Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 26 դեկտեմբերի 2013

Հաստատվել է «Զվարթնոց» օդանավակայանի զարգացման ծրագիրը









Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության 2013թ. վերջին նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
ՀՀ կառավարությունը հաստատել է «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոների ներկայացրած 2013-2017թթ. Մաստեր Պլանը` ի կատարումն ՀՀ կառավարության ու «Կորպորասիոն Ամերիկա Ս. Ա.» ընկերության միջև 2001թ. դեկտեմբերի 18-ին ստորագրված պայմանագրի պահանջների: «Ենթադրվում է, որ կոնցեսիոները 102 մլն ԱՄՆ դոլարի ներդրում կկատարի օդանավակայանում, որը լավագույնն է ճանաչվել ԱՊՀ-ում», - հարցի առնչությամբ ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: - Այդ ներդրումը հնարավորություն կտա մի կողմից բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը, մյուս կողմից` զարգացնել զբոսաշրջությունը. սա մեզ համար գերակա խնդիր է»:
Վարչապետն անդրադարձել է նաև օդանավակայանի կլոր մասնաշենքի քանդման կոնցեսիոների առաջարկին: Մասնաշենքի պահպանումը խիստ ծախսատար է, պահանջում է 15-20 մլն դոլարի ներդրում: Բայց քանի որ մեր ճարտարապետներն այդ կառույցը համարում են սովետական շրջանի մոդեռնիստական ճարտարապետության արժեքավոր նմուշ, Տիգրան Սարգսյանը քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի միջոցով դիմել է կոնցեսիոներին` խնդրելով հարցը նորից քննարկել: Վարչապետը ողջամիտ է համարել այդ տարածքում այգի հիմնելու առաջարկը. այգում կարող են տեղադրվել ճարտարապետական հետաքրքիր լուծում ունեցող այլ կոթողներ ևս, որոնք գրավիչ կլինեն զբոսաշրջիկների համար»:

Գործադիրը հաստատել է «Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» 2014թ. ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը: Ծրագրի նպատակն է ակտիվ և արդյունավետ մարքեթինգային քաղաքականության միջոցով նպաստել միջազգային շուկայում Հայաստանի, որպես զբոսաշրջության համար բարենպաստ և գրավիչ երկրի, նկարագրի ամրապնդմանը, հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացմանը, տարածքային տնտեսական համաչափ զարգացմանը: Ի պատասխան վարչապետի հարցերի նշվել է, որ զբոսաշրջության զարգացմանը արդեն իսկ նպաստում է Ազատ երկնքի քաղաքականությունը, որի շնորհիվ նկատելի է ավիատոմսերի մասնակի էժանացում: 2014 թվականն այս առումով շատ լուրջ փոփոխությունների տարի է լինելու, խնդրո առարկայի վերաբերյալ ասել է կառավարության ղեկավարը: Հայտնվելու են նոր ավիաընկերություններ, որոնց չվերթները ստեղծելու են զբոսաշրջության զարգացման լավ պայմաններ:

 

2014թ. հունվարի 1-ից կբարձրանա հիմնական կենսաթոշակի չափը


ՀՀ կառավարությունը փոփոխություններ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և հիմնական կենսաթոշակի չափը սահմանել 14 հազար դրամ, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը առաջին 10 տարվա համար` 700 դրամ, 10 տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար` 450 դրամ: Արդյունքում աշխատանքային կենսաթոշակի միջին չափը 2013թ. շուրջ 31 հազարի փոխարեն 2014թ. կկազմի շուրջ 36 հազար դրամ: Կաճեն նաև շարքային կազմի զինծառայողների և նրանց ընտանիքի անդամներին վճարվող հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում տրվող կենսաթոշակի չափերը (միջին չափը 16 հազար 400-ի փոխարեն կկազմի շուրջ 17 հազար 500 դրամ):
Զինվորական կենսաթոշակի չափերի հերթական բարձրացումը նախատեսվում է 2014թ. հուլիսի 1-ից:
Հաջորդ որոշմամբ կառավարությունը ծերության սոցիալական նպաստի չափը սահմանել է 14 հազար դրամ, հաշմանդամության սոցիալական նպաստի չափը` 14 հազարից (երրորդ խումբ) մինչև 19 հազար 600 դրամ (առաջին խումբ): Թաղման նպաստի չափը սահմանվել է 200 հազար դրամ:
Արդյունքում 2014թ. հունվարի 1-ից կվճարվեն վերը նշված սոցիալական նպաստները, որոնց չափերը կլինեն այնքան, որքան կլիներ անձանց վճարվող սոցիալական կենսաթոշակի կամ թաղման նպաստի չափը:
Կառավարությունը հավանություն է տվել սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորման ռազմավարական ծրագրին, որի ընդունմամբ ակնկալվում է ստեղծել բնակարանային ֆոնդի ինստիտուտի ներդրման հիմք և սոցիալական տարբեր խմբերում ընդգրկված անձանց խառը բնակեցման միջոցով ապահովել ինչպես նրանց ինտեգրումը հասարակություն, այնպես էլ ֆոնդի արդյունավետ կառավարումը:
Կառավարության որոշմամբ նախկինում ընդունված որոշումներից մեկում կատարվել է փոփոխություն, ըստ որի ընտանեկան նպաստի համակարգ ընդգրկելու միավորների շեմը իջեցնելու միջոցով ընդլայնվել է այն կարիքավոր անձանց շրջանակը, ովքեր կօգտվեն անվճար բուժօգնության իրավունքից. նրանց թիվը կհասնի 270 հազար մարդու:
Իր նախկին որոշումներից մեկի փոփոխությամբ կառավարությունը մտադիր է ապահովել ԱՊՊԱ համակարգի հուսալիությունը և վերահսկելիությունը, չապահովագրված մեքենաների հայտնաբերումը և համակարգում հնարավոր խարդախությունների կանխումը:
Հայաստանի հանրային հեռուստաընկերության տեխնիկական վերազինման և կապիտալ նորոգման գծով աշխատանք կատարելու նպատակով «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ին հատկացվել է 850 մլն դրամ: Սահմանվել է, որ սույն որոշմամբ հատկացված գումարի մասով «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն ազատվում է 2013թ. գործունեության արդյունքով ՀՀ 2014թ. պետբյուջե շահութաբաժնի վճարումից:


Կապահովվի պետական կայքերի անվտանգությունը


ՀՀ կառավարությունը հաստատել է`
-ինտերնետ ցանցում պետական մարմինների պաշտոնական կայքերին ներկայացվող նվազագույն պահանջները, որոնք ընդգրկում են տեղեկատվական և տեխնոլոգիական բաղկացուցիչների պահպանումն ու ապահովումը,
-«Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2014թ. ծրագիրը և ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցը. ծրագրի նպատակն է պետական ուղղակի աջակցության գործիքների միջոցով երկրում խթանել ՓՄՁ-ի զարգացումը:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել`
-ՀՀ շենքերի սեյսմակայունության ապահովման հայեցակարգին և դրանից բխող ժամանակացույցին,
-«Նոտարիատի համակարգի զարգացման հայեցակարգին»,
-ՀՀ գյուղատնտեսական կենդանիների բրուցելոզ հիվանդության դեմ պայքարի հայեցակարգին,
-«Օնիրա քլաբ» ՍՊԸ Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի Երևան-Աբովյան խճուղի 5 վայրում ժամանցի և հանգստի կենտրոնի կառուցման ներդրումային ծրագրին` խաղատուն կամ շահումով խաղ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ կազմակերպելու համար: Որոշման ընդունումը պայմանավորված է «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքով և, ՀՀ վարչապետի դիտարկմամբ, առաջին անգամ է գործում օրենքի այն դրույթը, որի համաձայն խաղատուն կամ շահումով խաղ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ կարող է կազմակերպվել ՀՀ կառավարության հավանությանն արժանացած 40 մլրդ դրամից ավելի ներդրումային ծրագրի դեպքում` կառավարության սահմանած վայրին և չափանիշներին համապատասխան:


Հստակեցվում են սիրիահայերին բնակարան հատկացնելու սկզբունքները


ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած «Աշտարակ քաղաքում «Նոր Հալեպ» թաղամասի կառուցմանն աջակցելու մասին» որոշման մեջ կատարել է փոփոխություն և լրացումներ, որոնց նպատակն է աջակցել «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ին` նշված թաղամասում կառուցվող բնակելի տների (բնակարանների) հատկացման և հատուցման կարգի մշակման հարցում` առաջարկելով որոշակի սկզբունքներ: Մասնավորապես, բնակելի տները (բնակարանները) կհատկացվեն կամավորության սկզբունքով` ՀԿ նախագահի և սիրիահայ ընտանիքների միջև կնքված պայմանագրերով, որոնցում կամրագրվեն մի շարք պայմաններ:
Կառավարությունը որոշել է Երևան քաղաքի Հր. Աճառյան 20/3, Վարդաշենի 6-րդ փողոցի 68ա, Մոլդովական 70 հասցեներում գտնվող հանրակացարաններում, Աբովյան քաղաքի ճարտարագիտական քոլեջի հանրակացարանում բնակվող 1988-1992թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց սեփականաշնորհել իրենց զբաղեցրած տարածքները` սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով` հավասար բաժիններով:
Գործադիրը հավանություն է տվել ՀՀ կառավարության և Միավորված ազգերի զարգացման ծրագրի միջև «Աջակցություն առևտրին` Կենտրոնական Ասիայի, Հարավային Կովկասի և Արևմտյան ԱՊՀ երկրների համար (Հայաստան)» ծրագրի համաֆինանսավորման համաձայնագրի նախագծին: 2012-2013թթ. այդ ծրագրով իրականացվել են մի շարք միջոցառումներ: Մասնավորապես, աջակցություն է ցուցաբերվել Այրում, Բագրատաշեն, Նոյեմբերյան, Բերդ, Բերքաբեր, Տավուշ և Իջևան համայնքների չրագործությամբ զբաղվող 14 սուբյեկտի, Տավուշի մարզի Պտղավան և Տավուշ համայնքներում կառուցվել է կաթիլային ոռոգմամբ 29 ջերմոց և այլն:
Նիստում հավանություն է տրվել ՀՀ գյուղացիական տնտեսություններում ջերմոցային տնտեսության խթանման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ժամանակացույցին. փաստաթղթի նպատակն է նպաստել մինչև 1000քմ. տարածք ունեցող ջերմոցային տնտեսությունների զարգացմանը:


Կկրճատվի արտոնագրման համար պահանջվող փաստաթղթերի քանակը


ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնք բխում են «Լիցենզավորման մասին» օրենքում կատարված մի շարք փոփոխություններից և համապատասխանեցվել են այդ օրենքի դրույթներին: Փոփոխությունների արդյունքում կկրճատվի մաքսային գործի ոլորտում արտոնագրման ենթակա գործունեության տեսակների արտոնագրման համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի քանակը:
Կառավարությունն իր որոշմամբ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին իրավունք է վերապահել` թույլատրել «Հայգազարդ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով իրեն պատկանող Տավուշի մարզի Հաղթանակ գյուղից մինչև Բագրատաշեն գյուղն ընկած տարածքում գտնվող 1987թ. կառուցված միջին ճնշման 159 մմ տրամաչափի 3 հազար 585 գծամետր և 219 մմ տրամաչափի 4 հազար 300 գծամետր երկարությամբ ստորգետնյա գազատար խողովակներով վճարել ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի ձեռքբերման դիմաց: Նշված գույքն ամրացվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմին: Որոշման արդյունքում կլուծվի մարզի Պտղավան և Բագրատաշեն գյուղերի ջրամատակարարման հարցը:
Կառավարության որոշումներով ՀՀ քաղաքաշինության նախարարության կառուցվածքում ստեղծվել է զորահավաքային նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության բաժին, ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կազմում` զորահավաքային բաժին: Փոփոխությունները կատարվելու են եղած հաստիքային միավորների և գումարների սահմաններում:
 

Ապահովագրական համակարգն ավելի կայուն կդառնա


ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ քրեական, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքերում, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու օրենքների նախագծերին, որոնց ընդունման արդյունքում հնարավորինս կկանխվեն ապահովագրական ընկերությունների, ապահովագրական գործակալների, փորձագետների, այլ մասնագետների կողմից տվյալ բնագավառում կիրառվող խաբեությունները, կեղծիքների խափանման միջոցով կպաշտպանվեն ապահովադիրների շահերը:
Կառավարության հավանությունն է ստացել «ՀՀ քննչական դեպարտամենտում պետական ծառայության մասին», «ՀՀ արդարադատության ակադեմիայի մասին» և ևս ավելի քան մեկ տասնյակ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որի ընդունմամբ կամրապնդվի քննչական մարմինների անկախությունը, կմեծանա քրեական գործերի նախաքննության արդյունավետությունը և հնարավորություն կստեղծվի ՀՀ պաշտպանության նախարարությունում և ՀՀ ոստիկանությունում գործող քննչական մարմինների հենքի վրա կազմավորել միասնական քննչական մարմին:
Նիստում հավանություն է տրվել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Գովազդի մասին» օրենքներում փոփոխություններ և լրացում կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունմամբ կկրճատվի հանրային հեռուստատեսությամբ առևտրային գովազդի տևողությունը` եթերաժամանակը տրամադրելով տեղեկատվական ավելի բարձր արժեք և կարևորություն ունեցող հեռուստահաղորդումների ցուցադրմանը:
Գործադիրը քննարկել է «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ պատգամավորներ Վարդան Այվազյանը և Միքայել Մելքումյանը: Հաշվի առնելով երկրի գործարար և ներդրումային միջավայրի հետագա բարելավման անհրաժեշտությունը, նրանք առաջարկում են կրճատել ձեռնարկությունների հիմնական միջոցների ամորտիզացիայի ժամկետները: Կառավարությունը հեղինակներին առաջարկում է առայժմ ձեռնպահ մնալ նախագծի քննարկումից և դրան, ըստ անհրաժեշտության, անդրադառնալ օրենքի հոդվածներից մեկի գործնական կիրառման արդյունքի վերլուծությունից հետո: Առաջարկը հիմնավորվել է կառավարության եզրակացությամբ:
Քննության է առնվել ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է լրացում կատարել «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքում և դրանով իսկ կանխել «միևնույն բիզնես նախագծի մի քանի վարկավորումը»: Կառավարության եզրակացության համաձայն նախագծով նախատեսված դեպքերը նպատակահարմար է սահմանել կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով, այլ ոչ թե օրենքով:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:

Նիստի ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանը դիմել է կառավարության անդամներին. «Հարգելի գործընկերներ, 2013 թվականի մեր աշխատանքների վերաբերյալ նախարարները, գերատեսչությունների ղեկավարները զանգվածային լրատվական միջոցների շնորհիվ հրապարակային հաշվետվություն են տալիս հանրությանը: Ըստ այդ հաշվետվությունների՝ մենք տեսնում ենք, որ կատարվել է մեծածավալ աշխատանք, և բավական ծանր տարի էր 2013 թվականը: 2014 թվականը մենք սկսելու ենք մեր հանրությանը գերակա խնդիրների ներկայացմամբ և ըստ դրանց մեզ սպասվում է բավական լարված աշխատանք, որպեսզի կատարենք բոլոր այն խոստումները, պարտավորությունները, որոնք ստանձնում ենք: Բոլորիդ ցանկանում եմ հաջողություններ, որպեսզի այն բոլոր ծրագրերը, նպատակները, որ դուք դրել եք ձեր առջև, ի կատար ածվեն, քանի որ այդ ծրագրերը մեկ նպատակ ունեն՝ բարելավել երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, մեր քաղաքացիների կյանքը, բարձրացնել կենսամակարդակը: Բոլորիդ շնորհավորում եմ 2014 թվականի կապակցությամբ»:

Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ