Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 24 հունվարի 2013

Պետական աջակցության ծավալն ավելացել է





Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Երկու որոշմամբ կառավարությունը հաստատել է Հայաստանի հողօգտագործողներին 2013 թ. համար մատչելի գնով դիզելային վառելանյութի և ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրերը։ ՀՀ գյուղատնտեսության նախարարին հանձնարարվել է ծրագրերն իրականացնելու համար սուբսիդիա տրամադրելու նպատակով մրցակցային հիմունքներով կազմակերպել ընտրություն դիզելային վառելանյութ և պարարտանյութ ներկրող խոշոր կազմակերպություններից։ Նախատեսվում է հողօգտագործողներին տրամադրել ավելի քան 17 միլիոն լիտր վառելանյութ և մոտ 11 հազար տոննա ամոնիակային սելիտրա։ Ընդ որում, դիզելային վառելանյութը կհատկացվի 1 լիտրը 350 դրամով, 50 կիլոգրամ կշռով մեկ պարկ պարարտանյութը` 6 հազար դրամով։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտակմամբ այս երկու ծրագրերի առանձնահատկությունն այն է, որ այս տարի տրամադրվող աջակցության ծավալն ավելացել է, ինչի շնորհիվ կարելի է ենթադրել, որ մշակվող հողատարածությունները նույնպես զգալիորեն ավելացել են։
ՀՀ կառավարությունը հաստատել է «Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2013 թ. ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը։ Ծրագրի նպատակներն են պետական ուղղակի աջակցության գործիքների միջոցով խթանել ՓՄՁ զարգացումը, այդ ճանապարհով նպաստել երկրի, հատկապես նրա հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի տնտեսական զարգացմանը և անհամաչափության հաղթահարմանը, տնտեսության դիվերսիֆիկացմանը, բարձրացնել զբաղվածության և ինքնազբաղվածության մակարդակը։ Կատարելով ՓՄՁ աջակցության հերթական քայլը` կառավարությունը դրանով իսկ կարևորում է ՓՄՁ դերը երկրի տնտեսության զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման, բնակչության կենսամակարդակի բարձրացման, հասարակության միջին խավի ձևավորման, երկրի սոցիալական և քաղաքական կայունության ապահովման գործում։ Ծրագրի իրականացման համար ՀՀ 2013 թ. պետբյուջեից նախատեսվում է հատկացնել 150 մլն դրամ, որի հաշվին կապահովվի անձնակազմի և փորձագետների` Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի աշխատակիցների վարձատրությունը։ Ծրագրի իրականացման արդյունավետությունը և ֆինանսական գործիքների ճկունությունն ապահովելու նպատակով 2013 թ. կմիավորվեն սկսնակ գործարարների ֆինանսական աջակցության և վարկային երաշխավորությունների դրամագլուխները որպես մեկ միավորված դրամագլուխ։
Վերաբաշխում կատարելով 2013 թ. պետբյուջեում, փոփոխություններ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, կառավարությունը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացրել է ֆինանսական միջոցներ, որոնք ուղղվելու են համալիր սոցիալական ծառայությունների տրամադրման կենտրոնների կազմակերպման նպատակով նախարարությանը հատկացված 11 տարածքների պայմանների բարելավմանը։ Նշված կենտրոնների միջոցով սոցիալապես անապահով խավերին ծառայություն է մատուցվելու «մեկ պատուհանի» սկզբունքով։


Լրացուցիչ հողամաս է տրամադրվում Կոմիտաս Վարդապետի թանգարան-ինստիտուտի կառուցմանը

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Արշակունյաց պողոտայի հ. 28 շինության հարակից տարածքում մոտ 3 հազար 400 քառ. մետր մակերեսով հողամասը նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին` սահմանելով, որ հողամասը կարող է օգտագործվել բարեգործական նպատակով, բացառապես Կոմիտաս Վարդապետի թանգարան-ինստիտուտ և մշակութային կենտրոն կառուցելու նպատակով։ Այս նախաձեռնությանը հավանություն է տվել Երևանի քաղաքապետին կից ճարտարապետական խորհուրդը։
Կառավարությունն իր որոշմամբ «Զորավար Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ» ՊՈԱԿ-ին թույլատրել է մասնակցել «Հավաքական անվտանգության պետությունների կազմակերպության ակադեմիայի» հիմնադրամի հիմնադրմանը։ Պայմանագրի շրջանակում անցկացվում են միջոցառումներ անդամ-պետությունների գիտնականների, քաղաքագետների, փորձագետների, երիտասարդ քաղաքական և հասարակական առաջնորդների ներուժը ՀԱՊԿ-ի համար օգտակար հասարակական կարծիք ձևավորելու գործընթաց ներառելու նպատակով։ Նշված խնդրի իրականացման համար ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը ՀՀ նախագահին ուղղված նամակում առաջարկում է ստեղծել ՀԱՊԿ ակադեմիա` նստավայրը Երևան քաղաքում։ Որպես հիմնադիրներ և գլխավոր ֆինանսավորողներ հանդես են գալիս «ՀԱՊԿ-ի ինստիտուտ» ինքնավար ոչ առևտրային կազմակերպությունը, դրա Երևանի մասնաճյուղը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հանրային դիվանագիտության աջակցման ֆոնդը։ ՀԱՊԿ ակադեմիա ստեղծելու նախագծի վերաբերյալ նախնական քննարկմանը մասնակցել և իրենց աջակցությունն են հայտնել ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, Հայաստանի, Ռուսաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարները։
Նախկին որոշումներից մեկում փոփոխություններ կատարելու միջոցով գործադիրը հավանություն է տվել Գյումրիում մշակույթի վարժարան հիմնելու նախագծին։ Կրթօջախը կարող է սպասարկել ոչ միայն Շիրակի մարզի, այլև հայաբնակ Ջավախքի շնորհալի պատանիներին և աղջիկներին։
Կառավարության որոշմամբ սահմանվել է, որ «ՀՀ արդարադատության նախարարության հատուկ ծառայողների վերապատրաստում և հատուկ ուսուցում» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին նախատեսվում է իրականացնել 800 հատուկ ծառայողի վերապատրաստման և 2 հազար 325 հատուկ ծառայողի ուսուցման ծառայություն։ Մեկ անձի վերապատրաստման մեկ ակադեմիական ժամվա արժեքը 2013 թ. համար սահմանվել է 1836 դրամ, մեկ հատուկ ծառայողի ուսուցման մեկ ակադեմիական ժամվա արժեքը` 1906 դրամ։
Գործադիրը փոփոխություն և լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մեկում և դրանով իսկ կարգավորել վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեության արտոնագրման հարաբերությունները։ Մեկ այլ որոշման փոփոխությամբ և լրացումներով ապահովվել է միջուկային նյութերի ներմուծման կամ արտահանման արտոնագրման կարգի համապատասխանությունը «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի կիրարկմանը։


Կանխարգելվում են ճանապարհային տնտեսության ոլորտի իրավախախտումները

ՀՀ կառավարությունը որոշել է ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագիծը ներկայացնել ՀՀ Ազգային ժողով։ Նախագծի նպատակն է «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքից բխող` ճանապարհային տնտեսության ոլորտին առնչվող բոլոր ոչ իրավաչափ գործողությունների համար սահմանել համաչափ վարչական պատասխանատվություն։
Կառավարությունն իր նիստում հավանություն է տվել «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որի ընդունման դեպքում ակնկալվում է դյուրացնել փոխադրամիջոցների մասով գույքահարկի գանձումը։ Դրա շնորհիվ կապահովվի գույքահարկի ամբողջական գանձումն այն համայնքի բյուջե, որտեղ տվյալ ժամանակահատվածում առաջացել են գույքահարկի գծով չկատարված պարտավորությունները, կբարելավվի օրենքի կիրարկման ընթացակարգը։
Գործադիրը քննության է առել «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու ՀՀ օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ։ Նրանք առաջարկում են մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ տրամադրել բոլոր երեխաներին` անկախ ծնողների աշխատող լինելու հանգամանքից։ Կառավարությունը, որպես ընդառաջ քայլ, պատրաստակամություն է հայտնել նախագծի հեղինակների հետ քննարկել ուսանող մայրերին մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունք տրամադրելու հնարավորության հարցը։
Նիստում քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» և «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է նշված հուշարձանները տեղափոխելու կամ դրանք փոփոխելու ժամանակ հասարակական կարծիքը հաշվի առնելու մեխանիզմ, ինչի վերաբերյալ բացասական եզրակացություն է տվել ՀՀ կառավարությունը։ Գործադիրը նպատակահարմար չի համարել նաև նույն պատգամավորի մեկ այլ օրենսդրական նախաձեռնության` «Տեղական ինքնակառավարման մասին» և «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը. հեղինակի կարծիքով` իր առաջարկությունն ընդունելու դեպքում կսահմանափակվի նույն անձի` համայնքի ղեկավարի պաշտոնում երկու անգամից ավելի անընդմեջ առաջադրվելու հնարավորությունը։


Այլ հարցեր

Կառավարության որոշմամբ Երևանի «Վիտամինների գործարան» ԲԲԸ-ին երեք տարի գործողության ժամկետով տրվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` ՀՀ կառավարության սահմանած պրեկուրսորների արտահանման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման արտոնագիր։
Գործադիրը որոշել է Արտաշես Կիրակոսյանին եռամսյա փորձաշրջանով նշանակել ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավար։
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ