Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 2 մայիսի 2013

Տեսչական բարեփոխումն արդյունք է տալիս








Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
ՀՀ կառավարությունը ՀՀ նախարարներին, պետական կառավարման մարմինների ղեկավարներին, մարզպետներին և համայնքների ղեկավարներին հանձնարարել է ի գիտություն ընդունել ՀՀ ֆինանսների նախարարության` ՀՀ պետբյուջեի նկատմամբ հսկողության 2012 թ. տարեկան արդյունքների հաշվետվությունը, ձեռնարկել խախտումները, թերությունները վերացնելու և հետագայում բացառելու միջոցներ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն ուշադրություն է հրավիրել այն իրողության վրա, որ հինգ տարում պլանային ստուգումների քանակն ութ անգամ կրճատվել է։ «Սա կարևորագույն ցուցանիշ է տեսչական բարեփոխման տեսակետից, նշել է վարչապետը։ - Չնայած ստուգումների քանակը կտրուկ նվազել է՝ ռիսկերի վրա հիմնված վերահսկողությունն իրեն ամբողջովին արդարացնում է, որովհետև ցույց է տալիս, որ բարձրացել է նաև արդյունավետությունը։ Թիրախային ստուգում է իրականացվում առավել ռիսկային օբյեկտներում և ոլորտներում, և տեսնում ենք, որ ստուգումների քանակի ութ անգամ կրճատման արդյունքում վերականգնման ծավալը ոչ թե պակասել է, այլ ավելացել է, իսկ 2011 թվականին կտրուկ ավելացել է։ Դա նշանակում է, որ 2013 թվականի համար պետք է ճիշտ թիրախներ ընտրենք, թե որոնք են այն ոլորտները, որտեղ ամենամեծ ռիսկերն են և որտեղ մենք կարող ենք ակնկալել մեծածավալ վերականգնումներ»։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման հայեցակարգին։ Մասնավորապես, նախատեսվում է առաջիկա հինգ տարվա ընթացքում երկրում ստեղծել շուրջօրյա խնամքի տուն և համայնքային ցերեկային կենտրոն և գնել կամ վարձակալել առնվազն 10 բնակարան կամ մեկ առանձնատուն` սատարող կացարան ստեղծելու համար։ Վերջինիս գործունեության շնորհիվ խնամքի այլընտրանքային ծառայությունից կօգտվի հոգեկան առողջության խնդիր ունեցող ավելի քան 300 մարդ։ Հարցի քննարկման ժամանակ արծարծվել է նաև այլընտրանքային զինծառայության խնդիրը։ Ի պատասխան վարչապետի այն հարցի, թե երբ են այլընտրանքային ծառայողների համար հնարավորություններ ստեղծվելու, ՀՀ արդարադատության նախարարն իբրև վերջնական ժամկետ նշել է ս.թ. աշնանային զորակոչը։

Բացառվելու են հարկումից խուսափելու դեպքերը

ՀՀ կառավարությունը քննարկել է «Օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների գործառնությունը ՀՀ հանքարդյունաբերության ոլորտում կարգավորելու մասին» օրինագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանը։ Նախագիծը միտված է հանքարդյունաբերության ոլորտի տնտեսության ստվերայնության շեշտակի կրճատմանը։ Կառավարությունը, նույնպես մտահոգված լինելով ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների կողմից հարկումից խուսափելու հնարավորությունն օգտագործելու ռիսկով, գտնում է, որ օրինագիծն իրավական առումով խնդրահարույց է և դրա ընդունմամբ հնարավոր չի լինի արդյունավետ ձևով կառավարել վերոնշյալ ռիսկը։ Գործադիրն իր հերթին ԱԺ քննարկմանն է ներկայացրել «Տրանսֆերային գնագոյացման մասին» օրենքի նախագիծը, ինչպես նաև պատրաստում է «Ընդերքի մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծը, որոնց ընդունմամբ հնարավոր կլինի հասնել ավելի մեծ արդյունավետության։ Այս պատճառաբանությամբ կառավարությունը նպատակահարմար չի համարել Հ. Բագրատյանի առաջարկած օրինագծի ընդունումը։ Քննարկումն ամփոփել է վարչապետ Տիգրան Սարգսյանը. «Կառավարությունն այն տեսակետին է, որ մեր խստագույն վերահսկողության ներքո պետք է գտնվեն օֆշորային ձեռնարկությունները, որոնք ներդրումներ են կատարում Հայաստանում, որոնք զբաղվում են ՀՀ-ից ապրանքների արտահանմամբ, իրացմամբ, որովհետև այդտեղ մենք լրջագույն ռիսկեր ենք տեսնում, որոնց նպատակն է խուսափել ՀՀ-ի առջև իրենց ֆինանսական պարտականությունների և պարտավորությունների կատարումից։ Այս տեսակետից պարոն Բագրատյանի տեսակետները համահունչ են այն քաղաքականությանը, որ մենք պետք է իրականացնենք։ Պարոն Գաբրիելյանի ներկայացրած մոտեցումները, կարծում եմ, հիմք են ստեղծում, որպեսզի մենք կարողանանք պարոն Բագրատյանի հետ առավել արդյունավետ օրենքներ մշակել, որպեսզի այդ վերահսկողությունը կարողանանք պատշաճ ձևով իրականացնել»։
Մեկ այլ որոշմամբ ի գիտություն են ընդունվել ՀՀ բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2012 թ. ընթացքում բարեգործական ծրագրերի կատարման ընթացքի մասին հաղորդումը և տեղեկանքները։ Նշված ժամանակամիջոցում բարեգործական և մարդասիրական օգնության ծրագրեր է իրականացրել միջազգային և հանրապետական 125 կազմակերպություն։ Կազմակերպություններից 52-ն իրականացրել է երկարաժամկետ` ինչպես աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման, այնպես էլ բարեգործական բեռների ներմուծման և բաշխման ծրագրեր, իսկ 73-ը` կարճաժամկետ` միայն բարեգործական բեռների ներմուծման և բաշխման ծրագրեր։ Մեծածավալ ծրագրեր են իրականացնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը` 2.67 մլրդ դրամ, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը` 1.38 մլրդ դրամ և մի շարք այլ կազմակերպություններ։

 

Կարգավորվում և հստակեցվում է Խաղային գործի բնագավառը

Գործադիրն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք պայմանավորված են «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքով և կառավարության համապատասխան որոշմամբ։ Դրանց համաձայն 2013 թ. հունվարի 1-ից նախատեսված է խաղատան կամ շահումով խաղի գործունեության իրականացում կրթական և պատմամշակութային օջախներից, պետական հիմնարկներից, հիվանդանոցներից կառավարության սահմանած որոշակի հեռավորությամբ գտնվող տարածքներում։ Նոր որոշմամբ կարգավորվում է Խաղային գործը, ներդրվում են արտոնագրման պայմանների հստակեցման մեխանիզմներ։ Հաջորդ որոշումը նույնպես թելադրված է վերը նշված օրենքով` Կոտայքի մարզի Ծաղկաձորի, Վայոց ձորի մարզի Ջերմուկի, Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքներում գտնվող խաղատան կամ շահումով խաղի գործունեության վերաբերմամբ։
Կառավարությունն ընդունել է «Գույք հանձնելու մասին» որոշումը, որի համաձայն ՀՀ-ում հատուկ վտանգավոր ախտածիններին առնչվող գործունեության անվտանգության ապահովման նպատակով հիմնվելիք կենտրոնական լաբորատոր հաստատությունը տեղակայվելու է ՀՀ ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտի Պ. Սևակի 5/2 հասցեում գտնվող մասնաշենքերում։
Իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկի հանձնարարականով կառավարությունը բարելավել է Վայոց ձորի մարզի սահմանամերձ Խաչիկ գյուղի վթարային բնակարաններում ապրող հինգ ընտանիքի բնակարանային պայմանները` նրանց անհատույց պետական աջակցություն տրամադրելու միջոցով։


Կբարելավվի շինարարության ոլորտի բիզնես կարգավորման համակարգը

Փոփոխություններ և լրացումներ կատարելով իր նախկին որոշումներից մեկում, կառավարությունը նպատակ ունի բացառել եղած էլեկտրոնային հաղորդակցության կապուղիների վնասումը շինարարական աշխատանքների կատարման ընթացքում, չսահմանափակել էլեկտրոնային հաղորդակցության օպերատորների կողմից մատուցվող ծառայությունների մրցակցային հնարավորությունները, ապահովել գործարար միջավայրի բարելավումը հարցի կարգավորման մեխանիզմները մշակելիս և այլն։
Կառավարության մեկ այլ որոշում ուղղված է հողամասերի օգտագործման արդյունավետության բարձրացմանը. խոսքը վերաբերում է Տավուշի մարզի Թեղուտի գյուղական համայնքին, որն այս որոշմամբ հնարավորություն կունենա առաջնային խնդիր հանդիսացող մանկապարտեզի շենքը կառուցել նպատակահարմար հողամասում։
Գործադիրը փոփոխել և լրացրել է իր նախկին որոշումներից մեկը` ՀՀ էկոնոմիկայի նախարարության երկու վարչությունները միաձուլման ձևով վերակազմակերպելով և ստեղծելով գործարար միջավայրի բարելավման ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման վարչություն, իսկ որակի ենթակառուցվածքների վարչությունը վերանվանել որակի ենթակառուցվածքի և տեխնիկական կանոնակարգման վարչության։
Մեկ այլ որոշման փոփոխությունը նպատակ ունի հստակեցնելու ՀՀ նախարարությունների կազմում գործող` ծրագրերի իրականացման գրասենյակներում թափուր պաշտոնները համալրելու համար հայտարարված մրցույթների փաստաթղթային փուլում գնահատման ընդհանուր միավորների հանրագումարի հաշվարկը, պաշտոն զբաղեցնելու համար դիմած քաղաքացիների գնահատման անցկացումը, մրցույթի հարցազրույցի փուլ չանցնելու վերաբերյալ էլեկտրոնային փոստի միջոցով ստացման վերջնաժամկետները։


Խնդիրը տնտեսության բեկումնային առաջընթացի ապահովումն է

ՀՀ կառավարությունը հաստատել է`
- «Պետական աջակցություն Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կանոնադրական խնդիրների իրականացման» 2013 թ. միջոցառումների ծրագիրը, որի իրականացմամբ ակնկալվում է խթանել երկրի տնտեսության զարգացումը, թափ հաղորդել ընտրված թիրախային ոլորտներին և այլն,
- պետբյուջեի և այլ միջոցների հաշվին գնվող դեղերի տեխնիկական բնութագրերի կազմման չափորոշիչները,
- «2013-2015 թթ. գյուղատնտեսական կենդանիների հիվանդության լաբորատոր ախտորոշման և կենդանական ծագում ունեցող հումքի և նյութի, բույսերի կարանտինի, գյուղմշակաբույսերի և բույսերի պաշտպանության միջոցների լաբորատոր փորձաքննության իրականացում» ծրագիրը,
- նախկին որոշումներից մեկի փոփոխությունները և լրացումը, որոնք կօգնեն ավելի ամբողջական բավարարելու միջազգային կազմակերպություններին կենդանիների հիվանդության վերաբերյալ ներկայացվող պահանջները,
- Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային և (կամ) ճառագայթային վթարի դեպքում նախահարձակ պաշտպանական միջոցառումների իրականացման և շտապ պաշտպանական միջոցառումների պլանավորման գոտիներում գտնվող համայնքների բնակչությանն, ինչպես նաև փրկարարական ու վթարի հետևանքների վերացման աշխատանքի մասնակիցների համար պետական պահուստում պահպանման ենթակա նյութական արժեքների անվանացանկը և կուտակման նորմաները,
- նախկին որոշումներից մեկի փոփոխությունները, որոնց համաձայն Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանին թույլատրվում է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության մի շարք տեսակներ,
- ավելի վաղ ընդունած որոշումներից մեկի փոփոխությունը, որով արդյունավետ կդառնան Լոռու և Տավուշի մարզերի բնության հուշարձանների կառավարման գործընթացները։
 

Միջազգային համագործակցություն

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև Հայաստանում «Ռուսական վարժարան» հիմնադրամ ստեղծելու համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Կրթօջախը կստեղծի Հայաստանում ռուսաց լեզվով միջնակարգ կրթության երրորդ աստիճանի հանրակրթական ծրագիր իրականացնելու և որակյալ կրթություն կազմակերպելու բարենպաստ պայմաններ։
Իր նիստում կառավարությունը Գյումրու Ազատ Շիրինյանի անվան «Օկտետ» N6 երաժշտական դպրոցի վերակառուցմանը պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով հատկացրել է 10 մլն դրամ։ Վերակառուցումը, որն իրականացվում է «Ռոքն օգնում է Հայաստանին/Հայաստանը շնորհակալ է ռոքին» ծրագրով, մոտենում է ավարտին։ Ս.թ. սեպտեմբերին տեղի կունենա դպրոցի բացումը, որին կմասնակցի նաև Deep Purple-ի մենակատար Իեն Գիլանը։ 2009-2012 թթ. դպրոցի վերակառուցման նպատակով հավաքվել է 110 հազար ԱՄՆ դոլար։ 2012 թ. Մարդիքյան ընտանիքի հիմնադրամը եռապատկել է հավաքված գումարը, 21 հազար 200 ԱՄՆ դոլարի գործիքներ է տրամադրելու Millbank Music երաժշտական գործիքների խանութի սեփականատեր Թիմ Իրվինգը։
Կառավարության որոշմամբ Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու նպատակով ՀՀ արտաքին գործերի նախարարությանը հատկացվել է շուրջ 168 մլն դրամ։ Դեսպանության բացումը խթան կհանդիսանա զարգացնելու հայ-շվեդական երկկողմ հարաբերությունները, այդ թվում` առևտրատնտեսական ոլորտում և օգտվելու Շվեդիայի տնտեսական հզոր ներուժից։
Գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարությունների միջև Հայաստանում զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) և Պրոպարկո մասնաճյուղի հաստատման և գործունեության համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Փաստաթուղթը սահմանում է ԶՖԳ խմբի, որի մեջ մտնում է նաև դրա մասնավոր հատվածի ֆինանսավորմամբ մասնագիտացած Տնտեսական համագործակցության խթանման և մասնակցության մասնաճյուղը (Պրոպարկո), Հայաստանում հաստատվելու, կարգավիճակի և գործունեության իրավաբանական, հարկային, ֆինանսական և այլ պայմանները։
ՀՀ կառավարության համաձայնությունն են ստացել Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Բահրեյնի Թագավորության կառավարությունների միջև եկամտի և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու, Հայաստանի Հանրապետության և Բահրեյնի Թագավորության կառավարությունների միջև տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության համաձայնագրերի կնքման առաջարկությունները։

Այլ որոշումներ

ՀՀ կառավարությունն ընդունել է Կոտայքի մարզի Պռոշյանի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսը ֆինանսավորելու որոշում։
Կառավարության որոշմամբ «Բեկոր» ՓԲԸ-ին թույլատրվել է մինչև 2013 թ. դեկտեմբերի 31-ը Հայաստան ներմուծել արդյունաբերական նշանակության պայթուցիկ նյութեր և պայթեցման միջոցներ, որոնք կիրառվելու են ընդերքօգտագործման ոլորտում։
Գործադիրը որոշել է ս.թ. մայիսի 10-ի աշխատանքային ուրբաթ օրը տեղափոխել ս.թ. մայիսի 18` շաբաթ օր։ ՀՀ կառավարության հաջորդ նիստը տեղի է ունենալու ս.թ. մայիսի 8-ին:
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը:

 

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ