Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 10 հուլիսի 2013

Ավանդների փոխհատուցումը կիրականացվի շարունակական ծրագրերով







Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին և «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Քննարկելով ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի և Հովհաննես Մարգարյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայխնայբանկում ավանդատու հանդիսացող Արցախյան պատերազմի մասնակիցներին` ազատամարտիկներին, որպես նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում տրամադրելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, կառավարությունը գտնում է, որ ներկայացված նախագծի ընդունման անհրաժեշտությունը ներկայումս բացակայում է: Առաջարկվող կատեգորիայի անձանց փոխհատուցում տալու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են նախկինում ընդունված որոշումներով, իսկ 2013թ. մայիսի 23-ին ՀՀ ԱԺ-ի հավանությանն արժանացած ՀՀ կառավարության ծրագրի` սոցիալական քաղաքականության ոլորտի նախատեսումներով իրականացվում են ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման շարունակական ծրագրեր:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը տեղեկացրել է, որ սոցիալական բոլոր թիրախավորված խմբերը, այդ թվում` ազատամարտիկները, 2006թ. սահմանված առաջնահերթություններով, ստացել են իրենց ավանդների փոխհատուցումները: Այդ ընթացքում ավելի քան 60 հազար քաղաքացու վճարվել է շուրջ 10 մլրդ դրամի փոխհատուցում:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է առաջիկա երեք տարիների համար հստակեցնել խնայբանկի ավանդների փոխհատուցումների տրամադրման թիրախային խմբերը, կառավարության հաստատմանը ներկայացնել ծրագրային առաջարկություններ, առաջնահերթ ուշադրություն դարձնելով Հայրենական պատերազմի դեռևս փոխհատուցում չստացած մասնակիցներին, Արցախյան ազատամարտի մասնակիցներին, ազատամարտիկներին, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքներին:
Մեկ այլ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ, որ ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանը և Հովհաննես Մարգարյանը, կառավարությունը նույնպես տվել է բացասական եզրակացություն` հիմնավորելով իր տեսակետը: Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության սողանքային աղետի կառավարման հայեցակարգին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարին հանձնարարել է նախատեսված ժամկետում ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել անհրաժեշտ իրավական ակտերի ընդունմանն ուղղված միջոցառումների ծրագիրը: Մեկ ուրիշ որոշմամբ գործադիրն ուժը կորցրած է ճանաչել նախկինում գործող հայեցակարգը:
Գեղարքունիքի մարզի Այգուտ համայնքի սողանքային գոտում բնակվող ընտանիքների բնակարանային խնդիրները լուծելու նպատակով որպես անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրվել է 49 մլն 840 հազար դրամ:


Պահանջները խստացվում են

Փոփոխություն կատարելով նախկինում ընդունված իր որոշման մեջ, գործադիրը նոր խմբագրությամբ է շարադրել 2013թ. ապրիլի 18-ի թիվ 372-Ն որոշման 2-րդ կետը, որ վերաբերում է ոչ հավաստի ֆինանսական հաշվետվություններ ներկայացրած կամ աուդիտի եզրակացությամբ լուրջ թերություններ ունեցող ձեռնարկություններին: Վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է այդ ձեռնարկությունների կողմից օրենքի պահանջը կատարելու, բացթողումները շտկելու անհրաժեշտությունը, ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարել հրապարակային դարձնել գործառույթները: «Եկել է պահը, որ մենք պետք է կիրառենք այդ ձեռնարկությունների նկատմամբ օրենքով սահմանված բոլոր պատժամիջոցները: Առաջին հերթին, իհարկե, մենք պարտավոր ենք ապահովել հրապարակայնություն, որպեսզի հանրությունն իմանա, որ այդ ձեռնարկությունները չեն կատարում օրենքի պահանջը և իրենց ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ մենք ունենք լրջագույն կասկածներ: Պետական եկամուտների կոմիտեն նրանց համարելու է ռիսկային դաշտում գործող ձեռնարկություններ, և հանրությունն էլ պետք է իմանա, որ այդ խոշոր ձեռնարկությունները պրոբլեմներ ունեն ֆինանսական հաշվետվությունների հետ կապված», -ասել է վարչապետը:
Մեկ այլ որոշմամբ գործադիրը լրացումներ է կատարել պետական կառավարման մարմինների և պետական հիմնարկների կողմից ձեռք բերվող ապրանքատեսակների բնութագիրը և առավելագույն գները հաստատող որոշման մեջ, նորացնելով որոշ ապրանքատեսակների ցանկը և սահմանելով լայնամասշտաբ կիրառվող ապրանքատեսակների առավելագույն գները:
«Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքով սահմանված գործառույթները կատարելու, մասնավորապես դիտարկման ընթացքում մակնշման մեջ առկա տեղեկատվության համապատասխանությունը որոշելու նպատակով հսկիչ գնումներ կատարելու հնարավորություն ունենալու համար կառավարությունը որոշել է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ընդգրկել նման լիազորություն ունեցող պետական մարմինների ցանկում:
ՀՀ կառավարությունը որոշել է թույլատրել «Հայասի Գրուպ» ՍՊԸ կողմից «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված մաքսային ժամկետը երկարաձգել մինչև 2014թ. հունվարի 1-ը, ինչը հնարավորություն կտա ավարտել վերամշակման աշխատանքները, կայունացնել ընկերության ֆինանսական վիճակը և պահպանել ստեղծված աշխատատեղերը:
Կառավարությունը սահմանել է ՀՀ պետական մարմինների կողմից ՀՀ մաքսային մարմիններին մաքսային արժեքի որոշման նպատակով տեղեկատվություն տրամադրելու կարգը, ուժը կորցրած ճանաչելով ՀՀ կառավարության 2001 թ.հունվարի 13-ի թիվ 20 որոշումը: Փոփոխություն կատարելով 2013թ. փետրվարի 7-ի թիվ 84 որոշման մեջ, մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռք բերման աջակցության ծրագրի շրջանակում տրամադրված վարկի վերադարձման ժամկետը երկարաձգվել է մինչև 2013թ. հուլիսի 30-ը:
Ջրային ռեսուրսների վրա տնտեսական ազդեցության հետևանքները գնահատելու և պետական լիազոր մարմնի իրավասությունները ամրագրելու նպատակով գործադիրը համապատասխան փոփոխություններ է կատարել «Ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» 2003թ. օգոստոսի 14-ի թիվ 1110-Ն որոշման մեջ: Բնապահպանության նախարարության ուշադրությունը հրավիրելով տնտեսվարող սուբյեկտների հանդեպ խստագույն վերահսկողություն սահմանելու անհրաժեշտության վրա` վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է. «Հիմա մենք նաև մի մեծ գործընթաց ենք սկսել Արարատյան դաշտավայրում ջրերի արդյունավետ օգտագործումն ապահովելու առումով և ստանում ենք ահազանգեր բնապահպանական տարբեր կազմակերպություններից, որ Արարատյան դաշտավայրում ստեղծվել է շատ լարված իրավիճակ: Եվ համայնքները դիմում են մեզ` նկարագրելով, որ իրենք զրկվում են և խմելու ջրից և ոռոգման ջրից այն պատճառով, որ խորքային ջրերի մակարդակը նվազում է: Մենք այստեղ անհապաղ միջամտելու անհրաժեշտություն ունենք: Ես ուզում եմ Ձեզ տեղյակ պահել, հարգելի գործընկերներ, որ երկու խորհրդակցություն է տեղի ունեցել ինձ մոտ` բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: Մենք ստեղծել ենք միջգերատեսչական հանձնաժողով փոխվարչապետի գլխավորությամբ: Հանձնաժողովը մեզ պետք է ներկայացնի երկարաժամկետ, կարճաժամկետ, միջնաժամկետ միջոցառումների ծրագիր, որպեսզի մենք անհապաղ այս բնագավառում կարգուկանոն հաստատենք: Մասնավորապես խոսքը գնում է խորքային հորերի մասին, որոնք անօրինական ձևով են իրականացվել, և այսօր մենք ունենք ջրի մեծ գերածախս, և դա կարող է Արարատյան դաշտավայրում ուղղակի աղետալի իրավիճակ ստեղծել, որովհետև մի քանի հարյուր ձկնաբուծական տնտեսություններ ունենք, որոնք վաղը նույնպես կանգնելու են պրոբլեմի առջև, ջրային ռեսուրսներ չեն լինելու, որպեսզի նրանք իրենց տնտեսությունները կարողանան զարգացնել: Միևնույն ժամանակ մենք ունենք շուրջ 700 անօրինական հորեր, որոնք այսօր գործում են, և այս խնդիրը պետք է հրատապ լուծենք և այս բնագավառում կարգուկանոն հաստատենք»:
«Հայջրմուղկոյուղի», «Նոր Ակունք», «Լոռի-ջրմուղկոյուղի» և «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերություններին ֆինանսական կենսունակության ապահովման նպատակով կառավարությունը մինչև 2014թ. հունվարի 1-ը ազատել է վարկերի սպասարկման (տոկոսավճարների) վճարման գծով առաջացած պարտավորություններից:
Նկատի ունենալով, որ կրթական, գիտական և գիտատեխնիկական ոլորտների համար ՀՀ գործող հարկային օրենսդրությամբ արդեն իսկ սահմանված է հարկային արտոնությունների բավական լայն շրջանակ, կառավարությունը ուժը կորցրած է ճանաչել ՀՀ բարձրագույն կրթության ֆինանսավորման ռազմավարությամբ նախատեսված` նոր հարկային արտոնությունների տրամադրում նախատեսող դրույթները:
 

Սոցիալական փաթեթի հանգստի գումարը կփոխանցվի միանվագ

Կառավարությունը փոփոխություններ է կատարել Սոցիալական փաթեթի հատկացման կարգի վերաբերյալ 2012թ. դեկտեմբերի 27-ի որոշման մեջ, ինչը պայմանավորված է սոցիալական փաթեթի գումարների միանվագ փոխանցման անհրաժեշտությամբ` աշխատողի հանգստի ապահովման ծառայությունից օգտվելու դեպքում: Այսպիսով հանգստի ծառայությունների համար միանվագ փոխանցում իրականացնելու հնարավորությամբ կստեղծվեն առավել բարենպաստ պայմաններ: Կարևորելով պետական ծառայողների հանգիստը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում կազմակերպելու հնարավորությունը, վարչապետը հանձնարարել է վերահսկողություն իրականացնել տուրիստական փաթեթի գների նկատմամբ, որպեսզի տուրօպերատորները չխախտեն ձեռք բերված պայմանավորվածությունները և չներկայացնեն առողջապահական և տուրիստական համալիրների գները գերազանցող առաջարկներ: «Եթե այս սկզբունքը մենք ապահովենք, ապա ես համոզված եմ, որ տարեցտարի մեր հանրապետական տուրիզմն ավելի մեծ թափով կզարգանա»,-ասել է վարչապետը:
ՀՀ կառավարությունը, փոփոխություններ կատարելով իր նախկինում ընդունած երեք որոշումներում, «Երևանի մշակույթի պետական քոլեջ» և «Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ» հաստատություններին թույլատրել է գործել որպես ինքնուրույն պետական ոչ առևտրային կազմակերպություններ, աննպատակահարմար համարելով նրանց վերակազմավորումը, համապատասխանաբար, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կազմում:
Հաշվի առնելով, որ Գորիս քաղաքի պատմամշակութային հիմնավորման նախագծին համապատասխան փոփոխություններ կատարելու աշխատանքները դեռևս չեն ավարտվել, կառավարությունն իր 2012թ. մայիսի 31-ի արձանագրային որոշմամբ սահմանված ժամկետն ավելացրել է վեց ամսով, նախատեսված աշխատանքները լիարժեք և պատշաճ իրականացնելու համար, ինչը զբոսաշրջային այցելությունների թվի աճի, եկամտի ավելացման և աշխատատեղերի ստեղծման հավելյալ հնարավորություն կստեղծի:
Կառավարության համապատասխան որոշմամբ «Եղեգնաձորի ատամնապրոթեզարան» պետական փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպվել, միացվել է «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին:
Հիմք ընդունելով «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթները, կառավարությունը սահմանել է կալանավորված անձանց և դատապարտյալների ՄԻԱՎ վարակի վերաբերյալ բուժաշխատողների կողմից նախաթեստային և հետթեստային խորհրդատվության և հետազոտության իրականացման կարգը:


Այլ հարցեր

Գործադիրը ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության շենքերից զանգվածային լրատվական գործունեություն իրականացնող, այդ թվում ազգային փոքրամասնություններին ներկայացնող մի շարք կազմակերպությունների, հինգ տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հատկացրել է համապատասխան տարածքներ:
Կառավարությունը հաստատել է հանրակրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական կազմակերպություններին ՀՀ պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը նվիրաբերելու կարգը:
Կառավարությունը թույլատրել է պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության` Գյումրի քաղաքի Չայկովսկու փողոցի թիվ 6/2 հասցեում և Ալավերդի քաղաքի Ջրավազանի 60 հասցեում գտնվող անշարժ գույքն օտարել մրցույթով:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից «Մելիքյանն ընդդեմ Հայաստանի» գանգատով կայացրած վճռի պահանջները բավարարելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարությանը հատկացվել է երեք հազար վեց հարյուր եվրոյին համարժեք ՀՀ դրամ:
ՀՀ կառավարությունը որոշել է ՀՀ ընտրական օրենսգրքի և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածների համաձայն վաղաժամկետ դադարեցնել Շիրակի մարզի Կարմրաքարի գյուղական համայնքի ղեկավար Գագիկ Վահրադյանի լիազորությունները և անցկացնել գյուղական համայնքի ղեկավարի ընտրություն:
«Ապառաժ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը կառավարությունը թույլատրել է մինչև 2013թ. դեկտեմբերի 31-ը ՀՀ ներմուծել պայթուցիկ նյութեր և պայթեցման միջոցներ սահմանված անվանումներով և քանակով:
ՀՀ կառավարության որոշմամբ Վահե Հակոբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ:
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ