Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 24 հուլիսի 2014

Տարեվերջին կբացվի Կոմիտասի թանգարան-ինստիտուտը










Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Կառավարությունը որոշել է ստեղծել Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, սահմանել, որ այդ պետական կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են հայ մեծանուն երգահանի կյանքի, գործունեության և ստեղծագործական ժառանգության հավաքումը, հետազոտումը, պահպանումը և հանրահռչակումը, հայ հոգևոր և ժողովրդական երաժշտական-կատարողական արվեստի ավանդույթների պահպանումն ու վերարտադրման խթանումը, ազգային, ժողովրդական, դասական և ժամանակակից երաժշտարվեստի բնագավառում երիտասարդների ստեղծագործական կարողությունների զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը:
Չնայած Կոմիտասի անգնահատելի մեծ դերին՝ նրա ստեղծագործական ժառանգությունն ու անձնական իրերն առ այսօր գտնվում են տարբեր կազմակերպությունների՝ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի արխիվներում և պահոցներում: 2013թ. մայիսի 30-ին ՀՀ նախագահը Կոմիտասի թանգարան-ինստիտուտ ստեղծելու առաջարկով հանդես է եկել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում: Թանգարան-ինստիտուտը կառուցվում է Կոմիտասի անունը կրող զբոսայգում գտնվող նախկին մշակույթի պալատի տեղում, որը անհատույց օգտագործման իրավունքով ՀՀ կառավարությանն է տրամադրել «Հայաստան» հիմնադրամը: Կառուցապատման ծախսը հոգում է «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամը՝ սիրիահայ բարերար Գաբրիել Ջեմբերջյանի աջակցությամբ: Շենքի ճարտարապետը Արթուր Մեսչյանն է: Կոմիտասի թանգարան-ինստիտուտի շինարարությունը նախատեսվում է ավարտել ընթացիկ տարում: Այս նախաձեռնությունը մշակույթի ոլորտի 2014թ. գերակա ուղղություններից է: Ձեռնարկը կարևորվում է նաև այն հանգամանքով, որ այս տարի լրանում է Կոմիտասի ծննդյան 145-ամյակը, և 2014 թվականը հռչակվել է մեծ երգահանի տարի:


Աջակցություն են ստանում արտահանման ուղղություն ունեցող ընկերությունները


ՀՀ կառավարության որոշումներով Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի և «Գրինհաուզ» ընկերության կողմից ներմուծված 200 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների մաքսային ռեժիմի ժամկետները երկարաձգվել են համապատասխանաբար մինչև 2017թ. օգոստոսի 25-ը և հուլիսի 10-ը: «Գլորիան» աշխատում է տոլինգային ռեժիմով, իտալական «Սարտիս» ֆիրմայի պատվերով կատարելով կարի ծառայություններ և ամբողջ արտադրանքն առաքելով Եվրամիության երկրներ: Ընկերությունը զգալի դեր է խաղում Լոռու մարզի զարգացման մեջ. ֆաբրիկայի աշխատակիցների 90 տոկոսը կանայք են:
«Գրինհաուզ» ՍՊԸ-ն նախատեսում է Արմավիրի մարզում կառուցել 30 հա ջերմոցային տնտեսություն՝ այն հագեցնելով տվյալ բնագավառի արդիական սարքավորումներով: Իրականացվելու է շուրջ 8.1 մլրդ դրամի ներդրում, սկսած 2015թ. տարեկան կարտադրվի 1.72 մլրդ դրամ արտադրանք, որի գերակշիռ մասը կարտահանվի ԱՊՀ և ԵՄ երկրներ:


Ձեռնարկվում են էներգահամակարգի ֆինանսական առողջացման միջոցներ


Դեռևս 1998թ. 11 ՊՓԲ ընկերությունների միացմամբ ստեղծվել է «Հայգազարդ» ՓԲԸ-ն. գազի համակարգի իրական ակտիվները ներդրվել են նոր ստեղծվող «Հայռուսգազարդ» ՓԲԸ կանոնադրական կապիտալում, իսկ չհավաքված դեբիտորական և եղած կրեդիտորական պարտքերը փոխանցվել «Հայգազարդի» հաշվեկշիռ: Կառավարության որոշմամբ սահմանվում է, որ նշված պարտքերն ու պարտավորությունները մարվելու են ընկերության մի շարք ակտիվներ, այդ թվում «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի 46.73 տոկոս բաժնեմասը ՀՀ կառավարությանը փոխանցելու եղանակով: «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ հանդեպ ընկերության պարտավորությունների մի մասը մարվելու է «Նաիրիտ-2» ՓԲԸ 53.27 տոկոս բաժնեմասը սեփականության իրավունքով փոխանցելու եղանակով: «Նաիրիտ-2» ՓԲԸ բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահվում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին: Այսպիսով, «Հայգազարդ» ընկերության ակտիվների փոխանցմամբ մարվում են վերջինիս պարտավորությունները ՀՀ ֆինանսների նախարարության և «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ հանդեպ:
Գործադիրն իր որոշմամբ սահմանել է երկրաբանական տեղեկության տրամադրման և դրա հետ կապված մատուցվող ծառայությունների դիմաց վճարման կարգը, ինչը թելադրված է «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի պահանջով:


Կանոնակարգվում է շահումով խաղերի գործընթացը


ՀՀ կառավարությունը 2013թ. վերջին «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի փոփոխությամբ սահմանել է, որ խաղային ավտոմատի շահագործումից ստացված հասույթի մեջ շահումների ծրագրված ընդհանուր մեծության նվազագույն չափը 86 տոկոսի փոխարեն պետք է լինի 90 տոկոս: Օրենքի 6-րդ հոդվածով նախատեսվում է շահումով խաղի կամ խաղատան գործունեություն կազմակերպել երկրի չորս քաղաքների վարչական սահմաններում՝ կրթական և պատմամշակութային օջախներից, վարչական շենքերից, հիվանդանոցներից կառավարության սահմանած հեռավորությամբ և չափանիշներին համապատասխան տարածքներում: Այդ չափանիշների պահպանման իսկությունը կարող է պարզվել միայն տեղում ստուգման ժամանակ: Գործադիրն իր նախկին որոշումը համապատասխանեցրել է փոփոխված օրենքին:
Մեղրիի տարածաշրջանի գյուղատնտեսությունը զարգացնելու և բնակչության կողմից անհատական ոռոգման պոմպերով օգտագործված էլեկտրաէներգիայի արժեքը փոխհատուցելու նպատակով գործադիրը հատկացրել է ավելի քան 4.5 մլն դրամ:
Կառավարությունը 5 մլն դրամ է տրամադրել «ՀՀ վետերանների միավորում» ՀԿ աշխատանքի վետերանների կոմիտեին՝ վետերաններին հասցեական սոցիալական աջակցություն ցուցաբերելու, ևս 6 մլն դրամ՝ նրանց արտոնյալ պայմաններով առողջարանային բուժման ուղեգրեր հատկացնելու նպատակով:
Գործադրի որոշմամբ Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցի 55ա հասցեում գտնվող տարածքը հանձնվել է Երևանի քաղաքապետարանին, որտեղ «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի նախաձեռնությամբ կկառուցվեն քաղաքային պուրակ և նախակրթարան:
Նիստում «Հայաստանի ազգային սկաուտական շարժում» ՀԿ կողմից Բյուրականի բնակավայրերի շինարարությունն իրականացնելու նպատակով հատկացվել է 127 մլն դրամ: ՀԿ-ն ամեն տարի կազմակերպում է համահայաստանյան միավորային բանակումներ, որոնց մասնակցում է ավելի քան 1000 երիտասարդ:


Օրենսդրական նախաձեռնություններ


ՀՀ կառավարությունը քննարկել է «Վերահսկիչ պալատի մասին» և «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանց առաջարկով կվերանա հրաժարականի դիմումը հետ վերցնելու վերաբերյալ նշված և «Ազգային Ժողովի կանոնակարգ» օրենքներում ամրագրված ժամկետների տարբերությունը: Փաթեթի վերաբերյալ կառավարությունը սկզբունքային առարկություն չի ներկայացրել:
Գործադիրը դրական եզրակացություն է տվել նաև ԱԺ մի խումբ պատգամավորների՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծին, որի ընդունումը պայմանավորված է «Ազգային Ժողովի կանոնակարգ» օրենքի 104-րդ հոդվածում օգտագործվող հասկացություններին և ընդհանուր առմամբ այդ հոդվածի տրամաբանությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:
Քննության է առնվել ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանի և Հովհաննես Մարգարյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Պետական օժանդակության ուսումնական վարկերի մասին» և ևս երեք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը: Հեղինակներն ակնկալում են, որ իրենց օրենսդրական նախաձեռնությամբ Հայաստանում կներդրվի ուսումնական վարկավորման այնպիսի համակարգ, որը կվայելի ուսանողների պահանջարկը: Կառավարությունը նույնպես կարևորում է ուսանողների աջակցության անհրաժեշտությունը, սակայն ներկայացված օրենքների փաթեթի ընդունումը համարում է ոչ նպատակահարմար:
Նիստում քննարկվել է «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ պատգամավորներ Հովհաննես Մարգարյանը և Հեղինե Բիշարյանը և որով առաջարկվում է վերացնել կուսակցությունների ֆինանսական հաշվետվությունների աուդիտը, քանի որ դրա արժեքը բարձր է: Գործադիրը դեմ է օրենքի նախագծի ընդունմանը՝ պատճառաբանելով, որ այն կնվազեցնի կուսակցությունների գործունեության թափանցիկությունը:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:


Այլ հարցեր


ՀՀ կրթության և գիտության նախարարությունը Սիրիայի իրավիճակի պատճառով չի կարող իրականացնել Հալեպի համալսարանում հայոց լեզվի դասավանդում կազմակերպելու ծրագիրը, ուստի դրա համար նախատեսված մոտ 5 մլն դրամը կառավարության որոշմամբ ուղղվելու է Պրահայի Կարլի համալսարանում հայոց լեզվի, գրականության, պատմության դասընթացները ս.թ. սեպտեմբերից վերաբացելու նպատակին:
Կառավարությունը որոշել է ՀՀ ԿԱ ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկ ներառել Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը, որտեղ պահվում է 270 թանգարանային առարկա, հիմնականում Սարյանի գեղանկար և գծանկար աշխատանքները, որոնք ազգային մեծ արժեք ունեն:
Նիստում պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև ուսումնառության ավարտը՝ 2016թ. ամառային զորակոչը, տարկետում է տրվել Սթենֆորդի համալսարանի մագիստրատուրայի սան Հրանտ Ղարիբյանին:
 

Ապրիլ 2020
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 

-

Արխիվ