Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 26 սեպտեմբերի 2013

Կառավարությունը մշակում է շինարարության ոլորտը խթանելու ծրագիր









Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Օտարերկրացիների մասին» և ևս երկու օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերին, որոնցով բավարար հիմք է ստեղծվում օտարերկրացիների հոսքը Հայաստան խրախուսելու, նրանց կողմից ներդրումների իրականացմանը նպաստելու համար: Նշելով, որ սա շինարարության ոլորտը խթանելու ծրագրի բաղկացուցիչ մասն է, վարչապետ Տիգրան Սարգսյանը, մասնավորապես, ասել է. «2013 թ. ցուցանիշները, որոնք հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը, վկայում են, որ շինարարության ոլորտում դեռևս մտահոգիչ գործընթացներ կան: Մասնավորապես, այս պահին արձանագրել ենք ոլորտի 8.5 տոկոսանոց անկում, և տնտեսական աճի հիմնական շարժիչները գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունն են, որտեղ աճի տեմպերը մեզ բավարարում են: Բայց շինարարությունը ճգնաժամից հետո շարունակում է իր անկման միտումը, և դա առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ էլիտար բնակարանների պահանջարկը նվազել է: Մյուս կողմից, մենք տեսնում ենք, որ պահանջարկ կա էկոնոմ դասի բնակարանների նկատմամբ, բայց առաջարկը մեծ չէ: Մենք ձեռնամուխ ենք եղել մի ծրագրի մշակման, որի նպատակն է խթանել շինարարության ոլորտի ակտիվացումը: Բազմաթիվ առաջարկություններ ենք ստացել, դրանց մի մասն արդեն օրենսդրական իրացում է ստանում, մի մասը դեռևս պետք է իրականացնենք: Օրենսդրական սույն նախաձեռնությունն այս համալիր ծրագրի տարրերից է: Եթե օտարերկրացիները Հայաստանում բնակարան են ձեռք բերում, մենք նրանց համար կարճ ժամկետում ստեղծում ենք հարմարավետ միջավայր, որպեսզի այդ մարդիկ վստահ լինեն, որ արագորեն կստանան կացության վկայական և երկիր մուտք գործելու որևէ խնդիր չեն ունենա: Միջազգային փորձն էլ վկայում է, որ անշարժ գույքի ձեռքբերումը և կացության վկայականը միասին տալու դեպքում ավելի հարմարավետ պայմաններ են ստեղծվում համանման գործարքներին մասնակցելու համար: Բայց, իհարկե, մեր հիմնական թիրախը լինելու է այն, որպեսզի կարողանանք խթանել ՀՀ քաղաքացիների կողմից բնակարանների ձեռքբերումը:
Մենք սկսել ենք մի աշխատանք, որի մասին ցանկանում եմ տեղյակ պահել, քանի որ դուք բոլորդ պետք է լինեք այդ աշխատանքի մասնակիցը: 2014 թվականին մենք ուզում ենք պետական ծառայողների համար հասանելի դարձնել բնակարանները, որպեսզի նրանք ի վիճակի լինեն հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերել: Այսօր թիվ մեկ խոչընդոտն այն է, որ հիփոթեքային ցանկացած սխեմայով կանխավճար է պահանջվում: Շատ հաճախ պետական ծառայողները չունեն կանխավճարի գումարը և չեն կարողանում բնակարան ձեռք բերել, որի արժեքը մինչև 25 մլն դրամ է: Մենք պատրաստ ենք պետական ծառայողներին տրամադրել պետական երաշխիք այդ 30 տոկոսի չափով, որպեսզի բանկերը նրանցից չպահանջեն 30 տոկոսանոց կանխավճար: Ուսումնասիրությունը, ինչպես նաև կառուցապատողների առաջարկությունները ցույց են տալիս, որ դա էապես կարող է ավելացնել պահանջարկը:
Երկրորդը, մենք պետք է կազմենք ցուցակը պետական այն ծառայողների, ովքեր ցանկություն ունեն մասնակցել այսպիսի հիփոթեքային վարկ ստանալուն: Մասնավորապես, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի գլխավորությամբ ստեղծվելու է աշխատանքային խումբ, որը ձեզ կներկայացնի համապատասխան տեղեկատվություն և տեղեկանքներ, թե ինչ հարցերի պատասխան պետք է դուք ունենաք: Ձևաթղթերը կուղարկվեն ձեզ, կլրացնեք կուղարկեք կառավարության աշխատակազմ, թե առաջարկվող պայմանների համաձայն պետական ծառայողներն ինչ պահանջարկ կներկայացնեն՝ հիփոթեքային վարկերից օգտվելու համար, հաշվի առնելով, որ պետծառայողները կարող են օգտվել այդ պետական սխեմայից:
Երրորդը, մենք դիմում ենք քաղաքապետարան` խնդրելով, որպեսզի Երևանում հարմար տարածքներ փորձենք գտնել` նպատակ ունենալով դրանք տրամադրել կառուցապատողներին, որպեսզի ավելի ցածր գներով հնարավոր լինի Երևանում կառուցապատում իրականացնել: Դա նշանակում է, որ մենք որակապես փոխելու ենք շինարարական տեխնոլոգիաները: Եթե մինչև հիմա այն շինարարական տեխնոլոգիաներով, որոնք կիրառվում են, ենթադրվում է, որ 1 քմ-ի արժեքը տատանվում է 800 դոլարի շրջանակում, մենք նպատակ ունենք մոտակա տարիներին առաջարկել կառուցապատողներին՝ կիրառել էկոնոմ դասի տեխնոլոգիաներ, որոնք էապես պետք է նվազեցնեն ինքնարժեքը: Դա նշանակում է, որ նաև հողի արժեքի առումով պետությունը պետք է օժանդակի, որպեսզի էապես նվազեն գները, որպեսզի ավելի շատ մարդիկ հնարավորություն ունենան բնակարան ձեռք բերելու: Այս աշխատանքները մենք պետք է ավարտենք մեկ ամսվա ընթացքում, որպեսզի պետական բյուջեի քննարկման ժամանակ Ազգային ժողովում կարողանանք այս ծրագիրը ներկայացնել ավելի մանրամասն, գնահատականներ ունենալով և՛ հիփոթեքային միջոցների ծավալների վերաբերյալ, և՛ պետական ծառայողների թվաքանակի, որոնք կցանկանան մասնակցել նման ծրագրերին:
Հարգելի գործընկերներ, եթե դուք կունենաք այլ առաջարկություններ, որոնք կարող են դառնալ այդ համալիր ծրագրի բաղկացուցիչ մասերը, ինչպես մենք կարող ենք խթանել, որպեսզի շինարարության ոլորտում 2013-2014 թվականների ընթացքում կարողանանք ապահովել որոշակի աշխուժություն, մենք, բնականաբար, նախարարական կոմիտեներում կքննարկենք»:

 

***

Նիստում հավանության է արժանացել «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը, որով ուժը կորցրած է ճանաչվում այդ օրենքի 35-րդ հոդվածի մասերից երկուսը: Անդրադառնալով քննարկվող հարցին` վարչապետը մի լուրջ խնդիր է մատնանշել: Այս շաբաթ տեղի ունեցած խորհրդակցություններից մեկում քննարկվել է պետական կամ պետական մասնակցությամբ ձեռնարկություններում տիրող վիճակը: «Պարզվում է, որ կան դեռևս ձեռնարկություններ, որոնք աշխատում են վնասով, և մեր ներկայացուցիչները կամ նախարարությունները պատշաճ վերահսկողություն չեն իրականացնում, - շեշտել է Տիգրան Սարգսյանը: - Մենք պետք է էապես խստացնենք մեր պահանջները նման ձեռնարկությունների նկատմամբ. եթե պետական ձեռնարկությունն աշխատում է վնասով, անհապաղ պետք է փոխել տնօրենին: Եթե չկա հիմնավոր բացատրություն` ինչ պատճառով է պետական ձեռնարկությունը կամ պետական մասնակցությամբ ձեռնարկությունն աշխատում վնասով, դա անհապաղ պետք է դառնա մեր քննարկման առարկան: Մենք մեր պետական սեփականությունը պետք է արդյունավետ կառավարենք: Համապատասխան հանձնարարականները խորհրդակցության արդյունքում ձեզ կներկայացվեն, և համապատասխան վերահսկողական մեխանիզմներ ենք սահմանելու, որ ավտոմատ դա լինի. պետական ձեռնարկության տնօրենը պետք է իմանա` եթե ինքը վնաս է ցույց տալիս, պետք է դիմում գրի և ազատվի աշխատանքից, ուրեմն չի կարողանում պետական ունեցվածքն արդյունավետ կառավարել: Կան դեպքեր, երբ 100 տոկոս պետական ֆինանսավորում ստացող ձեռնարկություններն են վնասով աշխատում: Սա նույնպես պրոբլեմ է, որը պետք է քննարկենք, որովհետև մենք ֆինանսավորումը 100 տոկոս ապահովում ենք, և հասկանալի չէ, թե ինչու պետք է դրանք վնասով աշխատեն: Անհապաղ դա պետք է դառնա քննարկման առարկա: Կամ բյուջետային պլանավորումն է սխալ եղել, կամ սխալ կառավարում է տեղի ունենում, և բացատրություն պետք է տրվի: Մենք հիմա ունենք ամբուլատորիաներ, պոլիկլինիկաներ, որոնք անցնում են համայնքային ենթակայության, և մեկ էլ տեսնում ենք, որ սկսում են աշխատել վնասով: Մենք պետք է խնդրենք համայնքի ղեկավարներին, որպեսզի դա դարձնեն քննարկման առարկա, և եթե նրանք ի վիճակի չեն պատվիրակված ֆունկցիաներն իրականացնել, ապա ավագանիները որոշում ընդունեն և այդ սեփականությունը հանձնեն պետությանը: Հակառակ դեպքում անթույլատրելի է պարտքի կուտակումն այն ձեռնարկություններում, որոնք ստանում են 100 տոկոս պետական ֆինանսավորում, ուղղակի անթույլատրելի է, և այս որոշումն այդ շարքից է»:

***

Գործադիրը քննարկել է ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայխնայբանկում ավանդատու հանդիսացող անձանց նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում տրամադրելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Արձանագրելով, որ ավանդների փոխհատուցման շարունակականությունը համահունչ է կառավարության` սոցիալական ոլորտում որդեգրած քաղաքականությանը, ինչն ամրագրված է ՀՀ ԱԺ կողմից հավանության արժանացած ՀՀ կառավարության ծրագրում, գործադիրը նպատակահարմար չի համարել ներկայացված նախագծի ընդունումը և հիմնավորել է իր առարկությունները: Այս առնչությամբ վարչապետը նշել է. «Ամեն տարի մենք սահմանում ենք, թե Խնայբանկի ավանդների սոցիալական օժանդակության ծրագրում ինչ թիրախային խմբեր ենք ընդգրկելու: Ժամանակին մենք Հայրենական երկրորդ պատերազմի մասնակիցներին դիտարկեցինք առաձին խումբ և նրանց հատուցումը տվեցինք, սոցիալապես առավել խոցելի խմբերին ենք առաջին հերթին հատուցումը տալիս: Այս տարի ևս Ազգային ժողով պետական բյուջեի նախագիծը ներկայացնելիս մենք ներկայացնելու ենք այդ ծրագիրը: Եթե մենք ամեն տարի հանդես ենք գալիս այդ նախաձեռնությամբ, որովհետև մենք այդպիսի պարտավորություն ենք ստանձնել, բյուջեում էլ այդ գումարը դրել ենք, ապա անհրաժեշտություն չկա առաջ ընկնել և ներկայացնել օրենսդրական կարգավորման մոտեցումներ: Ինչ վերաբերում է առաջարկության բուն էությանը, բնականաբար, մենք հաշվի ենք առնում, թե որոնք են այն սոցիալական խմբերը, որոնց նպատակահարմար է ընթացիկ տարվա պետական բյուջեով ցուցաբերել սոցիալական օժանդակությունը: Դրա համար մենք պետական բյուջեի հետ զուգահեռ այդ ծրագիրը կներկայացնենք Ազգային ժողովի քննարկմանը»:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:


Հանրային հեռուստատեսության վերազինման համար կծախսվի ավելի քան 1 մլրդ դրամ

ՀՀ կառավարությունը որոշել է «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչև 2016 թ. սեպտեմբերի 15-ը: Ընկերությունը նախատեսում է իրականացնել վերազինման մեծ աշխատանք, ինչը հնարավորություն կտա անցնել բարձր հստակությամբ պատկերի թվային հեռարձակմանը, ինչպես նաև սեփական հաղորդումները համապատասխանեցնել միջազգային չափանիշներին: Այդ նպատակով կատարվելու է ավելի քան 1 մլրդ դրամի ներդրում:
Գործադիրը փոփոխել է իր նախկին որոշումներից մեկը և բելգիական «ԱյԲիԷյ մոլեկուլյար» կազմակերպության կողմից «Ցիկլոն 18/18» ցիկլոտրոնի` առաքման պատրաստ լինելու նկատառումով գնման բաց ընթացակարգը փոխարինել բանակցային ընթացակարգով: Ակնկալվում է, որ դրա շնորհիվ ավելի արդյունավետ կիրականացվի Ուռուցքաբանության գերազանցության կենտրոնի հիմնման ծրագիրը: Մեկ այլ որոշման փոփոխությամբ կկարգավորվեն ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում ծառայողների, հաշմանդամների, նրանց ընտանիքի անդամների` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման ուղեգրելուն ուղղված հարաբերությունները: Վերաբաշխելով 2013 թ. պետբյուջեն և փոփոխելով իր նախկին որոշումներից մեկը` կառավարությունն ավելի քան 21.5 մլն դրամ է հատկացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` «Անօթևան մարդկանց ժամանակավոր կացարանի տրամադրման փորձնական ծրագրի» իրականացման և «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի կողմից 40 անօթևան մարդու ժամանակավոր կացարանով, տաք սննդով և հագուստով ապահովելու հետևանքով գոյացած պարտքի մարման նպատակով:
 

Ֆինանսական միջոցներ են ուղղվում հրատապ խնդիրների լուծմանը

ՀՀ կառավարությունը վերաբաշխում է կատարել 2013 թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, որը թելադրված է Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհի հատվածներից մեկի փլուզված հենապատի կառուցման, նախագծային և հեղինակային հսկողության աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ: Այդ նպատակին է ուղղվելու տնտեսված շուրջ 45 մլն դրամը:
Հաշվի առնելով ոռոգման համակարգերի հիմնանորոգման ծրագրով իրականացվող աշխատանքի ընթացքը, կազմակերպված մրցույթների արդյունքում և շինարարության ընթացքում առաջացած տնտեսումը, ինչպես նաև հիմք ընդունելով ոռոգման ծառայություն մատուցող կազմակերպությունների կողմից շահագործվող ջրային համակարգերի մշտական նորոգման և ոռոգման սեզոնի ընթացքում առաջացած լրացուցիչ նորոգման անհրաժեշտությունը, կառավարությունը Ոռոգման համակարգերի հիմնանորոգման 2013 թ. ծրագրում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք կնպաստեն ջրամատակարարման արդյունավետության ապահովմանը:
Փոփոխելով իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը` կառավարությունը հաշվի է առել, որ Արմավիրի, Գեղարքունիքի, Սյունիքի, Լոռու, Տավուշի և Վայոց ձորի մարզերից ստացվել է աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի լրացուցիչ 326 տոննայի պահանջարկ, նախատեսել է նշված քանակը տրամադրել մինչև 3 հա ցանք կատարել ցանկացող տնտեսվարողներին: Մինչ այդ մարզպետարանները ներկայացրել էին 3 հազար 779 տոննա սերմացուի պահանջարկ: «Փաստորեն մենք 100 տոկոսով բավարարում ենք մարզերի ներկայացրած հայտերը, այսինքն` չկա որևիցե մի մարզ, որը մեզ ներկայացնի սերմացու ստանալու հայտ, որը մենք չբավարարենք: Մեր հիմնական խնդիրն է կրճատել չմշակվող հողերի ծավալները: Այս քաղաքականությունն արդեն դրական արդյունք տալիս է, բայց դեռևս չմշակվող հողերի մեծ ծավալ կա, և պետք է հետևողական լինենք, որպեսզի ամբողջությամբ այդ հողերը մշակվեն», - հարցի վերաբերյալ ասել է վարչապետը:
Կառավարության որոշմամբ մեկ ամսով հետաձգվել է ս.թ. հոկտեմբերին անցկացվելիք փորձնական գյուղատնտեսական համատարած հաշվառման ժամկետը:
Դեղերի արտադրության օղակում դրանց որակի ապահովման խնդիրները կարգավորելու, տեղական արտադրության դեղերի արտահանումը խթանելու նպատակով կառավարությունը հաստատել է դեղերի և դեղանյութերի արտադրության` պատշաճ արտադրական գործունեության կանոններին համապատասխանության դիտարկման, հավաստագրի տրամադրման կարգերը և այլ փաստաթղթեր:


Միջազգային համագործակցություն

ՀՀ կառավարությունը ՀՀ ֆինանսների նախարարին պարտավորեցրել է Վերականգնման վարկերի բանկի (KfW, Մայնի Ֆրանկֆուրտ) և ՀՀ կենտրոնական բանկի միջև կնքված Հայաստանի Վերականգնվող էներգիայի աջակցության ծրագրով 40 մլն եվրոյին համարժեք դրամի չափով վարկ տրամադրելու պայմանագրով նախատեսված վարկային պարտավորության ապահովման նպատակով բյուջետային երաշխիք տրամադրել ՀՀ կենտրոնական բանկին:
Գործադիրն ընդունել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով ՀՀ վարչական սահմանում գտնվող որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու որոշում, որի անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև կնքված ֆինանսավորման և վարկային համաձայնագրերի պահանջներից:
Գործադիրը հավանություն է տվել ՀՀ կառավարության, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության և Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի միջև համաֆինանսավորման ծրագրի նախագծին, որը միտված է երիտասարդների շրջանում բարեհաջող ձեռնարկատիրական գործունեություն ձևավորելուն և այն տարածելուն: Ծրագիրը նպատակ ունի ցույց տալու, որ երիտասարդները կարող են լինել վստահելի վարկառուներ և ունակ են վարկը վերածելու շահավետ բիզնեսի:
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Չեռնոգորիայի կառավարությունների միջև դիվանագիտական անձնագիր կրողների համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման համաձայնագրի կնքման առաջարկությանը:
 

Այլ որոշումներ

ՀՀ կառավարության որոշմամբ երեք տարի գործողության ժամկետով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի և ՀՀ կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների ներմուծման և մեծածախ առևտրի գործունեության արտոնագիր է տրվել Երևանի «Դարմանթեստ լաբորատորիա» և «Քիմռեագենտ» առևտրաարտադրական կենտրոն» ՍՊԸ-ներին:
Նիստի ավարտին հայտարարվել է, որ ս.թ. սեպտեմբերի 28-ին ժամը 14:00-ին հրավիրվելու է կառավարության արտահերթ նիստ, որտեղ քննարկվելու է ՀՀ 2014 թ. պետբյուջեի նախագիծը:
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը:
 

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ