Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 8 օգոստոսի 2013

Կենսաթոշակի վճարումն այլևս խնդիր չի առաջացնի









Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նիստին նախորդող ներածական խոսքում վարչապետն անդրադարձել է գնումների ընթացակարգի բարելավման ուղղությամբ արվող քայլերին, պետության կողմից մատուցվող ծառայությունների որակին և համախառն ներքին արդյունքի գնահատականներին (տե՛ս առանձին):
Այնուհետև Տիգրան Սարգսյանն արծարծել է ս.թ. օգոստոսի 4-ին, 5-ին առաջացած կենսաթոշակի վճարման խնդրիը, որն ունեցել են շուրջ 1400 թոշակառուները ցուցակները ժամանակին Հայփոստի բաժանմունքներ չհասնելու պատճառով: «Ես հանձնարարել եմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, ինչպես նաև վարչապետի վերահսկողության ծառայությանը` քննություն կատարել,- հավելել է վարչապետը: -Պետք է արձանագրենք, որ չնայած այն արմատական փոփոխություններին, որ մենք կատարեցինք այս բնագավառում, դեռևս նկատվում է ներքին դիմադրություն՝ նոր համակարգի ներդրմանը: Առաջին անգամ թոշակը վճարվում է էլեկտրոնային տվյալների բազայի հիման վրա: Շատ մարդկանց դա դուր չի գալիս, և նրանք փորձում են ցույց տալ, որ պետք է զուգահեռաբար նաև թղթային փաստաթղթերով թոշակ նշանակվի և վճարվի: Հասկանալի է, որ այս կոռուպցիոն ռիսկերն առաջանում էին թղթային ձևակերպման ժամանակ, երբ որ ամբողջական վերահսկողություն իրականացնելը դառնում էր չափազանց դժվար: Նախարարն ինձ զեկուցել է, որ չնայած այսպիսի արմատական փոփոխություններին, չարաշահումների բացահայտմանը՝ վերջին երեք ամիսների ընթացքում արձանագրվել են նոր խախտումներ: Այսինքն, կան մարդիկ, ովքեր փորձում են որոշակի հին մեթոդներով փող վաստակել անօրինական ձևով: Բոլոր նյութերը կնախապատրաստվեն նախարարության կողմից, և սեպտեմբերին մենք հրապարակային կներկայացնենք, թե ինչ չարաշահումներ են առկա եղել համակարգում և ինչ եղանակներ էին օգտագործվում անօրինական ձևով փող աշխատելու համար: Մենք մեր քաղաքացիներից ներողություն ենք խնդրում, որ առաջացել են այսպիսի խնդիրներ և վճարման հետ կապված հերթեր: Դրանք պայմանավորված էին նոր համակարգի ներդրմամբ և այն դիմադրությամբ, որը, ցավոք սրտի, դեռևս առկա է համակարգում: Նախարարը հավաստիացրել է ինձ, որ սեպտեմբեր ամսվա ընթացքում այլևս նման խնդիր չի առաջանա, և մեր թոշակառուները ժամանակին, առանց բարդության կստանան իրենց թոշակները»:


             Կատարելագործվում է մարզերի կառավարման համակարգը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ նախագահի 1997թ. մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրում փոփոխություններ կատարելու ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին, որի ընդունումը պայմանավորված է ՀՀ մարզերում պետական կառավարման համակարգի բարեփոխման իրականացմամբ: Նախագծով նախատեսվում է կանոնակարգել մարզի խորհրդի նիստի գործունեության արդյունավետ իրականացումը, ընդլայնել և հստակեցնել նիստի քննարկմանը ներկայացվող հարցերն ու նիստի անցկացման հաճախականությունը: Նախատեսվում է նաև մարզի խորհրդի նիստը դարձնել թափանցիկ և հրապարակային, քանի որ նիստի ժամանակ կազմվելու է արձանագրություն, որը տեղադրվելու է մարզպետարանի ինտերնետային կայքում: Բացի այդ, մարզի խորհրդի նիստին կարող են մասնակցել մարզում գործող հասարակական կառույցների անդամները և զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչները:
Մարզի խորհրդի դերակատարումը մեծացնելու նպատակով նախատեսվել է այդ կառույցում պարտադիր քննարկել մի շարք հարցեր: Նախատեսվում է, որ մարզպետը մարզխորհրդի քննարկմանը պետք է ներկայացնի մարզային զարգացման ծրագրերի հիման վրա տարվա աշխատանքային պլանի կազմման և մոնիտորինգի ու գնահատման արդյունքները, ՀՀ վերահսկիչ պալատի և վերահսկողական գործառույթ իրականացնող պետական այլ մարմինների կողմից մարզում իրականացված ստուգումների արդյունքում կազմված փաստաթղթերը, ՀՀ պետբյուջեով մարզի տարածքում իրականացվելիք ծրագրերը, ՀՀ պետբյուջեով և այլ միջոցներով մարզին վերաբերող ծրագրերի կատարման ընթացքը, համայնքի ղեկավարի վարքագծի վերաբերյալ իրավապահ մարմիններից ստացված միջնորդագրերը, մարզի տարածքում իրականացված վարչական և ֆինանսական հսկողության արդյունքները:
Սոցիալական-տնտեսական առաջնահերթ խնդիրների լուծման համար վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջարկել է ՀՀ մարզպետարաններին տրամադրվող գումարների օգտագործման վերաբերյալ տեղեկությունը կայքերում տեղադրել նույն, միասնական ձևաչափով, որպեսզի քաղաքացիների համար հեշտ լինի այդ տեղեկությունից օգտվելը և վերահսկելը: Վարչապետն իր խոսքում ամենահաջողված ծրագրերից է համարել անապահով ընտանիքների երեխաների հանգիստն ամառային ճամբարներում կազմակերպելու նախաձեռնությունը: «Քանի որ մենք այժմ ձևավորում ենք 2014թ. պետբյուջեն, պետք է մյուս տարի 1500-ով ավելացնել երեխաների թիվը»- եզրափակել է վարչապետը:


ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալը կդյուրանա

ՀՀ կառավարությունը մեկ տարով երկարաձգել է ավելի վաղ ընդունած իր որոշումներից մեկի գործողության ժամկետը` Լիբանանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներին հնարավորություն տալով ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում ստանալ ՀՀ քաղաքացու անձնագիր:
ՀՀ կառավարության ավելի վաղ ընդունած որոշումներից մեկի այն դրույթը, որ Եվրամիության անդամ պետությունների և Եվրամիության շենգենյան դրույթները կիրառող Եվրոպական Միության ոչ անդամ պետությունների քաղաքացիներն ազատվում են Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզայի պահանջից, տարածվել է Խորվաթիայի վրա, որը ս.թ. հուլիսի 1-ից դարձել է Եվրամիության անդամ: Վարչապետ Տիգրան Սարգսյանն անհրաժեշտ է համարել, որպեսզի ՀՀ արտգործնախարարությունը քննարկի Իրաքի քաղաքացիներին վիզաների տրամադրման հարցը և առաջարկություն ներկայացնի: «Ակնհայտ է, որ այսօր Իրաքում բավական մեծ զբոսաշրջային ներուժ կա, և պետք է այնպիսի ռեժիմ սահմանել, որպեսզի այդ երկրի քաղաքացիները կարողանան Հայաստան այցելել: Մեծ, վճարունակ և դինամիկ տուրիստական ներուժ ունեցող երկիր է այսօր Իրաքը դարձել: Եվ մենք տեսնում ենք, որ տարածաշրջանում մեր հարևան երկրները սահմանում են այնպիսի ռեժիմներ, որպեսզի կարողանան այդ տուրիզմը իրենց մոտ տանել: Անհրաժեշտ է, որպեսզի արտգործնախարարությունն էկոնոմիկայի նախարարության հետ քննարկի այս հարցը և մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնի առաջարկություններ. նախարարական կոմիտեում քննարկենք, թե ինչ ռեժիմ կարող ենք սահմանել, որպեսզի բարձրացնենք Հայաստանի տուրիստական գրավչությունը: Մեր քաղավիացիայի վարչության հետ էլ պետք է քննարկել այս հարցը` ուղիղ չվերթների կազմակերպման հարցը: Մեկ շաբաթ հետո նախարարական կոմիտեում քննարկենք»:

 

Փոփոխվում է «Ցիկլոտրոն» ծրագրի պայմանագիրը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ կառավարության և «Այըն բիմ էփլիքեյշնս» ընկերության միջև 2010 թ. նոյեմբերի 23-ին կնքված «Ցիկլոտրոն» ծրագրի վերաբերյալ պայմանագրի փոփոխությանը, ինչը պայմանավորված է մատակարարվող սարքավորումների ցանկում պրոտոնային փնջի ուղղորդման խողովակի ավելացմամբ, ինչպես նաև դրա արդյունքում իրականացվելիք լրացուցիչ աշխատանքների կատարման հնարավորությամբ: Գործադիրը ՀՀ էկոնոմիկայի նախարարին լիազորել է ՀՀ անունից կնքել փոփոխության պայմանագիրը, ՀՀ ֆինանսների նախարարին պարտավորեցրել համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության և «Քեյ բի սի էն վի» բելգիական բանկի միջև 2010թ. նոյեմբերի 23-ին կնքված վարկային համաձայնագրում և լիազորել նրան ՀՀ անունից կնքել վարկային համաձայնագիրը:
Կառավարությունը «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ ընկերության գործունեությունն ապահովելու նպատակով հայտարարել է հավատարմագրային կառավարիչ ընկերության հրապարակային մրցույթ, հաստատել դրա կանոնակարգը: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը բելգիական «Այբիէլ մոլեկուլյար» ընկերության հետ պայմանագիր է կնքել` ձեռք բերելու «Ցիկլոն 18/18» տեսակի ցիկլոտրոն, որը Հայաստան կառաքվի 2013 թ. աշնանը: Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը բաղկացած կլինի ցիկլոտրոնից և ինտեգրված բարձր տեխնոլոգիական սարքավորումներից: Հաջորդ որոշմամբ ցիկլոտրոնի տեղակայման շոնքի ներքին հարդարման, արտաքին և ներքին ճարտարագիտական համակարգերի ձեռք բերման, տեղավորման և կարգաբերման աշխատանքների իրականացման պատվիրատու է սահմանվել ՀՀ քաղաքաշինության նախարարությունը : Աշխատանքների գնումն իրականացվելու է բաց ընթացակարգով:

Կվերականգնվի Կապսի ջրամբարը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության Վերականգնման վարկերի բանկի միջև ֆինանսավորման համաձայնագրի նախագծին, որն ուղղված է Շիրակի մարզում, Ախուրյան գետի վրա գտնվող Կապսի ջրամբարի վերականգնմանը: Ջրամբարը պետք է ունենար 60 մլն խորանարդ մետր ծավալ, սակայն 1985թ. սկսված շինարարությունը դադարեցվեց 1993թ., երբ պատվարի բարձրությունը նախագծային 73 -ի փոխարեն հասցվել էր ընդամենը 20 մետրի: Անավարտ շինությունը վտանգավոր է ստորին հոսանքում գտնվող բնակավայրերի և ենթակառուցվածքների համար: Միաժամանակ ջրամբարը կարող է նպաստել տարածաշրջանի գյուղատնտեսության զարգացմանը, ուստի դիտարկվել են դրա վերականգնման տարբերակներ: Գերմանական KfW բանկը պատրաստակամություն է հայտնել աջակցել Կապսի ջրամբարի պատվարի կառուցումն ավարտին հասցնելուն, ուստի նախագծի կազմման մրցույթ է հայտարարվել: Ծրագրի իրականացումը կարժենա 18,5 մլն եվրո, որի վարկային միջոցներն արդեն իսկ նախատեսված են երկկողմ համաձայնագրով: Այժմ գերմանական բանկը պատրաստ է 350 հազար եվրո դրամաշնորհով իրականացնել նպատակային ուսումնասիրություն՛ մինչև ծրագրի հիմնական փուլի մեկնարկը:
Հաջորդ որոշմամբ գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և նույն բանկի միջև «Համայնքային ենթակառուցվածքների 2-րդ ծրագրի 3-րդ փուլի» շրջանակում մատուցվելքի փորձագիտական ծառայությունների համար 505 հազար եվրո գումարի չափով դրամաշնորհի տրամադրման համաձայնագրին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Լոռի ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» ՓԲԸ-ների և «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կառավարման պայմանագրերն ավարտվելու են 2013թ.-ին` սույն ֆինանսավորման համաձայնագրով նախատեսվում է իրականացնել համապատասխան ուսումնասիրություններ` 2013թ. հետո կիրառվելիք մասնավոր համագործակցության գործընկերության պայմանագրերի նախակնքման և մասնավոր օպերատորի հետ բանակցության աջակցման նպատակով :
Կառավարության որոշմամբ ՀՀ ֆինասների նախարարության աշխատակազմի կառուցվածքում ստեղծվել է հաշվետվությունների ուսումնասիրության բաժին, որի նպատակն է առավել արդյունավետ կազմակերպել նախարարության գործառույթները:

Արդիականացվում է պետական կառավարման ակադեմիան

Մեկնարկել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի արդիականացման լայնածավալ ծրագիրը, և անհրաժեշտություն է առաջացել շենքային պայմանների բարելավման նպատակով կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության տնօրինությանը հանձնված Երևան քաղաքի Օրբելու 23 հասցեում գտնվող շենքը, շինությունները և դրանց զբաղեցրած 3 հա հողամասը, ինչը և իրականացվել է կառավարության որոշմամբ:
Գործադրի որոշումներով, ի կատարումն ՀՀ օրենսդրության պահանջների, նվազեցվել են Գեղարքունիքի մարզի Վարդենիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկայի, Կոտայքի մարզի Գառնիի առողջության կենտրոնի, Արզականի բժշկական ամբուլատորիայի, Զառի առողջության առաջնային պահպանման կենտրոնի, Լոռու մարզի Ախթալայի առողջության կենտրոնի, Երևանի երկաթուղու պոլիկլինիկայի կանոնադրական կապիտալները: Մեկ այլ որոշմամբ փոփոխելով իր նախկին որոշումներից մեկը, կառավարությունը հնարավորություն է ստեղծել, որպեսզի Գյումրի քաղաքի Արևելյան փողոցի 2-րդ և 3-րդ հանրակացարանների սենյակները նվիրաբերվեն այնտեղի բնակիչներին:
Իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարելով փոփոխություն, կառավարությունը նպատակ ունի մեծացնել «Ջրային օբյեկտների և օդային ավազանի աղտոտվածության մոնիտորինգի ծառայություններ» ծրագրի արդյունավետությունը, բարելավել Ծաղկաձորի մթնոլորտային օդի և շրջակա միջավայրի որակի մոնիտորինգի իրականացումը:

Ստուգման գործընթացը համապատասխանեցվում է օրենսդրությանը

ՀՀ կառավարությունը հաստատել է`
-ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգման մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը և ստուգման ստուգաթերթերը,
-կազմակերպությունների ներքին աուդիտի որակի երաշխավորման նպատակով կազմակերպության գործունեության հետ չառնչվող անձանց կողմից կազմակերպության ներքին աուդիտի համակարգի գնահատման իրականացման կարգը, ստուգում իրականացնող մարմնի և արտաքին աուդիտի մարմնի հետ ներքին աուդիտի համագործակցության կարգը,
-մանկապատանեկան մարզադպրոցներին, մարզաձևերի ազգային ֆեդերացիաներին և այլ մարզական ՀԿ-ներին գույքով ապահովելու ծրագրով 2013թ. ձեռք բերվող մարզագույքի ցանկը և բաշխման ցանկը,
-ՀՀ ռազմական արդյունաբերության համակարգի բարեփոխման և զարգացման հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու որոշման փոփոխությունները,
-ՀՀ անշարժ գույքի կադաստրային ծածկագրման կարգը հաստատելու որոշման փոփոխությունները և լրացումները:
ՀՀ կառավարությունը սահմանել է աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների ցանկը:

Այլ որոշումներ

Կառավարության որոշումներով Գերմանիայի Դաշնության Քյոլնի համալսարանական կլինիկայի դոկտորանտուրայի սան Աղասի Սարգսյանին մինչև 2015թ. տարկետում է տրվել ՀՀ զինված ուժերի պահեստազորի բժշկական կազմի սպաների 2013 թվականի զորակոչից, Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբիի «Մասդար» կրթահամալիրի կողմից ՀՀ քաղաքացիներին տրամադրված կրթաթոշակային ծրագրով մագիստրոսական կրթություն ստացող Վահան Պողոսյանին` մինչև պարտադիր զինվորական ծառայության 2014թ. զորակոչը: Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ