Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 13 հունիսի 2013

Կառավարությունը կիրառել է արմավիրցիների հոգսը թեթևացնելու բոլոր գործիքները









Այսօր Արմավիրի մարզի Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտագնա նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նիստն սկսվել է մարզի 2013 թ. հինգ ամիսների գործունեության և սոցիալ-տնտեսական վիճակի վերաբերյալ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հաշվետվությամբ։ Մարզպետը մարզի բնակչության և իր անունից շնորհակալություն է հայտնել երկրի ղեկավարությանը` ս.թ. մայիսի 12-ի կարկտահարությունից հետո բնակչությանն աջակցելու ուղղությամբ ձեռնարկված և ձեռնարկվող միջոցների համար։ Սահմանված կարգով կազմակերպվել է մարզային ենթակայության 122 կազմակերպությունների գործունեությունը, համակարգվել հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների աշխատանքը։ ՀՀ կառավարությունն ի գիտություն է ընդունել մարզպետի հաշվետվությունը։ Այնուհետև նիստի մասնակիցներին է դիմել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը. «Հարգելի գործընկերներ, ինչպես միշտ մեր արտագնա նիստերից առաջ մենք ուսումնասիրում ենք մարզում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակը, ինչպես նաև ուսումնասիրում բնակչության վերաբերմունքը կառավարության, մարզպետարանի, համայնքների ղեկավարների, մեր բոլոր գերատեսչությունների գործունեության նկատմամբ։ Այս անգամ ևս մենք այդպիսի հետազոտություն իրականացրել ենք, և դրա առանձնահատկությունն այն է, որ կարկուտը լուրջ շեղում է մտցրել նաև մարդկանց տրամադրության մեջ։ Տեղյակ եք, որ բոլոր մարզերի համար մեկ խնդիրը, որ մեր առջև դնում են մեր քաղաքացիները, աշխատատեղերի խնդիրն է։ Այսօր Արմավիրի մարզում երկրորդ տեղում է հայտնվել ֆինանսական խնդիրը և վարկերի սպասարկման խնդիրը, հաշվի առնելով, որ կարկուտը 47 համայնքի շատ լուրջ վնաս է հասցրել։ Այժմ մեր գերատեսչությունների ղեկավարները մեզ կտեղեկացնեն, թե ինչ վիճակ է ստեղծվել իրենց բնագավառներում»։ Կառավարության անդամներին համապատասխան տեղեկություն են տվել ՀՀ կենտրոնական բանկի նախագահը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը, ՀՀ առողջապահության, ՀՀ կրթության և գիտության, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ մշակույթի նախարարները, ՀՀ արտակարգ իրավիճակների և ՀՀ քաղաքաշինության փոխնախարարները։ Նրանց ելույթները, ինչպես նաև մարզից իշխանության կենտրոնական մարմիններ ուղղված քաղաքացիների դիմումների, բողոքների և առաջարկությունների վերլուծության արդյունքի մասին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի հաղորդումն ընդունվել են ի գիտություն։ Վարչապետը տեղեկացրել է, որ մարզի Արմավիր գյուղում իրեն են դիմել արտագնա աշխատանքից նոր վերադարձած երկու բնակիչներ` խնդրելով աջակցել ստանալու ՀՀ քաղաքացու նոր անձնագիր։ Ոստիկանությունը հանձնարարություն է ստացել ուսումնասիրել հարցը և հնարավորության դեպքում օգնել բնակիչներին։
Կարկտահարության պատճառած վնասը մեղմելու նպատակով գործադիրը ՀՀ գյուղատնտեսության նախարարին թույլատրել է «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի միջոցով զիջել ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագրով մարզի Նալբանդյան, Գետաշեն, Ակնաշեն, Շենիկ, Վանանդ և Արշալույս համայնքների շահառուների 2011, 2012 թթ. ստանձնած պարտավորությունները։ Կառավարությունը փոփոխել է մատչելի գնով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը` նպատակ ունենալով մեղմել Արմավիրի և Լոռու մարզերի կարկտահարության հետևանքով հողօգտագործողներին պատճառած վնասը։ Մեկ այլ որոշմամբ կառավարությունը հաստատել է Արմավիրի մարզի կարկտահարությունից տուժած` գյուղատնտեսության նշանակության հողի սեփականատեր կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող հանդիսացող անձանց զբաղվածության խթանման միջոցով նրանց գյուղացիական տնտեսության վերականգնման ծրագրի իրականացման կարգը։ Դրա կիրառումը կնպաստի համայնքների վնասված հողերի հետագա արդյունավետ օգտագործմանը, գյուղացիական տնտեսությունների եկամտի ավելացմանը։ Ծրագրի արժեքն է շուրջ 175 մլն դրամ։
Ծավալված մտքերի փոխանակությունն ամփոփել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը. «Սրանով ավարտում ենք քննարկումը Արմավիրի մարզին նվիրված բոլոր այն հարցերի, որոնք իր զեկույցում բարձրացրեց նաև մարզպետը։ Իհարկե, ինչքան էլ որ մենք փորձենք օգնել մեր գյուղացիներին, հասկանալի է, որ այդ օգնությունը բավարար չէ։ Բայց նաև փաստ է, որ մենք արեցինք առավելագույնը, որպեսզի նվազագույնի հասցնենք կարկուտի պատճառով եղած բացասական հետևանքները, և արմավիրցիներն իրականում զգացին, որ պետությունն իրենց կողքին է։ Բոլոր գործիքները, որոնք մենք ունեինք, կիրառել ենք, որպեսզի թեթևացնենք այն բեռը, որ այս աղետալի կարկուտի պատճառով ընկել է մեր քաղաքացիների վրա»։


***

Կառավարությունը փոփոխություններ և լրացում է կատարել 2013 թ. գարնանացանի գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագրում` դրանով իսկ կարգավորելով մարզերին փաստացի հատկացված սերմացուի քանակության և չիրացված սերմացուի հետագա պահպանման, 2014 թ. գարնանը դրա իրացման հարցերը։
Կառավարությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Ագրոսպասարկում» ԲԲԸ-ին թույլատրել է 1.9 մլն ԱՄՆ դոլար արժեքով տրակտորներ և հարակից գյուղատնտեսական սարքավորումներ գնելու պայմանագրեր կնքել բելառուսական ընկերությունների հետ և մշակել տեխնիկայի բաշխման պայմանները։ Վարչապետը խնդիր է դրել, որպեսզի բելառուսական առաջին 100 տրակտորը հնարավոր լինի օգտագործել արդեն այս տարի։

***

Ղեկավարվելով ՀՀ սահմանադրության 70-րդ հոդվածով` ՀՀ կառավարությունը որոշել է առաջարկել ՀՀ Ազգային ժողովի նախագահին 2013 թ. հունիսի 17-ին ժամը 12։00-ին գումարել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` օրակարգում ընդգրկելով ավելի քան երկու տասնյակ հարց։


Օրենսդրորեն սահմանվում է երկրապահ կամավորականի կարգավիճակը

ՀՀ կառավարությունը քննարկել է «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» և «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքում լրացում կատարելու` ՀՀ օրենքների նախագծերին, որոնք օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Մանվել Գրիգորյանը, Սեդրակ Սարոյանը և Սամվել Ֆարմանյանը։ Մասնավորապես, առաջարկվում է սահմանել «երկրապահ» հասկացությունը, կարգավիճակ տալ կամավորականներին, նրանց համարել զինծառայողներին հավասարեցված անձինք` սոցիալական պարտադիր երաշխիքներով։ Փաթեթի վերաբերյալ կառավարությունն սկզբունքային առարկություն չի ներկայացրել։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Փոստային կապի մասին» և ևս երեք ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի նպատակն է փոստային կապի ոլորտի օրենսդրությունը համապատասխանեցնել եվրոպական երկրներում գործող օրենքներին, ինչպես նաև բացառել օրենքում առկա ոչ հստակ ձևակերպումները։ Նիստում հավանության է արժանացել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որով առաջարկվում է փոփոխել մի շարք միջոցառումների իրականացման ժամկետները։
Վերը նշված օրենսդրական փաթեթների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն Ազգային ժողով։


Կազատվեն պետտուրքի վճարումից

ՀՀ կառավարությունը հաստատել է`
- ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալությունում պահվող տեղեկությունների տրամադրման համար պետտուրքի վճարումից ազատելու կարգը, նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության կողմից իրականացվող` ռիսկի վրա հիմնված ստուգման մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների գործունեության նկատմամբ օրինականության հսկողության պահանջների կատարման ստուգաթերթերը,
- աուդիտորական ծառայությունների իրականացման արտոնագրի պայման ապահովող աշխատող աուդիտորների մասով աուդիտ իրականացնող անձանց ներկայացված պահանջների կիրառման կարգը, աուդիտորների գործունեությանը և պետության կարիքների համար ձեռք բերվող որոշ ապրանքների առավելագույն գներին վերաբերող նախկինում հաստատված կարգերի փոփոխությունները. այս վերջինի վերաբերյալ վարչապետը հանձնարարել է ՀՀ ֆինանսների նախարարությունում խորհրդակցություն հրավիրել և նախարարությունների ֆինանսական պատասխանատուներին ծանոթացնել նորամուծության մանրամասներին,
- համապատասխանության գնահատման մարմինների նշանակման ընթացակարգը և չափանիշները,
- ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2013/2014 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերն ըստ ՀՀ նախարարությունների ՀՀ ԿԱ մարմինների և մասնագիտությունների, ինչը հնարավորություն կտա ընդունել բարձր առաջադիմություն ունեցող դիմորդներին և պատրաստել աշխատաշուկային անհրաժեշտ մասնագետներ։
ՀՀ կառավարությունը սահմանել է ռազմական արդյունաբերության ազգային չափորոշիչների մշակման, ընդունման և կիրառման կարգը` ուժը կորցրած ճանաչելով իր նախկին նույնաբովանդակ որոշումը։


Վերամշակման աշխատանքն ավարտին կհասցվի

ՀՀ կառավարությունը թույլատրել է «Նիկոլա ինթերնեյշնլ, Արմենիա» ՍՊԸ կողմից ներմուծված և չվերաարտահանված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2014 թ. հունվարի 14-ը։ Ընկերությունը Եգիպտոսից Հայաստան է ներմուծել չվերամշակված ձիթապտուղ, որը պետք է պահածոյացվեր և արտահանվեր։ Սակայն Եգիպտոսում տիրող տնտեսական անկայունության պատճառով արտադրանքը հնարավոր չի եղել արտահանել սահմանված ժամկետում, ուստի անհրաժեշտություն է առաջացել երկարաձգել արտահանման ժամկետը։ Որոշումը հնարավորություն կտա կայունացնել ընկերության ֆինանսական վիճակը, պահպանել ստեղծված աշխատատեղերը։
Գործադիրը 2013 թ. պետբյուջեում կատարել է վերաբաշխում և փոփոխություններ, իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում նույնպես կատարել փոփոխություններ և լրացումներ, որոնք թելադրված են Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո իրականացվող Սևծովյան ավազանի երկրների համատեղ գործողությունների 2007-2013 թթ. Դրամաշնորհային ծրագիրը ՀՀ 2013 թ. պետբյուջե ներառելու անհրաժեշտությամբ, որով կապահովվի ստանձնած պարտավորությունների գծով մասնակցության ապահովումը։ «Կատարելություն հանրային հատվածում» ծրագրում, որի դրամաշնորհառուն Հունաստանն է, որպես գործընկեր ներգրավված է նաև ՀՀ քաղծառայության խորհուրդը։
Մինչ այժմ եղած քարտեզագրական փաստաթղթերում Արփա-Սևան թունելի ուղեգծի կոորդինատները (ստորգետնյա) տարբեր են, ինչը հնարավորություն չի տալիս ամրագրել Սևանա լճի անմիջական ազդեցության գոտու ճշգրիտ սահմանները։ Կոորդինատները չափագրման միջոցով ճշգրտելու նպատակով ավելի վաղ ստեղծված աշխատանքային խմբի գործունեության ժամկետը կառավարության որոշմամբ երկարաձգվել է մինչև օգոստոսի 1-ը։ Այդ աշխատանքի արդյունքում կհստակեցվեն հատուկ կարգավորման օբյեկտ հանդիսացող Սևանա լճի ջրահավաք ավազանի տարածքում իրականացվող քաղաքաշինական գործառույթները։


Կարգավորվում է վարչական հսկողության ընթացակարգը

Կառավարությունն իր նիստում հավանություն է տվել ՀՀ նախագահի 1997 թ. մայիսի 6-ի հրամանագրում լրացում կատարելու` ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին, որի նպատակն է կարգավորել տարածքային կառավարման մարմինների կողմից վարչական հսկողության իրականացման ընթացակարգը։ Օրենսդրության համաձայն ՀՀ մարզպետներն իրականացնում են իրավական և մասնագիտական հսկողություն` համայնքի ղեկավարի սեփական և պետության կողմից պատվիրակած լիազորությունների և համայնքի ավագանու լիազորությունների կատարման նկատմամբ։ Սակայն օրենսդրորեն կարգավորված չէ ՀՀ մարզպետների կողմից վարչական հսկողության իրականացման ընթացակարգը. այդ բացը լրացվում է ՀՀ նախագահի նոր հրամանագրով։
2012 թ. օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքի հասած ՀՀ հավաքական թիմերի մարզիկներին և նրանց մարզիչներին ՀՀ նախագահի անվանական թոշակի հատկացումն ապահովելու նպատակով կառավարությունը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացրել է ավելի քան 29 մլն դրամ` ի լրումն 2013 թ. պետբյուջեով նախատեսված 150 մլն դրամի։
Հայաստանի «Այկիդո Այկիկայ ֆեդերացիային», որն զբաղվում է ճապոնական այկիդո մարտարվեստի և առողջ ապրելակերպի գաղափարների տարածմամբ և զարգացմամբ, կառավարությունը 15 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տարածք է հատկացրել Երևանի Ալ. Շիրվանզադեի անվան հիմնական դպրոցի նկուղային հարկում (Վ. Վաղարշյան 24)։
Կառավարությունը ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը թույլատրել է Երևանի Հանրապետության 47 հասցեում գտնվող շենքն ուղղակի վաճառքի ձևով օտարել Ռամկավար Ազատական կուսակցությանը։


Այլ հարցեր

Գործադիրն ընդունել է Շիրակի մարզի Բայանդուրի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսը ֆինանսավորելու որոշում։
Կառավարության որոշմամբ «Ասպար արմս» ՍՊԸ-ին երեք տարի գործողության ժամկետով տրվել է զենքի (քաղաքացիական զենքի և դրա փամփուշտների արտադրություն, զենքի գեղարվեստական հարդարում և նորոգում) արտադրության արտոնագիր։
ՀՀ կառավարությունը տարբեր ժամկետներով երկարաձգել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքական թիմում հանդես եկող ֆուտբոլիստների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը։
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը:
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ