ուրբաթ, 12 մարտի 2004
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Վ. Մովսիսյանը:
Հանձնաժողովը քննարկել է 2004-2005թթ. ընթացքում իրականացվելիք բարեգործական 13 ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են.
«Կամար» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Օգնություն Երևանի Շենգավիթ համայնքի N 298 մսուր-մանկապարտեզին», «Օգնություն Շիրակի մարզի հոգեկան առողջության կենտրոնին», «Դպրոցական կահույք Հրազդանի N 7 միջնակարգ դպրոցին» և «Գյումրու Ա. Իսահակյանի անվան N 26 դպրոցի ֆրանսերեն լեզվի ուսուցման դասասենյակի կահավորում» ծրագրերը, «Սուրբ Կամիլիո» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագիրը, որի նպատակն է Աշոցքի «Տիրամայր Նարեկի» հիվանդանոցին անհրաժեշտ միջոցներով, դեղորայքով և պարագաներով ապահովումը, ինչը հնարավորություն կտա Աշոցքում իրականացնել բնակչության անվճար բուժօգնություն և բուժսպասարկում, «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող՝ «Զոհված և վիրավոր-հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին բնակարանով ապահովման», «Պարբերական հիվանդությամբ հիվանդ երեխաների հայտնաբերման, հետազոտման և բուժման, դեղորայքով ապահովման», «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Երևանի Նորքի «Մանկան տան» վերանորոգման», «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Վանաձորի մանկատան» վերանորոգման», «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Գավառի մանկատան վերանորոգվող մասնաշենքի կահավորման», ինչպես նաև 2004 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություններում իրականացվող երեխաների անվճար բժշկական օգնության ծրագրերը: Հաստատվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող «Հայ եկեղեցու պատմություն» 6-րդ, 7-րդ և 8-րդ դասարանների համար ուսումնական դասագրքի տպագրում» ծրագիրը և «Հայ դպրոց» հիմնադրամի կողմից 2004-2006 թվականներին իրականացվող ծրագիրը ևս։
Նիստում քննարկվել և հաստատվել են նաև 3 կազմակերպությունների հասցեներով ուղարկված բեռների ներմուծման ծրագրեր, ինչպես նաև նախկինում հաստատված 6 ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և այլ հարցեր։