Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 7 օգոստոսի 2014

Տնտեսվարողները կգործեն հավասար մրցակցային դաշտում










 Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Մինչև օրակարգի հարցերի քննարկմանն անցնելը վարչապետն առաջարկել է անդրադառնալ վերջին 10 օրվա ընթացքում շփման գծում ստեղծված աննախադեպ լարվածությանը: Հաղորդմամբ հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը (առանձին):
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության անունից խորին ցավակցություն է հայտնել քաջաբար ընկած զինվորների ծնողներին ու հարազատներին և առաջարկել մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել զոհված հերոսների հիշատակը:
Շարունակելով նիստը, վարչապետը հիշեցրել է, որ ս.թ. հուլիսի 1-ից ՀՀ ֆինանսների նախարարությունը ավելի ակտիվ, համակարգված միջոցառումներ է իրականացնում հարկային դաշտում՝ բոլոր տնտեսվարողների համար հավասար մրցակցային դաշտ ապահովելու, այդ թվում բոլոր գործարքների համար փաստաթղթավորման պահանջներն իրականացնելու նպատակով: Կառավարության ղեկավարը խոսքը տվել է ՀՀ ֆինանսների նախարարին՝ ներկայացնելու, թե ինչ ձեռքբերումներ, բացթողումներ և անելիքներ կան նշված ոլորտում:
Նախարար Գագիկ Խաչատրյանը նախ համառոտ ամփոփել է երկրի տնտեսության զարգացման 2014թ. անցած 7 ամսվա արդյունքը՝ նշելով, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը եղել է 3.4 տոկոս: Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված հարկաբյուջետային միջոցառումներից նախարարը թվարկել է ս.թ. հունվարի 1-ից 1 տոկոս շահութահարկի նվազագույն գումարի վճարման պահանջի վերացումը, ՓՄՁ սուբյեկտների շրջանառության հարկի դրույքաչափի նվազեցումը, ընտանեկան ձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգի ներդրումը և այլն: Այնուհետև Գագիկ Խաչատրյանն անդրադարձել է գործարարների համար հավասար մրցակցային դաշտ ապահովելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերին: Դրանք արդեն իսկ հուսադրող են. հուլիս ամսվա ընթացքում ինքնահայտարարագրման միջոցով ճշգրտվել են շուրջ 550 մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություններ, ավելի քան 600 գործատուներ ճշգրտել են իրենց աշխատողների թվաքանակը կամ աշխատավարձի չափերը, ընդհանուր առմամբ բարելավվել է փաստաթղթաշրջանառության մակարդակը: Ֆինանսների նախարարը նշել է նաև ոլորտում առկա խնդիրները, հարկային մարմինների անելիքները:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևոր է համարել սկսված գործընթացի շարունակումը, պետբյուջեի մուտքերի ավելացումը:
Այնուհետև հաստատվել է նիստի օրակարգը, և կառավարությունը ձեռնամուխ է եղել նախատեսված հարցերի քննարկմանը:


Պետական աջակցություն է ցուցաբերվում Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչներին


Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում ս.թ. հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին պարբերաբար տեղի ունեցած գնդակոծության հետևանքով բնակելի տներին հասցված վնասը մասնակի փոխհատուցելու նպատակով կառավարությունը մարզպետարանին հատկացրել է 20 մլն դրամ:
ՀՀ վարչապետի սահմանամերձ բնակավայրեր կատարած այցելության ժամանակ տեղի բնակչության արծարծած խնդիրներին լուծում տալու նպատակով կառավարությունը որոշել է նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների փոխհատուցման ծրագիր ներառել սահմանամերձ համայնքների բնակիչներին:
Մեկ այլ որոշմամբ ս.թ. մարտի 19-ին հրատապ լուծում պահանջող աշխատանքների համար ՀՀ մարզպետարաններին հատկացված 6 մլրդ դրամից խնայված գումարով մոտ 38 մլն դրամի աջակցություն է ցուցաբերվել Շիրակի մարզում քամու և կարկտահարության հետևանքով առաջացած վնասի մասնակի փոխհատուցմանը, ինչպես նաև 50 մլն դրամ է տրամադրվել Վայոց ձորի մարզին՝ երեք համայնքում ոռոգման ջրագիծ կառուցելու նպատակով:
Հայաստանի ջրային պաշարի արդյունավետ կառավարումը հնարավոր է ջրամբարների կառուցման և շահագործման միջոցով: Կառավարության 2014թ. գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված է 6 ջրամբարի հետագա կառուցման համար իրականացնել ուսումնասիրություն և տեխնիկատնտեսական հիմնավորում: Այդ նպատակով ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրտնտպետկոմին հատկացվել է 25 մլն դրամ:


Հայաստանում կկառուցվի նոր՝ Հարավային երկաթուղին


ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի հարավային երկաթուղու կառուցման նախնական ծրագծին: ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին հանձնարարվել է կոնցեսիոների կողմից միջազգային չափորոշիչների համաձայն ներկայացված կոորդինատային չափագրման տվյալներն ստանալուց հետո երկամսյա ժամկետում ՀՀ կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի հարավային երկաթուղու կառուցման նախնական ծրագծի կոորդինատների տիրույթում ընդգրկված հողերի նպատակային նշանակության և կադաստրային արժեքների վերաբերյալ՝ հաշվի առնելով օտարման շերտի նախնական չափերը: ՀՀ նախարարներին, գերատեսչությունների ղեկավարներին և մարզպետներին հանձնարարվել է, որպեսզի յուրաքանչյուրն իր իրավասության սահմանում երկամսյա ժամկետում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն ներկայացնի առաջարկություն երկաթուղու նախնական ծրագծում փոփոխություն կատարելու նպատակով: Տրանսպորտի և կապի նախարարությունն իր հերթին պետք է ՀՀ կառավարություն ներկայացնի այդ առաջարկությունները, երկաթուղու կառուցման համար անհրաժեշտ միջոցառումների ցանկը և առաջարկություն՝ երկաթուղու կառուցման ծրագրի կառավարման սկզբունքների և մեխանիզմների վերաբերյալ: Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա երկրի հարավում ունենալ նոր ճանապարհ, որը կմիացնի հարավային և հյուսիսային շրջանները: Ճանապարհն ունի ռազմավարական և տնտեսական առաջնային նշանակություն որպես Հայաստանով իրականացվող տարանցիկ փոխադրում ապահովող ճանապարհ:
Նիստում հաստատվել է պետական ծառայողներին մատչելի բնակարանով ապահովելու ծրագրով Երևանի Ադոնցի փողոցի N 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների վաճառքի կարգը, նույն ծրագրով բնակարանների ձեռք բերման նպատակով տրամադրվող հիպոթեքային վարկերի վերաֆինանսավորման իրականացումը վերապահվել «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ-ին:
Նիստում 2014թ. ընթացքում կատարված օրենսդրական փոփոխություններով պայմանավորված՝ եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման տեղեկատվական համակարգի ծրագրային սպասարկման ծառայություն ձեռք բերելու համար ՀՀ ֆինանսների նախարարությանը հատկացվել է շուրջ 90 մլն դրամ:
2014թ. ընթացքում «Սևան-Հրազդանյան ջրառ» ՓԲԸ ջրանցքներում ինքնահոս ջրի պակասը լրացնելու, ինչպես նաև նշված ջրաքանակն ինքնահոս եղանակով հաշվառելու նպատակով գործադիրը ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրտնտպետկոմին հատկացրել է 515 մլն դրամ:


Կապահովվի պատվաստման բարձր որակը


ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ծառայությունների աջակցության դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2014թ. նախահաշիվը: Այդ միջոցները գոյացել են ԳԱՎԻ (պատվաստանյութերի և իմունացման համընդհանուր դաշինք) միջազգային կազմակերպության աջակցությամբ: Իմունականխարգելման ծառայությունների գործառնական ծախսը տարեկան մոտ 15 մլն դրամ է: Ակնկալվում է, որ հանրային իրազեկման, բուժաշխատողների մասնագիտական գիտելիքների և հմտության արդյունավետ կիրառման միջոցով կապահովվի պատվաստման ազգային օրացույցի պնևմակոկային պատվաստման հաջող և սահուն ներդրման գործընթացը:
Կառավարության որոշմամբ վիճակահանություն անցկացնող հանձնաժողովների կազմերը համապատասխանեցվել են ՀՀ կառավարության նոր կառուցվածքին, 2015թ. փետրվարի 1-ից հետո վիճակահանության անցկացման օր է սահմանվել յուրաքանչյուր ամսվա երկրորդ շաբաթ օրը և հստակեցվել են պարգևավճարի տրամադրման ժամկետները:
Մեկ այլ որոշմամբ «Ղազանչիի կաթնահամալիրի» լուծարումից հետո մնացած շուրջ 8 մլն դրամ արժեքով 16 հիմնական և 11 տրանսպորտային միջոցները նվիրաբերվել են Շիրակի մարզի Ղազանչիի գյուղական համայնքին:
Արմավիրի մարզի Հուշակերտ համայնքը 2014թ. ցրտահարության պատճառով հնարավորություն չունի մինչև ս.թ. սեպտեմբեր ամիսն իրականացնել առաջնահերթ վճարումներ, ուստի կառավարությունը թույլատրել է ֆոնդային բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների մոտ 1.5 մլն դրամը փոխանցել վարչական բյուջե՝ մինչև նոյեմբերի 1-ը վերադարձնելու պայմանով:


Վարկային բյուրոյի դեմ ուղղված բողոքը ևս կքննի ֆինանսական համակարգի հաշտարարը


ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» և ևս երեք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունումը պայմանավորված է միջազգային կազմակերպությունների կողմից ՀՀ-ին առաջարկվող զարգացման քաղաքականության գործառնության (DPO) ծրագրային փաստաթղթով և տեխնիկական առաջարկություններով:
Նիստի հավանությունն են ստացել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու օրենքների նախագծերը, որոնցով կկարգավորվեն սև և (կամ) գունավոր մետաղների կամ դրանց համաձուլվածքների ջարդոնի կամ թափոնի հետ կապված հարաբերությունները:
Գործադիրը քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ազգային Ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որով առաջարկվում է առցանց հեռարձակել ՀՀ ԱԺ մշտական և ժամանակավոր հանձնաժողովների նիստերի աշխատանքը: Կառավարությունը չի առարկում նախագծի ընդունմանը, եթե այն պետբյուջեի համար լրացուցիչ ծախս չառաջացնի:
Քննության է առնվել «Դրամարկղային գործառնությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկել են շտկել օրենքի գործողության ընթացքում ի հայտ եկած թերությունները, ինչին նույնպես կառավարությունը չի առարկում:
Նիստում քննարկվել է ԱԺ մի խումբ պատգամավորների՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Գանձապետական համակարգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, որը հեղինակների կարծիքով միտված է տարընթերցման, ոչ հստակ դրույթների շտկմանը: Կառավարությունը օրինագծի վերաբերյալ առարկություն չի ներկայացրել:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:

 


Այլ որոշումներ


Կառավարությունը մինչև 2015թ. սեպտեմբերի 1-ը երկարացրել է իր նախկին որոշումներից մեկի գործողության ժամկետը՝ հնարավորություն տալով, որպեսզի Սիրիայի և Լիբանանի քաղաքացիները ևս մեկ տարի հնարավորություն ունենան առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններից կամ հյուպատոսական հիմնարկներից:
Նիստում հոգեմետ նյութերի արտահանման, ներմուծման և մեծածախ առևտրի իրականացման եռամյա ժամկետով արտոնագիր է տրվել Երևանի «Լամբրոն-ֆարմ-իմպեքս» և Աբովյանի «Արփիմեդ» ՍՊԸ-ներին:
Կառավարության որոշմամբ ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքական թիմի անդամ Արթուր Միհրանյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվել մինչև 2017թ. ամառային զորակոչը:

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ