հանձնարարել եմ Ֆինանսների նախարարին՝ ուսումնասիրել և առաջարկություններ ներկայացնել համապատասխան իրավական ակտ ընդունելու և հարկային մարմնի տեղեկատվական համակարգում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ՝ հնարավորություն տալով սոցիալական վճար կատարելու պարտականություններից հրաժարվելու դիմում ներկայացնելու նաև այն անձի կողմից, ով համատեղությամբ աշխատում է բարձրագույն ուսումնական հաստատությունում և հիմնական գործատուն չի հանդիսանում պետական կազմակերպությունը»:
Վարչապետի առաջարկով ՀՀ սփյուռքի նախարարը տեղեկացրել է, թե ինչ աշխատանք է կատարվել ս.թ. սեպտեմբերի 18-21-ը տեղի ունենալիք Հայաստան-Սփյուռք հերթական համահայկական համաժողովի նախապատրաստության ուղղությամբ:
Հրանուշ Հակոբյան- Նախորդ համաժողովը տեղի է ունեցել 2011 թվականին: Այս տարի 600 և ավելի սփյուռքի կառույցների ղեկավարներ հաստատել են իրենց մասնակցությունը, և այդ գործընթացը շարունակվում է: Համաժողովին մասնակցում են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ղեկավարությունը և բոլոր համահայկական կառույցների ղեկավարները, այդ թվում՝ Ամենայն Հայոց կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը, Կաթողիկե պատրիարքը և մյուս բոլոր առաջնորդները: Համաժողովը տեղի կունենա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, այն կբացի հանրապետության վարչապետը: Տեղի կունենան երեք լիագումար և ըստ ուղղությունների չորս նիստեր: Օրակարգում կլինեն Ցեղասպանության 100-րդ տարելիցին առնչվող թեմաները, երկրորդը՝ սիրիահայերի և արտակարգ իրավիճակներում հայտնված հայերի անվտանգության հիմնախնդիրները, երրորդ հարցը կվերաբերի լեզվի պատշպանությանը և մամուլին, չորրորդ հարցը՝ Հայրենիք-Սփյուռք գործակցության կառուցակարգերի կատարելագործմանը: Այս համաժողովի շրջանակում նաև տեղի կունենա զանգվածային լրատվամիջոցների 7-րդ համաժողովը, որին մասնակցելու են 120 խմբագիր սփյուռքից և Հայաստանի մամուլի ներկայացուցիչները:
Նախապատրաստական բոլոր աշխատանքները համապատասխան գերատեսչությունների, նախարարությունների, կառույցների հետ մենք իրականացնում ենք: Ակնկալում ենք, որ կառավարության անդամները, գերատեսչությունների ղեկավարները կմասնակցեն համաժողովին և քննարկումներին»:
Կառավարությունն իր որոշմամբ սահմանել է, որ «Հայաստան-Սփյուռք» 5-րդ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանող օտարերկրյա քաղաքացիներն ազատվում են մուտքի արտոնագրի տրամադրման համար նախատեսված պետտուրքի վճարումից:

Կմեծացվի տարածքների օգտագործման արդյունավետությունը

ՀՀ կառավարությոնը Երևան քաղաքի Վ.Վաղարշյան 24 հասցեում գտնվող շենքի նկուղային հարկից մոտ 420 քառ.մետր մակերեսով տարածքը հետ է վերցրել Ալ.Շիրվանզադեի անվան N 21 հիմնական դպրոցից և 15 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Երևանի պարարվեստի և պլաստիկայի խորեոգրաֆիկ քոլեջ» հիմնադրամին՝ իր ներկայացրած ծրագրով նախատեսված աշխատանքի իրականացման համար: Հիմնադրամը պարտավորվել է երեք տարվա ընթացքում կատարել 11 մլն դրամի ներդրում: Հարցի առնչությամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է ներդրումային պարտավորությունների կատարման հսկողությունը և ՀՀ պետգույքի կառավարման վարչության պետին հանձնարարել գույքագրել և կառավարության նիստում զեկուցել, թե համանման պայմանագրերի որ տոկոսն է կատարվել: «Քիչ չեն դեպքերը, երբ ներդրողները մեծ պարտավորություններ են ստանձնում և չեն կատարում, դիմում են ժամկետը երկարաձգելու խնդրանքով»,-հավելել է վարչապետը:

Կառավարության 2013թ. հունիսի 13-ի որոշմամբ Երևան քաղաքի Հանրապետության 47 հասցեում գտնվող ավելի քան 840 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենքը և համապատասխան հողամասը 700 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամով ուղղակի վաճառքի ձևով օտարվել էր Ռամկավար ազատական կուսակցությանը` պայմանով, որ կուսակցությունը 18 ամսվա ընթացքում կատարեր 800 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ներդրում: Բացի այդ, մինչև ս.թ. մարտի 31-ը մաս-մաս պետք է վճարվեր վաճառքի գինը: Քանի որ Ռամկավար ազատական կուսակցությունը մինչև օրս որևէ վճարում չի կատարել, կառավարությունը չեղյալ է ճանաչել իր նշված որոշումը: Այս կապակցությամբ կառավարության ղեկավարը գերադասելի է համարել նման տարածքներն օտարելու փոխարեն տրամադրել պետական գերատեսչություններին, որոնք վարձակալության զգալի գումար են ծախսում:

Գործում է նախաքննություն իրականացնող նոր մարմինը՝ ՀՀ քննչական կոմիտեն

Նիստի օրակարգի մոտ մեկ տասնյակ հարց նվիրված է եղել ՀՀ նորաստեղծ քննչական կոմիտեի գործունեությանը:
Նախ կառավարությունը հաստատել է քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ծառայողների ծառայության առանձնահատկություններով պայմանավորված՝ տրվող հավելումների չափերը և դեպքերը: Հաջորդ որոշումներով հաստատվել են քննչական կոմիտեի կառուցվածքը, քննչական կոմիտեի դեպարտամենտի կառուցվածքը, կոմիտեի անվանացանկը և հաստիքացուցակը, սահմանվել են քննչական կոմիտեի խորհրդանիշի նկարագիրը և ձևը, քննչական կոմիտեի ծառայողների համազգեստի, տարբերանշանների նկարագիրը և դրանք կրելու կարգը: Սահմանվել է նաև, որ քննչական կոմիտեում ծառայություն անցնելու կապակցությամբ կոմիտեի ծառայողներին նախկինում շնորհված կոչումները (դասային աստիճանները) պահպանվում են և համապատասխանեցվում օրենքով սահմանված կոչումներին:
Քանի որ ՀՀ քննչական կոմիտեն ձևավորվում է ՀՀ ԿԱ ոստիկանության և ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայությունների թվակազմերի հաշվին, կառավարության որոշմամբ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում գույքագրված նյութական արժեքները, անձնական պաշտպանության հատուկ միջոցներն ու գույքային շարժական և անշարժ կազմը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեին:
Քննչական կոմիտեի համակարգչային տեխնիկայի, գրասենյակային նյութերի ձեռքբերման և նախաքննության ընթացքում քննիչների կատարած ծախսի փոխհատուցման նպատակով կոմիտեին է հատկացվել մոտ 67 մլն դրամ:

Սևանա լճին վերաբերող տվյալները կհավաքվեն մեկ կենտրոնում

ՀՀ կառավարությունը հաստատել է `
-Սևանա լճի և դրա ջրահավաք ավազանի մշտադիտարկման տվյալների միասնական էլեկտրոնային շտեմարանի ստեղծման, տեղեկատվության հավաքման, գրանցման, ամփոփման և տրամադրման կարգը, որի գործադրմամբ կբարձրանա Սևանա լճի հիմնահարցերի լուծման միջոցառումների արդյունավետությունը,
-http://www.tundarc.am տեղեկատվական ինտերնետային համակարգի սպասարկման կարգը, որով ՀՀ վերադարձող քաղաքացիների համար կապահովվի վերադարձի և կայուն վերահաստատման վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը, օտարերկրյա պետություններում գտնվող ՀՀ քաղաքացիների համար կստեղծվի Հայաստանի պետական մարմիններ ժամանակակից էլեկտրոնային կապուղիներով դիմելու հնարավորություն,
-ՀՀ առողջապահության բնագավառի բժշկական, ստամատոլոգիական, դեղագիտական և հանրային առողջապահական նեղ մասնագիտությունների ցանկը, որը կկանոնակարգվի և համահունչ կդառնա համաշխարհային առողջապահական փորձի պահանջներին,
-ՀՀ զոոնոզների, զոոնոզային գործոնների, սննդային բռնկման մշտադիտարկմանը ներկայացվող պահանջները, մշտադիտարկման համակարգ ներառվող գործոնների ցանկը, Եվրոպական հանձնաժողով և Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպություն ներկայացվող հաշվետվության պահանջները, որոնց կիրառմամբ հնարավոր կլինի բնակչությունն ու կենդանիները զերծ պահել զոոնոզային հիվանդություններից:

Մշակվում է Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանը

Արարատյան դաշտի ջրավազանի ջրային պաշարի ճիշտ և համապարփակ կառավարման համար անհրաժեշտ է մշակել և իրագործել դրա կառավարման պլանը. այդ նպատակով կառավարության որոշմամբ ավելի քան 40 մլն դրամ է հատկացվել ՀՀ բնապահպանության նախարարությանը: Ակնկալվում է, որ պլանի իրագործմամբ կբարելավվի Արարատյան դաշտի ստորջրյա պաշարի վիճակը:
Գործադիրը հավանություն է տվել օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության և արդյունահանման իրավունքներ հայցելու համար ներկայացվող շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի և հիմնական գնահատման հաշվետվության օրինակելի բովանդակությունը. փաստաթղթի նպատակն է պարզեցնել ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման ընթացակարգերը:
Կառավարությունն ընդունել է վարկային և ֆինանսական համաձայնագրերով ձեռք բերված գույքի հետագա տիրապետումն ու տնօրինումն ապահովող միջոցառումների մասին որոշում, որը կնպաստի ՀՀ մարզային բժշկական կենտրոնների գործունեության արդյունավետությանը:

Կապահովվի արտահանման բնականոն ընթացքը

ՀՀ կառավարությունը թույլատրել է «Բիգա» հայ-հոլանդական ՀՁ ՍՊԸ կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2015 թ. օգոստոսի 14-ը: Ընկերությունը մասնագիտացած է շամպինիոն տեսակի սնկի, ելակի և ազնվամորու արտադրությամբ: Որոշման ընդունմամբ կբացառվի ընկերության ֆինանսական վիճակի վատթարացումը և հաջողությամբ կիրականացվի նախատեսված ծրագիրը:
Գործադիրը մինչև 2015 թվականը երկարաձգել է Սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության կատարման վերջնաժամկետը, ինչը կապված է Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին անդամակցելու հետ:
Նիստում մոտ մեկ տարով հետաձգվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի կետերից մեկի կատարման ժամկետը, ինչը թելադրված է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման թվի աճը կրճատելու նպատակով առավել գործուն և նպատակային կարգավորում բովանդակող օրենսդրական նախագծերի փաթեթի մշակման անհրաժեշտությամբ:

Կշնորհվի Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ

Կառավարությունը որոշել է Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ հայցողների ներկայացրած աշխատանքների փորձաքննության անցկացման և մրցանակի թեկնածուի ընտրության հանձնաժողովի ստեղծման, դրա գործունեության կարգի հաստատման համար հատկացնել 500 հազար ԱՄՆ դոլար:
ՀՀ ԿԳ նախարարություն է դիմել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը` Երևանի Գևորգ Էմինի անվան N 182 ավագ դպրոցի հետ համագործակցելու առաջարկությամբ: Դրա նպատակն է ավելի ամուր հիմքի վրա դնել դպրոցի աշակերտների ազգային, բարոյական, հոգևոր դաստիարակությունը, խորը և համակողմանի գիտելիքների ուսուցումը: Ծրագիրը միտված է դպրոցը համապատասխանեցնել արդի կրթական չափորոշիչներին, վերածել համայնքի կրթական, սոցիալական և մշակութային կենտրոնի: Մայր Աթոռի և կրթօջախի համագործակցությունն ավելի արդյունավետ դարձնելու համար կառավարության որոշմամբ դպրոցին տրվել է հիմնադրամի կարգավիճակ:
Ժամանակակից հայ մուլտիպլիկացիայի զարգացմանն աջակցելու նպատակով նիստում 123 մլն 600 հազար դրամ է հատկացվել «Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն արվեստանոց» ՀԿ-ին:
Կառավարության որոշմամբ Ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային ֆոնդի միջոցների 2014թ. հունվարի 1-ի դրությամբ առկա մնացորդից 745 մլն դրամը փոխանցվել է ՀՀ պետբյուջե` պետության այլ կարիքների բավարարման նպատակով օգտագործելու համար:
Գործադիրը թույլատրել է Երևանի Ահարոնյան 3 հասցեում գտնվող մոտ 5,5 հազար քառակուսի մետր մակերեսով հողամասը կադաստրային արժեքով վաճառել «Երևանի պետհամալսարանի շրջանավարտների միավորում» ՀԿ-ին` բազմաբնակարան շենք կառուցելու նպատակով:

Կպաշտպանվեն վիճակախաղի մասնակիցների շահերը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որի ընդունմամբ ակնկալվում է կատարելագործել վիճակախաղերի կազմակերպման մեխանիզմները:
Նիստում հավանության է արժանացել «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը, որով առաջարկվում է տնտեսության ֆինանսական հատվածում գործող տնտեսվարող սուբյեկտների համար վերանայել ԱԱՀ-ից ազատման արտոնության շրջանակը:
Նիստի հավանությունն է ստացել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որի ընդունման դեպքում Օրհուսի կոնվենցիայով նախատեսված պահանջներին համահունչ կդառնան ինչպես սույն օրենքով նախատեսված գործունեության որոշ տեսակներ, այնպես էլ այդ տեսակների համար նախատեսված չափաքանակներ:
Վերը նշված օրենքների նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:
Իր որոշումներով կառավարությունն անհետաձգելի է համարել օրենքի 18 նախագիծ:

Այլ հարցեր

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջև թմրադեղերի հսկողության և իրավապահ ոլորտում համագործակցության նամակ համաձայնագրում 16-րդ փոփոխությունը կատարելու արձանագրության կնքման առաջարկությանը: Փաստաթղթի համաձայն ԱՄՆ կառավարությունը լրացուցիչ ֆինանսավորում է տրամադրում ՀՀ կառավարությանը՝ մի շարք ծրագրերի իրականացման համար:
Նիստում համաձայնություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարությունների միջև դիվանագիտական անձնագիր կրող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատելու համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Գործադիրը որոշել է երեք տարի ժամկետով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` ՀՀ կառավարության սահմանած պրեկուրսորների ներմուծման գործունեության արտոնագիր տալ Արտաշատի «Արարատ գրուպ» ՍՊԸ-ին:
2014թ. ամառային զորակոչի ընթացքում այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկված 61 ծառայողների դրամական բավարարման գումարը վճարելու նպատակով կառավարությունը հատկացրել է ավելի քան 9 մլն դրամ:
Կառավարության որոշմամբ Քեմբրիջի համալսարանի մագիստրատուրայի սան Ալեքսան Ավետիսյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվել մինչև ուսումնառության ավարտը՝ 2015թ. ամառային զորակոչը:
Կառավարությունը որոշել է Վահե Հակոբյանին իր դիմումի համաձայն ազատել ՀՀ Սյունիքի մարզպետի պաշտոնից: ՀՀ վարչապետի տեղեկացմամբ Վահե Հակոբյանը նշանակվելու է ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ:
Գործադիրն իր որոշմամբ Էդգար Փիրումյանին ազատել է ՀՀ բնապահ¬պանության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:
Ս.թ. հունիսի 26-ին ՀՀ վարչապետը ՀՀ արդարադատության նախարարին հանձնարարել էր ուսումնասիրել, թե օրենսդրական կամ այլ բնույթի ինչ լուծումներ են անհրաժեշտ պաշտպանելու քաղաքական գործիչների և պաշտոնյաների սահմանադրական ազատությունը և կանխելու ամենաթողության հնարավոր դրսևորումները հավաքների և հանրային տարբեր միջոցառումների ընթացքում:
Նիստի ավարտին նախարար Մանուկյանը հանդես է եկել զեկուցումով, որը բովանդակել է ոչ միայն մեր երկրի, այլև միջազգային փորձի ուսումնասիրությունը: Եզրակացությունը հետևյալն է՝ այսօր առկա օրենսդրական դրույթները բավարար են առաջացող իրավահարաբերությունները կարգավորելու համար, և այս պահին օրենսդրական նոր կարգավորում անհրաժեշտ չէ: 
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ