երեքշաբթի, 24 հունիսի 2014
Հայաստանի և Արցախի վարչապետները քննարկել են հայկական երկու պետությունների համագործակցության խորացման ուղիները
Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանին: Հայկական երկու պետությունների կառավարությունների ղեկավարներն առանձնազրույցի ընթացքում քննարկել են Հայաստանի և Արցախի միջև բազմաոլորտ համագործակցության սերտացման հեռանկարները և ապագա ծրագրերը:
Այնուհետև ՀՀ և ԼՂՀ վարչապետների նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ և ԼՂՀ կառավարությունների ընդլայնված կազմով հանդիպումը:
«Սա իմ առաջին այցն է Լեռնային Ղարաբաղ որպես վարչապետ: Համոզված եմ, որ մեր հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի վարչապետի և կառավարության հետ լինելու են շատ ջերմ, աշխատանքային և արդյունավետ: Իմ մոտեցումը հետևյալն է. քննարկումները պետք է լինեն առարկայական, նպատակային, և մենք հետամուտ ենք լինելու կայացրած որոշումների իրականացմանը՝ սահմանված ժամկետներում: Մեզ համար շատ կարևոր է մեր երկրորդ հայրենիքի տնտեսության զարգացումը և անվտանգության ապահովումը, և որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ այդ նպատակով անելու եմ ամեն ինչ», - ողջույնի խոսքում նշել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Գոյություն չունի մի խնդիր, որ ի զորու չլինենք լուծել մեր ապագա միասնական տեսլականի շրջանակում», - իր հերթին հավելել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը:
Հովիկ Աբրահամյանը և Արա Հարությունյանը գոհունակություն են հայտնել Հայաստանի և Արցախի միջև բազմակողմանի հարաբերությունների զարգացման ընթացքից և անդրադարձել ըստ ճյուղային նախարարությունների կատարվող աշխատանքներին: Պատասխանատու նախարարները զեկուցել են արդարադատության, էներգետիկայի, գյուղատնտեսության, սոցիալական, ֆինանսական, արտակարգ իրավիճակների ոլորտներում ստորագրված համագործակցության հուշագրերի շրջանակում համատեղ ծրագրերի և ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ: Նշվել է, որ համագործակցությունն ընդգրկում է լայն շրջանակ՝ օրենսդրական կարգավորումների դաշտից մինչև կոնկրետ առարկայական հարցեր, իսկ ձեռնարկվող ծրագրերը հաջող իրականացվում են: Ծագող բոլոր հարցերը քննարկվում են մշտական փոխայցերի շրջանակում, պարբերաբար կազմակերպվում են մասնագիտական վերապատրաստման դասընթացներ, սեմինարներ՝ փորձի փոխանակման նպատակով:
«Արցախ աշխարհը պետք է լինի կայուն, անվտանգ և ունենա հզոր տնտեսություն: Ես այս զեկույցներից հասկացա, որ մեծ գործ է արվում, և նոր կառավարությունը ձեռնամուխ է լինելու կոնկրետ աջակցության ծրագրերի իրականացմանը՝ համագործակցությունը զարգացնելու և սերտացնելու նպատակով», - դիմելով ներկաներին՝ ընդգծել է Հայաստանի վարչապետը և հորդորել էլ ավելի ակտիվացնել տնտեսական կապերը հայկական երկու պետությունների միջև: