շաբաթ, 17 մայիսի 2014
«Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակում վարչապետն այցելել է Ազգային պատկերասրահ
Այսօր մեկնարկել է «Թանգարանների գիշեր» 10-րդ հոբելյանական համաեվրոպական միջոցառումը, որն անցկացվում է մայիսի 18-ին նշվող թանգարանների միջազգային օրվան ընդառաջ: Այդ առիթով վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ: Երկրի վարչապետը շրջել է պատկերասրահի ցուցասրահներով, ծանոթացել տարբեր արվեստագետների ստեղծագործություններին և անհատական աշխատանքներին:
Մայիսի 18-ը որպես թանգարանների միջազգային օր նշվում է 1977 թվականից` Թանգարանների միջազգային խորհրդի, իսկ «Թանգարանների գիշերը» 2005 թվականից՝ Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության նախաձեռնությամբ: «Թանգարանները միավորում են մեզ» խորագրի ներքո անցկացվող միջոցառումների նպատակն է բարձրացնել թանգարանների դերը հասարակության սոցիալ-մշակութային կյանքում և նպաստել թանգարանային առարկաների հանրահռչակմանը: Այս տարի Հայաստանի և Արցախի շուրջ 100 թանգարանի մուտքը մինչև կեսգիշեր ազատ կլինի հասարակության համար: