Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 4 հոկտեմբերի 2013

ՀՀ վարչապետ. «Հայաստանում ՏՏ ոլորտը թևակոխում է զարգացման նոր փուլ»





 

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի բարձր հովանու ներքո Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում այսօր մեկնարկել է «ԱրմԹեք 2013» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 6-րդ ամենամյա համաժողովը:
Ողջունելով ներկաներին` վարչապետը նշել է, որ «ԱրմԹեք»-ը լավ հնարավորություն է` արձանագրելու ոլորտի նվաճումները և քննարկելու մարտահրավերները: «Մասնավոր հատվածի առաջնային հարցադրումը կրթական համակարգի շարունակական բարելավումն է և բարձրորակ մասնագետներով ՏՏ ոլորտի ապահովումը: Հաշվի առնելով, որ ոլորտում տարեկան աճը 15-20 տոկոս է, և այս պահին ունենք 7000 մասնագետ` 300 ձեռնարկությունում, հասկանալի է, որ միջնաժամկետ թիրախը լինելու է տարեկան 2000 որակյալ մասնագետի պատրաստում», - նշել է Տիգրան Սարգսյանը և բարձր գնահատել միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հետ համագործակցությունը, որի շրջանակում տեխնիկական և ֆինանսական օժանդակություն է տրամադրվում կադրերի պատրաստման և վերապատրաստման նպատակով: Վարչապետը, մասնավորապես, կարևորել է «Մայքրոսոֆթ»-ի գրասենյակի, այդ թվում` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի բազայի վրա ստեղծված կենտրոնի աշխատանքները, IBM ընկերության նախաձեռնությունը և այլն:
Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը թևակոխում է ՏՏ ոլորտի զարգացման նոր փուլ, և անհրաժեշտ է հստակ ձևակերպել հետագա անելիքները` 10 տարում ձեռք բերված հաջողությունը պահպանելու և ոլորտի շարունակական զարգացումն ապահովելու համար. «Չափազանց կարևոր է, որ ՏՏ ոլորտում Հայաստանը գտնի իր նիշը. ի՞նչ նեղ մասնագիտացում կարող ենք ունենալ, որպեսզի համաշխարհային համադրումների մեջ կարողանանք ցույց տալ մեր հարաբերական առավելությունը: Այսօր մեր երկիրն ապահովում է միկրոսխեմաների մշակման և դիզայնի ոլորտում համաշխարհային արտադրության 5 տոկոսը, ինչը մեզ համար մեծ տեսակարար կշիռ է և մասնագիտացում, որտեղ ունենք հարաբերական առավելություն: Աշխարհի բոլոր հայտնի ընկերությունները, որոնք մասնագիտացած են դիզայնի բնագավառում, ուշադրության կենտրոնում են պահում Հայաստանը, ավելին, իրենց մասնագետներին ուղարկում են մեզ մոտ վերապատրաստման»: Վարչապետի խոսքով` պետք է խթանել նմանատիպ մասնագիտացման և հարակից ոլորտների զարգացումը` միջազգային լավագույն չափանիշներին համադրելի ձեռքբերումներ ունենալու համար:
Անդրադառնալով ՏՏ ոլորտում նպաստավոր միջավայրի ձևավորմանը` վարչապետ Սարգսյանը ներկայացրել է Սիլիկոնյան հովիտ կատարած այցից քաղած դասերը, որոնք բացահայտվել են այնտեղ կայացած քննարկումների և հանդիպումների ընթացքում: Կառավարության ղեկավարն այս առումով կարևորել է Հայաստանում վենչուրային հիմնադրամների ստեղծումը, start up բիզնեսի խթանումը, ձախողումներից չխուսափելը և համաշխարհային ցանցում ներգրավված լինելը: «Կառավարությունը պետք է ստեղծի այնպիսի միջավայր, որ բոլոր սուբյեկտները ներկայացված լինեն ՀՀ-ում` համալսարաններ, որոնք բարձրորակ կադրեր են ապահովում, հետազոտական կենտրոններ, որոնք կարող են լինել համալսարաններին կից կամ առանձին, վենչուրային հիմնադրամներ և կառավարիչներ», - նշել է վարչապետը և տեղեկացրել, որ ՀՀ կառավարությունը Համաշխարհային բանկի հետ միասին շուրջ 3 մլն ԱՄՆ դոլար է հատկացրել ՀՀ-ում առաջին վենչուրային հիմնադրամի ստեղծման նպատակով:
Տիգրան Սարգսյանի խոսքով` «ԱրմԹեք 2013»-ը հնարավորություն կտա բացահայտել ՏՏ զարգացման երկրորդ փուլի հիմնախնդիրները և հստակեցնել կառավարության անելիքները: «ՏՏ ոլորտը վերջին 5 տարում այնպիսի դինամիկա է դրսևորում, որը խթանում է նաև ՀՆԱ-ի աճը Հայաստանում, քանի որ արտադրողականության աճ է ապահովվում բոլոր ոլորտներում: Այն, որ իր ծավալով, աշխատողների քանակով ՏՏ ոլորտը համադրելի է հանքահումքային արդյունաբերությանը, շատ կարևոր ցուցանիշ է, և մենք պարտավոր ենք ապագայում ևս պահպանել այդ տեմպերը»,- իր ելույթն ամփոփել է ՀՀ վարչապետը:
«ԱրմԹեք 2013» համաժողովին մասնակցում է Հայաստանի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Եվրոպայի, Միջին Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և այլ տարածաշրջանների պետական մարմինների, գիտական և կրթական հաստատությունների, մասնավոր հատվածի, ինչպես նաև խոշորագույն անդրազգային կազմակերպությունների ավելի քան 200 ներկայացուցիչ: Համաժողովի նպատակն է աջակցել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի շարունակական զարգացմանը` հնարավորություն տալով բացահայտել գործարար և ներդրումային նոր հնարավորություններ, ստեղծել ընդլայնված մասնագիտական ցանց:
Համաժողովի շրջանակում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը համագործակցության հուշագրեր է ստորագրել` մի կողմից, «Դիջիթըլ Փոմըգրանեթ» ՍՊԸ-ի (“ITECHNOLOGY”) հետ` կրթության, մասնագետների վերապատրաստման, նոր աշխատատեղերի ստեղծման, Գյումրու տեխնոպարկի վերաբերյալ հանրային իրազեկման կազմակերպման և իրականացման ուղղությամբ համագործակցության, մյուս կողմից` «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ի հետ` երիտասարդների մոտ նոր տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրության աճի, բնակչության շրջանում համացանցի և համակարգչի օգտագործման ծավալների մեծացման, կարողությունների զարգացման յուրօրինակ միջավայրի ձևավորման` խթանման և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի տարածքում համատեղ լաբորատորիայի հիմնման ուղղությամբ համագործակցության վերաբերյալ:

 

 

 

 

Հոկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ