շաբաթ, 17 մայիսի 2014
Վարչապետն ընդունել է ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ուսանողներին
ՀՀ վարչապետ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի (ՀՊՏՀ) նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսանողական խորհրդի անդամներին: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը:
Կառավարության ղեկավարն ընդունել է ուսանողներին՝ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ուսանողական խորհրդի նախագահի ընտրության առնչությամբ ստեղծված իրավիճակին ծանոթանալու և խնդրին լուծում տալու նպատակով: Ուսխորհրդի անդամները տեղեկացրել են վարչապետին, որ ընդհանուր առմամբ գոհ են բուհի աշխատանքից, սակայն ընտրության կարգի հետ կապված որոշակի առարկություններ ունեն: Մասնավորապես, դժգոհությունը պայմանավորված է մասնաճյուղի տնօրինության կողմից կանոնադրությունում ընտրության ընթացակարգի փոփոխությամբ, ինչի արդյունքում ուսխորհրդի նախագահի ընտրության իրավունքը վերապահվում է պրոֆեսորադասախոսական կազմին, այլ ոչ թե ուսանողներին (ինչպես նախկինում է եղել): Այդ պատճառով ուսանողները երկու օր առաջ բոյկոտել են ուսխորհրդի նախագահի ընտրությունը, և տնօրինությունը համաձայնվել է այն կազմակերպել ուսանողների նախընտրած կարգին համապատասխան: Լսելով ուսանողներին՝ վարչապետը հանձնարարել է Կորյուն Աթոյանին բացատրություն պահանջել բուհի տնօրինությունից նման մոտեցման համար և անհրաժեշտ համարել ուսխորհրդի նախագահի ընտրության անցկացումն ուսանողների նախընտրած կարգով:
Ուսանողական խորհրդի անդամները շնորհակալություն են հայտնել Հովիկ Աբրահամյանին իրենց ընդունելու, բուհի բոլոր խնդիրներն ուշադրության կենտրոնում պահելու և դրանց արձագանքելու համար: Վարչապետը խոստացել է ուսանողներին առաջիկայում այցելել ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղ և տեղում մանրամասն ծանոթանալ նրանց հուզող հարցերին: