Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 4 մարտի 2004

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Կառավարությունը որոշում է ընդունել պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին, որի նպատակը ՀՀ առողջապահության ոլորտի կազմակերպություններում պետության կողմից երաշխավորված ամենամյա առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում անվճար բժշկական օգնության ու սպասարկման արդյունավետ կազմակերպումն ու կանոնակարգումն է: Որոշմամբ հաստատվել են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկը, Երևան քաղաքի հիվանդանոցային բուժօգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման համավճարային սկզբունքի կիրառման, ինչպես նաև ամենամյա առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ու ֆինանսավորման կարգերը:

Կառավարությունը, 2004թ. պետական բյուջեով նախատեսված իր պահուստային ֆոնդից, 60մլն դրամ է հատկացրել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի համակարգի ինստիտուտների շենքերի և շինությունների նորմալ ջերմամատակարարումը ձմռան ամիսներին ապահովելու համար ջեռուցման արտաքին և ներքին ցանցերի, ինչպես նաև կաթսայատների վերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով:

«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին որոշմամբ, գործադիրը օրենքում նշված քաղաքացիների դիմումները քննարկելու նպատակով ստեղծել է հանրապետական հանձնաժողով՝ ՀՀ պաշտպանության նախարարի նախագահությամբ: Ըստ որոշման, միջգերատեսչական հանձնաժողովը ձևավորվում է ՀՀ պաշտպանության նախարարության հինգ, ՀՀ դատախազության երկու և հանրապետական հանձնաժողովում ընդգրկված մյուս պետական կառավարման մարմինների մեկական ներկայացուցիչների թվից: Նույն որոշմամբ կառավարությունը հաստատել է նաև սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումների ներկայացման, քննարկման և դրանց պատասխանների տրման կարգն ու ժամանակացույցը, ինչպես նաև նշված քաղաքացիների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու կարգը:

Հիմք ընդունելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքը, կառավարությունը հաստատել է ՀՀ պետական կառավարման մարմիններում լրագրողների հավատարմագրման օրինակելի կարգը: Այն սահմանում է լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի կամ լրատվական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձի պետական մարմնում հավատարմագրման կանոնները և հավատարմագրված լրագրողի՝ պետական մարմնում գործունեության կազմակերպման հիմնադրույթները, նպատակ ունենալով ապահովել պետական կառավարման մարմինների գործունեության թափանցիկությունը և լրագրողների համար ստեղծել այդ գործունեության մասին անմիջական տեղեկատվություն ստանալու բարենպաստ պայմաններ:

Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող օտարման գոտիներում կառուցապատման աշխատանքները խթանելու նպատակով, կառավարությունը թույլատրել է Երևանի քաղաքապետին՝ օտարման գոտիներում գտնվող հողամասերն ու անշարժ գույքը իրացնելու, գնելու և վերցնելու փոխհատուցման առաջարկում առանձին դեպքերում նախատեսել նաև հողամաս տրամադրելն առանց մրցույթի՝ ուղիղ բանակցությունների միջոցով: Թույլատրվել է նաև օտարման գոտիներում գտնվող հողամասերը վարձակալության իրավունքի վաճառքի ձևով՝ առանձին դեպքերում տրամադրել նաև առանց մրցույթի՝ ուղիղ բանակցությունների միջոցով, մեկ քառ. մետր հողամասի համար վարձակալության իրավունքի վաճառքի գինը սահմանելով տարածքի իրացման և ենթակառուցվածքների իրականացման համար պահնջվող գումարից ոչ պակաս: Հարցի ներկայացման ժամանակ նշվել է, որ Երևանի «Հյուսիսային պողոտայի» կառուցապատման ծրագրի իրականացման շրջանակներում նախկինում հողամասերը տրամադրվում էին միայն վարձակալության իրավունքի աճուրդի միջոցով: Հետագայում ՀՀ կառավարության որոշմամբ Երևանի քաղաքապետին իրավունք ընձեռնվեց հողամասերը տրամադրել կառուցապատողներին նաև ուղիղ բանակցությունների միջոցով: Նշված հանգամանքը առիթ հանդիսացավ իրացման գոտում իրատեսական գների ձևավորման և ֆինանսական փոխհատուցման երաշխիքների: Հաշվի առնելով վերոհիշյալ փորձի արդյունավետությունը՝ անհրաժեշտություն է առաջացել այն տարածել նաև իրացման մնացած բոլոր գոտիների վրա, Երևանի քաղաքապետին հնարավորություն տալով, կախված տարածքի քաղաքաշինական դիրքից և լոտի բնութագրից, որոշելու հողամասի տրամադրման եղանակը՝ վարձակալության իրավունքի աճուրդի կամ ուղիղ բանակցությունների միջոցով:

Գործադիրը հավանություն է տվել «Պաշտպանության մասին», «Ազգային անվտանգության մարմինների մասին», «Ոստիկանության մասին», «Ներքին զորքերի մասին», «ՀՀ զինված ուժերի կայազորային պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին», «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին», «Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման մասին» և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքների նախագծերի փաթեթին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Օրինագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ներքին զորքերը՝ ստեղծվելով ոստիկանության համակարգում, մասնակցում են երկրի պաշտպանությանը, իրավակարգի ամրապնդմանը, հասարակական կարգի պահպանմանը, հանցավորության դեմ պայքարին, այսինքն իրականացնում են այնպիսի գործառույթներ, ինչպիսիք իրականացնում են նաև ոստիկանության մարմինները: Օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև «Ոստիկանության ծառայության մասին» ՀՀ օրենքում և նշված օրենքներում հասկացությունների միասնականության ապահովման նպատակով: Մեկ այլ որոշմամբ, կառավարությունը անհետաձգելի է համարել նշված օրինագծերը և ՀՀ Ազգային Ժողովին առաջարկել է դրանք քննարկել ու քվեարկել մեկամսյա ժամկետում:

Կառավարությունը հավանություն է տվել նաև «Ռուսաստանի Դաշնության պետական գույքի կառավարման նախարարությանը հարկային արտոնություն տրամադրելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրինագծով նախատեսվում է ազատել ՌԴ պետական գույքի կառավարման նախարարությանը ՌԴ սեփականություն հանդիսացող Հրազդանի ջերմաէլեկտրակայանի գույքային համալիրը ՀՀ տարածքում հիմնադրված իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում ներդրման գործարքի արդյունքում առաջացող 6.2 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով ավելացված արժեքի հարկից: Գործադիրը անհետաձգելի է համարել նշված օրենքի նախագիծը ևս և ՀՀ ԱԺ-ին առաջարկել է այն քննարկել և քվեարկել հնարավոր սեղմ ժամկետում:

Նիստում հավանություն է տրվել նաև «Ինկասացիայի մասին» ՀՀ օրենքի և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերին: Որոշման ընդունումը պայմանավորված է դրամի և այլ արժեքների անվտանգ փոխադրման հետ կապված հարաբերությունների արդյունավետ կարգավորման անհրաժեշտությամբ:

Գործադիրը լրացումներ և փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2002թ. դեկտեմբերի 26-ի «ՀՀ բնապահպանության նախարարության ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության տեսչության (ՀՀ Պետատոմհսկողության) կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N2183-Ն որոշման մեջ: Մասնավորապես, ՀՀ Պետատոմհսկողության կառուցվածքից հանվել է «Միջուկային անվտանգության հետազոտությունների և գնահատման» բաժինը, քանի որ դրա գործառույթները ներկայումս լիարժեքորեն իրականացվում են ՀՀ կառավարության 2001թ. ապրիլի 25-ի N 342 որոշմամբ ստեղծված «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից:

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, ինչպես նաև հիմք ընդունելով Երևանի Էրեբունու թաղային համայնքի ավագանու որոշումը, կառավարությունը որոշել է ստեղծել Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Մարզատրամաբանական խաղերի մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն: Որոշվել է նաև Էրեբունու «Շախմատի, շաշկու, ռենձյուի մարզադպրոց» հիմնարկի սեփականություն հանդիսացող 779,8 հազար դրամ մնացորդային արժեքով գույքը, որպես նվիրատվություն, ընդունել «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում, իբրև պետական սեփականություն:

Կառավարության անդամները համաձայնություն են տվել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և Նիդերլանդների էկոնոմիկայի նախարարության միջև 2001թ. նոյեմբերի 6-ին ստորագրված « Նիդերլանդների և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության 2002-2003թթ. ծրագրի» փոխըմբռնման հուշագրի լրացման, ինչպես նաև «ՀՀ քաղաքաշինության նախարարության և Բուլղարիայի Հանրապետության ռեգիոնալ զարգացման և բարեկարգման նախարարության միջև ճարտարապետության, քաղաքաշինության և շինարարության բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկություններին:

Օրակարգում ընդգրկված հարցերից կառավարությունը հաստատել է նաև ՀՀ ԱԺ-ի, ՀՀ նախագահի, ՀՀ կառավարության աշխատակազմերի, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի և ՀՀ սահմանադրական դատարանի կողմից ՀՀ 2004թ. պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին կանխիկ ձևով կատարվող ծախսերի չափաքանակները:

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է «Սապֆիր» ԲԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող 15,4 տոկոս բաժնեմասը ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նշված ընկերության 64,6 տոկոս բաժնեմասի սեփականատեր «Իմպերիալ- Ոսկերչական» ՍՊԸ-ին:

Առանձին որոշումներով նիստում հաստատվել են նաև ՀՀ Գեղարքունիքի, Տավուշի, Սյունիքի մի շարք գյուղական համայնքների, ինչպես նաև Սյունիքի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող «Ծակ քար» կոչվող տարածքի, Լոռու մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային ֆոնդի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է վաղաժամկետ դադարեցնել Արմավիրի մարզի Արմավիրի քաղաքային համայնքի ղեկավար Արարատ Զաքարյանի լիազորությունները և որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և Արմավիրի մարզի Արմավիրի քաղաքային համայնքի ընտրատարածքում անցկացնել քաղաքային համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ