հինգշաբթի, 8 հունիսի 2000
Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարում էր նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Կառավարությունը հավանություն տվեց «Քաղաքացիական ծառայության» մասին ՀՀ օրենքի նախագծին, որով կարգավորվում է ՀՀ-ում քաղաքացիական ծառայության կազմակերպման և ղեկավարման, քաղաքացիական ծառայողների իրավական վիճակի, ինչպես նաև դրանց հետ կապված այլ հարաբերություններ: ՀՀ նախագահի խոսքերով, երկար սպասված այս օրենքի ընդունմամբ ու կիրառմամբ հնարավոր կլինի ստեղծել կայուն պետական համակարգ, որտեղ յուրաքանչյուր ծառայող հստակ կիմանա իր իրավունքների ու պատասխանատվության շրջանակը, նրա գործունեությունը ապահովագրված կլինի բարձրաստիճան իշխանությունների փոփոխությունների հետևանքներից:
Մեկ այլ որոշմամբ, արված դիտողությունները հաշվի առնելով, հավանություն տրվեց «ՀՀ նախագահի, ինչպես նաև օրենսդիր, գործադիր, դատական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների, կենտրոնական բանկի ղեկավար աշխատողների, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի և անդամների գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագրման մասին» ՀՀ օրենքի նախագծին: Նախորդ նիստից տեղափոխված հարցն այս անգամ ևս բուռն քննարկումների տեղիք տվեց: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կարևորեց օրենքում այնպիսի մեխանիզմների ամրագրումը, որոնք գործնականում կիրառելի կդարձնեն այդ օրենքը: Որոշվեց ստեղծել հանձնաժողով, որը մեկամսյա ժամկետում կմշակի հայտարարագրման ընդհանուր համակարգի ներդրման գործուն մեխանիզմներ:
Որոշվեց լրամշակման ուղարկել պետական պաշոնյաներին վերաբերող մեկ այլ` «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման միջոցառումների մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Այս օրենքը կոչված է լրացնելու պետական պաշտպանության ենթակա սուբյեկտների անվտանգության ապահովման համար անհրաժեշտ օրենսդրական դաշտը:
Կառավարությունը հավանություն տվեց «Ավելացած արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծին, որն առնչվում է հանրապետությունում թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի իրացմանը:
Որոշվեց նաև այս տարի ոռոգման նպատակով Սևանա լճից ջրի բացթողումների առավելագույն չափը սահմանել 190 մլն խմ: Հանձնարարվեց ստեղծել գյուղատնտեսության և բնապահպանության նախարարությունների համատեղ հանձնաժողով, որը կհետևի ջրամբարներում ջրի մակարդակին, նախատեսվածից ավելի ծավալների հաշվին կպակասեցվի լճից բացթողնվելիք ջրի քանակը:
2000-2001 ուսումնական տարում, կառավարության որոշմամբ, պետական բուհերում մագիստրատուրայի և ասպիրանտուրայի համար սահմանվեց 450 տեղ, ինչը 50-ով պակաս է նախորդ տարվանից:
Կառավարության մեկ այլ որոշմամբ, պաշտոնանկ արվեց Սյունիքի մարզի Գորիսի քաղաքային համայնքի ղեկավարը: