հինգշաբթի, 26 հունիսի 2014
ՀՀ վարչապետ. «Չեմ հանդուրժելու ամենաթողության ցանկացած դրսևորում»
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Բացելով նիստը, վարչապետը դիմել է ներկաներին. «Ուզում եմ անդրադառնալ ինձ խիստ անհանգստացնող մի երևույթի. հասարակության որոշ անդամներ սկսել են իրենց դժգոհությունն արտահայտել ծայրահեղ սանձարձակ և սադրիչ եղանակներով: Ես անընդունելի եմ համարում ամբոխային մեթոդներով իշխանության ներկայացուցիչներին նվաստացնելու և ճնշելու փորձերը: Ինչպես օրինակ՝ պատգամավորների կամ նախարարների վրա մանրադրամների նետումը: Թերևս ոմանք մոռացել են, որ իշխանության ներկայացուցիչները ևս ունեն մարդու բոլոր իրավունքներն ու ազատությունները և ենթակա են պաշտպանության նույն ձևով, ինչ հասարակության ցանկացած անդամ:
Չեմ ուզում, որ խոսքերս սխալ ընկալվեն: Ես կողմ եմ ազատությանը, կողմ եմ խոսքի ազատությանը, կողմ եմ սեփական կարծիքը տարածելու ազատությանը, կողմ եմ ազատ տեղաշարժին, կողմ եմ խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքին: Ոչ միայն կողմ եմ, այլև մինչև վերջ պաշտպանելու եմ այդ իրավունքները: Բայց այդ ազատությունը ավարտվում է այն պահին, երբ այն սկսում է ոտնահարել ուրիշի իրավունքները: Նման դեպքում դա այլևս ազատություն չէ, այլ ամենաթողություն: Եվ եթե ազատությունը ժողովրդավարական հասարակության հենասյուներից է, ապա ամենաթողությունն անարխիայի հենասյունն է: Հանդուրժել անարխիան՝ նշանակում է վտանգել երկիրը: Ի լուր բոլորի հայտնում եմ՝ ես դա չեմ հանդուրժելու: Ուստի հանձնարարում եմ Արդարադատության նախարարին ու ոստիկանապետին քննարկել այս հարցը և առաջարկել լուծումներ թե՛ օրենսդրական, թե՛ կազմակերպական:
Եթե անհրաժեշտ է, հրավիրեք ձեր եվրոպացի գործընկերներին, ուսումնասիրեք նրանց փորձը, անցկացրեք ուսուցում, բայց ապահովեք, որ հասարակական կարգը պահպանող մարմիններն իրենց գործողություններով լիակատար պաշտպանեն սահմանադրական ազատությունները, միաժամանակ կտրուկ կանխեն ամենաթողության ցանկացած դրսևորում»:
Այնուհետև հաստատվել է նիստի օրակարգը, և կառավարությունն սկսել է հարցերի քննարկումը:
Կմեծանա Ֆինանսների նախարարության աշխատանքի արդյունավետությունը
2014թ. գնման պլանով նախատեսված ընթացիկ նորոգման աշխատանքներն իրականացնելու և ՀՀ ֆինանսների նախարարության բնականոն գործունեությունն ապահովելու համար գործադիրն իր որոշմամբ փոխել է գնման ընթացակարգերը և լրացուցիչ աշխատանքների համար նախատեսել ֆինանսական համապատասխան միջոցներ:
Փոփոխություն կատարելով իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, կառավարությունը սահմանել է, որ ՀԴՄ կտրոնի վրա գնված ապրանքից կամ ստացված ծառայությունից տարբերվող ապրանքի կամ ծառայության անվանման տպագրումը որպես ՀԴՄ շահագործման կանոնների խախտում պետք է դիտարկվի հարկ վճարողների առանձին խմբերի կողմից՝ 2014թ. հոկտեմբերի 1-ից, 2015թ. ապրիլի 1-ից և 2016թ. հունվարի 1-ից: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրումը, ինչը նաև նշանակում է, որ կտրոնները տպվելու են ոչ թե գումարային ձևով, այլ ըստ ապրանքատեսակների: Խնդիրը միայն ժամկետների ճշտումն է:
Հաջորդ որոշման կարգավորման առարկան ՀՀ ֆինանսների նախարարությունում գնումների գործընթացի արդյունավետ կազմակերպումն է: Սահմանվել է շինարարական ծրագրերի, ինչպես նաև պետական կառավարման մարմնի ղեկավարի սահմանած այլ գնումների դեպքում ևս պատվիրատուի ղեկավար հանդիսանալու ընդհանուր կարգ՝ ՀՀ ֆինանսների նախարարության գնումների մասով:
ՀՀ կենտրոնական բանկի առաջարկով ընդունած իր երկու որոշմամբ կառավարությունը ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնին (ՖԴԿ) հնարավորություն է տվել պետական, այդ թվում՝ վերահսկող և քրեական հետապնդման մարմիններից ստանալ «Փողերի լվացման և ահաբեկության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի նպատակներից բխող, այդ թվում՝ օրենքով սահմանված գաղտնիք պարունակող տեղեկություններ: Այդ նպատակով ոլորտ ներգրավված մարմինների միջև նախատեսվում է ներդնել «Միասնական տեղեկատվական տիրույթ» համակարգը:
Սահմանվել է նպաստ նշանակելու և վճարելու կարգը
ՀՀ կառավարությունը սահմանել է, որ ծերության նպաստը, հաշմանդամության նպաստը, կերակրողին կորցնելու դեպքում նպաստը, ինչպես նաև նշված նպաստն ստացող անձի մահվան դեպքում թաղման նպաստը նշանակում և վճարում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը՝ իր տարածքային բաժինների միջոցով:
Նիստում հաստատվել են նպաստները նշանակելու և վճարելու կարգը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը: Որոշումը տարածվում է 2014թ. հունվարի 1-ին և դրանից հետո ծագած հարաբերությունների վրա:
ՀՀ առողջապահության նախարարությունում մշակվել են առողջապահական փաթեթի շրջանակում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն ստանալու իրավունքի հավաստագրի և դրա հավելված հանդիսացող ուղեցույցի նախագծերը, որոնց տպագրության համար հատկացվել է մոտ 14 մլն դրամ:
Ձեռնարկվում են անխափան ջրամատակարարում ապահովելու միջոցներ
Ընթացիկ տարում ջրամբարներում կուտակված ջրի ոչ բավարար չափի և աղբյուրների սակավաջրության հետևանքով առաջացած շուրջ 74 մլն խոր. մետր ջրի դեֆիցիտը մասամբ ծածկելու, Արագածոտնի և Արմավիրի մարզերի ջրօգտագործողների բավարար և կայուն ջրամատակարարումն ապահովելու նպատակով կառավարությունն իր պահուստային ֆոնդից 550 մլն դրամ է հատկացրել՝ 100-ից ավելի խորքային հորերը վերագործարկելու նպատակով: Առավել հրատապ և լուծում պահանջող աշխատանքների իրականացման նպատակով փոփոխություններ և լրացումներ են կատարվել կառավարության ավելի վաղ ընդունած որոշման մեջ:
Նիստում հավանություն է տրվել Արարատյան դաշտի ջրօգտագործման նկատմամբ ավտոմատ, կենտրոնացված կառավարման համակարգի ներդրման տեխնիկական առաջադրանքին:
ՀՀ կառավարությունը Հ-46 ավտոմայրուղու Գորիս-Տաթև հատվածի 12-րդ կիլոմետրում քարաթափման աշխատանք իրականացնելու նպատակով իր պահուստային ֆոնդից հատկացրել է մոտ 19 մլն դրամ: Նշված ճանապարհին հարող 45-50 աստիճան թեքությամբ լանջով դեպի վեր, մոտ 700 մետր հեռու, գտնվում է մոտավոր հաշվարկով 700 խ.մ. ծավալով ժայռաբեկոր, որը գրեթե ամբողջությամբ պոկվել է մայր ապարից և վտանգում է երթևեկող տրանսպորտային միջոցներն ու ճոպանուղու հենասյունը: Անհրաժեշտ է հնարավոր սեղմ ժամկետում պայթեցման եղանակով արհեստական քարաթափում իրականացնել և վերացնել վերահաս վտանգը:
ՀՀ կառավարության 2012թ. մարտի 15-ի որոշմամբ Գառնիի երկրաֆիզիկական դիտարանը հանձնվել է ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ին: Դիտարանի շենք-շինությունները, աշխարհում եզակիներից համարվող ստորգետնյա դեֆորմոգրաֆը 1990թ. առ այսօր չեն նորոգվել, չունեն գազամատակարարման համակարգ, ջրամատակարարման համակարգը և ճանապարհը գրեթե անմխիթար վիճակում են: Գործադրի 2013 թվականի որոշմամբ հավանություն է տրվել ռուս-հայկական մարդասիրական կենտրոնի ստեղծման համաձայնագրի կնքման առաջարկությանը և կենտրոնի տեղակայման վայր է ընտրվել Կոտայքի մարզի Գետարգել համայնքի վարչական տարածքում գտնվող ՀՀ ԱԻՆ աշխատակազմին ամրացված գույքը, որի շենք-շինությունները, տարածքը 40 տարուց ավելի է, ինչ չեն նորոգվել և անմխիթար վիճակում են: Որոշմամբ ՀՀ պետական սեփականություն հանդիսացող գույքը՝ Երևանի Աճառյան 54ա հասցեում գտնվող շենքը և հողամասը մոտ 400 մլն դրամ գնահատված արժեքով հանձնվել են կառուցապատողին՝ «Ճանապարհ» ՍՊԸ-ին, որը դրա դիմաց կապիտալ կնորոգի Գառնիի երկրաֆիզիկայի դիտարանի շենք-շինությունները, կկառուցի գազամատակարարման համակարգ, կկատարի նախահաշվով ներկայացված այլ աշխատանքներ, կնորոգի հայ-ռուսական հումանիտար կենտրոնի 1-ին, 10-րդ մասնաշենքերը, կվերականգնի ջրամատակարարման ցանցը և այլն:
Խրախուսվում է նոր աշխատատեղերի ստեղծումը
ՀՀ կառավարությունը թույլատրել է «Սենատոր գրուպ» ՍՊԸ կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմը երկարաձգել մինչև 2017թ. հունիսի 18-ը: «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի փոփոխությամբ հաստատվել են 2014թ. հունվարի 1-ից թույլատրելի գոտիները, որից հետո ընկերությունը ներդրումային ծրագիր է իրականացնում Ծաղկաձոր քաղաքում: Ծրագրի հաջող իրագործումը թույլ կտա ոչ միայն պահպանել եղած 118 աշխատատեղը, այլև բացել 32 նոր աշխատատեղ:
Գործադիրը փոփոխություն է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, որով 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման համար ԱԱՀ գումարի վճարման արտոնություն էր տրվել «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ին: Որոշումը թելադրված է ներմուծվող ապրանքների ցանկի հստակեցման անհրաժեշտությամբ: Ավելի քան 1 մլրդ դրամի ներդրումային ծրագրով ընկերությունը հիմնովին վերազինվում է, ինչը հնարավորություն կտա անցնել բարձր հստակությամբ պատկերի թվային հեռարձակմանը:
Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի բնականոն գործունեությունն ապահովելու համար գործադիրն իր պահուստային ֆոնդից բուհին հատկացրել է 200 մլն դրամ:
Իր նախկին որոշումներից մեկի փոփոխությամբ կառավարությունը հնարավորություն է ստեղծել հիմնանորոգելու Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցի շենքը:
Կառավարության որոշմամբ Երևանի պրոֆ. Արշավիր Շավարշյանի անվան 40-րդ դպրոցի առաջին հարկի շուրջ 620 քառ. մետր տարածքը անհատույց օգտագործման իրավունքով 25 տարի ժամկետով հանձնվել է «Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն արվեստանոց» ՀԿ-ին:
Իր նիստում կառավարությունը փոփոխել է իր նախկին որոշումներից մեկը և հաշվի առնելով բժշկական կրթության առանձնահատկություններն ու միջազգային փորձը, վերանայել բժշկական մասնագիտությունների շրջանավարտներին շնորհվող պետական նմուշի ավարտական փաստաթղթի ձևը: Այն կհամապատասխանեցվի միջազգային չափանիշներին, և շրջանավարտներն արտերկրում ուսումը շարունակելիս կամ աշխատելիս ավարտական փաստաթղթի հետ կապված որևէ խնդիր չեն ունենա:
Օրենսդրական նախաձեռնություններ
ՀՀ կառավարությունը քննարկել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու օրենքի նախագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Նա առաջարկում է սահմանել վարչական իրավախախտում կատարելու համար նշանակված տուգանքների և այլ նույնօրինակ վճարումների ողջամիտ կանոնակարգում: Կառավարությունը սկզբունքային առարկություն չի ներկայացրել՝ միաժամանակ հայտնելով, որ արդեն իսկ ՀՀ Ազգային Ժողով է ներկայացրել մի օրինագիծ, որն ընդգրկում է ոչ միայն պատգամավորի առաջարկությունը, այլև առավել մեղմում տուգանքի չվճարված մասի ավելացման չափը: Նշված օրենքի նախագիծը ս.թ. հունիսի 18-ի ԱԺ արտահերթ նստաշրջանում ընդունվել է երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ:
Կառավարությունը քննարկել է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են նախորդ տարվա արդյունքով մինչև 100 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողներին ազատել նոր սերնդի ՀԴՄ ձեռք բերելու սահմանված պարտավորությունից: Գործադիրը նպատակահարմար չի համարել առաջարկության ընդունումը և հանգամանորեն ներկայացրել է իր առարկությունները:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:
Այլ որոշումներ
ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ 2014թ. գյուղատնտեսական համատարած հաշվառման ծրագիրը (հարցաշարը):
Կառավարության որոշմամբ ֆուտբոլի ՀՀ հավաքական թիմի անդամ Յուրա Մովսիսյանն ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից: