Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 4 հուլիսի 2013

Պետք է մեծացնել պետբյուջեի միջոցների ծախսման արդյունավետությունը








Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նիստից առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է ՀՀ պետբյուջեի միջոցների արդյունավետ օգտագործմանը, խնդիր, որի վերաբերյալ 2012 թ. սեպտեմբերի 15-ի խորհրդակցության ժամանակ ելույթ էր ունեցել ՀՀ նախագահը։
Այնուհետև կառավարությունում քննության է առնվել գյուղատնտեսական մթերքների մթերման ընթացքը (տե՛ս առանձին
Հաստատելով նիստի օրակարգը` կառավարությունը ձեռնամուխ է եղել հարցերի քննարկմանը։

ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ 2014-2016 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, որի նպատակը պետական ծախսերի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումն է։ Ծրագիրը կծառայի ՀՀ 2014 թ. պետբյուջեի նախագծի մշակման հիմք, ինչպես նաև պետական կառավարման մարմինների և հանրության համար ընկալելի կդարձնի կառավարության առաջիկա երեք տարվա հարկաբյուջետային քաղաքականության գերակայությունները և ծախսային քաղաքականության ռազմավարությունը։

 

Սահմանվում է «Պալիատիվ բժշկական օգնություն» հասկացությունը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու օրենքի նախագծին, որի ընդունման դեպքում հստակ կսահմանվի «Պալիատիվ բժշկական օգնություն» հասկացությունը, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարին լիազորություն կվերապահվի սահմանելու պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման տրամադրման չափորոշիչները։
Կառավարության հավանությունն է ստացել «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հուլիսի 5-ը` ՀՀ սահմանադրության օրը, նշել նաև որպես պետական խորհրդանիշների` զինանշանի, դրոշի, օրհներգի օր։
Նիստում քննարկվել է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Դավիթ Հարությունյանը և Արփինե Հովհաննիսյանը։ Նրանք առաջարկում են, մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգքրի 242-րդ հոդվածում որպես ծանրացնող հանգամանք նախատեսել ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցի շահագործման կանոնները խախտելն ալկոհոլի, թմրամիջոցի կամ թմրեցնող այլ նյութի ազդեցությամբ։ Կառավարությունն առաջարկել է խմբագրական մի շարք փոփոխություններ, որոնց ընդունման դեպքում ընդունելի կհամարի օրենքի նախագիծը։
Օրենսդրական երկու նախաձեռնություն է ներկայացրել ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը, երկուսում էլ առաջարկվում է փոփոխություններ կատարել «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում։ Փոփոխություններից մեկը վերաբերում է ԱԱՀ գանձումը ՀՀ մաքսային սահմանին 90 օրով հետաձգելուն, մյուսով առաջարկվում է ԱԱՀ վճարումը երեք տարով հետաձգել ոչ թե 300, այլ 200 մլն դրամը գերազանցող ներդրումային ծրագրերի դեպքում։ Կառավարությունը երկու նախագծերի վերաբերյալ տվել է բացասական եզրակացություն` հանգամանորեն հիմնավորելով իր տեսակետը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը, մասնավորապես, նշել է, որ պատգամավորի առաջարկը համահունչ է կառավարության պատկերացումներին` ավելացված արժեքի հարկը սահմանից տեղափոխել ներքին տնտեսություն։ «Մենք պետք է տեղյակ պահենք մեր տնտեսվարող սուբյեկտներին, որ այս հարցը գտնվում է նաև Արժույթի միջազգային հիմնադրամի հետ մեր բանակցությունների օրակարգում, - հավելել է վարչապետը։ -Հարցի լուծման գաղտնիքն այն է, որ մեզ անհրաժեշտ է լինելու 90 մլրդ դրամ, որովհետև այն պահից, երբ մենք սահմանին չենք գանձում ԱԱՀ-ն, մինչև այն պահը, երբ կարող ենք տնտեսությունից այդ հարկը հավաքել, կարող է անցնել 1-3 տարի։ Բայց միանգամից մենք 90 մլրդ եկամուտ չենք կարող հավաքել։ Դրա համար քաղաքական առումով առաջարկը ճիշտ է, և դա բխում է նաև կառավարության ռազմավարությունից, և մենք պետք է տարիների ընթացքում քայլ առ քայլ այս խնդիրը լուծենք։ Այս պահին մենք առաջարկը մերժում ենք, որովհետև ակնհայտ է, որ ֆինանսական ճեղքվածք է առաջանում, և մենք ծածկելու աղբյուրը դեռևս չունենք, բայց ապագայում նաև պատգամավորի հետ միասին կաշխատենք, որպեսզի մեր հայեցակարգը ներդնենք»։
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։

 

Կայանում է ռիսկի վրա հիմնված ստուգման համակարգը

ՀՀ կառավարությունը հաստատել է`
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի շուկայի վերահսկողության պետական տեսչության կողմից իրականացվող ոչ պարենային արտադրանքի և պետական չափագիտական վերահսկողության ոլորտի ռիսկի վրա հիմնված ստուգման մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագրերը, ստուգման ստուգաթերթերի լրացումները, որոնք հնարավորություն կտան վերլուծել և գնահատել վերահսկման ենթակա կազմակերպությունները, ձևավորել տվյալների բազա, մշակել և ներդնել ստուգման առավել արդյունավետ մեխանիզմներ. ՀՀ էկոնոմիկայի նախարարը վարչապետ Տիգրան Սարգսյանին հավաստիացրել է, որ մինչև սեպտեմբեր բոլոր գերատեսչությունները հնարավորություն կունենան տեսչական ստուգումներն անցկացնել արդեն ռիսկի վրա հիմնված սկզբունքով և կունենան կառավարության կողմից հաստատված ստուգաթերթիկները, որոնք հասանելի կլինեն նաև ստուգողներին,
- պատրաստի արտադրանքի, ապրանքի մնացորդի պակասորդ հայտնաբերելու կարգը. մնացորդի պակասորդ հայտնաբերվելու դեպքում ԱԱՀ վճարողից տուգանք է գանձվում պակասորդի գնի (արժեքի) 50 տոկոսի չափով,
- պիտանելիության ժամկետում չիրացված` դրոշմավորված ապրանքի դուրսգրման կարգը,
- դեղ ներմուծող, արտահանող և դեղագործական գործունեություն իրականացնող անձանց կողմից պարտադիր պահանջների և պայմանների ապահովման` ռիսկի վրա հիմնված ստուգման ստուգաթերթերը։
Գործադիրը սահմանել է Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գնի մակնշման կարգը։

 

Առաջնայինը ներդրումների ներգրավումն է

ՀՀ կառավարությունն իր որոշմամբ «Այլընտրանքային էներգիա» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով 2013 թ. հուլիսի 20-ից մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել է մինչև 2016 թ. հուլիսի 20-ը։ Կոտայքի մարզում կառուցվող 5 հա ջերմոցային տնտեսության համար ընկերությունը նախատեսում է իրականացնել ավելի քան 2 մլրդ դրամի ներդրում։ Դրա շնորհիվ կգործարկվեն հոլանդական արտադրության ժամանակակից սարքավորումներ, որոնցով նախատեսվում է տարեկան թողարկել շուրջ 1.4 մլրդ դրամի արտադրանք. դրա գերակշիռ մասը կարտահանվի Ռուսաստանի Դաշնություն և Վրաստան։ Ծրագրի իրագործմամբ կստեղծվի մոտ 100 աշխատատեղ` 80-90 հազ. դրամ միջին աշխատավարձով։ Հաջորդ որոշմամբ գործադիրը «Արմենիա թի վի» ՓԲԸ կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմը երկարաձգել է մինչև 2015 թ. օգոստոսի 2-ը` ընկերությանը հնարավորություն տալով ներմուծված երեք թվային ընդունիչի միջոցով իրականացնել բարձրորակ հեռարձակում։
Իր նիստում կառավարությունը «Սևան-Հրազդանյան ջրառ» ՓԲԸ-ին թույլատրել է սեփականության իրավունքով իրեն պատկանող 3 հազար 200 մետր երկարությամբ խողովակաշարով վճարել պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց։ Այսպիսով, համակարգում չգործող գույքը կվաճառվի` նպաստելով առկա գույքային միավորների առավել արդյունավետ օգտագործմանը, այլ ոլորտների գործունեության ակտիվության բարձրացմանը։ Նիստում «Հայկական ատոմային էլեկտրակայան», «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում», «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն», «Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտ» և «Ատոմսերվիս» ՓԲԸ-ներին թույլատրվել է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում ընդունել անգլերեն և ռուսերեն ներքին իրավական ակտեր, որոնցով կապահովվեն ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործումն ու անվտանգության բարձրացումը։ Մեկ այլ որոշմամբ գործադիրը հաստատել է միջուկային նոր էներգաբլոկի (էներգաբլոկների) հրապարակի անվտանգության պահանջները` անգլերեն։


Շինարարության ժամկետները կպահպանվեն

Գործադիրը նախկինում ընդունած իր որոշումներից մեկի փոփոխությամբ ապահովել է Վայոց ձորի մարզի Ելփին, Արարատի մարզի Վարդաշեն գյուղերի դպրոցների հիմնանորոգման և կառուցման, Շիրակի մարզի Մարալիկի 9 բազմաբնակարան կիսակառույց շենքի շինարարության ավարտի աշխատանքների կատարումը։ Կառավարությունը վերաբաշխում է կատարել 2013 թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և Գեղարքունիքի մարզպետին հանձնարարել սույն որոշման համաձայն նախատեսված 59.5 մլն դրամով ավարտել մարզի Ծակքար գյուղի միջնակարգ դպրոցի նոր մասնաշենքի շինարարությունը։ Նույն ընթացակարգով Կոտայքի մարզպետին թույլատրվել է Չարենցավանի N5 դպրոցի շենքի հիմնանորոգման ժամանակ տնտեսված ավելի քան 30 մլն դրամն իրացնել Պռոշյան համայնքի դպրոցի շենքի հիմնանորոգման նպատակով։ Կառավարությունն ընդունել է գնման գործընթացի կազմակերպման որոշում, որը վերաբերում է Շիրակի մարզի Մեծ Մանթաշի դպրոցի մասնաշենքերի վերակառուցման հրատապ խնդրին և ենթադրում է դպրոցի հիմնանորոգման աշխատանքի կատարման պետգնման ծավալաթերթի փոփոխություն։ Մեկ այլ որոշմամբ վերաբաշխում կատարելով 2013 թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում` կառավարությունն ավելի քան 93 մլն դրամ է հատկացրել ՀՀ քաղաքաշինության նախարարությանը` «Կրթական օբյեկտների հիմնանորոգում» ծախսային ծրագրով նախատեսված օբյեկտների վերակառուցման մրցունակ շինարարական արտադրանքի ձեռքբերման, նորակառույց օբյեկտների շահագործման նպատակով։
ՀՀ 2013 թ. պետբյուջեի ևս մեկ վերաբաշխմամբ և իր նախկին որոշումներից մեկի փոփոխությամբ և լրացմամբ գործադիրը նախատեսել է ապահովել հրատապ հիմնանորոգում պահանջող մի շարք ճանապարհահատվածների անցանելիությունը և երթևեկության անվտանգությունը։ Խոսքը վերաբերում է 2012 թ. դեկտեմբերի վերջից երկրի նախալեռնային և լեռնային շրջաններում տեղացած ձյան և ջերմաստիճանի կտրուկ փոփոխության հետևանքով առաջացած ճանապարհածածկի քայքայմանը և փոսայնության շեշտակի մեծացմանը։ Հիմնանորոգման համար տրամադրվել է մոտ 1 մլրդ դրամ, որից ավելի քան 230 միլիոնն առաջացած տնտեսման հաշվին է։


Այլ որոշումներ

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում սահմանված ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթի երրորդ փուլի իրականացման համար գործադիրը ՀՀ մարզպետարաններին լրացուցիչ հատկացրել է 1 մլն դրամ։
Գործադիրն իր որոշմամբ ճանաչել է թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման վերահսկողության իրականացման կառավարության լիազորած պետական կառավարման մարմինները։
Կառավարությունը Երևանում բնակվող անհատ ձեռնարկատեր Ռասթքար Էբրահիմխալիլին երեք տարի գործողության ժամկետով տվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` ՀՀ կառավարության սահմանած պրեկուրսորների ներմուծման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման արտոնագիր։
Նիստում պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև 2014 թ. աշնանային զորակոչը տարկետում է տրվել Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի բնակիչ, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի մագիստրատուրայի սան Նարեկ Թովմասյանին։ Նիստի ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանը կրկին անդրադարձել է նրա հաջողությանը. «Նարեկ Արամի Թովմասյանն ընդունվել է աշխարհի լավագույն համալսարաններից մեկը` Սթենֆորդի համալսարան։ Ավարտել է Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքի դպրոցը։ Ես կարծում եմ, որ ինչպես ես, այնպես էլ դուք շատ լավ ենք զգում, երբ մեր համայնքային դպրոցն ավարտած տաղանդաշատ երիտասարդն ընդունվում է աշխարհի լավագույն համալսարաններից մեկը` համակարգչային տեխնիկայի մասնագիտությամբ։ Ընդհանրապես մեր դպրոցների տնօրենները մրցակցում են իրար հետ, թե շրջանավարտների քանի տոկոսն է ընդունվում բուհեր»։ Դիմելով ՀՀ կրթության և գիտության նախարարին` վարչապետն անհրաժեշտ է համարել պարզել, թե այն 170 ուսանողները, որ այսօր սովորում են աշխարհի լավագույն 10 համալսարաններում, որ դպրոցներն են ավարտել, որովհետև նրանց ուսուցիչները խրախուսման արժանի են։ «Դա, ինձ թվում է, դրական երևույթ է, երբ դպրոցներն իրար հետ մրցակցում են, թե իրենց երեխաներից քանիսն են ընդունվում բուհեր, և որ բուհերն են ընդունվում։ Ես շատ լավ եմ ինձ զգում, երբ Գեղարքունիքի մարզի փոքրիկ համայնքային դպրոցի շրջանավարտն ընդունվում է աշխարհի լավագույն համալսարան։ Շնորհակալություն», - եզրափակել է Տիգրան Սարգսյանը։
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը:
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ