Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 25 հուլիսի 2013

Հանրությանը հուզող հարցերը պետք է իշխանության տեսադաշտում լինեն







Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նիստից առաջ վարչապետը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին և ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանին, նրանց մաղթել քաջառողջություն և բեղմնավոր աշխատանք:
Մինչ օրակարգի հարցերին անցնելը վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է վերջին օրերին Երևանում ծավալված քաղաքացիների ինքնաբուխ շարժմանը, որը վարչապետի խոսքով, զերծ է կուսակցականությունից և ունի սոցիալական բնույթ: Տիգրան Սարգսյանը նաև շեշտել է, որ հոծ զանգվածներին առնչվող որոշումները նախօրոք պետք է անպայման քննարկվեն հանրության հետ (տե՛ս առանձին):

Այնուհետև կառավարությունը ձեռնամուխ է եղել օրակարգի հարցերի քննարկմանը:
Գործադիրը հաստատել է հարկային և մաքսային օրենսդրության վերանայման ռազմավարական սկզբունքների ուղեցույցը և այդ սկզբունքներից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը: Վարչապետին հատկապես հետաքրքրել են շքեղության հարկին վերաբերող դրույթները: «Հիմա այս հարցը բարձրացնում են մեր քաղաքացիները, և այն տրամադրությունները, որ տիրում են այսօր Հայաստանում, Երևանում, համահունչ են այն բանին, որ այս հարկատեսակը կարող է լրացուցիչ մուտքեր ապահովել բյուջեում, ինչը հնարավորություն կտա մեզ սոցիալական խնդիրներ լուծել: Կարևոր է նաև այն, որ երբ խոսքը վերաբերում էր օղու և ծխախոտի ակցիզային հարկի բարձրացմանը, միշտ փաստարկ էր բերվում, որ եթե հարևան երկրներում գները ցածր լինեն, դա կհանգեցնի ստվերային շրջանառության: Հիմա ինձ տեղեկացնում են, որ մեր հարևանները նույնպես մտադիր են բարձրացնել ակցիզային հարկերը: Նաև այդ տեսակետից է պետք խնդիրը քննարկել, որպեսզի կարողանանք լրացուցիչ հարկային եկամուտներ ապահովել»,-ասել է Տիգրան Սարգսյանը:
Հայաստանում իրականացվող տեսչական բարեփոխման արդյունավետությունն ապահովելու նպատակով գործադիրը որոշել է ստուգում իրականացնող պետական մարմինների տեսչություններում ստեղծել կառավարման խորհուրդներ, հաստատել խորհրդի կանոնադրության օրինակելի ձևը: Սահմանվել է, որ յուրաքանչյուր խորհրդի անհատական կազմը հաստատում է ՀՀ վարչապետը: Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ սա փորձնական ծրագիր է, որի արդյունքը կամփոփվի և կքննարկվի տեսչական բարեփոխման խորհրդում. ծրագիրը հնարավորություն կտա տեսնել նախաձեռնության ուժեղ և թույլ կողմերը, շտկումներ կատարել: Մեկ այլ որոշմամբ կառավարությունը ՀՀ առողջապահության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների երկու տեսչությունները միաձուլման ձևով վերակազմակերպել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի Առողջապահական պետական տեսչության:
ՀՀ կառավարությունը հաստատել է Սևանա լճի անտառտնկարկների մաքրման առանձին գործողությունների նորմաները, ինչի առնչությամբ ՀՀ վարչապետն ասել է. «Այս որոշմամբ մենք իրավական հիմքեր ենք ստեղծում հաշվարկելու այն գումարները, որ տրամադրում ենք Սևանա լճի ափամերձ տարածքները մաքրելու համար: Կարևոր էր ունենալ նաև անկախ փորձաքննական եզրակացություն: Այսօր մենք ստացել ենք նաև այդ եզրակացությունը: Իհարկե, ժամանակ է պետք, որպեսզի այդ բոլոր նորմատիվները փորձարկման ենթարկվեն փաստացի աշխատանքով, և երևի թե նպատակահարմար կլինի ևս մեկ անգամ անդրադառնալ այս խնդրին. տեսնենք այս նորմատիվները ապահովո՞ւմ են աշխատանքների ամբողջական ծավալի կատարումը»:


Բնապահպանական նորմերը և բիզնեսի շահերը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» նոր օրենքի նախագծին, որը թելադրված է 1995թ. ընդունված նախկին օրենքի մի շարք դրույթներ ներկա իրավահարաբերություններին համապատասխանեցնելու, երկրի գործարար միջավայրի բարելավմանը նպաստելու և նոր պահանջներ սահմանելու անհրաժեշտությամբ: Ակնկալվում է, որ օրինագծի ընդունումը լիովին կկարգավորի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացը, այն կդարձնի առավել պարզ ու թափանցիկ` մոտեցնելով միջազգային նորմերին և չափորոշիչներին: Սակայն, ինչպես նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, սույն օրենքի առնչությամբ շահերի բախում է նկատվել: Չնայած ապահովվել է հասարակական կազմակերպությունների մասնակցությունը, բուռն քննարկումներ են եղել, որովհետև այս օրենքի նախագիծը նաև առաջին ընթերցմամբ ընդունվել էր Ազգային ժողովում: «Այժմ մենք ստանում ենք ազդակներ մասնավոր հատվածից, բիզնեսի ներկայացուցիչներից, որոնք գտնում են, որ իրենց շահերն են ոտնահարվում այս օրենքով, և գտնում են, որ մենք միակողմանի նախապատվությունը տվել ենք բնապահպանական խնդիրներին: Անհրաժեշտություն կա, որպեսզի նաև մենք մեր բիզնեսի ներկայացուցիչների հետ դեբատներ կազմակերպենք, լսենք նրանց կարծիքը, թե որոնք են այն նորմերը, որոնք կարող են խոչընդոտել բիզնեսի զարգացումը, որպեսզի նաև Ազգային ժողով ներկայացնելիս երկու տեսակետները հավասարակշռված ձևով առկա լինեն մինչև օրենքի ընդունումը»,-շեշտել է Տիգրան Սարգսյանը:
Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու օրենքի նախագծին, որի մշակումը նախատեսված է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2013թ. միջոցառումների ծրագրով: Գործող դրույթի համաձայն անձը, որից ՀՀ մաքսային օրենսգրքով սահմանված կարգով կամ տուգանքի, մաքսային վճարի գանձումն ապահովելու նպատակով ապրանքներ են վերցվել, կարող է դրանք ստանալ պարտավորության կատարումից հետո` տասնհինգօրյա ժամկետում: Այժմ առաջարկվում է այդ ժամկետը փոխարինել մեկ աշխատանքային օրով: Կարգավորման նպատակը մաքսային հսկողության ժամկետի կրճատումն ու մաքսային ընթացակարգերի պարզեցումն է:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որով առաջարկվում է քաղծառայողի ատեստավորման ինստիտուտը փոխարինել քաղծառայողի կատարողականի գնահատման համակարգով:
Գործադիրը քննարկել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի և Հովհաննես Մարգարյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող և ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ԱԱՀ-ն մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և գանձվում» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրինագիծը, որով առաջարկվում է գետնախնձորն ազատել ԱԱՀ-ից. օրինագիծը կառավարությունն ընդունելի կհամարի իր առաջարկություններն ընդունելու դեպքում:
Նշված օրինագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:


Աջակցություն են ստանում սկսնակ գործարարները

Փոփոխություններ կատարելով «Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2013թ. ծրագրում, կառավարությունն առավել գրավիչ է դարձնում պետական աջակցության այս ուղղությունը և ակտիվացնում է գործարար նախաձեռնությունները: Փոփոխությունը նաև ուղղված է սիրիահայ գործարարների աջակցությանը` Հայաստանում նրանց կողմից նոր գործ հիմնելու հարցում, ուստի համահունչ է ՀՀ կառավարության քաղաքականությանը:
Գործադիրը որոշել է երիտասարդ գիտնականների գիտական և գիտատեխնիկական գործունեությունը խրախուսելու նպատակով Հայաստանի երիտասարդական հիմնադրամին որպես նվիրաբերություն տրամադրելու համար ՀՀ կրթության և գիտության նախարարությանը 2013թ. ինն ամսում հատկացնել 100 մլն դրամ: Վարչապետը ՀՀ կրթության և գիտության նախարարին առաջարկել է այս տեղեկատվությունն ավելի մանրամասն տարածել զանգվածային լրատվամիջոցներով, որպեսզի երիտասարդ գիտնականներն իմանան այս հնարավորությունը և իրենք նույնպես հայտեր ներկայացնեն ու մասնակցեն: «Անհրաժեշտ է, որպեսզի հնարավորին չափ լայն շրջանակներ, երիտասարդ գիտնականներ ընդգրկվեն ծրագրում, քանի որ շատ են գիտության ֆինանսավորման հարցը բարձրացնում, և հիմա տեսնում ենք, որ մենք փուլ առ փուլ ֆինանսական միջոցները, որոնք ուղղում ենք այս նպատակներին, ավելացնում ենք: Նաև կարևոր է, որպեսզի շահառուների թիվը մեզ համար հասկանալի լինի և մեծանա»,- հավելել է վարչապետը:
Հաշվի առնելով միջազգային օլիմպիադաներին Հայաստանի թիմերի մասնակցությունն ապահովելու համար լրացուցիչ միջոցների անհրաժեշտությունը, կառավարությունն այլ ծրագրի տնտեսած միջոցներից շուրջ 10 մլն դրամ է հատկացրել այդ նպատակին:
Կառավարությունն իր որոշմամբ ընդունել է «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամի սեփականությունը հանդիսացող Հրազդան քաղաքի 5-րդ բանավանում գտնվող մասնաշենքի և համապատասխան հողատարածքի նվիրատվությունը Հայաստանի Հանրապետությանը, ինչպես նաև վերահաստատել Կապան քաղաքի Մ. Հարությունյան 5ա հասցեում գտնվող տարածքի պատկանելիությունը Հայաստանի Հանրապետությանը: Նշված գույքը ամրացվել է «ՀՀ ԿԱ պետգույքի կառավարության աշխատակազմ» ՊԿՀ-ին: Հաջորդ որոշումներով գործադիրը պետգույքի կառավարման վարչությանը թույլատրել է «Վայոցձորառսպաս» ՓԲԸ 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել դասական աճուրդով` նպաստելով ընկերության նորմալ գործունեության վերականգնմանը, Երևանի Արշակունյաց 2ա հասցեում գտնվող շենքից հինգ տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ հանձնել «Հանրապետություն» և «Հայաստանի Հանրապետություն-Ռեսպուբլիկա Արմենիա» ՓԲԸ-ներին, իսկ Գյումրի քաղաքի Արևելյան փողոցի թիվ 2 հանրակացարանի բնակարաններից մեկը նվիրել այնտեղ բնակվող քաղաքացուն:
Կառավարությունն իր որոշմամբ սահմանել է երկրի գազաքիմիական ճյուղի վերակառուցման ավելի իրատեսական ժամկետներ: Այժմ նոր օպերատորի և ֆինանսավորման բացակայությունը խոչընդոտում է համակարգաստեղծ կազմակերպության վերակառուցումը, «Նաիրիտ գործարան» ՓԲԸ զարգացման ծրագրի ներդրումը և այլն: Որոշմամբ վերակառուցման ծրագրի և նոր օպերատորի հետ պայմանագիր կնքելու ժամկետները փոխկապակցված են:


Ստեղծվում է ուռուցքաբանության կենտրոն

ՀՀ կառավարությունը փոփոխություն է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և հավանություն տվել Հայաստանում ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի նորացված ծրագրային մոտեցմանը: Փոփոխությունների արդյունքում ակնկալվում է ունենալ արդի գիտատար տեխնոլոգիաներով հագեցած միասնական կենտրոն` հետագայում այն դարձնելով տարածաշրջանային նշանակության բժշկական կենտրոն:
ՀՀ կառավարությունը հաստատել է զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքի անդամների համար պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և ֆինանսավորման կարգը` սահմանելով, որ ծառայությունների փաթեթի մասով բուժօգնության և սպասարկման ֆինանսավորումն իրականացվում է պետբուջեի օրենքի «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» ծրագրով, ՀՀ առողջապահության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:
 

Կկանխվեն բացասական հետևանքները

ՀՀ կառավարությունը հաստատել է`
- հատուկ նշանակության սննդամթերքի վերաբերյալ դրական մասնագիտական եզրակացություն տրամադրելու կարգը, որի կիրառումը կնպաստի մարդու առողջության վրա այդ սննդամթերքի ազդեցության բացասական հետևանքների կանխարգելմանը,
- ջրօգտագործման թույլտվության տրամադրման կարգի լրացումը, որի շնորհիվ ջրային համակարգերի կառավարման լիազոր մարմինը կարող է արդյունավետ մասնակցություն ունենալ ջրօգտագործողների` հատկապես հիդրոէներգետիկայի համար ջրի պաշարի օգտագործման և բաշխման գործընթացում,
-այլընտրանքային ծառայության հարցերի հանրապետական հանձնաժողովի անհատական կազմը, այլընտրանքային ծառայության անցնելու վայրերի (կազմակերպությունների) և այլընտրանքային աշխատանքային ծառայության ընթացքում կատարվող աշխատանքների ցանկը:
ՀՀ կառավարությունը սահմանել է`
- դատավորի պաշտոն զբաղեցրած անձի միջին աշխատավարձը և ստաժը հաշվարկելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), վճարելու կարգը, դրա համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը,
- բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների կամ ներդրումային ընկերությունների կողմից կիրառվող հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենը ստուգում իրականացնող պաշտոնատար անձի կողմից պահանջվելու և էլեկտրոնային կրիչով նշյալ պաշտոնատար անձին տրամադրելու կարգն ու պայմանները,
- աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու փաստն արձանագրելու կարգը, դրա վերաբերյալ արձանագրության ձևը:


Այլ որոշումներ

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Մակաոյի հատուկ վարչական տարածքի վարչակարգի միջև մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձ վերացման համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Կառավարության որոշմամբ վաղաժամկետ դադարեցվել են Արմավիրի մարզի Տարոնիկի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունները, նշանակվել է համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:
Գործադիրը Գագիկ Գրիգորյանին նշանակել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար։
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ