Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 21 նոյեմբերի 2013

Կազմվում է Մաքսային միությանն անդամակցելու ճանապարհային քարտեզը








Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Բացելով նիստը, վարչապետը դիմել է ներկաներին. «Երկու օր առաջ Մոսկվայում Եվրասիական հանձնաժողովում չորս երկրների նախագահների հանձնարարությամբ ձևավորվել է աշխատանքային խումբ, որի նպատակն է քննարկել Հայաստանի Հանրապետության միացումը Մաքսային միությանը և միասնական տնտեսական տարածքին։ Աշխատանքային խմբում ընդգրկված են Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Հայաստանի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասնագետները։ Աշխատանքային խմբի առջև խնդիր է դրված, որպեսզի հստակ պատկերացում կազմվի, թե մենք ինչ ծավալի աշխատանք ենք կատարելու այդ գործընթացն իրականացնելու համար, և աշխատանքային խումբը պետք է նախապատրաստի ճանապարհային քարտեզը։
Դրա համար մեր բոլոր գերատեսչություններին լարված աշխատանք է սպասում: Եվ իհարկե, առաջին հերթին մեր աշխատանքով է պայմանավորված լինելու, թե ինչ ժամանակահատվածում ի վիճակի կլինենք այդ բոլոր միջոցառումներն իրականացնել:
Քանի որ դեկտեմբերի 5-ին նախատեսվում է աշխատանքային խմբի առաջին հանդիպումը, մենք արդեն պետք է պատրաստ լինենք ներկայացնելու ըստ ոլորտների մեր անելիքները, մեր կարողությունները և թե ինչ ժամանակահատվածում կկարողանանք իրականացնել այս գործընթացը, որպեսզի հասցնենք դեկտեմբերին ունենալ ճանապարհային քարտեզ և այն ներկայացնել նախագահների հաստատմանը։ Սրանք Մաքսային միությանն անդամակցելու մեր մոտակա անելիքներն են:
Սանկտ Պետերբուրգում ես հանդիպում եմ ունեցել Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի վարչապետների հետ և, բնականաբար, մենք քննարկել ենք Մաքսային միությանն անդամակցելու խնդիրները։ Եվ երեք երկրների վարչապետներն էլ մեզ խոստացել են օժանդակել, որպեսզի մենք կարողանանք պատշաճ ձևով այդ փաստաթղթերը նախապատրաստել և այդ միջոցառումներն իրականացնել»։

Այնուհետև հաստատվել է նիստի օրակարգը և սկսվել հարցերի քննարկումը:


Սահմանափակվում է ծխախոտի գովազդը


ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Գովազդի մասին» օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի նպատակն է օրենքով արգելել ծխախոտի ապրանքատեսակների գովազդը, վաճառքի խթանումն ու հովանավորչությունը: Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ խնդրո առարկայի վերաբերյալ չի լսվում հասարակական կազմակերպությունների ձայնը: Մինչդեռ ծխախոտի օգտագործումը շատ լուրջ խնդիր է, վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում դրանից ամեն տարի հազարավոր մարդիկ են մահանում: Հասարակական կազմակերպությունների պայքարն համարժեք չէ ստեղծված վիճակին: «Ինձ համար մի փոքր զարմանալի է, - հավելել է վարչապետը, - քանի որ բնապահպանների ձայնը գիշեր-ցերեկ լսում ենք, մինչդեռ ռիսկերը համադրելի չեն, ծխախոտից ամեն օր մարդ է մահանում: Բայց չգիտես ինչու հասարակությունը շատ ավելի հանդուրժող է այս հիվանդության նկատմամբ, քան բնապահպանական ցանկացած այլ երևույթի: Պայմանավորվենք, որ մենք սա պահելու ենք մեր ուշադրության կենտրոնում և փորձելու հասարակության մեջ էլ տրամադրություն ստեղծել, որպեսզի օժանդակեն մեզ այս հարցում»:
Նիստում հավանության է արժանացել «ՀՀ պետական պարգևների մասին» օրենքում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ և ՀՀ քրեական օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթը, որով ակնկալվում է կարգավորել ՀՀ պետական պարգևների հետ կապված հարաբերությունները:
Գործադիրն իր նիստում հավանություն է տվել «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի նախագծին, որի ընդունումը թելադրված է պետբյուջեի գծով պարտավորություն ունեցող անհատ ձեռնարկատերերի գործունեության դադարեցումը կանխելու, հարկային հսկողության արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ: «Բիզնես սկսելու դյուրության տեսակետից Հայաստանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում, ոչ մի երկրում այսքան հեշտ չէ բիզնես գրանցելը, - նշել է Տիգրան Սարգսյանը: - Բայց բիզնեսից դուրս գալը պետք է դժվար լինի, մանավանդ` այս դեպքում խոսքը վերաբերում է միայն լուծարվող անհատ ձեռնարկատիրությանը»: Ամփոփելով հարցի շուրջ ծավալված մտքերի փոխանակությունը, որին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ ԿԱ ՊԵԿ ղեկավարները, վարչապետն առաջարկել է որոշումն ընդունել, օրինագիծն ուղարկել Ազգային Ժողով և քննարկումն ավարտել այնտեղ` գտնելով ճիշտ լուծումը:
Կառավարությունն հավանություն է տվել «Կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծին, որն ընդունելու դեպքում օրենքը կվերածվի համապատասխան բնագավառի հարաբերությունները կարգավորող համապարփակ իրավական ակտի:
Կառավարությունն հավանություն է տվել «Գնումների մասին» և «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքներում լրացումներ կատարելու օրինագծերին, որոնց ընդունմամբ կապահովվի «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված անձանց լիարժեք անվտանգությունը:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» և ևս յոթ օրենքներում, «Սոցիալական աջակցության մասին» և ևս հինգ օրենքներում, ինչպես նաև «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» և ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթներին:
Գործադիրը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքի փոփոխությանը, որի ընդունման դեպքում կբացառվի ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից ըստ էության լուծող դատական ակտի դեմ բերված վճռաբեկ բողոքը վերադարձնելու դեպքում պետական տուրքի վերադարձը:
Նիստում հավանություն է տրվել «Զենքի մասին» օրենքի նախագծին և դրա ընդունմամբ պայմանավորված հինգ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերին, որոնց ընդունմամբ կհստակեցվեն զենքի շրջանառությանն առնչվող հարաբերությունները, զենքի շրջանառության անվտանգության պայմանները:
Նիստում հավանություն է տրվել «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» և ևս երեք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին:
Կառավարությունը քննարկել է «Ազգային Ժողովի կանոնակարգ» օրենքում լրացում և «Դատախազության մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենքների նախագծերը, որոնք օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ մի խումբ պատգամավորներ` առաջարկելով օրենքներում ավելացնել դատախազության տարեկան գործունեության մասին հաղորդումն Ազգային Ժողովում քննարկելու հատուկ կարգ: Կառավարությունը նպատակահարմար է համարել նախագծերի փաթեթը քննարկել նախապատրաստվող սահմանադրական բարեփոխման շրջանակում:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:


Անապահով ընտանիքների բնական գազի ծախսը կփոխհատուցվի


ՀՀ կառավարությունը փոփոխություններ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ, որով սահմանված են անապահով ընտանիքներին մատակարարվող բնական գազի սակագնի մեղմացման միջոցառումները: Սույն որոշմամբ նախատեսվում է 2013թ. ապրիլի 1-ից մինչև 2013թ. հուլիսի 6-ն ընկած ժամանակահատվածում շարունակել պետության կողմից ընտանեկան նպաստի իրավունք ունեցող (անապահով ընտանիքներ) սպառած բնական գազի սակագնի մասնակի փոխհատուցումը, այն է` «Հայռուսգազարդ» ՓԲԸ կողմից նշված ժամանակ անապահով ընտանիքներից բնական գազի 75 խոր. մետր քանակության դիմաց գանձել հաստատված սակագնից (1000 խոր. մետրի համար` 132 հազար դրամ) նվազեցված սակագնով (1000 խոր. մետրի համար 100 հազար դրամ կամ 32 հազար դրամով պակաս): Սակագների տարբերության գումարը «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին փոխհատուցվում է ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի պետական ընկերությունների վերազինման, օպտիմալացման և բարեփոխման արդյունքում առաջացող շահույթի հաշվին:
 

 

Միջազգային համագործակցություն


Իր նիստում կառավարությունն հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության կառավարության և Միավորված ազգերի զարգացման ծրագրի միջև համաֆինանսավորման համաձայնագրի (ՀՀ տարածքային զարգացման հայեցակարգից բխող ծրագրերի մշակմանը և իրականացմանը աջակցելու համար) նախագծին:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպայի ներդրումային բանկի միջև կնքվելիք Հայաստանի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ֆինանսական պայմանագրին, որի համաձայն ԵՆԲ-ն ՀՀ-ին կտրամադրի 60 մլն եվրո վարկ: Նշված գումարն ուղղվելու է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի շինարարության ֆինանսավորմանը: Ներգրավվելու են նաև այլ միջոցներ: Կառավարությունը հավանություն է տվել նաև «Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև 2013թ. մայիսի 31-ի լրացուցիչ ֆինանսական համաձայնագրով նախատեսված միջոցների նախաֆինանսավորում» նամակ-համաձայնագրին:
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև միջուկային անվտանգության ապահովման բնագավառում համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը: Կառավարության համաձայնությունն է ստացել «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև Հայաստանի տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին» 2012թ. հոկտեմբերի 3-ի արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու N 1 արձանագրության կնքման առաջարկությունը:


Չափման միջոցները կճանաչվեն ազգային չափանմուշ


ՀՀ կառավարությունը սահմանել է չափման միջոցը որպես ազգային չափանմուշ ճանաչելու կարգը, որը հնարավորություն կտա Չափումների միասնականության ապահովման համակարգում հաշվի առնել Եվրամիության միջազգային փորձը և ներդնել չափման միջոցները ազգային չափանմուշ ճանաչելու մեթոդները:
Գործադիրը հաստատել է «Համաշխարհային զբոսաշրջային շուկայում Հայաստանի Հանրապետության մրցունակության բարելավմանն ուղղված միջոցառումների ծրագիրը», որի իրականացմամբ ակնկալվում է ապահովել նշված ոլորտի կայուն զարգացումը: Նկատի առնելով այն հանգամանքը, որ մեր երկրում դեռևս չեն ստեղծվել ոլորտի զարգացմանը նպաստող հյուրանոցային ռեսուրսներ, վարչապետ Տիգրան Սարգսյանը շեշտել է այդ բիզնեսի խթանման միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը:
Կառավարությունը կայացրել է Սպիտակի «Վանուհի» ԲԲԸ-ին Համաշխարհային բանկից տրամադրված վարկի մարման ժամկետը հետաձգելու և տոկոսի վճարումը զիջելու որոշում, որը կնպաստի ընկերության, ինչպես նաև «Հեսփերուս» ՓԲԸ գործարկմանը, Լոռու մարզում 150 նոր աշխատատեղի ստեղծմանը:
Նիստում հաստատվել է «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ի կանոնադրությունը:
Կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց համաձայն կենդանիները, կենդանական ծագում ունեցող մթերքը, հումքը, կերը, լրացակերը ՀՀ տարածքում կփոխադրվեն սահմանված նոր ձևաթղթերի հիման վրա: Ուղեկցող փաստաթղթում կնշվեն հայտնաբերված հիվանդությունը և կատարված բուժումը: Հաջորդ որոշմամբ կանոնակարգվել են սննդամթերքի հետ շփվող նյութերի, սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման ընթացակարգը և դրա իրականացման պայմանները:
Իմունականխարգելման ազգային ծրագրի համաձայն մեր երկրի պատվաստանյութերի և պատվաստման օժանդակ պարագաների պահպանման մշտական 25 տոկոս պահուստային պաշարը պահպանվում է ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» ՓԲԸ-ի իմունացման ազգային պահեստում` համապատասխան սառնարանային ռեժիմի առկայությամբ, ըստ միջազգային չափորոշիչների: Կառավարության որոշմամբ նվազեցվել է պետական հատկացումներով ձեռք բերված պահուստային պաշարից առաջացած շահութաբաժնի վճարումը, ինչը կնպաստի անվտանգ և արդյունավետ պատվաստանյութի ներկրմանը և վարակիչ հիվանդությունների դեմ արդյունավետ պայքարին:


Ավելի արդյունավետ կօգտագործվեն մայր ջրանցքներն ու պոմպակայանները


Գործադիրն ընդունել է «ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» ՊՀԿ-ին և «Արփա-Սևան» թունելի վերականգնման ծրագրերի իրականացման գրասենյակ: ՊՀ-ին գույք ամրացնելու, ինչպես նաև «Սևան-Հրազդանյան ջրառ» և «Ախուրյան-Արաքս ջրառ» ՓԲԸ-ների կանոնադրական կապիտալներն ավելացնելու որոշում: Դա հնարավորություն կտա առավել արդյունավետ իրականացնել մայր ջրանցքների և պոմպակայանների շահագործումն ու ոռոգման ջրի ավելի արդյունավետ մատակարարումը: Հաջորդ երկու որոշումից առաջինով 2013թ. կապահովվի Վերականգնման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող «ՀՀ ջրային ոլորտի ուսումնասիրություն» ծրագրով նախատեսված աշխատանքը, երկրորդը հնարավորություն կտա առավել արդյունավետ իրականացնել Սյունիքի մարզի 4 էներգետիկ պատվարների շահագործումը:
Փոքր և միջին ձեռնարկությունների համար հաճախ օգտագործվող օրինակելի նախագծերի մշակման և դրանց կատալոգի հրատարակման նպատակով կառավարությունը ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացրել է մոտ 30 մլն դրամ:


Կբարելավվեն միգրացիոն պետական ծառայության աշխատանքային պայմանները


Գործադիրը կայացրել է որպես ՀՀ սեփականություն գույք ընդունելու որոշում, որով «Դավիթ» առևտրի տուն» ՓԲԸ սեփականությունը հանդիսացող Երևան քաղաքի Հր. Քոչարի 4 հասցեում գտնվող վարչական տարածքը ընդունվել և ամրացվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը` ընդլայնելով վերջինիս գույքային տարածքը:
Մեկ այլ որոշմամբ Հրազդան քաղաքի տարածքային հարկային տեսչության վարչական շենքի կապիտալ նորոգումն իրականացնելու նպատակով «ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին է ամրացվել շենքին կից գտնվող չգործող դեղատան ոչ հիմնական վթարային շինությունը: Միաժամանակ կբարեկարգվի ամբողջ տարածքը:
Կառավարությունը որոշել է Գյումրու «Նարեկ» հանգստյան տուն» ԲԲԸ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը նվիրաբերել Գյումրու քաղաքային համայնքին` ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Չերքեզի ձոր հասցեում գտնվող շենքերում բնակվող 27 բնակիչներին իրենց զբաղեցրած տարածքներն անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու պայմանով: Հաջորդ որոշմամբ սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով` հավասար բաժիններով իրենց զբաղեցրած բնակելի տարածքները նվիրաբերվել են Երևանի Մոլդովական 70 N 1, Աճառյան 20/3, Շիրակի 2ա/7 հասցեների, ինչպես նաև Աբովյան քաղաքի ճարտարագիտական քոլեջի հանրակացարաններում բնակվող քաղաքացիներին:
Կառավարությունը 2013թ. պետբյուջեում և իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, պետբյուջեից հատկացրել 45 մլն դրամ` Լոռու և Շիրակի մարզերի գյուղական բնակավայրերի մեկ սենյակի հավակնող 15 ընտանիքի բնակարանային պայմանների բարելավման նպատակով ուղղակի ֆինանսական աջակցության տրամադրմանը:
Կառավարության որոշումներով ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը թույլատրվել է Երևանի Դավիթ Անհաղթի փողոցի 23/6 շենքի 5-րդ շինության հարակից տարածքը, Երևանի Նոր Նորքի Նանսենի փողոցի 7-րդ շենքի N 43 հասցեում գտնվող ոչ բնակելի տարածքը և դրա օգտագործման ու սպասարկման հողամասի բաժնային մասը, Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղի 129/9 հասցեում գտնվող անշարժ գույքը և համապատասխան հողամասն օտարել մրցույթով, իսկ «Զվարթնոց» օդանավակայանի կենտրոնական կաթսայատան շարժական գույքը` ուղղակի վաճառքի ձևով:


Կրթօջախներն ավելի հարմարավետ կդառնան
 

ՀՀ կառավարությունն հաստատել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ոչ պետական կազմակերպություններին ՀՀ պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույք նվիրաբերելու կարգը:
Իր որոշումներով գործադիրը 40 մլն դրամ է հատկացրել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ուսումնական մասնաշենքի առաջին հարկի ուժեղացման ու նորոգման աշխատանքներն իրականացնելու, մոտ 63.5 մլն դրամ` Սպիտակի ավագ դպրոցի և Մեծամորի N 2 ավագ դպրոցի շենքերի տանիքների հիմնանորոգման, համապատասխան ֆինանսական միջոցներ` Արագածոտնի մարզի Լեռնապարի, Մաստարայի, Երևանի N 108 և Ռ. Իշխանյանի անվան N 153, Արարատի մարզի Վարդաշենի դպրոցների շինարարությունն ավարտին հասցնելու նպատակով:
Կառավարությունն իր նիստում որոշել է Գյումրի քաղաքի Չարենցի 12 հասցեում գտնվող ուսումնական մասնաշենքի որոշ մասը հետ վերցնել քաղաքի N 37 դպրոցից և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Գյումրու «Ֆոտոն» վարժարան» ՊՈԱԿ-ին:
 

Այլ որոշումներ


ՀՀ կառավարությունը «Երևանյան հեռանկարներ» 14-րդ միջազգային երաժշտական փառատոնի 2013թ. համերգաշարի եզրափակիչ համերգի և Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական թատրոնի 75-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների կազմակերպման նպատակով համապատասխանաբար հատկացրել է 40 մլն և 10 մլն դրամ:
ՀՀ կառավարության որոշմամբ 2013թ. դեկտեմբերի 30-ի աշխատանքային երկուշաբթի օրը տեղափոխվել է 2013թ. դեկտեմբերի 28-ը` շաբաթ օր:
Որոշման երկրորդ կետով 2014թ. հունվարի 27-ի, ապրիլի 21-ի, մայիսի 2-ի, հուլիսի 28-ի, օգոստոսի 18-ի և սեպտեմբերի 15-ի աշխատանքային օրերը համապատասխանաբար տեղափոխվել են 2014թ. փետրվարի 1-ը, ապրիլի 26-ը, մայիսի 31-ը, օգոստոսի 2-ը, օգոստոսի 23-ը և սեպտեմբերի 20-ը` շաբաթ օրերը:
 

Նոյեմբեր 2019
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ