Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 28 սեպտեմբերի 2013

Կենսաթոշակը կավելանա 15 տոկոսով, պետական հատվածի աշխատավարձը` մոտ 40 տոկոսով







Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ 2014 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծին, որի համաձայն 2014 թ. համախմբված բյուջեն կկազմի` եկամուտների գծով` 1.161.9 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), ծախսերի գծով` 1.277.5 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների), դեֆիցիտը (պակասուրդը)` 115.6 մլրդ դրամ:
ՀՀ համայնքների 2014 թ. բյուջեները կկազմեն` եկամուտների գծով` 112.8 մլրդ դրամ (ներառյալ պետբյուջեից ստացվող պաշտոնական դրամաշնորհները), ծախսերի գծով` 117.9 մլրդ դրամ, դեֆիցիտը (պակասուրդը)` 5.1 մլրդ դրամ:
«Մեզ սպասվում է բավական լարված աշխատանք, որը պայմանավորված է մի քանի հանգամանքով, - ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: - Առաջինը զարգացող երկրների տնտեսական ցուցանիշների վատթարացումն է, այդ թվում նաև` 2013-2014 թվականների կանխատեսումները, որոնց համաձայն Ռուսաստանի Դաշնությունում տնտեսական աճի ցուցանիշները Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից ճշգրտվել են դեպի նվազեցում, ինչը, իհարկե, մեզ վրա էական ազդեցություն է թողնում: Սա առաջին և կարևոր խնդիրն է: Երկրորդ, վերջին տարիների ընթացքում մասնավոր ներդրումների կրճատման միտում է արձանագրվում, ինչը նշանակում է, որ մենք պետք է մտածենք բիզնես միջավայրի բարելավման և հարկային բեռի ճիշտ բաշխման մասին, որպեսզի հարկային բեռի ավելացում տեղի չունենա: Այս ճշգրտված բյուջեի առանձնահատկությունն այն է, որ մենք չենք ավելացնում 2014 թվականի հարկային բեռը. հարկեր-ՀՆԱ ցուցանիշը մենք ամեն տարի ավելացնում էինք 0.3-0.4 տոկոսային դրույքով, այս պահին մենք որոշում ենք ընդունում 0.3 տոկոսային կետով 2014 թվականին չավելացնել հարկեր-ՀՆԱ ցուցանիշը, որպեսզի բիզնեսի վրա ավելորդ ճնշում չլինի, դրանով փորձելով բարելավել բիզնես միջավայրը:
Երրորդ, հասկանալի է, որ Մաքսային միության անդամակցությունը տնտեսվարող սուբյեկտների համար ստեղծելու է նոր միջավայր, և մենք պետք է նրանց համար ստեղծենք այդ անցումը կատարելու ավելի սահուն, հարմարավետ հնարավորություններ: Այս ամենը հաշվի առնելով մենք ըստ էության հարկային եկամտի ցուցանիշը ճշգրտում ենք շուրջ 11 մլրդ դրամով և արդյունքում հարկեր-ՀՆԱ ցուցանիշը թողնում ենք անփոփոխ: Բնականաբար, մենք պետք է նաև բավարար չափի ռեզերվներ կուտակենք, որպեսզի 2014 թվականի բյուջեն կատարման առումով լինի առավել հուսալի: Դա նշանակում է, որ մենք նաև ծախսային մասերում կատարում ենք որոշակի ճշգրտումներ:
2014 թվականի հունվարի մեկից թոշակները կավելանան 15 տոկոսով, և 2014 թվականի հուլիսի մեկից աշխատավարձերը կավելանան շուրջ 40 տոկոսով. այս երկու ավելացումները հիմնականում տեղի են ունենալու հենց այն լրացուցիչ շուրջ 90 մլրդ դրամի ավելացման շնորհիվ:
Միևնույն ժամանակ փոփոխություններ կատարեցինք կապիտալ ծախսերի ավելացման ուղղությամբ, մասնավորապես, ավելացրինք դպրոցաշինության և ճանապարհաշինության ծախսերը, որպեսզի կապիտալ ծախսերի տեսակարար կշիռը Համախառն ներքին արդյունքում կարողանանք բարձր պահել և դրանով իսկ նույնպես նպաստել տնտեսական աճի ցուցանիշի բարելավմանը: Սրանք են հիմնական փոփոխությունները, որ մենք նախորդ ժամանակահատվածի համեմատ կատարել ենք», - եզրափակել է վարչապետը:

Կառավարությունը հավանություն է տվել սոցիալական ոլորտի մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթներին: Մասնավորապես, կենսաթոշակի ավելացման արդարացի սանդղակ մշակելու առնչությամբ Տիգրան Սարգսյանն ասել է. «Մենք ունենք մի խումբ թոշակառուներ, որոնք ստանում են չափազանց բարձր թոշակ՝ 1 մլն դրամ և ավելի: Եվ սա մշտապես առաջացնում է սոցիալական խնդիրներ, բողոքներ ենք ստանում, երբ մարդիկ գնում և միևնույն պատուհանից մեկն ստանում է 35 հազար դրամ թոշակ, մյուսը` 1 մլն դրամ: Այս նոր սանդղակը նպատակ ունի նվազեցնել տարբերությունները, որպեսզի դրանք փորձենք մեղմել ժամանակի ընթացքում: Այսինքն, բարձր թոշակ ունեցողների աճի տեմպը լինելու է ավելի ցածր, իսկ ցածր թոշակ ստացողների աճի տեմպը`ավելի բարձր»:
Կառավարությունն ընդունել է նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունվարի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց 2013 թ. փոխհատուցում տրամադրելու, 2013 թ. պետբյուջեում վերաբաշխում, իր նախկին որոշումներից մեկում փոփոխություններ կատարելու, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը գումար հատկացնելու որոշում: 2006 թվականին հաշվառված 62 հազար 128 ավանդատուների ավանդների փոխհատուցումը շարունակվել է նաև 2013 թվականին և ցուցակն սպառվել է սեպտեմբերի 23-ին: Փոխհատուցման արտահերթ տրամադրում է նախատեսված ընտանիքների կազմում ընդգրկված մինչև 1924 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված 780 և ՀՀ պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած 4600 անձանց` մինչև 1993 թ. հունիսի 10-ը նշված բանկում ներդրած ավանդների դիմաց:
Կառավարության ընդունած որոշումները շոշափում են սոցիալական նաև այլ խմբերի շահերը: Անդրադառնալով առողջապահական ապահովագրման քաղաքականությանը, կառավարության ղեկավարն ասել է. «Մենք ունենք քաղաքական պարտավորություն` մեր քաղաքացիներին խոստացել ենք, որ հինգ տարվա ընթացքում սրտի վիրահատությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր քաղաքացու, անկախ նրանից, թե նա պետական հատվածում է աշխատում, թե մասնավոր: Առաջին քայլը, որ արեցինք, ներդնելով առողջապահական ապահովագրական համակարգ, շուրջ 120 հազար աշխատողի համար այս խնդիրը լուծեցինք: Հիմա ձեզ հետ միասին պետք է փուլ առ փուլ գործիքներ կիրառենք, որոնք հնարավորություն են տալու նաև մասնավոր հատվածի և չաշխատողների համար այս ծառայությունները հասանելի դարձնել: Մեր հաստատմանը ներկայացված այս փաստաթուղթը բազմազավակ ընտանիք ունեցող կանանց հնարավորություն է տալու ձեռք բերել առողջապահական ապահովագրական պոլիսներ, որպեսզի նրանք նույնպես ապահովագրված լինեն թանկարժեք վիրահատությունների պարագայում: Առաջին անգամ մենք դա փորձում ենք կիրառել: Մենք նաև կանխիկ գումարը, որ տրամադրելու ենք երեք և ավելի երեխա ունեցողներին ավելացնում ենք և 2014 թվականի հունվարի մեկից դարձնում 500 հազար դրամ: Շուրջ 1 մլն դրամով էլ նրանք հնարավորություն են ունենալու օգտվել առողջապահական ապահովագրական համակարգից, հիփոթեքային համակարգից, բարելավելով իրենց բնակարանային պայմանները, կամ ուսման հատուցումը: Կարծում եմ` ներքին տուրիզմի հնարավորությունը նույնպես կարող ենք տալ, քանի որ այս չորս համակարգերը, որ մենք ներդրել ենք, արդյունավետ աշխատում են և ամենակարևորը, մենք ստացել ենք դրական արձագանք: Բոլոր մեր հանդիպումների ժամանակ խնդիր է դրվում, որ ընդլայնենք այս հնարավորությունը, որպեսզի մարդկանց քանակը, որոնք պետք է օգտվեն այս ծառայություններից, ավելացնենք: Դրա համար այս մոտեցումը հենց այդ խնդիրն է լուծում:
Երկրորդ կարևոր քաղաքական առաջադրանքը, որ մենք ունենք, վերաբերում է առողջապահության ոլորտին: Մենք մինչև 7 տարեկան երեխաների բուժօգնությունը դարձրել ենք անվճար: Հիմա մեր առջև խնդիր է դրված, որպեսզի մինչև 18 տարեկան երիտասարդների համար բուժծառայությունները դարձնենք հասանելի, բայց այստեղ իրականացնելով դասակարգումներ: Այսինքն, առաջին հերթին սոցիալապես անապահով ընտանիքների մինչև 18 տարեկան երեխաներին մենք կարողանանք անվճար բուժծառայություն մատուցել: Այստեղ խնդիր է դրվում առողջապահության նախարարության առջև, որպեսզի մենք պիլոտային ծրագիր անենք և կարողանանք զանազանել վճարունակ և անվճարունակ ընտանիքները: Այս բոլոր միջոցառումները, որ իրականացնելու ենք, պետք է համահունչ լինեն մեր կառավարության ծրագրին, որպեսզի այն թիրախները, որ մենք մեզ համար ամրագրել ենք, հասանելի լինեն այս հինգ տարիների ընթացքում»:

Կառավարությունն ստեղծել է աշխատավարձի հաշվարկման սանդղակ և առաջին անգամ Ազգային ժողովին առաջարկում է սահմանել իշխանության տարբեր ճյուղերի աշխատողների համադրելի աշխատավարձեր: Այս խնդրի վերաբերյալ նույնպես պարզաբանում է տվել ՀՀ վարչապետը. «Երկար ժամանակ ենք ծախսել այս համակարգը մշակելու համար: Վաչե Գաբրիելյանի ղեկավարությամբ ստեղծվել էր միջգերատեսչական հանձնաժողով, որի մեջ ներգրավված էին նաև Ազգային ժողովի պատգամավորներ, Սահմանադրական դատարանի ներկայացուցիչներ: Հասկանալի է, որ տարբեր գերատեսչություններ ունեն իրենց ուրույն պատկերացումը, թե ինչպիսին պետք է լինեն իրենց գերատեսչության աշխատավարձի սանդղակը, աճի տեմպը և այլն: Առաջին անգամ մեր պետության պատմության մեջ մենք առաջարկում ենք Ազգային ժողովին միասնական աշխատավարձի սանդղակ: Հասկանալի է, որ սա քաղաքական որոշում է, որի միջոցով մենք փորձում ենք ապահովել իշխանության տարբեր ճյուղերի միջև համադրելի աշխատավարձերի սանդղակ, և մեր երկրում երկարաժամկետ առումով կլինի հստակ պատկերացում աշխատավարձի սանդղակի և զարգացումների վերաբերյալ: Հասկանալի է, որ սա քաղաքական որոշում է, ինչպես ընդունված է աշխարհի զարգացած երկրներում, երբ ապահովում են տարբեր ճյուղերի միջև աշխատավարձերի և սանդղակների համադրելիությունը: Գոյություն ունեն բազմաթիվ փաստարկներ հօգուտ այս կամ այն սանդղակի: Մենք տարիների ընթացքում կատարել ենք բազմաթիվ ուսումնասիրություններ` ներգրավելով պատգամավորների, կառավարության անդամների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, որպեսզի բացահայտենք մեզ համար, թե ինչպիսին է հանրության պատկերացումն ըստ պաշտոնների հարաբերակցության: Փաստորեն Ազգային ժողովի դատին ենք ներկայացնելու մի փաստաթուղթ, որը կոմպրոմիսի արդյունք է այդ բազմաթիվ քննարկումների շնորհիվ: Հասկանալի է, որ այս փաստաթղթի շուրջ բուռն դեբատներ կլինեն, թե արդյոք արդար է այդպիսի պաշտոններն իրար հետ համադրելը հենց այդ ցուցանիշներով, թե արդար չէ: Կլինեն փաստարկներ հօգուտ այդ տարբերակի կամ հակառակը, բայց մենք պետք է այդ քաղաքական կոմպրոմիսին Ազգային ժողովում անպայման հասնենք, և դրանից հետո արդեն մեզ համար շատ հեշտ կլինի տարիների ընթացքում պլանավորել աշխատավարձերի քաղաքականությունը: Սա այն փաստաթուղթն է, որը երկար ժամանակ պահանջված էր և՛ հանրության, և՛ Ազգային ժողովի կողմից: Հիշում եք` մենք Ազգային ժողովում խոստացել ենք, որ այդպիսի միասնական սանդղակ ներկայացնելու ենք խորհրդարանի դատին և դրանով իսկ փորձելու ենք վերջնականապես այդ բոլոր հարցադրումների պատասխանը տալ, թե տարբեր ոլորտներում աշխատավարձերի բարձրացման ինչ քաղաքականություն է իրականացնելու Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Սա առաջին փորձն է այդ հարցի պատասխանը տալու: Դրա համար ես կարծում եմ, որ դեռևս բուռն դեբատներ կլինեն Ազգային ժողովում, բայց մենք պետք է գանք համաձայնության և ընդունենք այս օրենքը»:
«ՀՀ 2014 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի կազմում ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու համար կառավարությունը հավանություն է տվել մի շարք այլ օրենքների նախագծերի և ծրագրերի, այդ թվում` Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2014 թ. տարեկան ծրագրին, թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2014 թ. միջոցառումների ծրագրին և ժամանակացույցին, սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2014 թ. ծրագրին և այլն:
Վերը նշված օրենքների նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը:

 

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ