Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 6 հունիսի 2013

Կյանքի է կոչվում արմավիրցիներին աջակցելու կառավարության ծրագիրը








Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Բացելով նիստը` վարչապետն ասել է. «Այսօրվա օրակարգային հարցերի քննարկումը ցանկանում եմ սկսել Արմավիրի մարզի խնդիրներից։ Մենք պետք է հետևողական լինենք, որպեսզի կարկուտի հասցրած վնասների հետ կապված մեր օժանդակությունը տեղ հասնի, և գյուղացիներն զգան, որ պետությունն իրենց կողքին է։
Երեկ երեկոյան ես նորից այցելել էի Արմավիրի մարզ և Արմավիր համայնքում էի։ Ահա իմ դիտարկումները.
Առաջին` սոցիալապես անապահով ընտանիքների ցուցակները, որոնք առաջին հերթին օժանդակության կարիք ունեն, համայնքապետարանի պատին փակցված էին, և համայնքի բոլոր ներկայացուցիչները հնարավորություն ունեին ծանոթանալու այդ ցուցակներին, և եթե կային անճշտություններ կամ առարկություններ, նրանք կարող էին այդ ամենը մեզ ներկայացնել։ Չափազանց կարևոր է, որ այդ աշխատանքն իրականացվում է։
Երկրորդ` հիշում եք, որ մենք որոշում ընդունեցինք գումարներ հատկացնել, որպեսզի օգնենք, որ գյուղացիները ջրի վարձը վճարեն, և այն տնտեսություններում, որտեղ 100 տոկոսանոց վնաս էր, նաև հողի հարկը։ Հիմա խնդիր է դրված, որպեսզի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բացահայտի առավել անապահով խմբերին։ Պարոն Ասատրյանն ինձ զեկուցել է, որ աշխատանքն ավարտել են, և շուրջ 1600 ընտանիք այս կարկուտի հետևանքով պետք է ստանա ֆինանսական օժանդակություն։ Մենք խոստացել էինք մեր գյուղացիներին, որ առավել անապահովներին պետք է օգնենք։
Դրա համար ես առաջարկում եմ, որ մեր նիստն սկսենք այս հարցերից»։

Արմավիրի մարզում 2013 թ. մայիսի 12-ին կարկտահարությունից հարյուր տոկոս տուժած քսաներեք գյուղերի սոցիալապես անապահով 1606 ընտանիքներին կառավարության որոշմամբ հրատապ միանվագ օգնություն է ցուցաբերվելու 50 հազարական դրամի չափով։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գյուղացիական տնտեսություններում մշակվող բուսատեսակներին կարկտի հետևանքով պատճառված վնասի չափը գյուղացիներին թույլ չի տալիս վճարել իրենց հողի հարկը և օգտագործված ոռոգման ջրի վարձավճարը, կառավարությունն այդ նպատակով Արմավիրի մարզպետարանին է հատկացրել 207 մլն դրամ։
Երեկ արմավիրցիները վարչապետին նաև տեղեկացրել էին, որ կարկտից տուժած տնտեսություններից մի քանիսը ոռոգման նպատակով օգտագործում են խորքային հորերի ջուրը։ Տիգրան Սարգսյանն առաջարկել է փոխհատուցել այդ տնտեսությունների էլեկտրաէներգիայի վարձը։
Կառավարությունը փոփոխություններ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացրել 350 մլն դրամ, որից 328 մլն 600 հազար դրամը` հակակարկտային կայանների տեղակայման, 21 մլն 400 հազարը` ֆիզիկական կամ իրավաբանական անձանց պատկանող կայանները նորոգելու և տեխնիկապես մատչելի դարձնելու և «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի շահագործմանը հանձնելու համար։ Որոշումը թելադրված է Արմավիրի մարզի տարածքում հակակարկտային աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությամբ։ Նախարարը վարչապետին հավաստիացրել է, որ հակակարկտային կայանները կտեղադրվեն երեք ամսվա ընթացքում։
Գործադիրը մեկ այլ որոշմամբ Արմավիրի մարզպետարանին է հատկացրել ավելի քան 7.5 մլն դրամ Մրգաշատ գյուղի բնակիչ Հունան Մխիթարյանի 14 անձից բաղկացած ընտանիքի համար երկհարկանի առանձնատուն գնելու համար։ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ երկրում կա 9 և ավելի երեխա ունեցող 24 բազմազավակ ընտանիք, որոնցից մեկը Հունան Մխիթարյանի ընտանիքն է։ Աջակցություն կստանան այդ բոլոր ընտանիքները։
Վարչապետն այցելել է նաև մշակույթի պալատ և ընդառաջելով արմավիրցիների ցանկությանը, այսօրվա իր կարգադրությամբ 1 մլն դրամ է հատկացրել գյուղում ներկայացում բեմադրելու համար։ ՀՀ մշակույթի նախարարին հանձնարարվել է ըստ ամենայնի աջակցել մշակույթի պալատի գործունեությանը։ «Դրամական միանվագ օգնությունը տուժածներին աջակցելու առաջին քայլն է, երկրորդը կլինի այդ նպատակով ստեղծված հիմնադրամի միջոցների հաշվին», - ասել է Տիգրան Սարգսյանը։

Վերաբաշխում կատարելով 2013 թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, գործադիրը բարձրորակ տնկանյութերի աճեցմանն ու կանաչ գոտիների վերականգնմանն աջակցելու նպատակով «Կանաչազարդ երկիր» ՀԿ-ին որպես նվիրատվություն տրամադրելու համար ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացրել է 5 մլն դրամ։
Կառավարության որոշմամբ ՀՀ քաղաքաշինության նախարարությանն ավելի քան երկու միլիոն դրամ է հատկացվել Արմավիրի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջներում սարքերի և սարքավորումների տեղադրման համար արհեստագործական մասնաշենքերի կառուցման տեղակապման նախագծային աշխատանքների համար։
 

Նվազագույն աշխատավարձն ավելացվում է 30 տոկոսով

Կառավարությունը հավանություն է տվել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին», «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին։ Նախագծերից առաջինի մշակման հիմք են հանդիսացել ՀՀ կառավարության 2013-2017 թթ. ծրագրի դրույթները, ինչպես նաև ՀՀ կողմից վավերացված միջազգային համապատասխան պայմանագրային պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը։ Ս.թ. հունվարի 1-ից 35 հազար դրամ սահմանված նվազագույն աշխատավարձի չափը ս.թ. հուլիսի 1-ից 10 հազար դրամով բարձրացնելու արդյունքում անհրաժեշտ կլինի համապատասխան փոփոխություններ կատարել վերը նշված մյուս օրենքներում։ Ակնկալվում է, որ մինչև 2017 թվականը նվազագույն աշխատավարձի չափը կկրկնապատկվի։
Գործադիրը հավանություն է տվել «Կուտակային կենսաթոշակների մասին», «Եկամտային հարկի մասին» և «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթին, որով առաջարկվում է սահմանել, որ պարտադիր կուտակային բաղադրիչին կարող են մասնակցել միայն ՀՀ-ում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք։
Կառավարության հավանությունն է ստացել «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Դիլիջանում միջազգային չափորոշիչներին համապատասխան դպրոց կառուցելու արժեքը շուրջ 40 մլրդ դրամ է։ Օրենքի նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է նպաստել կրթահամալիրի կառուցմանը և շահագործմանը։
Վերը նշված օրենքների նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։


Անապահով ընտանիքները մասնակի փոխհատուցում կստանան

ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին հանձնարարվել է նախարարության համակարգի պետական ընկերությունների չբաշխված շահույթի հաշվին ավելի քան 70.5 մլն դրամ վճարել «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին` որպես ՀՀ-ում ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների կողմից 2013 թ. հունվար-մարտ ամիսներին սպառված բնական գազի համապատասխան քանակության համար մասնակի փոխհատուցում։ «Այս ծրագիրը շարունակվելու է, որպեսզի բնական գազը սոցիալապես անապահով ընտանիքների համար չթանկանա», - շեշտել է վարչապետը։
Սևան-Հրազդան իռիգացիոն-էներգետիկ համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող և Սևանա լճից մեխանիկական ոռոգման համակարգերից սնվող հողատարածքների ոռոգումն ապահովելու նպատակով կառավարության որոշմամբ ոռոգման նպատակով Սևանա լճից 2013 թ. ոռոգման շրջանում նշված համակարգերով ջրառի չափաքանակը սահմանվել է մինչև 170 մլն խորանարդ մետր։
Մեկ այլ որոշմամբ կառավարությունն անհետաձգելի է համարել Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման և Երևան-Սևան-Դիլիջան-Ադրբեջանի սահման ճանապարհահատվածների նորոգման աշխատանքների և դրանց տեխնիկական հսկողության ծառայությունների գնման կարիքը և սահմանել է, որ այն պետք է իրականացվի բանակցային ընթացակարգով գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու միջոցով։ Վարչապետն անդրադարձել է նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարությանը։ Նա նշել է, որ տրանսպորտի և կապի նախարարությունը շատ լուրջ խնդիրներ է բացահայտել։ «Հիմա անհրաժեշտություն կա հրատապ շտկումներ մտցնել, և ինձ ֆինանսների նախարարը զեկուցել է, որ ունենք նաև ֆինանսական պարտավորություններ, որոնք առաջանում են բացահայտված այդ խնդիրների առնչությամբ։ Հանձնարարական է տրվում էկոնոմիկայի, տրանսպորտի և կապի, ֆինանսների և արտաքին գործերի նախարարություններին` անհապաղ բանակցություն սկսել Ասիական զարգացման բանկի հետ, փոփոխություններ կատարել պայմանագրերում, որ մենք ունենք այդ բանկի հետ, որպեսզի բացահայտված թերությունների պատճառով տույժ-տուգանքներ չկիրառվեն, քանի որ ըստ այն զեկուցագրի, որ դուք ինձ ներկայացրել եք, ձգձգումը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ բազմաթիվ մեթոդաբանական փոփոխություններ են իրականացվել նախնական պայմանագրում։ Մասնավորապես, տեխնիկական հսկողի, ծրագրի օպերատորի հայեցակարգը, որը մի քանի անգամ փոխվել է Ասիական բանկի նախաձեռնությամբ, և այսօր բացահայտված խնդիրներն առնչվում են հենց ծրագրի կառավարմանը, որն իրականացվում է գերմանական, ֆրանսիական և իսպանական ընկերությունների կողմից։ Եվ այն դժգոհությանը, որ դուք ունեք այդ կառույցների նկատմամբ, անհապաղ պետք է տեղյակ դարձնեք Ասիական բանկին և անհապաղ սկսեք բանակցություն, որպեսզի մենք տույժ-տուգանք չվճարենք»։ Վարչապետը ՀՀ էկոնոմիկայի նախարարին է հանձնարարել սկսել բանակցային գործընթացը` պատրաստակամություն հայտնելով անհրաժեշտության դեպքում անձամբ միջամտել խնդրին։
Մյուս որոշումն ուղղված է ՀՀ քաղաքացու սեփականության իրավունքի պաշտպանությանը. Արագածոտնի մարզի Արագածավան համայնքում գտնվող ծանրոցային բաժանմունքի շենքը հանվել է օտարման ենթակա գույքի ցանկից, ինչով և կպաշտպանվի համայնքի բնակիչ Ժորա Խաչատրյանի իրավունքը շենքի նկատմամբ։


Հիմնադրվել է Կենսաթոշակային երաշխիքային ֆոնդի կառավարման հիմնադրամ

Ղեկավարվելով «Կուտակային կենսաթոշակների մասին» և մի քանի այլ օրենքներով` ՀՀ կառավարությունը հիմնադրել է Կենսաթոշակային երաշխիքային ֆոնդի կառավարման հիմնադրամ, հաստատել հիմնադրամի կանոնադրությունը, սահմանել, որ հիմնադրամի հիմնադրի անունից հանդես եկող կառավարման մարմինը ՀՀ կառավարությունն է ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության։ Մինչև Հիմնադրամի խորհրդի կողմից Հիմնադրամի տնօրենի ընտրությունը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Հերմինե Հարությունյանը. նրան հանձնարարվել է սահմանված կարգով ապահովել հիմնադրամի պետական գրանցումը։
Հաջորդ որոշմամբ գործադիրը հաստատել է պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների կողմից ֆոնդերի մասնակիցների կատարած պարտադիր կուտակային վճարների վերադարձելիությունը երաշխավորող ֆոնդ փոխանցվող երաշխիքային վճարների հաշվարկման կարգը։ Մեկ այլ որոշում միտված է պետական պարտատոմսերի առաջնային և երկրորդային շուկայի ակտիվացմանը, երբ պետական պարտատոմսերով գործարքների հիմք հանդիսացող բանաձևը կհամապատասխանեցվի միջազգային շուկաներում կիրառվող մեթոդին։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ օդային փոխադրումների բնագավառի փուլային ազատականացման ռազմավարությանը։ Վարչապետը ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին հանձնարարել է կառավարությունում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչների միջոցով հանրությանը տեղեկացնել հայեցակարգի մանրամասներին (առանձին)։
Կառավարությունն ընդունել է ՀՀ հեռահաղորդակցության ենթակառուցվածքը զարգացնելու որոշում, որի մշակման հիմք է հանդիսացել հեռուստառադիոհեռարձակման անալոգային համակարգից թվային համակարգի անցմանն ուղղված միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը։ «Մենք պարտավոր ենք թվայնացումն ավարտել 2015 թվականին», - ասել է Տիգրան Սարգսյանը և հավելել, որ առջևում են տեխնիկական մեծածավալ աշխատանքները, նոր տեխնոլոգիայի, նոր սարքավորումների կիրառումը։ Հարցն ունի նաև սոցիալական բաղադրիչ. կառավարությունը սոցիալապես անապահովներին աջակցելու է, որպեսզի նրանք կարողանան ձեռք բերել թվային հաղորդումներ դիտելու համապատասխան սարքեր։

Լուծվում են մշակույթի ոլորտի հիմնախնդիրները

Արդեն մեկ տարի է, ինչ Հայաստանում կինոռեժիսոր Ռոման Բալայանի նախաձեռնությամբ ստեղծվել է կինոռեժիսուրայի բարձրագույն դասընթաց, կառավարության կողմից` «Հայ արտ սինեմա» հիմնադրամը, որը և կարգավորելու է դասընթացի կազմակերպման գործընթացը։ Դասապրոցեսն իրականացվելու է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։ Բարձրագույն դասընթացի նախագիծը համաֆինանսավորվող ծրագիր է, որի ընդհանուր նախահաշվային արժեքը մոտ 100 մլն դրամ է։ Կառավարության որոշմամբ վերը նշված հիմնադրամին է հատկացվել մոտ 54 մլն դրամ, մնացած մոտ 46 մլն դրամը հատկացնում է «Պարադիզ» ընկերությունը։ Դասընթացի նպատակն է աջակցել ժամանակակից հայ կինոյի զարգացմանը։
Համաֆինանսավորման սկզբունքով է իրականացվում նաև «Գյումրին` 2013 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագիրը, որի ամբողջական նախահաշիվն ավելի քան 600 մլն դրամ է։ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի որոշմամբ ԱՊՀ մշակութային մայրաքաղաքներ են հռչակվել նաև բելոռուսական Մոգիլյով և ադրբեջանական Գաբալա քաղաքները։ Գյումրու ծրագրի իրականացմանը ՀՀ կառավարությունը հատկացրել է 193 մլն 400 հազար դրամ։
Հայ երիտասարդ երաժիշտների արտագաղթը նվազեցնելուն է միտված կառավարության մեկ այլ որոշում, որով, մասնավորապես, Երիտասարդական նվագախմբին լրացուցիչ միջոցներ են հատկացվում նվագախմբի կազմը փողային և հարվածային գործիքներ նվագող երաժիշտներով համալրելու համար։
Վարչապետը կարևորել է երաժշտական գործիքների ձեռքբերումը և ընդգծել, որ կառավարությունն այդ նպատակին ամեն տարի համապատասխան միջոցներ կտրամադրի։
Հաջորդ թեման բուհերի ընդունելության քննություններն էին։ Լսելով ՀՀ կրթության և գիտության նախարարի հավաստիացումը, թե քննաշրջանը սահուն է անցնում, որևէ դժգոհություն չկա, վարչապետը դա բացատրել է ժամանակին ձեռնարկված միջոցներով, նախապատրաստական պատշաճ աշխատանքով։

Կառավարությունը որոշել է Երևանի Ազատության 19 հասցեում գտնվող մշակույթի կենտրոնը նվիրել Երևանի քաղաքային համայնքին` որպես պետության կողմից քաղաքի մշակութային կենտրոնների զարգացմանն ուղղված աջակցություն։
 

Աշտարակում կհիմնվի «Նոր Հալեպ» թաղամաս

Սիրիայի Արաբական Հանրապետությունում տիրող պատերազմական իրավիճակի հետևանքով Հայաստանում բնակվող սիրիահայերի բնակարանային խնդիրների լուծմանն աջակցելու նպատակով ՀՀ կառավարությունը որոշել է «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի առաջարկով Աշտարակ քաղաքում հիմնել «Նոր Հալեպ» բնակելի թաղամաս։ ՀՀ սփյուռքի նախարարին հանձնարարվել է 10-օրյա ժամկետում հստակեցնել նշված թաղամասում բնակելի տուն ստանալու ցանկություն հայտնած սիրիահայ ընտանիքների բնակարանային պահանջարկը, հայկական սփյուռքի կառույցների և բարերարների հետ քննարկել «Նոր Հալեպ» թաղամասի կառուցապատմանը հնարավոր ֆինանսական աջակցության խնդիրը։ Համապատասխան հանձնարարություններ են ստացել նաև շահագրգիռ մյուս նախարարները և պատկան մարմինները։ Բնակարան ձեռք բերելու համար արդեն իսկ գրանցվել է շուրջ 600 ընտանիք, որոնք պատրաստ են վճարել բնակարանի արժեքի մինչև 50 տոկոսը։
 

Տարայավորված հեղուկ ապրանքը կդրոշմավորվի

ՀՀ օրենսդրության համաձայն ս.թ. հուլիսի 1-ից դրոշմապիտակով պարտադիր դրոշմավորման են ենթակա ՀՀ տարածքում օտարման ենթակա տարայավորված ջուրը, գարեջուրը, ըմպելիքը, կոկտեյլը, հյութը։ Գործադիրը ՀՀ տարածքում արտադրված կամ ներմուծված պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմապիտակի հազար հատի արժեքը սահմանել է 3548 դրամ և դրանց ձեռքբերման նպատակով ՀՀ ԿԱ ՊԵԿ-ին հատկացրել ավելի քան 3.5 մլրդ դրամ։ Դրոշմապիտակները հարկ վճարողներին են տրամադրվում դրանց ամբողջ արժեքը պետբյուջե վճարելու դեպքում։
Գործադիրը փոփոխություն է կատարել հարկային ծառայության հատուկ կոչումների տարբերանշանները սահմանող իր նախկին որոշման մեջ և սահմանել միջազգային փորձին համապատասխան տարբերանշանների նոր ձևեր։ Հաջորդ որոշմամբ սահմանվել են մաքսային ծառայողի համազգեստի ձևը և մաքսային ծառայության հատուկ կոչումների տարբերանշանների ձևերը։


Պարզեցվում է վտանգավոր սննդամթերքի ոչնչացման գործընթացը

Փոփոխություններ և լրացումներ կատարելով իր նախկին որոշումներից մեկում` կառավարությունը պարզեցրել ու հստակեցրել է վտանգավոր սննդամթերքի, վտանգավոր անասնակերի, սննդամթերքի և անասնակերի հետ շփվող վտանգավոր նյութերի, վտանգավոր սննդային և կերային հավելումների օգտահանման ու ոչնչացման գործընթացը, ինչը կհանգեցնի տնտեսվարողի կողմից ծախսվող լրացուցիչ ժամանակի և ֆինանսական միջոցների կրճատմանը, ինչպես նաև լրացուցիչ վարչարարության բացառմանը։
ՀՀ կառավարությունը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարին թույլատրել է պետական պահուստից ապաամրագրել և մրցութային կարգով իրացնել «Պահուստ» ՊՈԱԿ-ում պահվող տուրբինային և տրանսֆորմատորային յուղը` առաջացած միջոցներն օգտագործելով պետպահուստի նյութական արժեքների կուտակման համար։
Կառավարությունն իր նիստում հաստատել է ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի կրթության պետական տեսչության` ռիսկի վրա հիմնված ստուգման մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը, նախադպրոցական, հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում անցկացվող ստուգումների ստուգաթերթերը։
Արագածոտնի մարզի Վարդենիսի համայնքի 120 աշակերտական տեղով դպրոցի կառուցման աշխատանքի գնման համար ՀՀ 2013 թ. պետբյուջեով նախատեսված է 155 մլն դրամ։ Շինարարությունը եղանակային նպաստավոր պայմաններում ավարտին հասցնելու նպատակով գործադիրը որոշել է գնման գործընթացն իրականացնել բանակցային ընթացակարգով, առանց գնման հայտարարությունը նախապես հրապարակելու։
 

Այլ որոշումներ

Գործադիրն իր որոշմամբ Եվրոպային խորհրդում Հայաստանի Հանրապետության նախագահության ստանձնման կապակցությամբ 2013 թ. հունիսի 18-ին Երևանում անցկացվող Եվրոպայի խորհրդի տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի բյուրոյի նիստի թարգմանության (հինգ լեզվով) ծախսն ուղիղ վճարման ձևով կատարելու համար ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը հատկացրել է 31 հազար եվրոյին համարժեք դրամ։
Կառավարությունը որոշել է Դավիթ Մելքոնյանի` մարդու իրավունքների եվրոպական դատարան գործուղման ժամկետը երկարաձգել մինչև 2014 թ. հուլիսի 31-ը։
Կառավարության որոշմամբ ԱՄՆ Քլիվլենդի հիվանդանոցի օրդինատուրայի սան Ֆրունզե Պետրոսյանին ՀՀ զինված ուժերի պահեստազորի բժշկական կազմի սպաների 2013 թ. զորակոչից տարկետում է տրվել մինչև 2014 թ. պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ։
ՀՀ կառավարությունը Սուրեն Խաչատրյանին ազատել է ՀՀ Սյունիքի մարզպետի պաշտոնից` իր դիմումի համաձայն։
Գործադրի մեկ այլ որոշմամբ Վահե Էլոյանն ազատվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։
Նիստի ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանը հրապարակել է ՀՀ սփյուռքի նախարարի առաջարկները, որոնք միտված են կառավարության արտագնա նիստերի արդյունավետության բարձրացմանը. «Առաջարկվում է, որպեսզի արտագնա նիստից առաջ կառավարության բոլոր անդամները այս կամ այն մարզում հանդիպեն իրենց ոլորտին առնչվող քաղաքացիների, կամ իրենց նախարարության համակարգում գործող ստորաբաժանումների անձնակազմերի հետ և քննարկեն բոլոր այն հարցերը, որոնք մտահոգում են մարզի բնակիչներին, կամ մեր համակարգում աշխատողների բարձրացրած հարցերին։ Դրանից հետո մենք կհավաքվենք և կանցկացնենք կառավարության արտագնա նիստը, դուք հնարավորություն կունենաք քննության առնել այն բոլոր հարցերը, որոնք մտահոգում են տվյալ մարզի բնակիչներին և ձեր արձագանքը այդ հարցերին։ Այս դեպքում մարզերում մեր արտագնա նիստերն սպասելի կլինեն, մարդիկ կպատրաստվեն դրանց և կբարձրացնեն այն հարցերը, որոնք իրենց մտահոգում են։ Դրանով իսկ կառավարության կապը մարզերի բնակիչների հետ անմիջական կլինի»։ Վարչապետն առաջարկել է կառավարության հաջորդ արտագնա նիստը հենց այսպես էլ կազմակերպել։
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ