Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 20 դեկտեմբերի 2012

Սահմանվել են պետբյուջեի կատարման եռամսյակային համամասնությունները





Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումները։ Որոշման ընդունումը թելադրված է «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքով, ըստ որի պետբյուջեի օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 45 օրվա ընթացքում կառավարությունը սահմանում է պետբյուջեի կատարման եռամսյակային համամասնությունները։ Որոշման ընդունումը հանգեցրել է «ՀՀ 2013 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանած պետական բյուջեի եկամուտների և ծախսերի տարեկան ցուցանիշների 85.3 մլն դրամով ավելացմանը։
Նիստում ՀՀ մշակույթի ոլորտի և պաշտպանության ոլորտի հարկային պարտավորությունների կատարման և տնտեսական աճի ներուժի վերաբերյալ հաշվետվությամբ հանդես են եկել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը (հարց N 12) և ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը (հարց N 14)։


Պետությունը կատարում է իր սոցիալական պարտավորությունները

Համաձայն «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքի, կառավարությունը հաստատել է գրանցման հայտը և անձնավորված հաշվարկը ձևավորելու և հարկային մարմին ներկայացնելու կարգը։ 2013 թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում նշված օրենքը, որի համաձայն գործատուները պարտավոր են ամսական պարբերականությամբ, բացառապես էլեկտրոնային եղանակով, ներկայացնել անձնավորված հաշվետվություն 2013 թ. հունվարի 1-ից` եկամտային հարկի, իսկ 2014 թ. հունվարի 1-ից` նաև կուտակային վճարի մասով։ Անհատ ձեռնարկատերերը և ինքնազբաղված անձինք հաշվարկը ներկայացնելու են տարեկան պարբերականությամբ։
ՀՀ կառավարությունը փոփոխություններ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, որով սահմանվել են զինծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին տրվող ամենամսյա դրամական օգնության չափերը։ Որոշմամբ բարձրացվում են զոհված զինծառայողների ընտանիքներին վճարվող գումարների չափերը, ընդլայնվում է դրամական օգնություն ստացողների շրջանակը։ Փաստաթուղթը կվերաբերի զոհված զինծառայողների ընտանիքների` կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող մոտ 4 հազար 600 անդամի, որից մոտ 1200-ը երեխաներ են։
Գործադիրը որոշել է ՀՀ 2012 թ. պետբյուջեի «Հղիության և ծննդաբերության նպաստ» և «Ժամանակավոր անաշխատունակության դեպքում նպաստի վճարում» ծրագրերի գծով փաստացի կատարված ծախսերի ֆինանսավորման նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը հատկացնել մոտ 865 մլն դրամ։ Այսպիսով ապահովվում է ընթացիկ տարվա պետբյուջեի եկամտային մասի` Ծառայության կողմից փաստացի ծախսերին համապատասխան վճարումների կատարումը, ինչպես նաև վճարումները չկատարելու դեպքում պետության հանդեպ տույժերի և տուգանքների առաջացման կանխումը։
Նիստում հավանություն է տրվել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի վերաբերյալ ՀՀ առաջին զեկույցին (հաշվետու ժամանակաշրջան` 2010-2012 թթ.)։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2013 թ. պետական ծրագրին, որի նպատակն է իրականացվող միջոցառումների շնորհիվ մեղմել ժողովրդագրական բացասական միտումներն ու կայունացնել իրավիճակը։
Ժամանակավոր կացարանում անօթևանների շուրջօրյա խնամքի կազմակերպման համար «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամին հատկացնելու նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրվել է 7 մլն 500 հազար դրամ։
Ավելի վաղ ընդունած իր երկու որոշումներով գործադիրն արտոնություններ է սահմանել հաշմանդամների կողմից ղեկավարվող կամ նրանց փոխադրող տրանսպորտային միջոցների համար։ Սակայն այդ դրույթները չէին տարածվում հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող երեխաներ փոխադրող տրանսպորտային միջոցների վրա։ Այժմ կառավարությունը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաջարկով նշված որոշումներում կատարել է լրացումներ, որոնց շնորհիվ լուծվել է «հաշմանդամ երեխայի կարգավիճակ» ունեցող երեխաներ փոխադրողների (ծնող կամ խնամակալ) տրանսպորտային միջոցների տեղաշարժման և կայանման մատչելիության հարցը։
Կառավարության որոշմամբ «Զատիկ» մանկատուն» ՊՈԱԿ-ը վերանվանվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի։ Որոշումը թելադրված է Հայաստանում իրականացվող բարեփոխման` հաստատություններն այլընտրանքային ծառայությունների վերակազմակերպելու քաղաքականությամբ։


Աջակցություն է ստանում գործարար համայնքը

Կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ` փոխհատուցելով գործարար համայնքին աջակցելու նպատակով եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ներդրման շրջանակում մինչև 2012 թ. նոյեմբերի 30-ը ներառյալ նույնականացման քարտի միջոցով էլեկտրոնային թվային ստորագրություն ձեռք բերելու հետ կապված ծախսերը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի տեղեկացմամբ կառավարության տրամադրած այդ արտոնությունից օգտվել է շուրջ 5 հազար 200 մարդ, կառավարությունն էլ ամբողջությամբ կատարել է գործարար համայնքի առջև ստանձնած իր պարտավորությունը։
Մեկ այլ որոշմամբ 2012 թ. ԱԱՀ զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով հարկ վճարողներին վերադարձման ենթակա ԱԱՀ գումարները փոխհատուցելու նպատակով ՀՀ ԿԱ ՊԵԿ-ին հատկացվել է 1.5 մլրդ դրամ։
ՀՀ ֆինանսների նախարարության «Գյուղական ֆինանսավորման կառույց-ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջոցով գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման նպատակով նախարարությանը հատկացվել է 150 մլն դրամ։
Կառավարության որոշումներով Մեղրիի տարածաշրջանի գյուղատնտեսությունը զարգացնելու և բնակչության կողմից անհատական ոռոգման պոմպերով օգտագործված էլեկտրաէներգիայի արժեքը փոխհատուցելու նպատակով Սյունիքի մարզպետարանին հատկացվել է մոտ 4 մլն դրամ, Գյումրու քաղաքային համայնքի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով «Աջակցություն Շիրակի մարզի համայնքներին» բարեգործական հիմնադրամին` 300 մլն դրամ, Ջերմուկ քաղաքի գլխավոր հատակագծի մշակման, ինժեներական լուծումների, հատակագիծը պատկերավորող եռաչափ մանրակերտի պատրաստման ծառայությունների վճարման նպատակով` 40 մլն դրամ։
ՀՀ կառավարությունը որոշել է «ՀՀ նախագահի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում հաշվառված Սևան քաղաքում գտնվող Սևանի թերակղզու պետական ամառանոցի շենքերն ու շինությունները և 16 հա հողամասը, ինչպես նաև Սևան քաղաքի Երևանյան խճուղի N 48 հասցեում գտնվող հանգստյան տան շենքերն ու շինությունները և 2.85 հա հողամասն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ին` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու համար։
Գործադիրը փոփոխություններ է կատարել իր նախկին որոշումներից մեկում և «Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ին թույլատրել օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել ձեռնարկատիրական գործունեության որոշակի տեսակներ։ Ակնկալվում է, որ որոշումը հնարավորություն կտա բարձրացնել կրթական և գիտական գործունեության արդյունավետությունը, մեծապես կնպաստի կրթության որակի աստիճանական բարելավմանը, պետության կողմից իրականացվող հասարակության առողջ ապրելակերպի քաղաքականության ուժեղացմանը։
Կառավարության որոշմամբ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի 2012 թ. գործունեության արդյունքների հիման վրա աշխատակիցներին խրախուսելու նպատակով դրամական պարգևատրման համար կոմիտեին հատկացվել է 180 մլն դրամ։
2012 թ. օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում և աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում առավել բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին և մարզական կազմակերպություններին դրամական մրցանակներ շնորհելու նպատակով կառավարությունը լրացուցիչ ավելի քան 100 մլն դրամ է հատկացրել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը։
Կառավարության որոշմամբ Երևանի Աճառյան 20/3 հասցեում գտնվող N11 ուսանողական հանրակացարանում բնակվող 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած Ժաննա Ավանեսյանին է սեփականաշնորհվել իր զբաղեցրած շուրջ 28 քառ.մետր տարածքը։ Մեկ այլ որոշմամբ «Իջևանի ծխախոտի ֆերմենտացիոն գործարան» ՊՓԸ լուծարումից հետո մնացած գույքը, այդ թվում` վթարային վիճակում գտնվող և քանդման ենթակա շենք-շինություններն ուղղակի վաճառքի ձևով կմասնավորեցվեն նախօրոք հայտնի գնորդ Լիլիթ Մարդանյանին։ Վաճառքի գնի 70 տոկոսն ուղղվելու է ՀՀ պետբյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե։ Գործադիրը թույլատրել է մրցույթով օտարել Երևան քաղաքի Չարենցի փողոցի N 17 հասցեում գտնվող 1896 քառ. մետր մակերեսով գույքը։


Կկազմակերպվի թիկնապահի և պահնորդի ուսուցումը

Կառավարությունը լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մեկում` նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկ ներառելով պահնորդի և թիկնապահի մասնագիտությունները, որպեսզի «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո իրավաբանական անձինք հնարավորություն ստանան ձեռք բերել նշված մասնագիտություններով ուսուցում իրականացնելու կրթական գործունեության արտոնագիր։ Այդպիսով կկանոնակարգվի թիկնապահների և պահնորդների մասնագիտական ուսուցման նպատակով իրավաբանական անձանց արտոնագիր ստանալու գործընթացը, որն ունի բարդ ընթացակարգ, ուստի կառավարության մեկ այլ որոշմամբ այն ուժի մեջ կմտնի 2013 թ. մայիսին։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ վերջին շրջանում կառավարությունը շատ բողոքներ է ստանում այն անձանցից, ում վերաբերում է սույն օրենքը։ Պարզաբանվել է, որ շահառուներին մտահոգող հարցերը ՀՀ ոստիկանության ուշադրության կենտրոնում են և անհրաժեշտության դեպքում դրանց հնարավոր կլինի անդրադառնալ ԱԺ գարնանային նստաշրջանի ընթացքում։
Իր նախկին որոշումներից մեկում կատարած փոփոխությունների և լրացումների միջոցով կառավարությունը հստակեցրել է քրեակատարողական ծառայողների ատեստավորման թեստային առաջադրանքներին ներկայացվող պահանջները, ինչի շնորհիվ առավել լիարժեք կիրականացվի զբաղեցրած պաշտոնին նշված ծառայողի համապատասխանության որոշումը։


Հստակեցվում է հարկվող շահույթը որոշելու կարգը

ՀՀ կառավարությունը հաստատել է հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի փաստացի այլ կորուստների չափերը սահմանելու կարգը։ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է գույքի` ՀՀ կառավարության սահմանած կարգով որոշված չափը չգերազանցող` փաստաթղթերով հիմնավորված բնական կամ փաստացի այլ կորուստների չափով` դրանց տեղի ունենալու կամ հայտնաբերելու տարվա ընթացքում, եթե ՀՀ կառավարության կողմից սահմանված է այդպիսի չափ։ Որոշմամբ սահմանվել է «Փաստացի այլ կորուստ» հասկացությունը, որի արդյունքում հստակ տարանջատվում են բնական, նյութածախսի, խոտանի կորուստը և թափոնը փաստացի այլ կորուստներից։ Այսպիսով, հարկ վճարողները հնարավորություն կունենան փաստացի այլ կորուստները նորմայի սահմաններում նվազեցնել համախառն եկամտից։ Մեկ այլ որոշմամբ լրացնելով իր նախկին որոշումներից մեկը` գործադիրը հստակեցրել է հարկային օրենսդրությամբ նախատեսված` ՀՀ տարածքից դուրս ստացվող ծառայությունների (աշխատանքների) գծով ծախսերը հիմնավորող փաստաթղթերին ներկայացվող պահանջները։ Հաջորդ որոշմամբ կառավարությունն ուժը կորցրած է ճանաչել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը, ինչը թելադրված է «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի ընդունմամբ։
Վերամշակման նպատակով ժամանակավոր ներմուծման և ժամանակավոր արտահանման ռեժիմի կիրառումից ստացված արդյունքի և թափոնի ու մնացորդի սահմանման կարգերում կառավարությունը կատարել է փոփոխություններ, որոնք ուղղված են գործարար միջավայրի բարելավմանը և թելադրված են տնտեսվարող սուբյեկտների կողմից գործընթացի իրականացման համար ծախսվող ժամանակի, ներկայացվող փաստաթղթերի հստակեցման և կրճատման անհրաժեշտությամբ. ստեղծվել է նաև եզրակացության տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու հնարավորություն։


Ստուգում իրականացնող մարմինները տեղեկատվություն կփոխանակեն

ՀՀ կառավարությունը հաստատել է`
- ստուգում իրականացնող պետական մարմինների միջև տնտեսվարող սուբյեկտների վերաբերյալ իրենց տվյալների բազաներում առկա տեղեկատվության փոխանակման կարգը, որը հնարավոր կդարձնի ռիսկի վրա հիմնված ստուգումների իրականացումը, իսկ տվյալների փոխանակման էլեկտրոնային համակարգի ներդրմամբ խնդիրը կստանա առավել արդյունավետ լուծում,
- պայմանագրային ներդրումային ֆոնդերի պետական հաշվառման կարգը և պայմանները,
- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչության կողմից իրականացվող ստուգումների ստուգաթերթերը, որոնց միջոցով ստուգումները կլինեն հնարավորինս թափանցիկ և կանխատեսելի։


Այլ որոշումներ

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների զինված ուժերի համար գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստման ոլորտում համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը։
Գործադիրը հավանություն է տվել «Վրաստանի և Հայաստանի Հանրապետության սահմանին գտնվող Բավրա և Նինոծմինդա պետական սահմանի անցման կետերի սահմանների կառավարման կարողությունների զարգացման» ծրագրի փաստաթղթին, որի ստորագրման լիազորությունը վերապահել է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահին։ Մասնավորապես, ծրագիրը կօժանդակի Բավրայի պետական սահմանի անցման կետի գազիֆիկացման, էլեկտրիֆիկացման և օպտիկական մալուխի տեղադրման աշխատանքներին, ՏՏ և անվտանգության համակարգերի ու սարքավորումների ձեռքբերմանը։
Կառավարության որոշմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև 2013 թ. գարնանային զորակոչը տարկետում է տրվել մեկ դպրոցականի։
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը:

 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ